Երբ Հասմիկի մայրը մահացավ՝ երեխա էինք: Չգիտեինք, որ մամաները մահանում են: Լսել էինք, բայց երբեք ականատես չէինք եղել:

Հասմիկը մեր դասարանից էր, §6դ¦-ից էր եկել, երբ իրենց դասարանը §ցրել¦ էին: Ամենախելոքն էր, երբեք չէր վիճում ու ոչ ոքի չէր վատաբանում: Մենք չգիտեինք Մունկի էքսպրեսիոնիզմի գաղտնիքը, բայց նրա ու §Ճիչի¦ միջև, այնուամենայինիվ, ընդհանուր բան կար: Աչքերը շատ էին տխուր, բայց միշտ ժպտում էր: Երբեմն այնքան էին տխուր, որ թվում էր՝ դուրս կպրծնեն ու կխեղդեն քեզ իրենց տրտմությամբ: Որքան ցուրտ կար այդ աչքերի մեջ, որոնք գրկում էին մի բուռ մանկությունը: Քիչ էինք տեսնում նրան. շատ էր բացակայում: Ասում էին՝ մաման հիվանդ է, իսկ Հասմիկը հիվանդանոցում խնամում է նրան: Նույնիսկ չգիտեինք, որ մամաները հիվանդանոց ընկնելու աստիճան հիվանդանում են:

Շատ էին տարբերվում մեր կյանքերը, որոնք շարժվում էին զուգահեռաբար: Թռչկոտում էինք մեր մամաների շուրջը ու չէինք տեսնում տխրության ամենամռայլ երանգը: Անհոգ սավառնում էինք Խաղաղ օվկիանոսի վրայով, հասնում Բալի, պառկում տաք արևի տակ, ուսումնասիրում էինք Աֆրիկայի ուրբանիզացման մակարդակը: Աշխարհի քարտեզն ամենալավը ես գիտեի, բայց մեկ է Անդրանիկին էին գովում: Պյութագորասի թեորեմը, եռանկյունների հավասարության հայտանիշները ու, առհասարակ, երկրաչափությունը իմ տարածքն էր, որով գերազանցում էի անգամ մեր դասարանի ամենագերազանցիկին: Ընդհանուր առմամբ խելոք էինք, բայց դասարանները միացնելուց հետո երկրորդ հարկում իսկական ռեզոնանս էր դիտվում, հատկապես, երբ Հայկը այդ օրը դասի էր գալիս: Ընկեր Դավթյանին հաճախ էինք բարկացնում, որովհետև բացի բայի խոնարհումը, դերբայները սովորելուց, չափել էինք նրա բարի սրտի ամբողջ ծավալը: Պատմությունն այնպես սիրուն էինք անգիր սովորում, որ հաջորդ օրը ոչ մի թվական չէինք հիշում: Կարևորը §5¦-երի քանակն էր մեր տխմար օրագրերում, որոնցով իսկական մրցույթ էր կազմակերպված: Եթե մեկն այդ օրը պակաս հինգ ստացած լիներ՝ իսկական քաոս կտիրեր, մեծագույն դժբախտություն:

 Թումանյանից, Չարենցից հետո անհագ կերպով Տերյան էինք կարդում ու սիրահարվում: Էնպես հաճա՜խ էինք սիրահարվում: Դպրոցի աղջիկների կեսը Հ.-ին էր սիրահարված: Լրիվ խելքներս թռցրել էինք:

Գերմաներենը ոնց չէինք սիրում, ռուսերենից լավ էինք, բայց բարկացնում էինք Մարինա Գրանտովնային: Ռազմագիտության դասն այնքան լուռ էր անցնում, որ լսվում էր միայն մեր սոված ստամոքսների կծկումների ձայնը:

Ի՜նչ ուրախ էր ամեն ինչ, բայց մենք էլի դժգոհում էինք: Մեր կարճ խելքներին չէր հասնում անգամ, որ կա ավելի մեծ տխրություն, քան էդ օրը հինգ չստանալը:

Մայրս փիրուզե ժակետ ուներ: Ամեն օր ասում էի.

-Մամ, կլինի՞ էդ ժակետն էլ չհագնես:

-Բայց լավ ժակետ ա, ինչի՞ չհագնեմ: Արուս մորքուրն ա տվել:

Արուս մորքուրը մորս մորաքույրն էր, ով բոլորի համար Արուս մնաց, իսկ մեր՝ երեխեքիս համար՝ Արուս մորքուր: Չէր ամուսնացել: Բնավորությունը ծանրացել էր: Բոլորս սիրում էինք Արուս մորքուրին, բայց հաճախ էինք նրանից նեղանում, որովհետև բնավորությունը շատ էր ծանր: Ձեռքիցս վերցնում էր շերեփը ու սովորեցնում էր կուլինարիայի իսկական գաղտնիքները, նկատողություն էր անում՝ ոնց քայլեմ, ոնց նստեմ, ոնց շարժվեմ, ոնց խոսեմ, ոնց շնչեմ: Ո՜նց էի ջղայնանում: Ինձ մասնատում էի ներսից՝ հենց մորքուրը գալիս էր մեր տուն, մտածում էի՝ ինչի՞ են իրենց Երևանը թողել, եկել մեր գյուղ ու հիմա էլ բարկացնում են ինձ:

Իրականում իրենց տունը Նախիջևանում է՝ մերոնց տունը, իմ տունը: Մեր բոլորի տունը վերցրել են, անկուշտի պես գրկել են մի բուռ հողը, որն իրենցը չէ, ինչպես երեխան, որ ագահաբար գրկում է ուրիշ երեխայի խաղալիքը: Խաղալիքը կորցրած երեխան էլ կանգնած, խեղճացած նայում է: Հարմար պահի է սպասում, որ հետ թռցնի խաղալիքը: Կհաջողվի արդյո՞ք:

Էդ տնից արդեն թուրքական ծուխ է դուրս գալիս՝ գարշահոտ, գալիս տարածվում է Արարատյան դաշտով մեկ, հասնում մեր գյուղ, որտեղից շնչում ենք էդ տխրությունը:

Մահը խարիսխ է գցել իմ հորիզոնում: Հիմա չկա Արուս մորքուրը: Նրա ժպիտի հետքերը ճեղքեր թողեցին հիշողությանս մեջ: Դժվար է շոշափել մահը:

Ես կլինեմ համառ երեխա ու հետ կվերցնեմ իմ խաղալիքը: Պիտի հասնեմ տատիս Նախիջևան, պապիս Թազագյուղ, պիտի բարձրանամ այն աստիճաններով, որոնցով վերջին անգամ մտախոհ իջել է Արուս մորքուրը, երբ անդարձ փակել է իրենց տան դուռը, պիտի բարձրանամ Կապուտջուղ լեռնագագաթը, որտեղից շա՜տ բարձր գոռամ. §Սա ի՛մ հայրենիքն է¦: Պիտի ջուր խմեմ Գյոմուրից, որ պապիս քնած սիրտը վերջապես հագենա հողի տակ պառկած: Պիտի ես ու տղաս պսակ հյուսենք երեքնուկից ու վազենք-թռչկոտենք մերոնց գյուղի կանաչ դաշտերով, շնչենք հարազատ օդը մինչև մեր խորքի վերջին բջիջը, որ հայրենիքս վերջապես շնչահեղձ զարթնի, ու հողը զգա հարազատի ոտնահետքերի ջերմությունը:

Հասմիկն արդեն մեծ է: Տղաներ ունի: Լույս-ճերմակ հրեշտակներ են իրենց մամայի կորցրած մանկությունից մի պատառ գրկած: Հասմիկը երկա՜ր, երկա՜ր, շա՜տ երկար պիտի մնա տղաների հետ, որովհետև մամաները միայն մնալու համար են: Մամաները միայն մնալու համար են: Սա իմացածս երկրաչափական թեորեմներից, լեմմաներից ու աքսիոմներից առավել կարևոր է ու ապացուցման կարիք չունի բնավ: Սա ավելի կարևոր է, քան Նյուտոնի բոլոր օրենքները, մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակների կովալենտային կապերը և ռիբոսոմի հիմնական կառուցվածքային միավորը: Մամաները միայն մնալու համար են:

-Էդ ժակետը վերջապես կլինի՞ չհագնես, ախր դժվա՞ր բան եմ ասում, մա՛մ, դժվա՞ր բան եմ խնդրում, մի՛ հագի էդ անտեր ժակետը, էդ մռայլ, էդ աշխարհի ամենավատ ժակետը, մի՛ հագի:

-Ինչի՞ չհագնեմ, սիրուն ա, Արուս մորքուրն ա տվել: Ախր սիրուն ժակետ ա,-ասում է մայրս:

 Բառ չեմ ասում, օրերով տանջվում եմ: Ուրախ եմ լինում, երբ մամաս չի հագնում փիրուզե ժակետը, բայց հենց հագն եմ տեսնում, լացում եմ, սիրտս մղկտում է ու անտանելի ատում եմ Արուս մորքուրի տված ժակետը: Արուս մորքուրը բազմաթիվ հիշողությունների հետ ինձ տվեց մեր Նախիջևանի մասին կարոտը ու տխրությունը, որը փիրուզի գույնն ունի:

-Մամ, չե՞ս հասկանում, էդ ժակետը Հասմիկի մամայի ժակետից ա, էդ ժակետով են մամաներին ճանապարհում, էդ աշխարհի ամենավատ ժակետն ա:

Մայրս քարացած նայում է ինձ, բառ չի ասում, զգում եմ, որ ավելի մեծ ուժով, քան գրավիտացիոն ուժերն են, ձգել է մարմինը, որ սիրտը ներսում մասերի չբաժանվի:

Էդ օրվանից այլևս երբեք չտեսա փիրուզե ժակետը, ո՛չ մորս հագին, ո՛չ էլ` տան որևէ անկյունում:

  • Hits: 3353

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: