• cultural.am
  • Թատրոն
  • Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է Չեխովի անվան փառատոնին

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է Չեխովի անվան փառատոնին

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնն իր հանդիսատեսի համար նորություններ ունի: Թատրոնը մասնակցել է Մոսկվայում կայացած  Ա.Պ. Չեխովի անվան հեղինակավոր 17-րդ միջազգային թատերական փառատոնին: Ստեղծագործական անձնակազմը փառատոնին ներկայացրել է «Փող։ Կիրք։ Իշխանություն» բեմադրությունը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» ստեղծագործության: Անձնակազմը վերադարձել է հագեցած օրակարգով թատերական շրջագայությունից և պատմում է իրադարձություններից:

Բեմադրությունը ներկայացրել են նաև Վորոնեժի Ա. Կոլցովի անվան դրամատիկական թատրոնում՝ Պլատոնովյան փառատոնի շրջանակներում,  այնուհետև Եկատերինբուրգի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Բոլոր ցուցադրություններն անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Հանդիսատեսը ջերմ ընդունելության և բարձր գնահատականների է արժանացրել դերասաններին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը պատմեց ներկայացումից, վերջինս նաև ներկայացման ռեժիսորն է:

«Դասական տեքստերին իմ մոտեցումը միշտ հետևյալն է՝ արդիականացնել ու հերոսներին տեղափոխել այն ժամանակաշրջան, որտեղ մենք ենք գտնվում։ Դրա համար շատ մեծ աշխատանք էր պետք իրականացնել։ Գլխավոր ուղերձն այն է, որ բոլորս Աստծո աչքի ներքո ենք, վատ քայլ կատարելիս, անպայման երկար մտածենք, որովհետև ինչ-որ պահի այն հետ է գալիս»,- ասաց Սուրեն Շահվերդյանը։ 

Դերասանուհի Լիլիա Մուկուչյանն էլ ասում է, որ տպավորված են արձագանքով։ 

«12 օրվա ընթացքում ներկայացումը խաղացել ենք 7 անգամ։ Մեծ ջերմությամբ ու բարձր գնահատականով ներկայացումն ընդունվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնագետների կողմից։ 21-րդ դարում դժվար է թատերական լսարանին զարմացնել։ Կարծես, մեզ հաջողվեց, որովհետև թատերագետներն իրենց զարմանքն էին արտահայտում և ընդգծում այն հանգամանքը, որ դահլիճում բազմաթիվ երիտասարդներ կային ու նրանք հեռախոսներից կտրված, մոտ 2 ժամ վայելում էին ներկայացումը»,- ասաց Լիլիա Մուկուչյանը:

Դերասանուհիները տպավորված և ոգևորված են ներկայացմամբ և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ: Ահա դերասանուհի Թեհմինե Խաչատրյանի համար ևս մեծ պատասխանատվություն է եղել նման մակարդակի փառատոնին ներկայանալը։ Ամբողջ թիմով են աշխատանքին մոտեցել մեծագույն պատասխանատվությամբ:

«Ներկայացումը շատ արդիական է, ու բարձրացնում է այսօր շատերին հետաքրքրող ու առնչվող հարցեր։ Հաճելի էր, որ ներկայացման ավարտից հետո հանդիսատեսից շատերը մոտենում էին և շնորհակալություն էին հայտնում»,- ասաց Թեհմինե Խաչատրյանը։ 

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այժմ ստեղծագործական ակտիվ փուլում է, հանդիսատեսին էլ խոստանում են հրամցնել նոր ներկայացումներ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի խորհրդական, նախագծի ղեկավար Մարիաննա Մխիթարյանը կարևորում է գործընկերների և ԿԳՄՍ նախարարության աջակցությունը՝ շրջագայությունների և նման աշխատանքների կազմակերպման գործում: Մարիաննա Մխիթարյանը շեշտեց, որ Ռուսաստանում հանդիսատեսի բուռն արձագանքից զատ, այս ներկայացումը նաև բավական բարձր գնահատականի է արժանացել Հայաստանում։

Հիշեցնենք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ընթացքում ներկայացումը մրցանակի էր արժանացել մի շարք անվանակարգերում: Ռուսական փառատոնի շրջանակում էլ ներկայացումների ավարտից հետո դերասաններն ու անձնակազմը տարբեր քաղաքներում ունեցել են հանդիպումներ հանդիսատեսի հետ, քննարկել ներկայացման գաղափարներն ու հերոսներին, ժամանակակից փոխհարաբերություններին ու արժեհամակարգին զուգակցվող մի շարք հարցեր:

Ալմաստ Մուրադյան

  • Hits: 144

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: