Պարոն Ֆ-ի՝ թոշակի անցնելու օրը տիկին Ֆ-ն ճաշին շիրինփոլո[1] եփեց: Մեծ ծաղկամանը լցրեց սպիտակաթույր ու դեղին քրիզանթեմներով և դրեց ճաշի սեղանին: Հետո երկու դուստրերի՝ Ֆաթանեի ու Ֆարզանեի հետ սպասեց ամուսնու գալուն:
Պարոն Ֆ-ն կեսօրից մի փոքր առաջ տուն վերադարձավ գրասենյակում իր պատվին կազմակերպված հրաժեշտի արարողությունից: Ֆաթանեն ու Ֆարզանեն ընդառաջ վազեցին և համբուրեցին հայրիկին:
Ֆաթանեն ասաց. «Այլևս ստիպված չեք առավոտները շուտ արթնանալ»: Ֆարզանեն ասաց. «Վաղվանից սրտներդ որքան կամենա, կքնեք»:
Տիկին Ֆ-ն նայեց պարոն Ֆ-ին: Մտածեց. «Մազերն ինչքան են ճերմակել»: Հետո ինքն իրեն ասաց. «Երևի պատուհանի լույսից է, որ ուղիղ մազերին է ընկնում»:
Ֆաթանեն ու Ֆարզանեն հայրիկի համար նվեր էին գնել: Ֆաթանեի նվերը ձեռքի ժամացույց էր: Ֆարզանեի նվերը՝ սեղանի ժամացույց՝ գիշերները լուսարձակող սլաքներով: Պարոն Ֆ-ն ժամացույցների սիրահար էր: Տիկին Ֆ-ն այդ օրը շիրինփոլո եփելու համար գործի էր դրել իր ողջ ջանքերը:
Ճաշի ժամանակ պարոն Ֆ-ն պատմեց հրաժեշտի արարողությունից, և ամենքը ժպտալով նայեցին պահարանում բազմած մեծ շրջանակով փոքր շնորհակալագրին:
Հաջորդ օրն առավոտյան պարոն Ֆ-ն նախորդ օրերից մի փոքր ուշ արթնացավ: Հիշեց, որ ստիպված չէ անկողնուց վեր կենալ: Վերմակի տակ տեղավորվեց և ոտքով ներքնակի սառնությունը փնտրեց:
Խոհանոցից, որ ներքևի հարկում էր, ծորակի կաթկթոցի ու ափսեների չխկչխկոցի ձայներն էին գալիս: Պարոն Ֆ-ն ինքն իրեն ասաց. «Այսօրվանից իմ սիրած գործերը կանեմ»: Եվ մտածեց իր սիրած գործերի մասին: «Այգին կբարեկարգեմ»:
Այգու գաղափարը պարոն Ֆ-ին անկողնուց դուրս բերեց: Ծանր վարագույրը մի կողմ քաշեց և պատուհանը բացեց: Այգին շատ մեծ չէր: Մի քառակուսի մետր խոտածածկույթ էր՝ աջ կողմում թթի ծառով: Պարոն Ֆ-ն մտածեց. «Շուրջբոլորը ծաղիկ կտնկեմ: Մանուշակ ու շահպրակ: Վարդենիների ու ճապոնական սերկևիլի[2] մի քանի տունկ էլ կգնեմ»: Պատկերացրեց այգին՝ մանուշակներից ու շահպրակներից ամբողջովին ճերմակ և վարդենիներից ու ճապոնական սերկևիլներից ամբողջովին կարմիր: Գեղեցիկ կլիներ: Կնոջ մասին մտածեց. «Ցերեկները, երբ խոհանոցի պատուհանից նայի, հաճույք կստանա»:
Նայեց պահարանի վրայի ժամացույցին: Ինն անց կես էր: Մտածեց. «Գրասենյակի երեխեքը հիմա թեյում են»: Հիշեց գրասենյակի իր փոքրիկ սենյակը: Եթե աչքերը փակեր, կկարողանար իր առջև երևան բերել սեփական սենյակը՝ ամենափոքրիկ մանրուքներով: Պատերից մեկի վրա մի քանի շրջաբերական էր փակցված, իսկ մի փոքր այն կողմ՝ շատ մուգ գույներով մի պատկեր: Շատ կանաչ ծառեր ու շատ կապույտ երկինք: Անգամ ամպերի սպիտակն էր շատ սպիտակ: Մի լամինատե մոխրագույն հատակը քանի տեղ պոկվել էր: Սենյակի անկյունի սեղանին դնովի օրացույց կար, հետը՝ գրչատուփ ու գնդասեղներով լի մի փոքրիկ տուփ: Սեղանի դիմաց աթոռ կար, իսկ աթոռի դեմ դիմաց՝ թռչունների վանդակ: Թռչունների վանդակի կողքին երկաթե, մի քանի ճյուղանի կախիչ կար, որի վրա, եթե կոստյումդ կամ վերարկուդ արագորեն կախեիր, կամ վրայից կընկեր, կամ հավասարակշռությունը կխախտվեր, ու գլխիվայր շուռ կգար: Սեղանի հետևում պատուհանն էր: Պատուհանից միայն գրասենյակի թիվ 2 շենքն էր հնարավոր տեսնել, որ տասը հարկանի էր, մոխրագույն քարերով և միանման ու բազմաթիվ պատուհաններով:
Պարոն Ֆ-ն հագավ հողաթափերը, բացեց ննջասենյակի դուռը և աստիճաններով իջավ ներքև:

***

Այգին գեղեցկացել էր: Պարոն ու տիկին Ֆ-երը, Ֆաթանեի ու Ֆարզանեի հետ բակում նստած, թեյում էին: Կարճլիկ ու կլոր սեղանի վրա՝ փոքրիկ ծաղկամանի մեջ, կարմիր վարդի մի քանի և ճապոնական սերկևիլի մի ճյուղ կար:
Ֆաթանեն ասաց. «Դեռ մի քանի ամիս առաջ այգին ինչ տգեղ էր»: Ֆարզանեն ասաց. «Դեռ մի քանի ամիս առաջ այգին ընդհանրապես գեղեցիկ չէր»: Տիկին Ֆ-ն ասաց. «Երանի տունը ներկեինք»: Պարոն Ֆ-ն ժպտաց: Հիշեց գրասենյակի միջանցքի մշտապես կեղտոտ պատերը: Երկար, մոխրագույն պատերը, որտեղով աշխատողները, թղթապանակները ձեռքներին, ամեն օր գնում էին ու գալիս, միմյանց հարցուփորձ էին անում ու իրար հետ կատակում:

***

Պարոն Ֆ-ն վրձին, եռոտանի ու աստիճան գնեց, և տունն իր գույնն ու երեսը բացեց:
Նախաճաշին Ֆաթանեն ասաց. «Տունն ինչքան է մաքրվել»: Հետո նայեց ժամացույցին. «Վա՜յ, ուշացա»: Եվ տեղից վեր թռավ:
Պարոն Ֆ-ն նայեց ձախ ձեռքի դաստակին: Ժամացույցը ննջասենյակում էր թողել:
Ֆարզանեն թեյը գլուխը քաշեց և տեղից վեր կացավ: «Աշխատանքային առաջին օրը չպետք է ուշանամ»:
Խոհանոցի ջրի ծորակը կաթկթում էր: Տիկին Ֆ-ն բարձրաձայն օրական ծախսերն էր հաշվում: Տիկին Ֆ-ն ուրախ էր, քանի որ տունը ներկելու ծախսը խնայվել էր: Ջրի ծորակի կաթկթոցը բարկացնում էր պարոն Ֆ-ին:

***

Մի քանի օր անց պարոն Ֆ-ն խոհանոցի ջրի ծորակը նորոգեց: Կանգնեց, գոհ ու երջանիկ կողքերը նայեց: Հիշեց, որ որևէ մեկը տանը չէ: Տիկին Ֆ-ն գործելու դասերի էր գնացել, Ֆաթանեն ու Ֆարզանեն ճաշին մնում էին գրասենյակում: Պարոն Ֆ-ն քաղց զգաց: Սառնարանում նախորդ երեկոյից կոտլետի մի քանի կտոր էր մնացել: Պարոն Ֆ-ն շիրինփոլոն ցանկացավ:

 ***

Տիկին Ֆ-ն գույնզգույն գործվածքներ էր գործում ու վաճառում: Գրասենյակում Ֆաթանեի ու Ֆարզանեի պաշտոնը բարձրացրել էին: Պարոն Ֆ-ն սպասում էր՝ գարունը գա, և այգին քնից արթնանա: Ցերեկները տունը լուռ էր, և բացի ժամացույցի տիկ-տակերից՝ ուրիշ ձայն չէր լսվում: Պարոն Ֆ-ն շրջում էր տան մեջ: Դռների ծխնիներն էր յուղում և ամրացնում ծորակների պտուտակները: Տան մեջ որևէ մեկը չէր մտահոգվում այգու քնի համար:

 ***

Պարոն Ֆ-ն կոստյում հագավ: Տաբատի գոտկատեղը մի փոքր լայնացել էր: Գոտու ճարմանդը երկու օղակ հետ տարավ: Կոշիկները ոտքերը ցավեցնում էին, և փողկապը սահում էր մատների արանքից: Տանից դուրս գնալով՝ մտածեց. «Գրասենյակի երեխեքը, ինձ տեսնելով, հաստատ կուրախանան»:
Գրասենյակի միջանցքներով անցնելիս ամենքին ժպտաց: Աշխատողները, թղթապանակները թևների տակ, գալիս էին ու գնում և իրար հետ կատակում: Պատերը դեռ մոխրագույն էին: Հասնելով իր նախկին սենյակ՝ ձեռքը երկարեց՝ բացելու դուռը: Հետո հիշեց, որ պետք է թակել դուռը: Թակեց: Ինչ-որ մեկն ասաց. «Համեցե՛ք»: Պարոն Ֆ-ն ներս մտավ:
Երկաթե սեղանի առաջ, որի վրա գրչատուփ, օրացույց ու գնդասեղներով լի մի տուփ կար, պարոն Ֆ-ն, կռացած թղթերի վրա, ինչ-որ բաներ էր նշում:
Պարոն Ֆ-ն նստեց սեղանի դիմացի աթոռին:
Պարոն Ֆ-ն գլուխը բարձրացրեց թղթապանակի վրայից, նայեց ու ժպտաց: Ասաց. «Շատ գործ չկա: Այս թղթապանակը պիտի վաղը հանձնեմ»:
Պարոն Ֆ-ն տեղավորվեց աթոռին ու ժպտաց:
Պարոն Ֆ-ն փակեց թղթապանակը, մատիտը դրեց գրչատուփի մեջ և ձեռքերի ափով տրորեց աչքերը: Հետո ձեռքերը գլխի հետևում խաչեց ու ասաց. «Երանի Ձեզ: Հանգիստ եք»:
Պարոն Ֆ-ն նայեց պատի վրայի նկարի շատ կանաչ կանաչին ու շատ կապույտ կապույտին: Ամպերը շատ սպիտակ էին: Տեղից վեր կացավ ու ասաց. «Ձեր թույլտվությամբ, գնամ: Ձեզ նեղություն եմ պատճառում»:
Պարոն Ֆ-ն գլուխը տարուբերեց: Մատիտը վերցրեց գրչատուփի միջից և վերստին կռացավ թղթապանակի վրա:
Պարոն Ֆ-ն հագուստի կախիչի վրայից վերցրեց իր վերարկուն: Հագուստի կախիչը մի քանի անգամ երերաց: Պարոն Ֆ-ն բռնեց այն, որ չընկնի: Սենյակից դուրս եկավ: Անցավ մոխրագույն միջանցքներով և մասնաշենքից դուրս եկավ:
Փողոցն աղմկոտ էր: Պարոն Ֆ-ն մի քանի անգամ կանգ առավ ու մտածեց՝ որ կողմով պիտի գնա:

Տունը լուռ էր: Ֆաթանեն ու Ֆարզանեն դեռ չէին եկել: Տիկին Ֆ-ն գործում էր, իսկ խոհանոցի ջրի ծորակը՝ դեռ կաթկթում:

 

 

 

[1] Բառացի՝ քաղցր փլավ: Բրնձով, մսով ու չորամրգերով փլավ:

[2] Վարդազգի:

 

 

Պարսկերենից թարգմանությունը՝ Արեգ Բագրատյանի

  • Hits: 224