Ճոճվելով ցավի և սիրո միջև. «Լակոտը»՝ Համազգայինի բեմում

Սոս Սարգսյանին մարդիկ ճանաչում են որպես դերասան, ռեժիսոր, մշակութային գործիչ։ Քչերին է հայտնի նրա գրական ժառանգությունը։ Թեպետ այն ծավալով մեծ չէ («Պատառոտված ժամանակ», «Ոտնամաններս», «Ընդհատում», «Լակոտը», հուշագրություններ և հարցազրույցներ), բայց այդ գործերում հստակ ընդգծվում է Սարգսյանի աշխարհայացքը, մարդուն դիտելու և ըմբռնելու խոր հոգեբանական զգայունությունը։
Նա գրում է մարդու մասին առանց դատողության, առանց խրատելու։ Ո՞վ է մարդը, ի՞նչ է զգում, երբ սիրում է, ի՞նչն է նրան մղում այս կամ այն քայլին։ Նրա հերոսները չեն տարանջատվում բարու և չարի հստակ սահմանով. նրանք մարդ են՝ սխալական, ներսից բարդ ու հակասություններով լի։
Համազգային թատրոնի 33-րդ թատերաշրջանը բացվեց «Լակոտը» բեմադրությամբ՝ նվիրված Սոս Սարգսյանի 95-ամյակին։ Ներկայացումն արժանացավ «Արտավազդ» թատերական մրցանակի՝ ճանաչվելով 2024 թվականի «Տարվա լավագույն ներկայացում», իսկ Միլենա Ղազարյանը՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Թագուհու դերի համար։
Բեմադրական լեզուն և դերասանական խաղը
Երբ հանդիսատեսը տեղավորվում է Համազգային թատրոնի դահլիճում, հնչում է Սոս Սարգսյանի ձայնը.
«Ի վերջո, թատրոնն էլ ռանչպարի գործ է, արշալույսից մինչև վերջալույս։ Թատրոնը ցորենի դաշտ է, խոնավություն է սիրում արցունքի, մանավանդ՝ քրտինքի կաթիլների։ Առանց դրա հացը կիսատ է մնում»։
Լույսերը մարում են։ Ներկայացումը սկսվում է։
Բեմադրությունը համատեղ աշխատանք է՝ Նարինե Գրիգորյանի և Անդրանիկ Միքայելյանի։ Երկու ռեժիսորի համատեղ աշխատանքը մեր թատերարվեստում հազվադեպ երևույթ է։ Այս ներկայացման դեպքում այն խոսում է Համազգային թատրոնում առողջ սերնդափոխության ընթացքի մասին։ Թատրոնի փորձառու դեմքերի կողքին նոր սերունդը վստահ ու ստեղծագործ քայլերով առաջ է շարժվում։
Բեմադրիչները պահպանել են հեղինակային մտահղացման էությունը՝ հավատարիմ մնալով ոչ միայն վիպակի կառուցվածքին, այլև դրա լեզվական առանձնահատկություններին։ Գործողությունները, ինչպես վիպակում, զարգանում են մի բնակավայրում, որը հեղինակի ձևակերպմամբ՝ «... էնքան մեծ չէ, որ ասես՝ քաղաք է, ու էնքան փոքր չէ, որ ասես՝ գյուղ է։ Սրանց արանքում է։ Սրա անունն ի՞նչ դնես։ Պարզապես՝ բնակավայր»։
Երկու զուգահեռ թեմա է ներկայացվում. մի կողմից՝ սեր, հասունացման գործընթաց, ինքնության որոնում, մյուս կողմից՝ խորհրդային բռնության մթնոլորտ։ Ներկայացման բացումը՝ բանտի տեսարանով, արդեն ենթադրում է ներքին և արտաքին ճնշումների առկայություն։ Գրիգորին պատժում են բանաստեղծություն գրելու համար, իսկ թե ինչո՞ւ, բացահայտվում է հետագա զարգացումների ընթացքում։
Բանտային մութ մթնոլորտից հետո բեմը լուսավորվում է առօրյա տեսարանով. վազվզող երեխաներ, աղմուկ, անհոգություն։ Այս հակադրությունն արդեն կարևոր նշան է ներկայացման կառուցվածքում։
Հեղինակի խոսքն ընթերցում են Դավիթ Հակոբյանն ու Տաթև Ղազարյանը՝ դառնալով պատմության և մեկնաբանության հենակետ։ Նրանք երբեմն խառնվում են գործողություններին, երբեմն հեռվից դիտում ինչպես հանդիսատեսը։
Վիպակի կենտրոնում սիրային եռանկյունին է՝ Գրիգոր (Անդրանիկ Միքայելյան, Հարություն Սարգսյան), Թագուհի (Միլենա Ղազարյան), Կառլեն (Հայկ Պետրոսյան)։ Հերոսների ներքին փոխհարաբերությունները բեմում ստանում են հստակ դրամատուրգիական ռիթմ։
Միլենա Ղազարյանը ներկայացնում է Թագուհու միևնույն ժամանակ դեռահաս աղջկա, սիրահարված կնոջ և մայրիկի հոգեվիճակները։ Դերասանուհին բնական և համոզիչ էր հատկապես դպրոցականի ու ուսանողուհու դերում՝ փոխանցելով կերպարների թեթևությունն ու անմիջականությունը։ Հասուն կնոջ կերպարը, սակայն, պահանջում է ավելի խորը դերասանական փորձառություն, ինչը դեռևս ճանապարհի սկզբին գտնվող երիտասարդ դերասանուհու համար կարող է բարդ լինել։ Թագուհու դերը նրա առաջին խոշոր փորձն է թատրոնում, և որոշ հատվածներում նկատվող խաղի ոչ լիարժեք հղկվածությունը կարելի է վերագրել այդ փուլին բնորոշ փորձառության պակասին։
Գրիգորի (Լակոտի) կերպարը մարմնավորում են Անդրանիկ Միքայելյանը և Հարություն Սարգսյանը։ Նրանց խաղի տարբերությունն օգնում է ընդգծել հերոսի բազմաշերտ բնույթը։ Սոս Սարգսյանի նշանավոր խոսքը՝ «Դերասանը պետք է դառնա իրեն վստահված բացասական կերպարի փաստաբանը», լավագույնս դրսևորվում է Հայկ Պետրոսյանի մարմնավորած Կառլենի կերպարում։ Կառլենը վատը չէ։ Նա պարզապես սիրում է ու խանդում՝ դավաճանելու աստիճանի։
Երբ մարդը սիրում է, նա գետնից կտրվում է, ճոճ է տալիս ու ճախրում։ Այստեղ էլ վերևից երկու ամուր թել էր կախված, որոնց վրա են կառուցվել սիրո տեսարանները։ Սա, իհարկե, գեղեցիկ ու հետաքրքիր բեմադրական լուծում է սերը ներկայացնելու համար, բայց նաև բարդ է դերասանների համար։ Դրա համար անհրաժեշտ է ֆիզիկական պատրաստվածություն և հավասարակշռություն։ Դերասանները կարողացել են հաղթահարել այդ տեսարանների բարդությունները։
Արմինե Անդրեասյանի մարմնավորած մայրը տպավորիչ էր։ Նրա ներկայությունը բեմում առաջին հայացքից հանդարտ է, զուսպ, գուցե նույնիսկ ետին պլանում մնացող, սակայն հենց այդ ներքին լռության մեջ է ձևավորվում կերպարի իսկական հուզական ինտենսիվությունը։ Դերասանուհին կերպարին չի տալիս վառ արտաքուստ էմոցիաներ. նրա մայրությունը խորը, պահված, գրեթե սեղմված ցավ է։ Այդ ցավը չի գոռում, բայց այն մշտապես ներկա է՝ շնչի պես ուղեկցելով ողջ կերպարին։ Տեսարաններից մեկում, երբ կրկին վտանգված է որդու կյանքը՝ նա գոռում է «Չեմ տա իմ միակ որդուն»։ Այդ նախադասությունը, պարզ և անկեղծ, դառնում է ներկայացման առանցքային տեսարաններից մեկը։ Այն ոչ միայն մոր արձագանքն է ռեպրեսիվ համակարգի անողոք պահանջին, այլև մի ամբողջ սերնդի, մի ամբողջ հասարակության ներքին ճիչը՝ պաշտպանելու ամենաթանկը՝ զավակին, ապագան, ինքնությունը։ Արմինե Անդրեասյանի մարմնավորած մայրն այդ պահին բացահայտվում է ամբողջովին՝ այլևս ոչ թե որպես երկրորդական կերպար, այլ որպես խորհրդանիշ, որպես ներկայացման մոր համամարդկային դիմանկար։
Դավիթ Հակոբյանի կատարմամբ «Դրդո» երգը ներկայացման ամենաազդեցիկ հատվածներից մեկն էր։ Նրա տեքստը հնչում էր ոչ թե որպես խոսք, այլ՝ ապրում։ Նրա յուրաքանչյուր «վա՜խ» բառը, դիպչում էր հանդիսատեսի հոգուն։ Աչքերը փակելու ու խորը, բայց ծանր շունչ քաշելու տեսարան էր։
Դավիթ Հակոբյանի հեղինակ-պատմող կերպարը պասիվ է, մինչդեռ Տաթև Ղազարյանի դերը բազմաշերտ է․ նա դառնում է ուսուցչուհի, գյուղացի կին, մայր, երբեմն էլ ուղղակի դիտորդ։ Տաթև Ղազարյանը այն դերասանուհիներից է, որոնց ներկայությունն արդեն իսկ հագեցվածություն է հաղորդում տեսարանին։ Նույնիսկ մի հայացքը, մի շարժումը բավական է։
Մասսայական տեսարանները նույնպես լավ կառուցված են։ Նույնիսկ եթե դերակատարներից չի պահանջվում տվյալ տեսարանում ֆիզիկական շարժում, նրանք ներկա են բեմում։ Բեմադրիչների պահանջն ակնհայտ է՝ մշտական ներքին ներկայություն՝ անկախ խոսքից կամ գործողությունից։ Դրվագային դերեր խաղացող դերասաններն էլ դետալային են աշխատել։ Օրինակ, Գագիկ Մադոյանի խաղացած քեռին բեմ է մտնում ուշ, գրեթե ներկայացման վերջում, սակայն անմիջապես գրավում է հանդիսատեսին՝ անկեղծ ու պարզ խաղով։
Ներկայացման ավարտին ոչ ոք ֆիզիկապես չի մահանում, բայց հանդիսատեսն ականատես է լինում սիրող մարդկանց ճակատագրերի փլուզմանը, հույսերի կորստին։
Վիպակն ավարտվում է այսպես. «Երկու պայծառ աստղ սլանում էին դեմ հանդիման, բայց չհասան։ [...] Ու գնացին՝ Հավերժություն։
Գուցե՝ Ծիր Կաթինի ճամփով։
Կամ՝ ո՞վ գիտի։
Ու՝ քանի քանիսը
Ինչքա՜ն ճամփաներ կան աշխարհում …»։
Գրիգորն ու Թագուհին ճոճվում են Համազգայինի բեմում ու ավարտում ներկայացումը. փակվում է վարագույրը։
Սոս Սարգսյանի հերոսները պարզ են, իսկ թատրոնը սիրում է պարզություն՝ խորը հուզականությամբ։ «Լակոտը» հենց այդպիսին է՝ պարզ, անկեղծ ու ցավոտ։ Կարծում եմ և հուսամ՝ այս բեմադրությունը դեռ երկար կլինի Համազգային թատրոնի բեմում։
Արմինե Դանիելյան
Լուսանկարները՝ Bravo.am կայքից։
- Created on .
- Hits: 124