Պաուլ Ցելան. Corona

 

1952 թվականին լույս տեսած Պաուլ Ցելանի «Կակաչ և հիշողություն» ժողովածուում ընդգրկված է նաև Ինգեբորգ Բախմանին նվիրված Corona բանաստեղծությունը, որը «Մահվան ֆուգայի» հետ միասին բանաստեղծի հաճախ հիշատակվող գործերից է: Բախմանը հետագայում պատասխանում է Ցելանի Corona-ին «Հետաձգված ժամանակը» բանաստեղծությամբ: Բախմանն ու Ցելանը հանդիպել էին 1948 թ.-ին: Նրանց սիրո պատմությունը վկայված են հետմահու հրատարակված օրագրերն ու նամակագրությունը:

Պաուլ Ցելան. Corona

Աշունն իմ ձեռքից տերևն է իր խժռում․ մենք ընկերներ ենք։
Մենք ազատում ենք ժամանակն ընկուզե պատյանից և սովորեցնում նրան գնալ․
Այն վերադառնում է հետ դեպի պատյան։

Հայլու մեջ կիրակի է,
Երազում քնում են,
բերանը ճշմարիտն է ասում։

Հայացքս սահելով բարձրանում է մինչև սիրելիիս գոգը․
մենք նայում ենք իրար,
և գորշ բառեր ասում իրար,
մենք սիրում ենք իրար ինչպես կակաչն ու հիշողությունը,
քնում ենք ինչպես գինին ծովախեցիում,
ինչպես ծովը լուսնի արնաշողում։

Գրկախառնված կանգնած ենք պատուհանի մոտ, մեզ տեսնում են փողոցից․
Ժամանակն է, որ իմանան։
Ժամանակն է, որ քարը հարմարվի ծաղկելուն,
որ խռովքը սիրտ առնի։

Արդեն ժամանակն է ժամանակի։

Ժամանակն է։


Ինգեբորգ Բախման. Հետաձգված ժամանակը

Ծանր օրեր են սպասվում:
Ետկանչի համար հետաձգված ժամանակը
տեսանելի է դառնում հորիզոնում:
Շուտով պիտի կապես քուղերդ՝
Հետ քշելու շներին դեպի բացատներ:
Ձկների փորոտիքը
Ցուրտ քամուց սառել է
և աղոտ լուսարձակում են լուպինները:
Հայացքդ թողնում է իր հետագիծը մշուշում.
ետկանչի համար հետաձգված ժամանակը
տեսանելի է դառնում հորիզոնում:
Սիրելիդ այնտեղ սուզվում է ավազներում,
բարձրանում կնոջ ծածանվող մազին
ընկնում բառի մեջ նրա,
հրամայում լռել,
նա մահկանացու գիտի կնոջը՝
պատրաստ բաժանման
ամեն գրկելիս:
Հետ մի շրջվիր,
Կապիր քուղերդ
Քշիր շներին հետ:
Ձկները ծովը նետիր:
Ջնջիր լուպինները:
Ծանր օրեր են սպասվում:

 

Գերմաներենից թարգմանությունը՝

Ե. Աղաջանյանի և Ա.Հակոբյանի

  • Hits: 148