Բանաստեղծություն կույր երաժիշտների մասին

Կույրերը թափառում են գիշերը:
Գիշերն ավելի հեշտ է:
Կտրել-անցնել հրապարակը:
Կույրերը շոշափում են կյանքը:
Շոշափելով,
Ձեռքերով աշխարհին հպվելով,
լույս ու ստվեր չիմանալով
ու քարերը զգալով.
Քարերից պատեր են շարում:
Դրանց հետևում ապրում են տղամարդիկ:
Կանայք:
Երեխաներ:
Փողեր:
Ուստի
ավելի լավ է շրջանցել պատերը
անփշրելի:
Իսկ մեղեդին դրանց դեմ կառնի
Քարերը կուլ կտան մեղեդին:
Ու մեղեդին կմեռնի դրանցում,
Ամուր բռնված ձեռքերում:
Վատ է գիշերով մեռնելը:
Վատ է մահը շոշափելը:
Եվ, պարզվում է, կույրերին հեշտ է:
Կույրը գնում է հրապարակով:

 

***
Հանկարծահաս`
ասես կտրուկ թափահարում,
Աստվածային բարձունքը
Քո բառերում,
ինչպես առարկություն, ավելի ճիշտ`
կանչ` «իմ հետևից»,
իմ քնքշության վրայով,
իմ երկրային:
Եվ ուր թռչե՞մ: Ձայնը դեպի:
Բառի հետևից, հայացքի:
Կյանքի: Ձեռքի մատների:
Դրախտի հետևից: Դժոխքի:
Եվ ստվերն իմ կործանելով
(Այդպես չէ՞), սակայն
ինքս ինձ համար:
Ավելի ճիշտ` մարմնիս:
Դեպ զսպվածություն, շնչարգելություն,
ամբողջական ցավ, ավելի ճիշտ`
սանդուղքը կոճափայտերից,
օրերի շղթան աստիճան սարքած`
ես կբարձրանամ:
(Ո´չ մարմինը` դատարկություն):
Արձագանքի պես ես կհպվեմ
և´ ոտնաթաթերիդ, և´ շուրթերիդ.
Դե հնչի´ր: Ճյուղերի արանքում,
լռության մեջ, անտառում,
այստեղ, հիշողությանդ մեջ,
սիրո մեջ, ներքև հասիր`
հատակին.
ուժիցդ վեր է.
գահավիժում ես դեպ ի՞նձ,
թե՞ ես եմ վեր թռչում:


Մենություն

Երբ քո հոգնած գիտակցությունը
կորցնում է հավասարակշռությունը,
Երբ այս սանդուղքի աստիճանները
Փախչում են ոտքիդ տակից, տախտակամածի պես,
Երբ թքում է մարդկության վրա
Քո գիշերային միայնությունը
դու կարող ես
խորհել հավերժի մասին
ու կասկածի տակ դնել անմեղությունը,
գաղափարները, հիպոթեզները, ընկալումները,
արվեստի գործերը
և, ի դեպ, անգամ որդի Հիսուսով Մարիամի
սուրբ հղիությունը:
Բայց ավելի լավ է խոնարհվել իրողությանը
նրա խորը գերեզմաններով,
որոնք շատ հետո,
հնության հիմքով,
այնքան քնքուշ կթվան քեզ:
Այո:
Ավելի լավ է խոնարհվել իրողությանը,
նրա կարճլիկ ճանապարհներով,
որոնք շատ հետո
անսովոր կերպով
քեզ կթվան
այնքան ընդարձակ,
կթվան փոշոտ, մեծ,
կոմպրոմիսներով լցված,
կթվան լայն թևերի պես,
կթվան մեծ թռչուններ:
Այո: Ավելի լավ է խոնարհվել իրողությանը
նրա թշվառ չափանիշներով,
որոնք հետո ծայրահեղաբար
կդառնան բազրիքներ քեզ համար,
(թեկուզև՝ ոչ այդքան մաքուր)
Որ հավասարակշռության մեջ կպահեն
Քո կաղացող ճշմարտությունները
Այս բզկտված սանդուղքի վրա:

 

Բանաստեղծություն աշխարհն ընդունելու մասին

Այս ամենը եղել է, եղել է:
Այս ամենը մեզ հեղեղել է:
Այս ամենը հոսել, հարվածել է,
տեղահանել ու պտտել է,
և ուժերը տարել սպառման,
ու քարշ տվել դեպ գերեզման,
ու բարձրացրել պատվանդանի,
դե, իսկ հետո ցած գլորել,
ու մոռացել
փնտրտուքում իսկությունների,
որ մոլորվենք վերջնականպես
հեղուկ թփերում հավակնությունների,
վայրի կեղտերում ինքնասպառումի,
զուգորդումներում կոնցեպցիաների
ու ուղղակի զգացմունքներում:
Բայց մենք սովորեցինք կռվել
ու սովորեցինք ջերմանալ
պահ մտած արևի մոտ
ու մինչև երկիր հասնել՝
առանց նավաստիների, առանց ուղենիշերի,
ու, գլխավորը, առանց կրկնության:
Մեզ դուր է գալիս կայունությունը:
Մեզ դուր են գալիս մեր մոր վզի
ճարպի շերտերը,
ինչպես նաև մեր տունը,
որը փոքր է մի քիչ
տաճարի բնակիչների համար:
Մեզ դուր է գալիս մեր ծաղկունքը,
Մեզ դուր է գալիս մեր հասկ դառնալը.
Մեզ դուր է գալիս չթի շրշյունը
ու հրավիժակի աղմուկ-թնդյունը,
ու, ընդհանրապես, մեր մոլորակը,
որ նման է նորակոչիկի՝
շարային քայլքից քրտնող:

 

Չափորոշիչներ

«փոքրիկ մահվան հետ հանդիպում»
(Գարսիա Լորկա)
Փոքրիկ մահը շան:
Փոքրիկ մահը թռչնի:
Սովորական չափսերը՝
Մարդկային մահվան:



Ռուսերենից թարգմանեց Սոնա Մարտիրոսյանը

  • Hits: 1158

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: