Հունիսի 27-ի առավոտը պարզ էր ու արևոտ՝ իսկական ամառային օրվա թարմ ջերմությամբ լեցուն, ծաղիկները լիուլի ծաղկում էին ու խոտը առատորեն կանաչ էր: Մոտավորապես ժամը տասին գյուղի ժողովուրդը սկսեց հավաքվել հրապարակում՝ փոստի ու բանկի մեջտեղում: Որոշ ավաններում այնքան մարդ կար, որ վիճակախաղը տևում էր երկու օր և պետք է սկսվեր հունիսի 26-ին, սակայն այս գյուղում, որտեղ ընդամենը մոտ երեք հարյուր մարդ կար, վիճակախաղը մոտ երկու ժամ էր տևում, այնպես որ եթե այն անգամ առավոտվա ժամը տասին սկսվեր, գյուղացիներն, այնուամենայնիվ, կհասնեին ճաշին:

Երեխաներն, իհարկե, առաջինը հավաքվեցին: Ամառային արձակուրդները նոր էին սկսվել, ու ազատության զգացողությունը նրանցից շատերի վրա ծանրացել էր. նրանք հակված էին որոշ ժամանակ հանգիստ հավաքվել՝ մինչև բուռն խաղ ներխուժելը, և խոսակցություններն էլ դեռևս դասարանի ու ուսուցչի, գրքերի ու նկատողությունների մասին էին:

Բոբի Մարտինն արդեն գրպանները լիքը քար էր խցկել, և մյուս տղաներն էլ շուտով հետևեցին նրա օրինակին՝ ընտրելով ամենահարթ ու ամենափոքր քարերը. Բոբին ու Հարի Ջոնսն ու Դիքի Դելաքրուան (գյուղացիները նրա անունը Դելաքրոյ էին արտասանում) վերջիվերջո, հրապարակի մի անկյունում քարերի մի մեծ կույտ սարքեցին ու սկսեցին այն պաշտպանել այլ տղաների հարձակուներից: Աղջիկները, մի կողմում կանգնած, իրար մեջ խոսում էին և ուսի վրայով տղաներին էին նայում, իսկ շատ փոքր երեխաները թավալ էին գալիս փոշու մեջ կամ էլ կախվում էին իրենց մեծ եղբայրների ու քույրերի ձեռքերից:

Շուտով տղամարդիկ սկսեցին հավաքվել՝ իրենց երեխաներին հարցուփորձ անելով, ցանքսի ու անձրևի, տրակտորների ու հարկերի մասին խոսելով: Նրանք կանգնեցին անկյունում հավաքված քարերի կույտից հեռու, ցածրաձայն էին կատակում, ու ավելի շուտ ժպտում էին, քան ծիծաղում: Կանայք՝ խունացած տնային զգեստներով ու բլուզներով, եկան իրենց տղամարդկանցից անմիջապես հետո: Նրանք բարևեցին միմյանց և, մինչ գնում էին իրենց ամուսիններին միանալու, որոշ բամբասանքներով փոխանակվեցին: Շուտով կանայք, ամուսինների կողքին կանգնած, սկսեցին կանչել իրենց երեխաներին, և երեխաները, չորս-հինգ անգամ կանչվելուց հետո, դժկամորեն եկան: Բոբի Մարտինը, որ պատսպարվել էր մոր ապահով թևի տակ, ծիծաղելով վազեց դեպի քարերի կույտը: Հետո հայրը կտրուկ կանչեց նրան, և Բոբին արագ եկավ ու տեղ զբաղեցրեց հոր ու ավագ եղբոր մեջտեղում:

Վիճակախաղը, ինչպես հրապարակի պարերը, դեռահասների ակումբը, Հելոուինյան ծրագիրը, անցկացնում էր Միսթր Սամմերսը, ով քաղաքացիական միջոցառումներին նվիրելու ժամանակ ու էներգիա ուներ: Նա կլորադեմ, զվարթ մարդ էր և զբաղվում էր ածուխի բիզնեսով, ու մարդիկ խղճում էին նրան, որովհետև երեխաներ չուներ, կինն էլ կռվարարի մեկն էր:

Երբ նա հրապարակ եկավ ՝ բերելով սև փայտե արկղը, գյուղացիների մեջ փսփսոցներ էին լսվում: Նա ձեռքով արեց ու ասաց.

  - Մի փոքր ուշացա այսօր, ժողովու՛րդ:

Փոստապետը՝ Միսթր Գրեյվզը, հետևեց նրան եռոտանի աթոռակով, ու աթոռակը դրվեց հրապարակի կենտրոնում, Միսթր Սամմերսը սև արկղը դրա վրա դրեց:

Գյուղացիները մնացին իրենց տեղերում՝ աթոռակի ու իրենց միջև տարածությունը պահելով, ու երբ Միսթր Սամմերսը հարցրեց՝ «եղբայրնե՛ր, ձեր մեջ ինձ ձեռք մեկնել ցանկացողներ կա՞ն», շատերը երկմտացին, մինչև երկու տղամարդ՝ Միսթր Մարտինն ու նրա ավագ որդին՝ Բաքսթերը, առաջ եկան արկղը աթոռակի վրա անշարժ պահելու՝ մինչ Միսթր Սամմերսը դրա մեջ թղթեր կլցներ:

Վիճակախաղի սկզբնական հարմարանքները վաղուց էին կորել, և այն սև արկղը, որ հիմա հանգրվանել էր աթոռակի վրա, օգտագործման էր հանձնվել անգամ նախքան ծերուկ Ուորների՝ գյուղաքաղաքի ամենածեր մարդու ծնունդը: Միսթր Սամմերսը հաճախ էր գյուղացիների հետ խոսում նոր արկղ սարքելու մասին, սակայն ոչ ոք չէր ցանկանում փոփոխության ենթարկել նույնիսկ ավանդույթի այն մասը, որ իր մեջ ամփոփում էր սև արկղը:

Պատմում էին, որ ներկայիս արկղը պատրաստվել էր իրեն նախորդող արկղի որոշ կտորներից, այն արկղի, որը ստեղծվել էր դեռևս առաջին բնակիչների՝ գյուղ հիմնելու համար այստեղ հաստատվելուց առաջ:

Ամեն տարի վիճակախաղից հետո Միսթր Սամմերսը սկսում էր խոսել նոր արկղի մասին, սակայն այս թեման ամեն տարի անուշադրության էր մատնվում՝ առանց որևէ փոփոխության: Սև արկղը տարեցտարի ավելի էր մաշվում. այս պահին այն այլևս ամբողջովին սև չէր, այլ մի կողմից այնպես էր ճաքճքել, որ փայտի բնական գույնն էր երևում, որոշ տեղերում էլ մաշվել կամ կեղտոտվել էր:

Միսթր Մարտինն ու նրա ավագ որդին՝ Բաքսթերը, արկղը պինդ պահել էին աթոռակի վրա, մինչ Միսթր Սամմերսը թղթերը ձեռքերով մանրամասն թափահարում էր: Քանի որ արարողակարգի մեծ մասը մոռացվել կամ էլ անտեսվել էր, Միսթր Սամմերսին հաջողվել էր սերնդեսերունդ օգտագործված փայտի կտորները փոխարինել թղթի կտորներով:

Փայտի կտորները, պնդում էր Միսթր Սամմերսը, շատ լավ էին այն ժամանակ, երբ գյուղը փոքր էր, սակայն հիմա, երբ բնակչությունը երեք հարյուրից ավելի էր և գնալով ավելի էր շատանում, պետք էր օգտագործել մի բան, որն հեշտությամբ կտեղավորվեր սև արկղի մեջ:

Վիճակախաղի նախորդ գիշերը Միսթր Սամմերսն ու Միսթր Գրեյվզը պատրաստում էին թղթի կտորներն ու դնում էին արկղի մեջ, որն այնուհետև տարվում էր Միսթր Սամմերսի ածխի ընկերության սեյֆ ու կողպվում, մինչև հաջորդ առավոտ Միսթր Սամմերսը պատրաստ կլիներ այն տանել հրապարակ: Տարվա մնացած մասը արկղը մի կողմ էր դրվում, երբեմն՝ մի տեղում, երբեմն՝ մի ուրիշ. այն մի տարի անց էր կացրել Միսթր Գրեյվզի ախոռում, մի ուրիշ տարի՝ փոստում գետնին դրված, մի քանի անգամ էլ դրվել էր Մարտինի մթերային խանութի պահարաններից մեկին ու մնացել այնտեղ:

Ահագին գործ կար անելու մինչ Միսթր Սամմերսը կազդարարեր վիճակախաղի սկիզբը: Պետք է ցուցակներ կազմվեին՝ գերդաստանների գլխավորների, յուրաքանչյուր գերդաստանում ընտանիքների և ընտանքիներում տան անդամների:

Փոստապետն անցկացնում էր Միսթր Սամմերսի՝ որպես վիճակախաղի պատասխանատուի երդումը. մի ժամանակ, որոշ մարդիկ հիշում էին, ինչ-որ ասմունք կար, որը արտասանում էր վիճակախաղն անցկացնողը, մի կատարում, անտակտ մի երգ, որն ամեն տարի ճիշտ ժամանակին հնչում էր. որոշ մարդիկ կարծում էին, որ վիճակախաղի պատասխանատուն ուղղակի կանգնել է մարդկանց մեջ, երբ արտասանել կամ երգել է այն, ուրիշները կարծում էին, որ նա քայլել է մարդկանց միջով, բայց շատուշատ տարիներ առաջ արարողակարգի այս հատվածը դադարել էր գոյություն ունենալ:

Գոյություն էր ունեցել նաև արարողակարգային ողջույն, որը վիճակախաղի պատասխանատուն պետք է օգտագործեր արկղից թերթիկ քաշելու համար մոտեցող յուրաքանչյուր մարդու դիմելիս, սակայն սա նույնպես ժամանակի ընթացքում փոխվել էր, ու հիմա միայն անհրաժեշտություն էր զգացվում, որ վիճակախաղի պատասխանատուն ուղղակի խոսեր բոլոր մոտեցողների հետ: Միսթր Սամմերսն այս ամենը շատ լավ էր անում. իր մաքուր սպիտակ վերնաշապիկով ու կապույտ ջինսով, մի ձեռքը անխռով հանգրվանած արկղին, նա շատ պատշաճ ու կարևոր տեսք ուներ Մարտինի ու Միսթր Գրեյվզի հետ խոսելիս:

Հենց այն պահին, երբ Միսթր Սամմերսը վերջապես դադարեց խոսել ու դիմեց հավաքված գյուղացիներին, Միսիս Հաթչինսոնը՝ վերնաշապիկը ուսերին գցած, հապճեպ եկավ հրապարակ տանող ճանապարհով ու տեղավորվեց ամբոխի հետևում:

- Լրիվ մոռացել էի՝ ինչ օր է, - ասաց նա Միսիս Դելաքրուային, որ կանգնած էր իր կողքին, ու նրանք երկուսով կամացուկ ծիծաղեցին:

- Կարծում էի՝ ծերուկս դրսում փայտն էր դասավորում, - շարունակեց Միսիս Հաթչինսոնը, - հետո նայեցի պատուհանից՝ երեխաները գնացել էին, ու այդ ժամանակ հիշեցի, որ ամսի քսանյոթն է ու վազելով եկա: Նա չորացրեց ձեռքերը գոգնոցի վրա իսկ Միսիս Դելաքրուան պատասխանեց.

- Բայց և այնպես ճիշտ ժամանակին ես հասել, նրանք դեռ այնտեղ խոսում են:

Միսիս Հաթչինսոնը վիզը երկարեցրեց, որ կարողանա ամբոխը տեսնել ու իր ամուսնուն ու երեխաներին գտավ առջևում կանգնած: Որպես հրաժեշտ թփթփացրեց Միսիս Դելաքրուայի թևին ու սկսեց ամբոխի միջով առաջ շարժվել: Մարդիկ բարեսրտորեն մի կողմ քաշվեցին՝ նրան ամբոխի միջով առաջ թողնելու համար. երկու կամ երեք հոգի այնքան բարձր ձայնով, որ լսելի լիներ ասացին՝ «ահա և քո Միսիս Հաթչինսոնը» և «Բի՛լլ, նա վերջը հասավ»: Միսիս Հաթչինսոնը հասավ իր ամուսնուն, ու Միսթր Սամմերսը, որ սպասում էր, ուրախությամբ ասաց.

- Մտածում էի առանց քեզ ենք գործի անցնելու, Թե՛սսի: Միսիս Հաթչինսոնը հրճվելով պատասխանեց.

- Թույլ չէիր տա, որ ամաններս խոհանոցի լվացարանում մնային, չէ՞ Ջո, - ու զուսպ ծիծաղի մի ալիք անցավ ամբոխի միջով մինչ մարդիկ Միսիս Հաթչինսոնի ժամանումից հետո իրենց տեղերն էին վերադառնում:

- Հիմա, - սթափվելով ասաց Միսթր Սամմերսը , - կարծում եմ ավելի լավ է սկսենք, սա արանքից հանենք, որ կարողանանք մեր գործերին վերադառնալ: Բացակա մարդ կա՞:

- Դանբարը, - ասացին մի քանիսը,-Դանբարը, Դանբարը:

Միսթր Սամմերսը ստուգեց իր ցուցակը:

- Քլայդ Դանբար, - ասաց, - ճիշտ է: Նա ոտքն էր ջարդել, այդպես չէ՞: Ո՞վ է քաշում նրա փոխարեն:

- Ես, կարծում եմ, - ասաց մի կին, ու Միսթր Սամմերսը շրջվեց նրա կողմը:

- Կինը քաշում է ամուսնու փոխարեն, - ասաց Միսթր Սամմերսը, -մեծ տղա չունե՞ս, որ նա քո փոխարեն անի, Ջեյնի: Չնայած Միսթր Սամմերսն ու ամբողջ գյուղը հրաշալի գիտեին պատասխանը, նման պաշտոնական հարցեր տալը վիճակախաղի պատասխանատուի պարտականությունն էր: Միսթր Սամմերսը քաղաքավարի հետաքրքրությամբ սպասում էր, մինչ Միսիս Դանբարը պատասխաներ.

- Հորասը դեռ ընդամենը տասնվեց տարեկան է, - ասաց Միսիս Դանբարը ափսոսանքով, - երևի այս տարի ես ծերուկի տեղը քաշեմ:

- Լավ, - ասաց Միսթր Սամմերսը: Նա նշում կատարեց իր ցուցակի վրա, հետո հարցրեց, - Ուոթսոնների տղան այս տարի քաշու՞մ է:

Մի բարձրահասակ երիտասարդ ամբոխի միջից ձեռք բարձրացրեց.

- Այստեղ եմ, - ասաց նա: Ես քաշում եմ մորս ու իմ փոխարեն: Նա նյարդային թարթեց աչքերն ու գլուխը կախեց, մինչ ամբոխի միջից լսվում էր՝ «լավ տղա ես, Ջեք» ու «լավ է տեսնել, որ մայրդ ունի տղամարդ, որ կանի դա իր փոխարեն»-ի նման բաներ:

- Լավ, - ասաց Միսթր Սամմերսը, - կարծում եմ բոլորն այստեղ են: Ծերուկ Ուորները կա՞:

- Այստեղ եմ, - ասաց մի ձայն, ու Միսթր Սամմերսը գլխով արեց: Երբ Միսթր Սամմերսը մաքրեց կոկորդն ու նայեց ցուցակին, ամբոխի վրա միանգամից լռություն իջավ:

- Բոլորը պատրա՞ստ են, - բացականչեց նա, - հիմա ես կկարդամ առաջինը ընտանիքների գլխավորների անունները, թող տղամարդիկ մոտենան ու արկղից թուղթ քաշեն: Թուղթը ծալած պահեք ձեր ձեռքում՝ առանց նայելու, մինչև այն պահը, երբ բոլորը քաշած կլինեն: Ամեն ինչ պա՞րզ է:

Մարդիկ այս ամենն այնքան էին արել, որ միայն ցուցումների կեսը լսեցին. շատերը լուռ շրթունքներն էին թրջում ՝ առանց շուրջը նայելու: Հետո Միսթր Սամմերսը ձեռքը վերև բարձրացրեց ու ասաց.

- Ադամս:

 Մի մարդ առանձնացավ ամբոխից ու առաջ եկավ:

- Բարև Սթիվ, - ասաց Միսթր Սամմերսը, ու Միսթր Ադամսն ասաց.

- Բարև Ջո: Նրանք տխուր ու նյարդային ժպտացին իրար: Այնուհետև, Միսթր Ադամսը ձեռքը մտցրեց սև արկղն ու դրանից ծալած թուղթ հանեց: Նա, դրա ծայրից պինդ բռնած, շրջվեց ու շտապ ամբոխի մեջ իր տեղը վերադարձավ՝ կանգնելով իր ընտանիքից մի փոքր հեռու՝ առանց ներքև՝ ձեռքին նայելու:

- Ալեն, - ասաց Միսթր Սամմերսը:

- Անդերսոն.....Բենթամ: 35:

- Թվում է, թե վիճակախաղերի միջև ժամանակ ընդհանրապես չի անցնում, - ասաց Միսիս Դելաքրուան հետևի շարքում կանգնած Միսիս Գրեյվզին: Կարծես վերջինն ընդամենը անցած շաբաթ էինք անցկացրել:

- Ժամանակն իսկապես արագ է թռնում, - ասաց Միսիս Գրեյվզը:

- Քլարք... Դելաքրուա..

- Ահա, իմ ծերուկն է գնում, - ասաց Միսիս Դելաքրուան ու մինչ ամուսինն առաջանում էր՝ նա շունչը պահած սպասում էր:

- Դանբար, - ասաց Միսթր Սամմերսն, ու Միսիս Դանբարը հանդարտ գնաց արկղի մոտ՝ մինչ կանանցից մեկն ասում էր «առա՛ջ, Ջեյնի», մի ուրիշն էլ ասում էր՝ «նրա հերթն էլ հասավ»:

- Հաջորդը մենք ենք, - ասաց Միսիս Գրեյվզը: Նա նայում էր, թե ինչպես Միսթր Գրեյվզը անցավ արկղի կողքով, լրջորեն ողջունեց Միսթր Սամմերսին ու արկղից մի թերթիկ քաշեց: Հիմա արդեն բոլոր տղամարդիկ իրենց մեծ ձեռքերում փոքր ծալած թղթեր ունեին, որոնք անընդհատ նյարդային շարժումներով շուռումուռ էին տալիս: Միսիս Դանբարն ու նրա երկու որդիները միասին էին կանգնած՝ թերթիկը Միսիս Դանբարի ձեռքում:

- Հարբըրթ.....Հաթչինսոն:

-  Գնա այնտեղ, Բի՛լ, - ասաց Միսիս Հաթչինսոնն, ու նրա կողքի մարդիկ ծիծաղեցին:

- Ջոնս:

- Ասում են, - ասաց Միսթր Ադամսն իր կողքին կանգնած ծերուկ Ուորներին, - որ այն հյուսիսային գյուղում մտածում են վիճակախաղը դադարեցնելու մասին:

Ծերուկ Ուորները փնչացրեց.

- Խենթ հիմարների հավաքածու: Երիտասարդներին են լսում, նրանց համար ոչինչ բավարար լավ չէ: Հաջորդ անգամ էլ կլսենք, որ ուզում են վերադառնալ քարանձավային կյանքին, այլևս ոչ ոք չաշխատի, որոշ ժամանակ էլ այդպես ապրեն: Ժամանակին ասում էին՝ «հունիսին վիճակախաղը կկայանա, եգիպտացորենը շուտով կծանրանա»: Մեկ էլ կտեսնեք, բոլորս շոգեխաշած հավկտիկ ու կաղին ենք ուտում: Վիճակախաղ միշտ եղել է, - ավելացրեց նա ջղաձգորեն, - արդեն իսկ վատ է տեսնել, որ երիտասարդ Ջո Սամմերսն այնտեղ բոլորի հետ կատակում է:

- Որոշ տեղերում վիճակախաղն արդեն վերացրել են, - ասաց Միսիս Ադամսը:

- Դա միայն փորձանք կբերի, - ծանր-ծանր ասաց ծերուկ Ուորները, - երիտասարդ հիմարների հավաքածու:

- Մարտին: Ու Բոբի Մարտինը նայեց, թե ինչպես է հայրն առաջանում:

- Օվերդյուկ.... Պերսի:

- Երանի թե մի փոքր արագացնեին, - ասաց Միսիս Դանբարն ավագ որդուն: Երանի թե մի փոքր արագացնեն:

- Նրանք գրեթե վերջացրել են, - ասաց նրա որդին:

- Պատրաստվիր, որ վազես հորդ ասես, - ասաց Միսիս Դանբարը:

Միսթր Սամմերսը սեփական անունը կանչեց, հետո էլ հստակորեն առաջ եկավ ու արկղից մի թերթիկ ընտրեց: Այնուհետև կանչեց՝ «Ուորներ»:

- Յոթանասունյոթերորդ տարին է, որ մասնակցում եմ վիճակախաղին, - ասաց ծերուկ Ուորները ամբոխի միջով անցնելիս, -յոթանասունյոթերորդ անգամ:

- Ուոթսոն: Բարձրահասակ երիտասարդը անճարակորեն անցավ ամբոխի միջով: Ինչ որ մեկն ասաց՝ «մի՛ լարվիր, Ջեք» ու միսթր Սամմերսն ասաց՝ «մի շտապիր, որդի՛»:

- Զանինի:

Դրանից հետո մի երկար դադար եղավ, անշունչ մի դադար, մինչև Միսթր Սամմերսը՝ իր թերթիկն օդում պահած, ասաց.

- Ահա և վերջ, ընկերներ: Մոտ մեկ րոպե ոչ ոք չէր շարժվում, այնուհետև բոլոր թերթիկները բացվեցին: Հանկարծ բոլոր կանայք սկսեցին միանգամից խոսել, ասելով՝ «ո՞վ է դա, ու՞մ է ընկել, Դանբարների՞ն, Ուոթսոնների՞ն»: Հետո ձայներ լսվեցին՝ «Հաթչինսոնն է, Բիլ Հաթչինսոնը, Հաթչինսոնին է ընկել»:

- Գնա, հորդ ասա, - ասաց Միսիս Դանբարն ավագ որդուն:

Մարդիկ սկսեցին իրենց շուրջը նայել, որ Հաթչինսոններին տեսնեն: Բիլ Հաթչինսոնը լուռ կանգնած էր՝ հայացքը հառած ներքև՝ իր ձեռքի թղթին: Հանկարծ Թեսսի Հաթչինսոնը ձայն տվեց Միսթր Սամմերսին.

- Դուք նրան բավարար ժամանակ չտվեցիք վերցնելու այն թուղթը, որն ուզում էր: Ես տեսա : Դա արդար չէր:

- Ընդունիր պարտությունը, Թեսսի, - ասաց Միսիս Դելաքրուան, Միսիս Գրեյվզն էլ ասաց.

- Բոլորս հավասար հնարավորություն ունեինք:

- Ձայնդ կտրի՛ր, Թեսսի, - ասաց Բիլ Հաթչինսոնը:

- Լավ, ժողովուրդ, - ասաց Միսթր Սամմերսը, - սա լավ արագ արեցինք, հիմա պետք է մի փոքր ավելի շտապենք, որ ժամանակին վերջացնենք: Նա ստուգեց իր հաջորդ ցուցակը:

- Բիլ, ասաց նա, - դու քաշել ես Հաթչինսոնների ընտանիքի անունից: Հաթչինսոնների գերդաստանի մեջ ուրիշ ընտանքիներ կա՞ն:

- Դոնն ու Եվան, - բղավեց Միսիս Հաթչինսոնը:

- Թող նրա՛նք էլ իրենց բախտը փորձեն: Դստրերը քաշում են իրենց ամուսինների ընտանիքների հետ, Թե՛սսի, - մեղմորեն ասաց Միսթր Սամմերսը, - դու դա բոլորի պես լավ գիտես:

- Այդպես արդար չէ, - ասաց Թեսսին:

- Կարծես թե՝ ոչ, Ջո, - ցավով ասաց Բիլ Հաթչինսոնը: Դուստրս ամուսնու ընտանիքի հետ է քաշում. այդպես արդար է: Երեխաներիցս բացի ես ուրիշ ընտանիք չունեմ:

- Ուրեմն, ընտանիքի անունից դու ես քաշում, - ասաց միսթր Սամմերսը բացատրելով, - և գերդաստանների անունից նորից դու ես քաշում: Ճի՞շտ է:

- Ճիշտ է, - ասաց Բիլ Հաթչինսոնը:

- Քանի՞ երեխա ունես, Բիլ, - պաշտոնական հարցրեց միսթր Սամմերսը:

 - Երեք, - ասաց Բիլ Հաթչինսոնը, - Բիլ կրտսերը, Նենսին, ու փոքր Դեյվը: Ու Թեսսին ու ես:

- Շատ լավ, - ասաց Միսթր Սամմերսը: Հարրի, նրանց տոմսերը հետ վերցրե՞լ ես: Միսթր Գրեվսը գլխով արեց ու թերթիկները վերև բարձրացրեց:

- Այդ դեպքում դրանք արկղի մեջ դիր, - ուղղորդեց Միսթր Սամմերսը:

- Վերցրու Բիլինն ու այն արկղը գցիր:

- Կարծում եմ՝ մենք պետք է նորից սկսենք, - ասաց Միսիս Հաթչինսոնն այնքան հանգիստ, որքան կարող էր: Ասում եմ ձեզ, դա արդար չէր: Դուք նրան բավարար ժամանակ չտվեցիք, որ ընտրեր: Դա բոլորը տեսան: Միսթր Գրեյվզն արդեն առանձնացրել էր հինգ թերթիկներն ու դրանք արկղը գցել, մնացած բոլոր թերթիկները գցել էր գետնին, որտեղից քամին դրանք օդ էր բարձրացնում:

- Լսեք բոլորդ, - ասում էր Միսիս Հաթչինսոնը իրեն շրջապատող մարդկանց:

- Պատրա՞ստ ես, Բիլ, - հարցրեց Միսթր Սամմերսը, ու Բիլ Հաթչինսոնը, արագ հայացք նետելով կնոջն ու երեխաներին, գլխով արեց:

- Հիշեք, - ասաց Միսթր Սամմերսը, - վերցրեք թերթիկներն ու դրանք ծալած պահեք, մինչև յուրաքանչյուրդ մի թերթիկ վերցրած կլինի: Հա՛րրի, դու փոքրիկ Դեյվին օգնիր: Միսթր Գրեյվզը բռնեց փոքրիկ տղայի ձեռքը, ով ինքնակամ նրա հետ դեպի արկղը եկավ:

- Արկղից մի թուղթ հանիր, Դե՛յվ, - ասաց Միսթր Սամմերսը: Դեյվը ձեռքը մտցրեց արկղի մեջ ու ծիծաղեց:

- Միայն մի թուղթ վերցրու, - ասաց միսթր Սամմերսը:

- Հարրի, պահիր այն նրա փոխարեն: Միսթր Գրեյվզը բռնեց տղայի ձեռքն ու ծալած թուղթը, այն նրա պինդ փակած բռունցքից դուրս հանեց ու պահեց, մինչ փոքրիկ Դեյվն իր կողքին կանգնած զարմացած նրան էր նայում:

- Հաջորդը Նենսին է, - ասաց Միսթր Սամմերսը: Նենսին տասներկու տարեկան էր ու մինչ նա, շրջազգեստը թափ տալով, առաջացավ ու նրբորեն արկղից մի թուղթ վերցրեց, լսվում էր նրա դպրոցական ընկերների ծանր շնչառությունը:

- Բիլ կրտսեր, - ասաց Միսթր Սամմերսը, ու Բիլին, կարմրած դեմքով ու չափից մեծ ոտնաթաթերով, թուղթը հանելիս համարյա արկղը շուռ էր տալիս:

- Թեսսի, - ասաց միսթր Սամմերսը: Թեսսին մի րոպե տատանվեց՝ արհամարհական շուրջը նայելով, իսկ հետո շրթունքները պրկեց ու գնաց դեպի արկղը: Մի թուղթ ճանկեց ու պահեց իր հետևում:

- Բիլ, - ասաց Միսթր Սամմերսը, և Բիլ Հաթչինսոնը ձեռքը մտցրեց արկղի մեջ ու կողքերը շոշափեց՝ դուրս հանելով վերջին թղթի կտորը:

Ամբոխը լուռ էր: Մի աղջնակ շշնջաց՝ «հուսամ Նենսին չէ», ու նրա շշնջոցը տարածվեց ամբոխի մեջ:

- Էլ առաջվա նման չէ, հստակ ձայնով ասաց ծերուկ Ուորները, - մարդիկ էլ առաջվանը չեն:

- Լավ, - ասաց Միսթր Սամմերսը: Բացե՛ք թերթիկները: Հա՛րրի, դու բացիր փոքրիկ Դեյվինը:

Միսթր Գրեյվզը բացեց թղթի կտորն ու համընդհանուր մի հոգոց անցավ ամբոխի միջով, երբ նա այն վերև բարձրացրեց ու բոլորը կարողացան տեսնել, որ թուղթը դատարկ է: Նենսին ու Բիլ կրտսերը միաժամանակ բացեցին իրենցն ու երկուսն ել պայծառացան ու ծիծաղեցին՝ շրջվելով դեպի ամբոխն ու գլխավերևում պահելով իրենց թերթիկները:

- Թեսսի, - ասաց Միսթր Սամմերսը: Մի պահ դադար տիրեց, այնուհետև Միսթր Սամմերսը նայեց Բիլ Հաթչինսոնին, ու Բիլը բացեց իր թերթիկն ու ցույց տվեց այն: Այն դատարկ էր:

- Թեսսին է, - ասաց Միսթր Սամմերսը, և նրա ձայնն արձագանքեց: Ցույց տուր ինձ նրա թուղթը, Բի՛լ:

Բիլ Հաթչինսոնը գնաց կնոջ մոտ ու թերթիկը քաշեց նրա ձեռքից: Դրա վրա սև նշան կար, այն սև նշանը, որը նախորդ գիշեր Միսթր Սամմերսն իր հաստ մատիտով արել էր ածխային ընկերության գրասենյակում: Բիլ Հաթչինսոնն այն վերև բարձրացրեց ու ամբոխում իրարանցում սկսվեց:

- Լավ, ժողովուրդ, - ասաց Միսթր Սամմերսը, եկեք արագ վերջացնենք: 42:

Չնայած գյուղացիները մոռացել էին արարողակարգը և կորցրել էին առաջին սև արկղը՝ քարեր օգտագործելը նրանք չէին մոռացել: Քարերի կույտը, որը տղաները նախօրոք հավաքել էին, պատրաստ էր. գետնին՝ արկղից դուրս եկած պտտվող թերթիկների հետ քարեր կային: Միսիս Դելաքրուան այնպիսի մեծ քար ընտրեց, որ այն պետք է երկու ձեռքով բռներ ու դեպի Միսիս Դանբարը շրջվելով ասաց՝ արի՛, շտապի՛ր:

Միսիս Դանբարը, երկու ձեռքերում փոքր քարեր պահած, հևալով ասաց.

- Ես ընդհանրապես չեմ կարողանում վազել: Ավելի լավ է՝ դուք առաջանաք, ես կհասնեմ ձեզ:

Երեխաներն արդեն քարեր ունեին: Ինչ որ մեկն էլ փոքրիկ Դեյվ Հաթչինսոնին մի քանի խճաքար տվեց:

Թեսսի Հաթչինսոնն արդեն հատվածի կենտրոնում էր և ձեռքերը հուսահատորեն շարժում էր, մինչ գյուղացիները գալիս էին դեպի նա:

- Սա արդար չէ, - ասաց նա: Մի քար հարվածեց նրա գլխին: Ծերուկ Ուորներն ասում էր՝ եկեք, բոլորդ եկեք: Սթիվ Ադամսը գյուղացիների ամբոխի առջևում էր՝ Միսիս Գրեյվզն էլ նրա կողքին:

- Սա արդար չէ, սա ճիշտ չէ, - բղավում էր Միսիս Հաթչինսոնը, հետո բոլորը վրա տվեցին:

 

Անգլերենից թարգմանեց Սիլվիա Խաչատրյանը

  • Hits: 438