Մազերս սանրում է քամին

Մազերս սանրում է քամին,
ինչպես մայրական մի ձեռք.
բացում եմ հիշողությանս դուռը
և մտքերս սավառնում են հեռու։
Անծանոթ ձայներ եմ արձակում,
ուրիշի շուրթերից է հնչում երգս.
Նույնիսկ հիշողություններիս անձավը
զարմանալիորեն համեստ է ու պարզ:
Օտար հողերի պտուղներ,
ուրիշ ծովի կապույտ ալիքներ,
ուրիշ մարդկանց սերեր, վշտեր,
որ չեմ համարձակվում հիշել:
Եվ քամին, քամին, որը սանրում է մազերս,
ինչպես մայրական մի ձեռք:
Ճշմարտությունս կորչում է մութ գիշերում.
ո՛չ գիշեր ունեմ, ո՛չ էլ՝ ճշմարտություն:
Փռված եմ ճանապարհի մեջտեղում,
պետք է քայլեն անցնեն իմ վրայով։
Նրանց սրտերը բախում են իմ ներսում՝
հարբած գինով ու երազով:
Ես անշարժ կամուրջ եմ` ընկած
սրտիդ և հավերժության միջև:
Եթե անգամ հանկարծամահ լինեմ,
շարունակելու եմ երգել:

 

Ծովը

Ծովի կարիքն ունեմ, որովհետև ինձ սովորեցնում է,
չգիտեմ՝ սովորում եմ երաժշտություն թե՞ գիտակցություն.
չգիտեմ` պարզապես ալիք է, թե ունի խորը էություն
կամ ուղղակի կոպիտ ձայն, կամ սքանչելի
ձկների ու նավերի մտապատկեր:
Պարզապես, երբ քնած եմ լինում,
ինչ-որ մագնիսական ուժով պտտվում եմ
ալիքների հորձանուտում:
Միայն մանրացված խեցիներ չեն,
ասես ինչ-որ երերուն մոլորակ
մոտալուտ կործանման է գնում,
ո՛չ, մի փոքրիկ բեկորից մի ողջ օր եմ կերտում,
մի պտղունց աղից՝ մի ամբողջ շթաքար
և մի գդալից՝ հսկայական աստված:

Ինչ ինձ սովորեցնում են, այն էլ մտապահում եմ: Դա օդն է,
անդադար քամին, ջուրը և ավազը:

Դա քիչ է թվում երիտասարդ մարդուն,
ով այստեղ է եկել ապրելու իր կրակը ներսում,
և, այնուամենայնիվ, բարձրանում է զարկերակը,
ապա իրեն ներտում անդունդը։
Սառը կապույտի ճարճատյունը,
աստղերի աստիճանական մարումը,
ալիքի դանդաղ ալեկոծումը, որ
միախառնում է ձյունը փրփուրին,
այնտեղ անշարժ մի ուժ, վճռական,
ինչպես խորը քարե դամբարան,
վերափոխեց ներաշխարհս, ուր ծնունդ են առել
համառ թախիծը, կուտակված վերհուշը,
ապա անսպասելի փոխեց իմ կյանքը,
ու ինձ նետեց անարգել շարժման գիրկը:

 

Մտահոգների հանելուկը

Գալիք տարում օրերից մի օր
կգտնեմ մի առանձին ժամ.
մազերի ջրվեժի նման երկար ժամ,
մի ժամ, որ երբեք չի անցել.
կարծես ժամանակն այդտեղ է կանգ առել
և բացվել է մի պատուհան. մի խորը հոր,
որով սահում ենք հատակն ի վար:

Եվ ուրեմն, այդ օրը այդ ժամին
կգա ու կվերափոխի բոլորին.
էլ չես իմանա, այդ երե՞կն իսպառ հեռացավ,
թե՞ հետ դարձավ, այն ինչ վաղուց անկատար էր:

Երբ մեկ ժամ ժամացույցից պակասի,
հօդս ցնդի և ոչ ոք այն չլրացնի,
վերջում մենք ժամանակի թելերը կագուցենք,
ա՜խ, վերջապես կիմանանք, թե որտեղից են սկսում
կամ որտեղ են ճակատագրերը ավարտվում,
չէ՞ որ մահացած և կամ հանգած բեկորի մեջ
կտեսնենք, թե ինչից է կազմված ժամը,
այդպես հստակ երևում է միջատի ոտքը:

Եվ կօժտվենք սատանայական ուժով՝
հետ պտտելու կամ արագացնելու ժամերը՝
գնալու ծննդյան ժամից մինչ ի մահ՝
անսահմանությունից խլած շարժիչով:

 

Չկորցրած ժամանակը

Պատրանքները չեն հաշվում,
ոչ էլ դառը ըմբռնումը,
բառերով չես նկարագրի,
ինչն անհնար է, որ կատարվի,
ինչը մեղվի պես պտտվում է շուրջդ,
առանց որի չենք հասկանում,
թե ինչ ենք քիչ-քիչ կորցնում:

Կորցնում ենք մինչև կյանքից ենք հեռանում,
նշանակում է ապրում ենք կյանքն ու մահը,
երբ չկա անցողիկ ոչինչ,
այլ միայն ակներև ընդմիշտ,
դատարկություն շարունակական,
լռություն, որին մատնվում է ամեն բան
և վերջապես մատնվում ենք մենք:

Օ՜, ինչն այդքան մոտ էր,
չէինք գիտակցում:
Օ՜, ինչն անհնար էր,
երբ կարող էր դառնալ իրական:

Այնքան թևեր էին պտտվում
թախծոտ լեռների շուրջ
և այնպես էին ցնցվում անիվները
ճակատագրի կառքի,
որ այլևս ոչինչ չունենք կորցնելու:

Գանգատներն ավարտվեցին:

 

Միություններ

Ինչով էլ այս ամենն ավարտվի, քեզ սիրելու եմ,
ասես նախկինում միշտ այդպես է եղել,
ասես այդքան սպասելուց հետո,
քեզ չեմ տեսել կամ չես եկել,
այնինչ եղել ես հավերժ,
կողքիս ես շնչել:

Ինձ հարազատ ես քո սովորույթներով՝
մաշկիդ գույնով ու քո կիթառով,
այսպես միավորվում են երկրները
գիտական դասընթացին:
Եվ երկու տարածք իրար են խառնվում,
Եվ մի գետն է մյուսին մոտենում,
Եվ երկու հրաբուխ են իրար հետ ժայթքում:

Քեզ մոտ, ինքս ինձ եմ մոտ:
Եվ ամեն ինչից հեռու եմ, երբ դու բացակա ես,
իսկ լուսինը կավի գույն է,
երկրաշարժի գիշեր է,
երբ երկրում սարսափի պահին,
արմատներն են միահյուսվում,
ու լսվում է ձայնը լռության՝
ուղեկցվելով սարսափ երաժշտությամբ:

Վախը նույնպես ճանապարհ է:
Եվ նրա ահարկու քարերի մեջ
կարող է քայլել չորեքթաթ,
չորս շուրթերով քնքշությունը:

Որովհետև առանց ներկան թողնելու,
որը մի փխրուն օղակ է,
դիպչում ենք երեկվա ավազին,
իսկ սիրո ծովում կրկին
սովորում ենք փոթորկին:

 

Իսպաներենից թարգմանեց Անի Գասպարյանը

  • Hits: 243