Իմ հոգուն

Միշտ ճյուղեր ունես պատրաստի
ամեն տեսակ վարդին հարմար,
քայլում ես միշտ զգոն՝ ականջդ կանչի,
մարմինդ պարզած անսպասելի նետի:

Հենց այնպես ալիք չի առաջանում,
այն քո ստվերից է բարձրանում
ու լույս արձակում: Գիշերով արթուն
քո աստղերով կյանքն ես լուսավորում:

Անջնջելի հետք ես թողնում ամեն ինչում,
դրոշմվում ամեն բանին
և հին փառքը վերածնում:

Քո վարդն օրինակ է մյուս վարդերի համար,
լսածդ՝ ներդաշնակության, միտքդ՝ պայծառության,
զգոնությունդ՝ աստղերի համար:

 

Մայր գարուն

Իմ մա՛յր հող,
նորովի ավելի կանաչ,
ավելի կատարյալ, ավելի սիրուն,
(մինչ ես՝ քո որդին
ավելի չոր տերևները
իմ երակներում):
Իմ մա՛յր հող,
գիտեմ՝ միշտ երիտասարդ ես,
և որ ես կմեռնեմ՝
(Մինչ դու, մա՛յր իմ)
ավելի թարմ տերևներ
շաղ տալով ոտքերիդ:

 

Հավերժություն

Հավերժություն, գեղեցկություն,
եթե կարողանայի միայնակ,
եզակի սրտումդ երգել քեզ
ճիշտ այնպես, ինչպես դու ես երգում իմ սրտում՝
խաղաղված ու զվարթ լուսապայծառ ցերեկներին:
Եթե քո վերջին փուլերում,
զգաս ինձ քո ներսում՝
ամբողջությամբ արբելով,
ինչպես ինձ ես արբեցնում:
Եթե ես լինեի անբացատրելի,
ինչպես դու ապրածս վաղանցիկ գարուններին,
բույր, թարմություն, երաժշտություն, իրարանցում
անսահման ջինջ գարնանը
քո անծայրածիր հոգու խորքում:

 

Միակ վարդը

Բոլոր վարդերը նույնն են,
սերը եզակի վարդ է:
Եվ ամեն ինչ ունի իր մեջ,
աշխարհի հակիրճ պատկերը,
Սերն է միակ վարդը:

Գիշերային ուրախություն
Տե՛ս այնտեղից է գալիս
վարդի բույրը:
Զգա՛ այն առանց գիտակցելու:
Տե՛ս այնտեղից թափանցում է
լուսնի շողը:
Դարձրու՛ էությանդ մի մասնիկը:
Տե՛ս այնտեղից լսվում է
առվակի կարկաչյունը:
Վայելի՛ր ազատությունդ:

 

Հիշողությունը

Ոսկյա ավազաթմբերի նման,
նրանց բերում ու տանում է
պայծառ ծովի ալիքը․
հիշողություններն են:
Քամին նրանց քշում է
և որտեղ հասնեն, մնում են
այնտեղ, որտեղ եղել են
և որտեղ պիտի լինեին ...
(Ոսկյա ավազաթմբերը):
Նրանք լցնում են ամեն ինչ. ծովը՝
լի անհամար ոսկով,
ողջ քամին իրենց ներսում...
(Դրանք հուշերն են):

 

Ամեն ինչ

Ոչինչ չհիշել ...
Թող լուռ գիշերն ինձ կործանի,
ինչպես մի երամի՝
միամիտ մոլորված:
(Թող ոչինչ չմնա ...
Թող սիրած կինը մենակ անցնի
մնացած աստիճաններով
անկատար երազանքի)
ոչինչ չտենչալ...
Շեղվել սուրբ խորհրդից,
ինչպես լուսադեմի
ոսկեփայլ մի ստվեր:

 

Հոկտեմբեր

Ես պառկած էի գետնին՝ նայելով
Կաստիլիայի անեզր դաշտին,
որին աշունն էր ներկել դեղին,
ու մայր մտնող արևը ողողել քաղցր լույսով:

Գութանը դանդաղ բաց է անում
մութ մարգերը, որի ընթացքում
մի թեթև ձեռք սերմ է գցում
հողի՝ վեհորեն բացված սրտում:
Մտածեցի սիրտս պոկել ու այն նետել
իր խոր ու վեհ հույզերով
քնքուշ հողի լայն ակոսում,

ու տեսնել. եթե այն բաժան-բաժան լինի,
ծիլեր կտա՞ ու գարունը մեզ կընծայի՞
մի անբիծ ծառ հավերժ սիրո:

 

 

Իսպաներենից թարգմանեց Անի Գասպարյանը

  • Hits: 137