«Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը». հիշողության և մարդկայնության դրաման մոնոներկայացման լեզվով

Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» վեպը վաղուց դուրս է եկել գրականության շրջանակներից՝ դառնալով ֆիլմերի, թատերական բեմադրությունների և մշակութային քննարկումների աղբյուր։ Պատմությունն այն մարդու մասին է, որը մեծ ջանքերով փորձում է դառնալ «խելացի», սակայն այդ ճանապարհին բախվում է հիշողության, գիտության և մարդկայնությանն առնչվող լուրջ խնդիրների։
«Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» մոնոներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Ինգա Շահբազյանը։ Բեմադրությունն ունի մինիմալիստական լուծումներ. ռեժիսորը շեշտը դրել է դերասանի խաղի և հանդիսատեսի երևակայության վրա՝ ներկայացումը դարձնելով պարզ, բայց ազդեցիկ։
Մոնոներկայացումը խաղում են Հայաստանի Թատերական գործիչների միության բեմում։ Դահլիճը փոքր է, պատերը՝ սև։ Դրանց վրա սպիտակ կավիճով պատկերած են մկնիկի վանդակը, հեռուստացույցը, ինչպես նաև գրառումներ՝ բառեր, թվեր, նախադասություններ։ Այս գծանկարները միաժամանակ արտահայտում են Չառլի Գորդոնի ներաշխարհը՝ օրագրային նշումների տեսքով ներկայացնելով հիշողության խառնաշփոթը, մտքի պայծառացումները և վերստին հիշողության կորուստը։ Չնայած ներկայացման բարդ թեմատիկային՝ մենակություն, մտավոր խնդիրներ, բեմադրությունը ճնշող չէ։ Շահբազյանը պահպանել է գրական տեքստի նուրբ հումորը՝ հանդիսատեսին տալով մտածելու հնարավորություն։
Ներկայացման ժամանակ տեսարանների փոփոխությունը ռեժիսորը լուծել է բեմի մթնեցմամբ, որը հնարավորություն է տալիս դերասանին փոխել դիրքը և սկսել հաջորդ հատվածը՝ նոր հոգեվիճակով։ Սակայն տեխնիկական պայմանները լիարժեք չաջակցեցին այս լուծմանը։ Բեմի լուսավորությունը բավականին ուժեղ էր, և անցումները դառնում էին տեսանելի, ինչն այս տեսակի ներկայացման դեպքում խանգարում էր: Այդ իսկ պատճառով նման փորձերի ժամանակ կարևոր է գնահատել տարածքի հնարավորությունները և հարմարեցնել ռեժիսորական լուծումները դրանց։
Արման Մաթևոսյանի մարմնավորած Չառլին՝ միամիտ ու ուսման ծարավ 37-ամյա տղամարդ է, որը դառնում է գիտական փորձի «նյութ»՝ ստանալով արհեստական ինտելեկտ։ Դերասանի խաղին ծանոթ եմ տարբեր ներկայացումներից, որտեղ նա առանձնացել է իր կերպարների ներքին տրամաբանությունը բացահայտելու հմտությամբ և հանդիսատեսի հետ անմիջական կապ հաստատելու կարողությամբ։
Չարլիի կերպարում նրա խաղը հետաքրքիր ու բազմաշերտ էր, սակայն որոշ պահերի միմիկաները և շարժումները չափազանցված էին, ինչը թուլացնում էր տեքստի հուզական ազդեցությունը։
Կային պահեր, երբ հերոսի էմոցիոնալ պոռթկումները հանկարծակի էին՝ առանց նախորդող հուզական կուտակման։ Դրանք ավելի համոզիչ կլինեին, եթե դերասանը սահուն ու խորը կերպով կերպարը հասցներ այդ վիճակին՝ հնարավություն տալով հանդիսատեսին զգալ, թե ինչու է հենց այդ պահին այդպիսի արձագանք անհրաժեշտ։
Այնուամենայնիվ, Արման Մաթևոսյանի խաղը տպավորիչ էր. նա կարողացավ պահել հանդիսատեսի ուշադրությունն ամբողջ ընթացքում։ Նրա այս դերակատարումը մասնագետների կողմից արժանացնել է բարձր գնահատականի. նա այս տարի հաղթեց «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում՝ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ։
Հաշվի առնելով, որ թե՛ ռեժիսորը, թե՛ դերասանը երիտասարդ արվեստագետներ են, իսկ ներկայացումը դեռ խաղացել են ընդամենը մի քանի անգամ, կարելի է ասել՝ «Էլջերնոն-Գորդոնի էֆեկտը» իր տեղը կունենա ժամանակակից հայ թատերական կյանքում։ Ավելին՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին մասնակցելուց հետո բեմադրությունն արդեն հրավերներ է ստացել արտերկրի տարբեր փառատոններից։
Արմինե Դանիելյան
- Hits: 869