Թղթե նավակ

Մի զույգ կոշիկ,
Մի քանի զույգ գուլպա՝ նարնջագույն ու մանուշակագույն,
Մի զույգ կապույտ ականջօղ,
Մի զույգ...
Նոյյան տապանն է
Ճամպրուկդ, որ կապում ես:
Հետո
Դռան ձայնն անցավ
Վերնաշապիկիս վրայով անցավ,
Կրծքովս անցավ,
Սենյակիս պատով անցավ,
Հին թաղերով անցավ
Ու
Մանկությունս տխրեցրեց:

Մանուկը մեծացավ
ու թղթե մի նավակ ջուրը գցեց.
նա չգիտեր՝ զույգն ինչ է.
միայնակ նստեց:

Ջրերը հոսում էին դեպի գալիքը.
այդժամ տրվեցի բանաստեղծությանը:
Եվ ժամանակը,
ինչպես նուրբ մի թել,
քաշեցի-հանեցի նրա վրայից:
Թսբեհի հատիկները թափվեցին.
ես
դու
մանկությունը
թղթե նավակը
Նոյը
գալիքը

Քեզ
մանկությանս հետ
թղթե նավակս նստեցրի
և հեռո՜ւ մի տեղ ուղարկեցի
հետո Նոյի հետ քայլեցի՝
սպասելով փոթորկին:

 

***
Հիմա, երբ գնացել ես,
արի՛.
արի՝ գնանք,
քայլենք մահիցդ հետո,
լուսինը բերենք
ու ոտքներս թաթախենք-հասնենք գետի ձկներին,
հետո
մազերդ շուրթերիցդ մի կողմ քաշեմ,
հետո
մազերդ շուրթերիցդ մի կողմ քաշեմ,
հետո
մազերդ շուրթերիցդ...
Գրո՛ղը տանի
Ձեռքս դուրս է մնացել երազիցս:

 

***
Երկու տարի է՝ գիտեմ
Անորոշությունն ինչ է,
Ցավն ինչ է,
Գգվանքը՝ ինչ:
Երկու տարի է՝ գիտեմ
Երգն ինչ է,
Գաղտնիքը՝ ինչ:
Աչքերդ փոխել են անձնագիրս...
Այսօր երկու տարեկան եմ դարձել:

 

***
Ուզեցի մնալ,
Գնացի:
Ուզեցի գնալ,
Մնացի:
Ո՛չ գնալն էր կարևոր, ո՛չ մնալը:
Կարևորը ես էի,
Որ չկայի:

 

***
Քաղաքի աղջիկները
Գյուղի մասին են մտածում,
Գյուղի աղջիկները
Քաղաքի համար են մեռնում:
Փոքր մարդիկ
Մեծ մարդկանց խաղաղության մասին են մտածում:
Մեծ մարդիկ
Փոքր մարդկանց խաղաղության մասին երազներով են մեռնում:
Աշխարհի ո՞ր մի կողմի
Կամուրջն է կոտրվել,
Որ ոչ ոք
Չի հասնում իր տուն:

 

***
Ինչ տարբերություն՝
Ե՞ս եմ քեզ սիրահարված,
թե՞
Դու ես ինձ սիրահարված:
Ինչ տարբերություն՝
Ծիածանը երկնքի որ կողմից է սկսվում:

 

***
Սերը վկայող ամեն նոտա գեղեցիկ է.
Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիան լինի,
թե՛
Ձայնիդ սպասող հեռախոսազանգը:

 

***
Իսկ լուսինը
Կնոջ բերան է,
որ տասնչորսերորդ գիշերն է
ասելիքը վերջացնում:

 

***
Բանալին
Մնացել է սրճարանի սեղանին:
Դիմացի տան տղամարդը
գրպաններն է քրքրում.
Ապագան
անցյալում է մնացել:

 

***
Ի՜նչ տարօրինակ մեղեդի է մահը.
Վեր ես կենում
և այնպես մեղմ ու քնքուշ պար գալիս,
Որ էլ որ ոք չի տեսնում քեզ:

 

 

Պարսեկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 3081

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: