«42-24». պատմություն, որը չի ավարտվում

Մայիսի 8-ին և 9-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացավ «42-24» ներկայացման առաջնախաղը։ Բեմադրությունը թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանինն է՝ ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի «Պատահար Վիշիում» պիեսի հիման վրա։ 

Ընտրված նյութը ոչ միայն գրական, այլև բարոյահոգեբանական և պատմական խորություն ու ազդեցություն ունի։ Միլլերի այս պիեսն այսօր, հատկապես, արդիական է՝ ճնշման, անտարբերության ու մարդասիրական փլուզման ժամանակակից դրսևորումների ֆոնին։ Գործողությունը տեղի է ունենում 1942 թվականին Վիշիում՝ նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում, որտեղ մի խումբ տղամարդիկ պահվում են փաստաթղթերի ստուգման պատրվակով։ Շուտով պարզ է դառնում, որ նրանք իրականում հրեաների են բացահայտում։

42 24 2

Գոռ Մարգարյանի թատերական ձեռագիրը վաղուց արդեն բնորոշվում է խորքային գաղափարական մոտեցմամբ, դերասանների հետ մանրակրկիտ աշխատանքով և բեմադրական խիստ մտածված լուծումներով։ Պիեսի վերնագրի փոփոխությունը, «Պատահար Վիշիում»–ից՝ «42-24», բովանդակային հստակ ուղերձ ունի․ 1942-ի ողբերգությունը կրկնվում է՝ արդեն նոր տարեթվերով։

Ներկայացման սկզբում ստեղծվում է լարված սպասողական մթնոլորտ։ Թեև «ընդունված ավանդույթի» համաձայն դահլիճի լույսերն անջատվում են 15 րոպե ուշացումով, ոչինչ չի սկսվում։ Սրահում լռություն է։ Ոչ ոք չի մտնում բեմ կամ դուրս գալիս, այդ սպասումն ինքնին դառնում է ներկայացման բաղկացուցիչ մասը.  մի քանի րոպե անց՝ ներկայացումը սկսվում է։ 

Բեմանկարչությունն ամբողջությամբ ենթադրում է խորհրդանշական մոտեցում (բեմանկարիչ՝ Նելլի Բարսեղյան, Գոռ Մարգարյան)։ Կարմիր գույնի աթոռներ, ջրի ծորակ, պատի մեխեր ու ճամպրուկներ՝ այս ամենը մի կողմից վավերագրական մթնոլորտ է ստեղծում, մյուս կողմից՝ հանդիսատեսի գիտակցության մեջ մի քանի շերտով առաջ է բերում հիշողություն, վտանգ, անհանգստություն։ Բեմի խորքում երևացող կարմիր լույսը՝ որպես խորհրդավոր «կարմիր սենյակ», խորհրդանշում է մարդկային ճակատագրի անարդար և դաժան վճիռները։

42 24 3

Ներկայացման ամբողջ ընթացքում բեմական տարածությունը երկփեղկվում է՝ տեսանելի և երևակայական։ Այն հերոսները, ում դուրս են հանում այդ սենյակից, մեզնից բաժանվում են․ մենք նրանց այլևս չենք տեսնում, բայց շարունակում ենք ապրել նրանց ճակատագրով։ «42-24»-ում Գոռ Մարգարյանը հաջողել է ստեղծել հոգեբանական լարվածություն՝ սպասման միջոցով։ Ինչպես հերոսներն են սպասում իրենց հերթին, հանդիսատեսն էլ է սպասում՝ հասկանալով, թե որքան անզոր է հաճախ մարդու ընտրության իրավունքը։ Սա թատերական միջոցների ճշգրիտ և մտածված կիրառման օրինակ է։

Սպասման երկարաշունչ լռությունն ընդհատվում է կնոջ մուտքով (Աննա Ասատրյան)։ Կինը ներս է գալիս սայլակով՝ սուրճով ու կռուասաններով։ Նա անցնում է դեպի «կարմիր սենյակ», որտեղ որոշվում են մարդկային ճակատագրերը։ Մինչ ներս մտնելը, նա կարծես մի պահ հանում է հանդիսատեսին ծանր վիճակից՝ կենսախինդ, սեթևեթող շարժումներով։ Սակայն վերադարձին կերպարը կտրուկ փոխված է՝ հոգսաշատ, խեղճացած, վախեցած։ Նա ամուսնու ականջին փսփսում է ճշմարտությունը՝ մարդկանց տանում են այրելու։ Մի քանի վայրկյան բեմում գտնվելով՝ դերասանուհին կարողանում է ստեղծել ամբողջական կերպար՝ խորը տպավորություն թողնելով հանդիսատեսի վրա։ Սա վկայում է դերասանական վարպետության ու նուրբ հոգեբանական խաղի մասին։ 

42 24 4

Ներկայացման մեջ ընդգրկված է տասներեք գլխավոր դերակատար, որոնք առանձնանում են մանրակրկիտ կերպով մշակված դերային վարքով։ Հատկապես շեշտադրելի են մարմնավորման մանրամասները՝ դողացող ոտքեր, լարված մատներ, անթարթ հայացքներ, հանկարծակի շնչահեղձություն։ 

Կերպարներից ամենատարեցը (Ռաֆայել Պետրոսյան) մոտ մեկուկես ժամ բեմում է՝ առանց խոսք ասելու։ Նրա հանգիստ կեցվածքը, գրեթե անշարժ մարմնավորումը, արտաքին անտարբերությունը և իրավիճակին չարձագանքող հայացքը ստեղծում են ծանր լռություն։ Այդ լռությունն ավելի խոսուն է, քան խոսքը։ Երիտասարդ կերպարները բեմում փորձում են փրկել իրենց, դիմել բացատրությունների, արդարացումների։ Իսկ այս տարեց մարդը կարծես այլևս կորցնելու ոչինչ չունի։ Նրա միակ խոսքը աղոթքն է՝ նամազը։ Դա էլ ասվում է ոչ թե դիմացինի, այլ իր ներքին աշխարհի համար։

42 24 5

Թատերախաղը տևում է երկու ժամ՝ առանց ընդմիջման։ Սա կարևոր ռեժիսորական որոշում է, քանի որ անտրակտը կխզեր այն լարված, շարունակական մթնոլորտը, որը հաջողությամբ ստեղծել են բեմադրիչը և դերասանները։ Երբ թվում է՝ հանդիսատեսը շնչահեղձ է լինում ծանրության ներքո, հանկարծ հնչում է անսպասելի կրակոց։ Սա ռեժիսորական հետաքրքիր քայլ է, որը շոկային ներգործություն ունի։ Սակայն, հաշվի առնելով, որ հանդիսատեսը ֆիզիկապես շատ մոտ է բեմին, կրակոցը ցանկալի կլիներ լուծել բեմից որոշ հեռավորության վրա, օրինակ՝ հենց կարմիր սենյակում, որպեսզի պահպանի ազդեցությունը՝ առանց վախի էֆեկտ ստեղծելու։

Բեմական տարածքը փոքր է, սակայն  որոշ տեսարաններում դերասանների խոսքը դժվարությամբ էր լսվում։ Դա կարելի է վերագրել տեխնիկական մոտեցումներին, սակայն նման ներկայացման դեպքում ամեն բառ պետք է լսելի և հասկանալի լինի՝ հաշվի առնելով թեմայի բարոյական լրջությունը։

42 24 6

Ներկայացման ընթացքում հնչում է Նարեկ Կոսմոսի երաժշտությունը, որը հաջող կերպով ամբողջացնում է դրամատիկ տեսարանների լարումը։ Ռեժիսոր Գոռ Մարգարյանի և կոմպոզիտորի համագործակցությունը կրկին արդյունավետ է ստացվել՝ ավելացնելով ներկայացման զգայական ուժը։

Ի սկզբանե պատի մեխերը գուցե անիմաստ թվան, սակայն առաջին գլխարկի կախումից հետո նրանք սկսում են «խոսել»։ Յուրաքանչյուր մեխ վերածվում է հիշողության նշանի, անհայտ ճակատագրի կետի։ Երբ ներկայացման վերջում բեմ են մտնում կանայք, երեխաներ ու ծերեր՝ ևս մեկ անգամ ցուցադրելով ցեղասպանվողների զանգվածը, պատը գլխարկներով ստանում է խորհրդանշական և պատմական ուժ։ Այս տեսարանը բեմադրության հզոր կուլմինացիան է՝ փոխելով թե՛ ժամանակը, թե՛ թեմատիկ ֆոկուսը՝ պատերազմի անձնական ողբերգություններից դեպի համամարդկային ճակատագրի ողբերգություն։

Ամփոփելով՝ «42-24»-ը բարոյապես լուրջ ու գաղափարապես խիտ բեմադրություն է։ Այն առաջարկում է ոչ միայն պատմություն, այլ նաև խորը վերապրում՝ հանդիսատեսի ներսում ծավալվող դրամատիկ վերլուծության միջոցով։ 

Արմինե Դանիելյան

  • Hits: 651

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: