ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՄԵՆԱԿ ՄԱՐԴՈՒ  ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

   

    «Պատերազմը խելագարություն է, որը ստիպում է կասկածել մարդու բանականությանը»:
                                                                                                                        Լև Տոլստոյ
  
   ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

    Գրեթե բոլոր պատերազմներն անկախության մասին են ու անկախության համար: Պատերազմներն անցյալ չեն ունենում ու տարօրինակորեն նման են իրար:
    Վահագնը բացում է ծխախոտի տուփն ու մի հատիկ հանում: Հիշեց, որ մինչև պատերազմը չէր ծխում, իսկ կռվի դաշտում չծխող զինվորը հազվադեպ երևույթ էր, այսինքն՝ համարյա չկար:
    Նստել էր բազմոցի ծայրին, ոտքը ոտքին, հաճույքով ծուխը քաշում էր ներս ու հատակի իր ստվերին նայում:
    Պատերազմից հետո Վահագնը սկսեց նաև խմել, որովհետև վերադարձել էր ոչ թե հաղթող, թեև հակառակորդն էր հրադադար խնդրել, այլ մեծ պարտվող. իր հետ մեծ մեղքեր էր բերել:
    Գլխում անընդհատ մի բառ էր պտտվում. ոչնչացնել: Այդ բառը կորուստների մասին էր, կոնտուզիաների մասին էր, սպանված զինվորականների մասին էր: Պատերազմում հաճելի է լսել «ոչնչացված» բառը՝ հակառակորդը ոչնչացված է:
    Վահագնը խուսափում էր մտածել, որ պատերազմը մահով է համարվում պատերազմ:
    Քսանհինգ տարի անց էլ իր երազներում մահերն են:
    Թեև քսանհինգ տարի անց էլ ինքն իրեն հարցրեց՝ եթե պատերազմ լինի, կգնա՞ս: «Անշուշտ»,- պատասխանեց իր հարցին թիկունքի պահեստային սպան ու վեր կացավ տեղից, մոտեցավ եղբոր՝ Արեգի նկարին: Արեգի՝ ժպտացող նկարին:
    Վահագնը այն զինվորականներից էր, ում համար պատերազմը չէր ավարտվել և երևի երբեք էլ չավարտվի, որովհետև Արեգին այլևս վերադարձնել չի կարող, իսկ նա պատերազմի մեջ մնաց:
    Եղբոր կյանքը շարունակվում է պատերազմով, պատերազմի մեջ:
    Վահագնը ենթագիտակցորեն չէր ուզում պատերազմն ավարտվի:
    Հիշեց ձկնորսին: Եթե Արեգին չխփեին, 400 մետր այն կողմ ձուկ որսացողը հանգիստ տուն կգնար, ընտանիքով ձկնապուր կուտեին, թոռանը կգրկեր, փայտը կջարդեր, վառարանի կողքին կնստեր ու չիբուխը քթի տակ կտմբտմբացներ: Եթե Արեգին չխփեին, կապրեր ձկնորսը:
Եվ, ընդհանրապես, պատերազմից հետո դժվար է ապրել: Վահագնը մտածեց, որ իր ջոկատի տղաների մեծ մասը դժվար է ապրում կռվից հետո:
    Պատերազմը կիսում է կյանքդ, հետո-ն ու առաջ-ը՝ երկատված ես-դ: Առասպելական թրի նման կիսել է. Վահագնը վախենում էր թափ տալ իրեն: Մտածումների ընթացքում անընդհատ ձեռքով շոշափում էր դեմքի սպին:
    Սպին կիսել էր դեմքը:

ԲԺԻՇԿԸ
    Բժիշկը մահացավ գիշերը: Պարզապես քնեց ու չարթնացավ: Նա պառկել էր մետաղյա մահճակալին: Երիտասարդ էր, գեղեցիկ, ուժեղ: Վահագնի ջոկատը լուռ շարվել էր նրա շուրջը:
    Բոլորի գիտակցությունը հրաժարվում էր ընդունել այդ մահը, որովհետև մարմնի վրա թշնամու գնդակի, կրակոցի հետք չկար: Այդ գեղեցիկ, ճերմակ մարմնի խորքերում պարզապես դադարել էր աշխատել սիրտը: Սիրտը հոգնել էր պատերազմից: Հոգնել ու կանգ էր առել: Զինվորները զարմացել էին:
Իսկ, ընդհանրապես, բոլորը հոգնել էին: Հոգնել էին մարդիկ, հոգնել էր տեխնիկան, հոգնել էր զենքը: Գիտեին, որ այս տարածաշրջանում խաղաղություն չի լինի: Այդ գիտակցումից հոգնել էին: Հոգնել էին այն գիտակցումից, որ ամեն րոպե կարող է ինչ-որ բան կատարվել, և մեծ մասը կատարվում է անսպասելի: Հոգնել էին անդադար ներքին պատրաստվածությունից, որ պետք է բախվես ինչ-որ անհայտ, անակնկալ բանի: Հոգնել էին, որ իրենք առհասարակ պատերազմում են ու պետք է հրամաններ կատարեն:
    Պատերազմի ժամանակ ծեր կինը քառասուն տարեկան է: Վահագնը չի մոռանում այդ կնոջը. սպանել էին ամուսնուն, որդուն, իսկ տասներեքամյա աղջնակի մասին ոչինչ չգիտեր:
    Վահագնը տեսավ այնպիսի բաներ, որ աչքերում այլևս ատելություն ու ծաղր պիտի երևար: Այսինքն, ինչպես ցանկացած զինվորի, ով պատերազմում է:
    «Չէ՛, խաղաղություն չի լինի»,- շարունակ մտածում էր:

ԴԻՄԱՎՈ
ՐՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐԸ 

    Լեռների կատարներին ձյուն էր նստել: Լեռների մեջ ֆշշում էր քամին: Վահագնի ու Արեգի մտածումները շրջանաձև հավաքում էր ու երկինք էր բարձրացնում: Նրանց հետ էր Աստված և հողը: Հողի վրա երրորդ օրն է պառկած են. և՛անձրև եկավ, և՛ արև բացվեց, հիմա էլ՝ ձյուն: Պատերազմի ժամանակ լուսաբացներն այսպես են լինում:

ՀՈՒՅՍ
    – Ո՞վ կմիանա ինձ,- հարցրեց հրամանատարը՝ անորոշ հայացքը շարքերի վրայով տանելով: Չէր ուզում հայացքով ազդել:
    Մոտ երեսուն հոգի՝ կեղտոտ շորերով, հոգնած, սփրթնած դեմքով երիտասարդներ գլուխները կախեցին: Ոչ ոք չէր ուզում մահվան հետ պահմտոցի խաղալ: Քիչ առաջ կորցրել էին դիրքը, նահանջել, կիսաքանդ տան ավերակների թիկունքում պատսպարվել: Վահագնի ջոկատը խրամատում թողած երկու սպանված զինվոր ուներ: Նահանջի ժամանակ շատերին հաջողվեց դուրս բերել խրամատից, բայց երկուսին չկարողացան: Երկուսը պառկած էին գիշանգղների ու հակառակորդների նշանառության տակ:
    – Ո՞վ կմիանա ինձ,- հարցրեց Վահագնը կրկին:
    Արշոն Վահագնի ջոկատի խիզախներից էր: Արշոն տան ավերակների անցքերից խրամատին էր նայում: Մինչ խրամատը ջարդված սյուներ, հրդեհված մեքենաներ ու սաղավարտներ կային ընկած: Արշոն տղաներին պատկերացրեց՝ մենակ, մեռած, լքված: Հրամանատարն արդեն որսացել էր հայացքը.
– Գնա՞նք:
– Գնանք, կամանդի՛ր:
    Կամավորներ այդպես էլ չհայտնվեցին: Տղաները կախել էին գլուխները: Ոչ ոք չէր ցանկանում սեփական կամքով մեռնել: Այլ բան էր այնտեղ՝ խրամատում, ուրիշ տարբերակ չունես, իսկ այստեղ ինքնուրույն գնալ չէր ստացվում: 

ՄԱՅՐԸ
    Վահագնը կապված էր մոր հետ, սիրում էր մորը…
    Զանգելանում թուրքի տուն էին մտել, որդին հանդերձապահարանում կախված մի խալաթ էր տեսել. «Ճիշտ քոնից էր, մա՛մ,- ավելի ուշ մորը պատմել էր Վահագնը,- մի պահ ինձ թվաց, թե դու հայտնվեցիր դիմացս ու ասացիր՝ «Վահո ջան, շուտ դուրս արի այստեղից»… Մենք դուրս եկանք, ու տունը մեր հետևից պայթեց. թուրքերը ռումբ էին դրել տան մեջ»:
    Պատերազմի վերջում մայրը մահացավ: Վահագնը առաջին անգամ իրեն ո՜րբ-որբ զգաց:

ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՎԱԽԵՐԸ
    Որքան էլ տարօրինակ էր, Վահագնի անկախության մասին մտքերը սկսվում էին մի մեծ սահնակի հաստ, սառած պարանից. սահնակի, որի վրա նստած՝ նա ու Արեգը բարձրացան դիմացի սարը՝ փայտ բերելու: Հիմա չէ, բայց այն ժամանակ երկար էր ճանապարհը, երկար ու սառը, երկար ու ցավոտ. դե, այսօր էլ այդ ճանապարհը երկար կթվար, եթե ցրտից ուռած ոտքերով երկու եղբայր ճամփա ընկնեին դիմացի սարը: Հենց դիմացի սարից իջնող փոքր գետակ կար, նրա կողափերի սառույցները սիրուն էին փայլում:
    Երևի հենց այդ ժամանակից էր սկսել հայրենիքը գրավել իր հմայիլներով:
    Կտորտանքներ, շիվեր, փայտի մնացորդներ, բութ սղոցով կտրված փոքր ճյուղեր հավաքելուց հետո իջնում էին, երբ ճանապարհին անտառապահը կանգնեցրեց, հավաքած փշուրները թափել տվեց, «շատ-շատ վատ բան է գողությունը» ասելով նախատեց, ու ձեռնունայն իջան: Վահագնը Արեգին նստեցրեց սահնակին ու երկուսով մրսած՝ գետակի ափով իջան:
    «Դե, չէ՛, սա կապ չունի անկախության հետ»,- մտածեց Վահագնը:
    Պատերազմից հետո յոթերորդ հարկում էին ապրում, իրենց շենքի դիմաց սպիտակ փոքր տնակի մոտ ամեն երեքշաբթի ու հինգշաբթի մեծ, շատ մեծ ավտոբուսներ էին կանգնում ու թաղամասի ծանոթ-անծանոթները վերմակ-բարձերը ծածկոցների մեջ փաթաթած, ավելի շուտ, քան կժամանեին ավտոբուսները, սպասում էին: Վահագնը հիմա է գիտակցում, որ գալիքը մարդկանց առաջ մութ-մթի պես էր:
    Հեռացողների մեջ ամեն անգամ Վահագնի դասընկերներից կային, միշտ  հույս ուներ, որ մոլորվել են գնացողների մեջ, ավտոբուսները գնան, նրանք կվերադառնան իրենց տները:
    Հետո շատ էր մտածել, թե ավտոբուսների շարժվելուց առաջ իր ողբն ու բարձրաձայն հրաժեշտի լացը, դատարկ Հայաստանի մղձավանջային երազներն ի՞նչ կապ ունեն անկախության, պետականության հետ:
    Ու էդ մղձավանջային երևույթները անընդհատ շարունակվելու էին տարիներ հետո, երբ պատահաբար ականատես էր լինելու, թե հարևաններն ինչ պլպլան աչքերով էին գնում հյուսիսային զորամասերից մեկի խոհանոցի պատասխանատուի վաճառած շատ էժան խտացրած կաթը, շաքարավազը, պահածոյացված միսը, «շատ էժան եմ տալիս» հայացքով:
    Ախր սա ինչպե՞ս կապ չունի պետության, պետականության, անկախության ու հայրենիքի հետ: Հիմա այդ հարևաններն էլ  կան, բայց նրանց գոյության տեղերում խոր անդունդներ են: Դատարկ փոսեր:
   Վահագնը կուզեր նրանք էլ գնացած լինեին:
    Վահագնի յոթհարկանի հայհոյանքներից սարսափած փախել էին հարևանները:
    Ու էդ ժամանակ հեչ չէր պատկերացնի, որ քսանհինգ տարի անց հայտնվելու է Արցախում, Արեգի տղան հպարտորեն ծառայելու է հայոց բանակում:
    Արեգին է հիշում փայլող աչքերով, Օմարի լեռնանցքում, Ռուբիկին, որ գնաց, չեկավ: Լյովային, որ պատերազմում ոտքը կորցրել ու մի ոտքի վրա թռչկոտելով ապրում է:
    Ու Արեգի զինվորական երդման ժամանակ անարդյունք փորձում էր արցունքները զսպել:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ
    Երկրորդ հավանական պատերազմի ժամանակ Վահագնը շտապեց զինկոմ: Զինկոմի բակում նախկին զինվորականներ էին  հավաքվել: Կռված տղերքին նոր հնարավորություն էր տրվել շարունակելու կյանքը: Նրանք զուռնա-դհոլով էին եկել: Զինկոմի բակում քոչարի ու յարխուշտա էին պարում:
    Տղերք կային, որ իրենց ջոկատներին գովում էին: Վահագնը տխրեց, շրջանցեց նրանց: Ինչպես ցանկացած պատերազմում, այս մեկում  ևս հաղթողի փառքը սխալ է բաժանված: Պատմողներից ոմանք չափազանցնում էին իրենց, իրենց ջոկատի դերը: Բայց դերեր ունեցել են:
«Փառքը թո՛ղ պատմությանը, գլուխ կհանի»,- մտածեց:
«Ես քայլում եմ անշտապ, պատերազմից վերադարձի ճամփին՝
Տաքուկ հաղթանակի զգացողությամբ,
Սառը մեղքերի բեռով»,- քթի տակ իր հորինած երգը մռթմռթաց Վահագնը:
    Պատերա՜զմ. ով գիտի ինչ է. պատերազմի մասին ճշմարտություններ չկան: Վահագնը մտածում էր՝ արդյոք ինքն ի՞նչ գիտի պատերազմի մասին, բացի այն ծանր բեռից, որ կրծքի տակ է նստել, թպրտում է: Ոչինչ:
    Կասկածները տանջում են իրեն:
    Վերադարձել էր ողջ-առողջ, բայց շուրջը ապրող աշխարհում ավելորդ էր զգում իրեն: Նույնիսկ քսանհինգ տարի անց:
    Սահման կար իր և  ապրողների միջև:
    Չէր կարողանում հաղթահարել մարդկանց երջանիկ, անհոգ ապրելը. ոչ ոք  չէր վախենում, երջանիկ դեմքեր ունեին, իսկ ինքն անընդհատ թաքնվելու ցանկություն ունի:
    Մի անգամ գիշերն արթնացավ կրակոցի ձայնից: «Սկսվեց»,- մտածեց: Վեր կացավ, վազեց խորդանոց, զենքն էր փնտրում, փնտրելու ընթացքում տագնապած մտածում՝ մյուսներն ո՞ւր են, էս ո՞ւր են կորել տղերքը, ու ընդհանրապես ի՞նչ ա կատարվում: Պարզվեց հարևանները ինչ-որ տոն էին նշում հրավառություններով:
    Մի ուրիշ օր, զբոսանքից վերադառնալիս մութն ընկած էր: Երկու ստվեր էր գնում դիմացով: Մեկ էլ հոպ, երկուսն էլ հայտնվեցին թիկունքում: Ծուղակում է՝ մտածեց: Իր ետևից են եկել: Վախից սկսեց սիրտը խառնել: Այս ծանոթ անիծված սրտխառնոցը. մարտի վախը, մահվան վախը, ուզում էր փախչել, ավելի շուտ՝ մեռնել: Ողնաշարով դողն անցավ, հետևից՝ քրտինքի կաթիլները: Գոռալու ցանկություն ուներ: Հետո հասկացավ, որ էդ անիծված պատերազմից վերադառնալ չի կարողանում:
    Պատերազմը տարածք և ժամանակ չէ, այլ հոգեվիճակ. հոգեվիճակ, որ պատրաստ է մահվան: Ու այստեղ ոչ թե մահվան վախերն են կարևորը, այլ այն, որ ապրելը հաճելի է:
    Քայլեց դիմացի մանկական խաղահրապարակ: Մի շիշ գարեջուրը թեթևացրեց ողնաշարի ծանրությունը, օգնեց մտածել ապրելու մասին, չվախենալ ապրելուց: Եվ առաջին անգամ որոշեց վերջնականապես վերադառնալ պատերազմից կյանք, շուն կպահի կամ կատու, թե չէ ինքնասպանության մասին մտքերն իրեն հանգիստ չեն տալիս: Կամ կամուսնանա, տուն, երեխա, տե՛ս ինչ լավ խաղում են երեխեքը ավազով. սա կվերադարձնի իրեն պատերազմից:
    Վահագնը ուզում էր իր վրայից մաքրել պատերազմը:
    Վահագնը ուզում էր վերադառնալ պատերազմից:

                                                                                                               ( Հատված վիպակից )
  • Hits: 6370

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: