Անծովության թախիծ կամ խորության բարձրությունը

   Ծովը մեծ գրականություն է ծնում` Հոմերոսի «Ոդիսականից» մինչև Ջեյմս Ջոյսի «Ուլիսիսը»: Այսինքն` անտիկից մինչև քսաներորդ դար: Ջրերը կապում են մարդկությանը, դնում ուրիշ չափումների մեջ, և համաշխարհային օվկիանոսի հետ ամեն օր հաղորդակցվելու զգացողությունը դառնում է մտավոր տեսողություն:

    «Օվկիանոս» բառը տարածական է, փռվում է քարտեզի վրա: Իսկ «քարը» պինդ է ու խիտ, քարի փիլիսոփայականն էլ կա: Ի վերջո նրանք, ովքեր բանահյուսել են «Սասնա ծռերը», ապրել են քարերով շրջապատված:

    - Հայերը մի առանձին գորովանքով են նայում ջրին: Ձեզ մոտ ջուրը քիչ է:- Այս խոսքերն ասաց լատվիացի բանաստեղծ Մարիս Չակլայսը` իր հմայիչ-բալթիական ռուսերենով, երբ մի հին, չարքաշ գետանավ բերում էր մեզ` տարբեր երկրներից հավաքված գրողներիս, ընդհուպ մինչև ծովախորշ, որտեղ մասնակցելու էինք բացօթյա պոետական ընթերցումների:

    Ի՞նչ առարկես, մեր գետերը խորդուբորդ են ու նեղոտ, չես համեմատի Դաուգավայի էպիկականության կամ իր մեջքին նավեր տանող Հռենոսի հետ: Մեզ երբեք չի պակասում քարը, և հորիզոնը մոտիկ է: Ուր էլ նայես, հայացքդ իսկույն բախվում է լեռնաշղթաներին ու տարածություն գտնելու համար շարժվում դեպի երկինք: Այստեղից էլ` բանաստեղծների նյարդայնացնող առատությունը և հայկական խառնվածքից անբաժան ռոմանտիզմը, որը հարազատ եղբայրն է փորձությունների:

    Վա՞տ է սա, թե՞ լավ: Չգիտեմ: Ընդամենը մտածում եմ, որ քարերի մեջ այգիներ գցելու համար ռոմանտիզմի որոշակի պաշարներ են հարկավոր: Բայց քարաշատ հողը ստոիկներ է թրծում: Փորձությունների հաջորդելիությունը` նույնպես: Ստացվում է, որ ստոիցիզմի խորքերում, առանց իր մասին բարձրաձայն հայտարարելու, ապրում է հեգնանքներից չվհատվող ռոմանտիզմը:

    Բայց այս վերջին դատողությունները միջանկյալ են, որովհետև նախևառաջ ինձ հետաքրքրում է տարածություններ որոնող հայացքը: Եվրոպական ակնարկների ուղեգրքում ես փնտրում էի ինքդ քեզնից դեպի ներս ու նաև` դեպի դուրս տեսնելու հարաբերությունը: Շարունակ իր կողմն էր ձգում հորիզոնի բացվածքը, որ փոփոխվում էր` ըստ աշխարհագրության, բայց հետն էլ գրում էի գլխից վեր նայելու պարտադրվածության մասին, որը թելադրված է հայկական բարձրավանդակի տրամաբանությամբ: Ի՞նչ թաքցնեմ, անծովության թախիծը ժամանակ առ ժամանակ հետապնդում էր ինձ, - սեփական «Մոբի Դիկ»-ի կարոտ, - ինչպես Կիլիկիո թագավորության ներկայությունը և դրա հետ հավասար բացակայությունը` հայ մարդու հոգեզգացողության մեջ, մինչև որ Տոնինո Գուեռան ասաց. - Հայաստանն ուղղահայացների երկիր է:

    Զրույցը «Ոսկե ծիրան» փառատոնի փակմանն էր, հինգ թե վեց տարի առաջ: Չորս բոլորն աղմուկ էր, բնականաբար, տոնական, ինքը` արդեն իննսունին մոտեցող, աղմուկից հնարավորինս հեռու նստած: Խոսում էինք ազգերի անխուսափելի տարբերությունների մասին, ինչի շնորհիվ էլ նրանք հետաքրքիր են դառնում միմյանց, և մարդ լինելու նույնության, որն իրար քիչ թե շատ հասկանալու գրավականն է, իսկ Գուեռան փնտրում էր հայկական գոյամիջավայրի բնութագրությունը: Անպայման իրենը, հեղինակայինը, և առանց չարչարվելու գտավ:

    Իհարկե, նա նկատի ուներ շատ ավելին, քան այդ բառի ֆիզիկական իմաստը կամ նույնն է թե` բոլորիս աչքին տեսանելի երկրաչափականը: Իմ դարի վերջին կինոպոետն էր, ամենացանկալի գրիչը Ֆելինիի, Դե Սանտիսի, Անտոնիոնիի և Տարկովսկու համար, ուստի նրա պատկերացրած ուղղահայացի մեջ առաջին հերթին հասկանում էիր մի առանցք, որը սկիզբ է առնում մեր պատմության նախաքայլերից, ներառում կենսագրություն ու ճակատագիր, հավաքում իր շուրջը մեր ներկան ու ճառագայթի պես լուսավորում վաղվա օրը` ազգի բարձրագույն ձգտումները վկայելով:

    Այս երկրի «համաշխարհային օվկիանոսը» իր անցած ճանապարհի մեջ է: Այլ խոսքով ասած` խորության: Իսկ նրա համաշխարհային տեսադաշտը բացվում է Արարատի գագաթից: Հայացքի համապատասխանության խնդիր: Խորության ու բարձրության հանգուցակետ, որ նախորդ դարում հաջողվել է գտնել Չարենցին: Նաև` Արամ Խաչատրյանին: Նպատակ, որ առաջնորդել է Կոստան Զարյանին: Երվանդ Քոչարին և Արտավազդ Փելեշյանին... Այդ դարը վերջերս փոխվել է: Բայց նպատակը, ենթադրում եմ, ոչ:

Դավիթ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 4574

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: