«Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

Ամեն տարի մարտի 27-ին աշխարհը նշում է Թատրոնի միջազգային օրը։ Այս օրը հնարավորություն է ևս մեկ անգամ արժևորելու թատրոնի դերն ու նշանակությունը մարդկային կյանքի և մշակույթի մեջ։ Թատրոնը հաճախ անվանում են արվեստներից վեհագույնը, քանզի այն միավորում է գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը, պարը և դերասանական արվեստը մեկ ամբողջության մեջ։ Բեմը դառնում է կյանքի հայելին՝ արտացոլելով մարդկային ճակատագրեր, ներքին պայքարներ և հասարակական խնդիրներ։ Թատրոնը ոչ միայն զվարճացնում է, այլև կրթում, մտորելու հիմնախնդիրներ արձանագրում և որ ամենակարևորն է` թատրոնը ձևավորում է արժեհամակարգ։

Հայաստանում ևս դարերի ընթացքում ստեղծվել են հարուստ թատերական ավանդույթներ։ Դեռևս հնագույն շրջանում գոյություն են ունեցել ծիսական ներկայացումներ, ժողովրդական խաղեր և ծեսեր, որոնք հետագայում վերածվել են բեմական արվեստի։ Ժամանակակից հայ թատրոնի ձևավորման մեջ էլ մեծ դեր են ունեցել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Գաբրիել Սունդուկյանը, Հակոբ Պարոնյանը։ Նրանց ստեղծագործությունները հիմք դրեցին ազգային դրամատուրգիայի կայացմանը։ Հայկական թատրոնը մշտապես եղել է ազգային ինքնության պահպանման կարևորագույն գործիքներից մեկը։ Այսօր էլ հայ բեմը շարունակում է զարգանալ՝ համադրելով ավանդույթն ու նորարարությունը, արժեքներն ու նորագույն տենդենցները։ Հայ թատերական արվեստում վերջին տարիներին կարևորագույն գնահատականներից է «Արտավազդ»  մրցանակը։

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը ամփոփում է և գնահատում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ»-ը 1996 թվականին հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում: 1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է:

Թատրոնի միջազգային օրը Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի թատերական գործիչների միության համագործակցությամբ կայացավ  «Արտավազդ» 25-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արթուր Ղուկասյանը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահան Բադալյանը, թատերագետ Հասմիկ Ծատուրյանը, թատերագետ Սուսաննա Բրիկյանը։

Թատերական սպասված տոնն այս տարի նվիրված էր հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։ Այս առիթով տրվեց նաև Մետաքսյա Սիմոնյանի անվան Հատուկ «Արտավազդ» մրցանակը։ Դրան արժանացավ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը` Տաթևիկ Մելքոնյանի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա) ներկայացմամբ։ Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներին արժանացան Գրետա Մեջլումյանը և Դավիթ Հակոբյանը։

Ներկայացնում ենք հաղթող ներկայացումների և արտիստների ցանկը։

ՀԹԳՄ Հատուկ «Արտվազդ» մրցանակ. Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան թատրոնի վերաբացմանը ցուցաբերած աննախադեպ աջակցության համար` Յուրի Նավոյան։

ՀԹԳՄ Հատուկ «Արտվազդ» մրցանակ. «Բանալիներ հավաքողը» բեմադրության մեջ գլխավոր դերակատարման համար` Նորա Արմանի։

ՀԹԳՄ Հատուկ «Արտվազդ» մրցանակ. Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» բեմադրության համար` Սիմոն Աբգարյան։

ՀԹԳՄ Հատուկ «Արտվազդ» մրցանակ. Գորիսի Վ․ Վաղարշյանի և Վանաձորի Հ․ Աբելյանի անվան թատրոնների խաղացանկի զարգացման գործում ունեցած ավանդի համար` Դավիթ Հարությունյան։

Լավագույն դերասան. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն` Նարեկ Բաղդասարյան, «Պենելոպե, օ՜, Պենելոպե» (Անթեյ)։

Լավագույն դերասանուհի. Մհեր Մկրտչյանի անվ․ արտիստական թատրոն` Տաթև Հովակիմյան, «Եթե դու մեռնեիր» (Աննա)։

Երկրորդ պլանի լավագույն դերասան. Պատանի հանդիսատեսի թատրոն` Սաշա Սուքիասյան, «Մեղրի համը» (Պիտեր Սմիթ)։

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի. Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն` Ելենա Վարդանյան, «Յամա» (Աննա Մարկովնա)։

Լավագույն սցենոգրաֆիա. Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն` Անի Ռաշոյան, «Երեք անունով մի աղջիկ»։

Լավագույն զգեստների նկարիչ. Պատանի հանդիսատեսի թատրոն, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն` Լուսինե Խաչատրյան, «Երկարագուլպա Պեպպին»։

Լավագույն լուսային նկարիչ. Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն` Հայկ Աղաբեկյան, «Յամա»։

Լավագույն երաժշտության հեղինակ. Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն` «Վանական» ռոք խումբ, «Պենելոպե, օ՜, Պենելոպե»։

Լավագույն թատերախոսական. Գոռ Վանյան` «Ջին խաղը Համազգային թատրոնում»։

Լավագույն երիտասարդ դերասան. Աշտարակի դրամատիկական թատրոն` Միշա Հակոբյան, «42-24» (Բարոն Ֆոնբերգ)։

Լավագույն երիտասարդ դերասանուհի. Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն` Հռիփսիմե Նահապետյան, «Յամա» (Ժենկա)։

Լավագույն երիտասարդ բեմադրիչ. Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն` Մերի Մարգարյան, «Կոստյումով տղամարդիկ»։

Լավագույն մանկական ներկայացում. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նախագիծ` «Լույսի ծածկագիրը», բեմադրիչ՝ Քրիստինե Ասրյան։

Լավագույն երիտասարդական ներկայացում. Աշտարակի դրամատիկական թատրոն` «42-24», բեմադրիչ` Գոռ Մարգարյան։

Լավագույն երաժշտական ներկայացում. Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն` «Փրայմ թայմ», բեմադրիչ` Հակոբ Ղազանչյան։

Լավագույն պլաստիկական ներկայացում. Մետրո թատրոն` «Մկների ժողովը», բեմադրիչ՝ Սոնա Մարտիրոսյան։

Լավագույն կամերային ներկայացում. Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն` «Եթե դու մեռնեիր», բեմադրիչ` Տաթևիկ Մելքոնյան։

Լավագույն ռեժիսուրա. Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն` «Յամա», բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան։

Լավագույն ներկայացում. Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն` «Յամա», բեմադրիչ` Գոռ Մարգարյան։

 Artavazd 2026 1

Artavazd 2026 2

 Artavazd 2026 3

Artavazd 2026 4

Artavazd 2026 5

Artavazd 2026 6

Artavazd 2026 7

Artavazd 2026 8

Artavazd 2026 10

Artavazd 2026 11

Artavazd 2026 12

Artavazd 2026 13

Artavazd 2026 14

Ալմաստ Մուրադյան

Լուսանկարները` PHOTOLURE-ի

220
Մարտ 29, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: