Հրանտ Մաթևոսյանի «Տերը»՝ «Էդգար Էլբակյան» թատրոնում

 

Հրանտ Մաթևոսյանի «Տերը» դյուրիներից չէր, սակայն Արմեն Էլբակյանը դեռ 2011 թ․ գտավ գործը կոլորիտային, համաժամանակյա և վառ ներկայացնելու ձևը։ Ներկայացումը արդեն իսկ հարց է, որը ունի պատասխան, բայց ոչ բոլորն են տեսնում, ընդունում։

Ծմակուտ գյուղում Ռոստոմը անատառապահի դերում ամփոփում է մի ամբողջ ժողովուրդ՝ ամբողջ պատմությամբ։ Այս հստակ երևում է հերոսի հոգնակի խոսելաձևում՝ մեզ, մենք, գնացինք, տեսանք։ Երբ հերոսներից Ֆելիքսը հարցնում է՝ թե ինչու է հոգնակի խոսում, Ռոստոմը ասում է, որ իր կողքին Սարգսյանների ցեղն է, նաև Անդրանիկ զորավարը՝ սպիտակ ձիու վրա նստած, ով մի ամբողջ ժողովուրդ է հետևից տանում։ Ներկայացումը ինքնին պայքար է, մղում՝ ունեցածը պահելու, օտարությունը հեռացնելու, գյուղը, իրենց արմատները ամուր պահելու։ Ռոստոմը քայլ է, միտք, ձեռք, որը պետք է գործի, պահպանի ու տարածի, չթողնի, որ գյուղը քանդեն։ Այս ճանապարհին, սակայն, ոչ միայն չեն օգնում, այլև խոչընդոտում են հենց ծմակուտցիք, իր մարդիկ, իր քրոջ որդին։ Վիպակը բեմադրելը ունեցել է հստակ նպատակ՝ ցույց տալ ժամանակակիցների հայացքը խնդիրներին, որոնք եղել են, կան և, ցավոք, կլինեն։

 «Սա երկրի տերը լինելու մասին է, հայրենիքի տերը լինելու, քաղաքացու դիրքորոշման մասին է, քաղաքացիական պարտքի, բարոյական կեցվածքի մասին է»,- ասում է Արմեն Էլբակյանը։ Ներկայացման կերպարների գունապնակը բազմազան է՝ հայրենասեր ու պայքարող, պահանջկոտ ու լպիրշ, ցանկասեր ու նյութապաշտ, անտարբեր ու անմիտ, ընդունող ու փոխվող։ Ներկայացումը բեմադրող-ռեժիսորը այն համեմել է գրողի մեկ այլ ստեղծագործության տարրերով։ «Ծառերը» վիպակից հատվածները Ռոստոմի կնոջ շուրթերից հնչում են որպես զգոնության ու չվարանելու կոչ․ «Մարդ էնքան քաղցր չպիտի լինի, որ կուլ տան, ոչ էլ էնքան դառը, որ թքեն»։ Հերոսի կինը, ում Ռոստոմը «մադմազել» է կանչում, գյուղացի կնոջ հավաքական կերպարն է, ով գիտակցում է, որ մարդիկ գազազած են, բայց պետք է նաև գնահատեն իրենց հիշողությունը, իրենք ունեցածը, իրենց երկիրը։ Ռոստոմի խոսքով, մադմազելին կերտող Աննա Էլբակյանը ներկայանում է չբեր կնոջ կերպարով, ով սակայն ունի շատ երեխաներ։ Հետաքրքական են ամուսինների հարաբերությունները․ կինը սատարում է Ռոստոմին ամեն հարցում, իսկ վերջինս էլ նրան ընդունում ու հաղորդակից դարձնում իր կյանքին։ Ռոստոմը դրվագներից մեկում շնորհակալություն է հայտնում կնոջը՝ քսան տարվա «ախպերության» համար։ Երեխա չունենալը իհարկե մեծ ցավ է ամուսինների համար, սակայն նրանք մենակ չեն․ Մարոյի աղջիկը իրենց աղջիկն է,իսկ գյուղի հոգսը իրենց հոգսն է, կխտարը՝ իրենց ձիու քույրը, ջրաղացը՝ իրենց տան սյունը, ցանկապատը՝ իրենց առիքը։ Ներկայացումը հարստացնում են դեկորները, գյուղական մթնոլորտ ապահովված է դրամայի 2 գործողությունների համար էլ՝ չնայած թատրոնի փոքր բեմին։ Ներկայացումը ուղեկցում է հայկական երաժշտությունն ու երգը․ երգ ու պարով սկսվում է, այդպես էլ ընթանում։ Այս մասի պատասխանատուն Կոծոծն է՝ երաժշտական գործիքը ձեռքին, միշտ Ռոստոմի կողքին, նրա գաղափարակիցը, ինչու չէ նաև պաշտպանը, ով սակայն, ինչպես Ռոստոմի կինը, չի կարողանում փոխել իրադարձությունների ընթացքը։ Միևնույն է, ընչաքաղց ու բարոյազուրկ տեսակը շտապում է հասնել փառքի, հարստության, տիրանալ ու տեր դառնալ։ Այս տեսակի կրողներից Սենիկը՝ Ռոստոմի քրոջ որդին, ատում է քեռուն, ինչպես գյուղում շատերը՝ նրան անվանելով «անտառի խոզ»։ Քանի որ նրանց կարծիքով՝ անտառապահի անհանդուրժողական պահվածքը արդարություն չէ, ով ամեն կերպ փորձում է պահել իր գյուղը, որը անվանում է երկիր։ Նրանք պատրաստ են քաղաքից եկած պաշտոնյային քծնել, շողոքորթել, ենթարկվել, ինչ է թե դիրք ու փող ունի։ Այս հատկանիշների կրողներից է նաև գյուղապետը, ով մի պահ նաև հասկանում է, որ քանդվում է իրենց գյուղը, իրենց կառուցածը, սակայն արդարանում է իր՝ փոքր մարդ լինելով։

«Օտար մարդիկ են, մենք ենք մեղավոր, մենք, որ մեր հին ժամանկաներից եկել ընկել ենք նոր ժամանակ։ Եթե նորը սրանք են, սրանցից պետք է փախչել, ոնց կատաղած շան առևջից»։ Ռոստոմի և կնոջ այս երկխոսությունը ինքնին խոստովանություն է, ափսոսանք, բայց ոչ նահանջ, նրանք միշտ պայքարում են՝ սպիտակ ձիուն հեծած։ Ներկայացումը համեմված է նաև հումորով՝ գյուղական, առօրեական, միամիտ ու համախմբող։ Ներկայացման մի հատվածում կանայք խոտ են հնձում և հիշում իրենց ջահել ժամանակները, իրենց «ուզողներին» ու ափսոսում, որ «աղջիկ» ժամանակվա նման սիրուն չեն հիմա։ 2013թ․ ներկայացումը բեմադրվեց նորովի, համալրումներով։ Դադարից մեկ տարի անց թե արդեն փորձառու, թե նոր դերասանները կրեցին իրենց հասած դերերը և եկան հասկանալու՝ ի վերջո ով է «տերը»։ Ներկայացման հանգուցալուծումը շարունակությունն է․ Ռոստոմի կողքին ոչ մեկ չկանգնեց, ոչ մեկ չսատարեց, ագահը չկշատացավ, բայց նրա գիտցած արդարությունը շարունակող եղավ՝ Ֆելիքսը։

  

 

Գայանե Պողոսյան

  • Created on .
  • Hits: 26115

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: