Օսիպ Մանդելշտամ

Բանաստեղծություններ








* * *
 
Պետերբուրգում իրար կհանդիպենք էլի
Այնպես, ասես այնտեղ թաղել ենք արևն անգամ,
Եվ անիմաստ բառը երանելի
Կարտասանենք մենք առաջին անգամ:
Սև թավշում սովետական այս գիշերվա
Եվ համաշխարհային դատարկության
                                                             թավիշներում
Անվերջ փթթում են ծաղիկներն անմահ,
Որ երգում են երանելի կանանց հարազատ
                                                                աչքերում
Կորացնում է մեջքը մայրաքաղաքն իբրև
                                                              վայրի կատու
Կամուրջին` պարեկը` տնկված քար,
Եվ, ճչալով մթության մեջ, որպես կկու,
Փռշտում անցնում է շարժիչը չար:
Ես անցաթուղթ գիշերային չունեմ էլի,
Սակայն ժամապահից չեմ վախենում արդեն.
Բառի համար` անիմաստ ու երանելի,
Սովետական այս գիշերվ ես կաղոթեմ:
 
Լսեցի մի թեթև շշուկ թատերական,
Օրիորդական մի սրտառուչ «ախ» լսեցի,-
անմահ ծաղիկների փունջը հսկայական
Ձեռքում է Կիպրիդի փրփուրածին:
Տաքանում ենք խարույկի մոտ. ձանձրույթ
                                                          անտանելի:
Գուցե դարերն հերթով այրվեն-հանգեն,
Եվ կանանց ձեռքերը` հարազատ ու երանելի-
Թեթև մոխիրը հավաքեն:
 
* * *
Առագաստն է լարում իր ունկը նրբազգաց,
Ընդլայնվող հայացքն է լեցվում դատարկությամբ,
Կեսգիշերվա թռչնաց երամը համրացած
Ճեղքում է ու անցնում ջրերը լռության:
 
Եթե աղքատ եմ ես, ապա` բնության պես,
Նույնքան պարզ եմ, որքան երկնակամարն
                                                               այս հին
Ազատությունն իմ խաբուսիկ է այնպես,
Ինչպես թռչունների ձայնը գիշերային:
Ես կանգնած եմ անշունչ լիալուսնի ներքո,
Մեռելային երկինք` որպես թե վարշամակ:
Տարօրինակ-գունատ, հիվանդ աշխարհը քո,
 
* * *
Օդը լակել և թունավորել են հացը.
Վերք ամոքող ուղին բարդ է հարթել:
Հովսեփն անգամ` Եգիպտոսին վաճառվածը,
Չէր կարող ավելի թունդ կարոտել:
 
Բեդվինները երկինքների տակ աստղազարդ
Փակ աչքերով վարգում են միասին,
Հորինում են անապատում ասքեր ազատ`
Իրենց թեթև ապրած օրվա մասին:
 
Շատ բան պետք չէ, որ ներշնչանքն
Ամբողջանա.
Կապարճն ո՞վ է կորցրել ավազներին,
Ով է ձիեր փոխանակել,- ու ակամա
Մառախուղն է ցրվում դիպվածների:
 
Թե իսկապես ճշմարիտ է ու լիաթոք
Երգը երգվում, ապա ամեն ինչ էլ
Պիտի ցնդի, փոշի դառնա, որ մնան լոկ
Տարածությունն, աստղերն ու երգիչը:
 
* * *
Երկուշաբթիից մինչև շաբաթը
Մի անապատ է գեթ:
Թռչնաչուեր երկարատև.
Յոթ հազար վերստ`մի նետ:
 
Մինչ Եգիպտոս ծիծառների
Չվերամն է թեթև
Չորս օր չվել, ու ջրերին
Չի հպվել ոչ մի թև:
 
 
* * *
Ձիեր են արածում ուրախ խրխնջյունով,
Ժանգով հռոմեական ներկված դաշտեր անծիր:
Իսկ դասական գարնան կեղծ ոսկիները չոր
Ժամանակի հոսքը տանում է անձանձիր:
 
Տերևներ փշրելով մարմնիդ վրա, աշո՛ւն
Որ սփռվել են քո շավիղներին անթով,
Հիշում եմ Կեսարի պատկերը բոցաշունչ,
Կանացի կիսադեմ` խարդախ արծվաքթով:
Ես`հեռու Ֆորումից ու Կապիտոլիումից,
Խաղաղված բնության թոշնումի մեջ անզոր,
Օգոստոս կայսերն եմ լսում երկրի ծայրին
Տարիներ`գլորվող, հանց տիրական խնձոր:
 
Պայծառ թախիծ` գալիք ծերությանս համար,
Ծնվել եմ Հռոմում (ևս մի վերադարձ),
Երբ բարի գայլ էր էգ աշունն ինձ համար,
Կեսարների ամիս օգոստոսն ինձ ժպտաց:
 
* * *
Հուրախություն քեզ` վերցրու իմ զույգ ափերից
Մի քիչ արև ու մի քիչ մեղր,
Որ Պերսեփոնեի մեղուներն են մեզ պատվիրել:
Չի արձակվի չկապված նավակը,
Չի լսվի ձայնը մորթեպատ ստվերներում,
Անհնար է հաղթահարել սարսափը թավ:
 
Մեզ մնում են միայն համբույրները`
Բրդոտ` որպես մեղվաձագեր,
Որ մահանում են փեթակից դուրս թռչելով:
 
Նրանք բզզում են գիշերվա թափանցիկ
                                                       թավուտում
Նրանց հայրենիքը Տայգետով տարածված
                                                          անտառն է թավ,
Նրանց կերակուրն են` ժամանակը, մեղվախոտը, դաղձը:
 
Հուրախություն քեզ` վերցրո՛ւ իմ վայրի ընծան`
Չոր ու խղճուկ մանյակը այս`
Մեռած մեղուներից, որ արևի են վերածել մեղրը: 
 
                                                                       Թարգամանությունը` Հ. Բեյլերյանի
                                                                       Թվայնացրեց Նելլի Սահակյանը
  • Hits: 6668

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: