Հոբելյանական տոնակատարության շրջանում գրող Էլիոթ Քրեյնը, որը տառապում էր (ինչպես ինքն էր կոչում) պարանոիդ շիզոֆրենիայի «հոգեկան ցնցումներով», իր կնոջ՝ երիտասարդ ֆոտոլրագրող Լյուսի Էվանսի հետ ճաշում էր Ուելսի Ռ․ քաղաքում, որտեղ Լյուսին տեղի թերթի խմբագրությունում էր աշխատում։ Էլիոթն առույգ տեսք ուներ և կնոջն ասաց, որ լավ է զգում, բայց հոգնած է և շուտ է պառկելու։ Այդ երեկո թերթի տպագրությունն էր, այդ պատճառով Լյուսին ուշ վերադարձավ տուն՝ բլրի լանջին գտնվող իրենց ամառանոց։ Երբ վերև բարձրացավ, ամուսինն իրենց ննջասենյակում չէր։ Լյուսին, կարծելով, թե նա գնացել է հյուրերի սենյակում քնելու, որպեսզի երբ ինքը վերադառնա, չանհանգստացնի նրան, պառկեց քնելու։

Մեկ ժամ անց Լյուսին արթնացավ դժբախտության կանխազգացմամբ, առանց հագնվելու գնաց դեպի հյուրերի սենյակ և, խորը շունչ քաշելով, բացեց դուռը։ Կես վայրկյան հետո շրխկացնելով փակեց այն ու ծանրորեն նստեց գետնին։ Երկու տարուց ավելի էր, ինչ Էլիոթը հիվանդ էր, և հիմա միակ բանը, որի մասին Լյուսին կարող էր մտածել, այն էր, որ ամեն ինչ ավարտված է։ Լյուսին սկսեց դողալ, վերադարձավ անկողին և խորը քուն մտավ մինչև առավոտ։

Էլիոթն իր որսորդական հրացանը բերանն էր մտցրել ու սեղմել ձգանը։ Հրացանը նրա հորն էր պատկանել, որը նույն կերպ էր օգտագործել այն։ Մահառաջի միակ գրությունը, որն Էլիոթը թողել էր համաչափության այդ սարսափելի տեսարանը գործելուց հետո, մանրակրկիտ ցուցում էր այն մասին, թե ինչպես մաքրել ու պահել հրացանը։ Նա և Լյուսին երեխաներ չունեին։ Էլիոթը երեսուներկու տարեկան էր։

Մեկ շաբաթ առաջ երեքով բարձրացել էինք սահմանային փարոսի վրա, որպեսզի տեսնեինք հոբելյանական խարույկները[1], որոնք ասես փթթած լինեին երկրի սրածայր գագաթներով լեռների երկայնքով՝ դրասանգներով[2] զարդարելով մթությունը։

-«Բարի կրակ» չէ, - ասաց Էլիոթը, - չնայած ընդունում եմ, որ նման մի բան կա դրանում։ Սկզբում խարույկները ոսկորներից էին անում՝ սատկած կենդանիների ոսկորներից, ինչպես նաև մարդկային մնացորդներից. մարդկային ածխացած ոսկորներ, սիրելինե՛րս:

Էլիոթը շիկակարմիր մազեր ուներ, ծիծաղը բվեճի ճիչ էր հիշեցնում, իսկ ինքը վհուկի ավելի պես նիհար էր։ Ստվերների թատրոնի վառ լույսերի ներքո բոլորս խելագարի տեսք ունեինք, դրա համար ավելի հեշտ էր անտեսել նրա ներս ընկած այտերը, հոնքերի մնջկատակային կորագծերը և աչքերի խենթ փայլը։ Կրակին մոտ էինք կանգնած, և Էլիոթը սարսափելի լեգենդներ էր պատմում տեղի վհուկների գիշերաժողովների մասին, որոնց ժամանակ թիկնոցների մեջ փաթաթված և մեզ խմող վհուկները դևեր էին կանչում դժոխքից։ Հերթով բրենդի էինք խմում նրա արծաթյա տափակաշշից ու հետ ցատկում։ Բայց մի անգամ նա հանդիպել էր դևի, և այդ օրվանից Լյուսիի հետ փախուստի մեջ էին։ Վաճառել էին Քեմբրիջի՝ ուրվականներով լի փոքրիկ տունը և տեղափոխվել Ուելսի՝ ոչխարների բուրմունքով մռայլ ամառանոցը, որը (սև հումորով) «Կրոուլիի[3] վախճան» էին անվանել։

Դա չաշխատեց։ Լսելով Էլիոթի՝ ուրվականների մասին պատմությունները, իմացանք, որ դևը պարզել էր նրանց հեռախոսահամարը՝ ըստ մեքենայի համարանիշների, ցանկացած պահի կարող էր զանգել որևէ չգրանցված հեռախոսից ու կրկին բացահայտել նրանց տան հասցեն։

-Ավելի լավ կլինի, որ գաս, - հեռախոսով ասաց Լյուսին։ - Մայրուղու սխալ կողմով իննսուն կիլոմետր ժամ արագությամբ ընթանալիս են տեսել նրան, իսկ աչքերին քնադիմակ է եղել։

Լյուսին շատ բան էր զոհել հանուն Էլիոթի՝ թողնելով աշխատանքը Լոնդոնի կիրակնօրյա թերթի խմբագրությունում և բավարարվելով հիքսվիլյան թերթով, քանի որ ամուսինը խենթ էր, և Լյուսին պարտավոր էր լինել նրա կողքին։

-Հիմա նորի՞ց եմ նրա բարեհաճությունը վայելում, - հարցրի ես։

Էլիոթը ինքն իր համար տեսություն էր հորինել, համաձայն որի՝ նրա բոլոր  ընկերները թշնամական ուժերի գործակալներ էին՝ ինչպես երկրային, այնպես էլ այլմոլորակային։ Ես Մարսից եկած զավթիչ էի՝ այն վտանգավոր արարածներից մեկը, որ սողոսկել էր Բրիտանիա, երբ հիմնական հսկողական ուժերը թուլացել էին։ Մարսի բնակիչները շրջակա միջավայրին հարմարվելու մեծագույն շնորհ ունեին, այդ իսկ պատճառով հիմար մարդկանց կարողանում էին հավատացնել, որ իրենց նման են, և, իհա՛րկե, այնքան արագ էին բազմանում, որքան պտղաճանճերը փտած բանանների կույտի վրա։

Մեկ տարուց ավելի, քանի դեռ Մարսի բնակիչ էի, այցելություններն ինձ համար արգելված էին։ Լյուսին հեռախոսով էր հաղորդում նորությունները․ դեղերն օգնում էին, դեղերը չէին օգնում, որովհետև Էլիոթը հրաժարվում էր դրանք պարբերաբար ընդունելուց, ավելի լավ տեսք ուներ, քանի դեռ չէր գրում, վատ տեսք ուներ, որովհետև չէր գրում, և դրա պատճառով խորը ընկճախտի մեջ էր, անգործունյա էր և հույլ, սանձարձակ էր և հախուռն, հուսահատությունն ու մեղքի զգացումը տանջում էին նրան։ Անզոր էի օգնելու Լյուսիին, ինչպես և մյուսները։

Էլիոթի հետ ընկերացել էինք Քեմբրիջում գտնվելուս վերջին տարում, երբ հոգնեցուցիչ սիրավեպ էի սկսել Լաուրա անունով ասպիրանտի հետ։ Նրա թեզը նվիրված էր Ջեյմս Ջոյսին և ֆրանսիական «նոր վեպ» ուղղությանը, և նրան գոհացնելու համար երկու անգամ հաղթահարել եմ «Ֆինեգանի հոգեհանգստի», ինչպես նաև Նատալի Սառոտի[4], Միշել Բյուտորի[5] և Ալեն Ռոբ-Գրիյեի[6] գործերի մեծ մասի ընթերցումը։ Մի անգամ գիշերը ռոմանտիկ զգացմունքներով համակված՝ Չեսթերթոն փողոցում գտնվող նրա բնակարանի պատուհանից ներս մտա՝ պատուհանագոգին հավասարակշռությունը պահպանելու անվճռական ջանքեր գործադրելով, և հրաժարվում էի իջնելուց, մինչև որ նա չհամաձայնի ամուսնանալ ինձ հետ։ Հաջորդ առավոտ Լաուրան զանգեց մորը, որպեսզի հաղորդի նորությունը։ Երկար լռությունից հետո մայրն ասաց․ «Համոզված եմ, որ նա շատ հաճելի մարդ է, բայց սիրելի՛ս, չէի՞ր կարող քեզ ավելի համապատասխան մեկին գտնել»։ Լաուրան վիրավորվեց այդ հարցից․ «Ի՞նչ նկատի ունես՝ «ինձ համապատասխան մեկին» ասելով, - գոռաց նա լսափողի մեջ։ - Ջոյսի ուղղության մասնագետի՞։ Հինգ ոտնաչափ և երեք դյույմ հասակով մարդո՞ւ։ Կնո՞ջ»։

Այդ ամառ, սակայն, մեր ընկերների հարսանիքի ժամանակ մեծ քանակությամբ ծխախոտ ծխեց, դեմքիցս պոկեց ակնոցս, երկու մասի բաժանեց այն, ի զարմանս հարսի և փեսայի՝ վերցրեց հարսանեկան տորթի դանակը և ասաց, որ եթե նորից մոտենամ իրեն, կտոր-կտոր կանի ինձ և կբաժանի խնջույքի մասնակիցներին։ Կարճատես լինելուս պատճառով հետ քաշվեցի նրանից և համարյա ընկա մեկ ուրիշ կնոջ վրա՝ մոխրագույն աչքերով և տատիկիս ակնոցի նման ակնոցով կնոջ, որի անունը Մալա էր։ Նա անվրդով դեմքով առաջարկեց տուն հասցնել ինձ, քանի որ «օպտիկական կարողություններս այդ պահին թուլացել էին»։ Մինչև ամուսնանալը չգիտեի, որ հավասարակշռված, չծխող, չխմող, թմրանյութեր չօգտագործող, Մավրիկիոսից միայնակ Մալայի՝ բժշկական համալսարանի՝ Ջոկոնդայի ժպիտով այդ ուսանողուհու ուշադրությունն իմ կողմը Էլիոթ Քրեյն է հրավիրել։

-Ուզում է տեսնել քեզ, - հեռախոսով ասաց Լյուսին։ - Կարծես թե այժմ նրան չեն հուզում Մարսի բնակիչները։

Էլիոթը, կարմիր ծածկոցով փաթաթված ոտքերով, նստած էր բուխարու մոտ։

-Հե՜յ, ահա և տիեզերքի չար տղան, - բղավեց նա՝ լայն ժպտալով և գլխի վերևում բարձրացնելով ձեռքերը՝ և՛ ողջունելով ինձ, և՛ անձնատուր լինելու նշան անելով։ - Միգուցե նստե՞ս, դուրս պրծած աչքերով ամուրի՛ տղամարդ, մի քանի բաժակ բան խմես մեզ հետ մինչ չար գործերիդ վերադառնալը։

Լյուսին մենակ թողեց մեզ, և Էլիոթը միանգամայն հանգիստ և խելամտորեն խոսեց շիզոֆրենիայի մասին։ Դժվար էր հավատալ, որ վերջերս էր կապած աչքերով երթևեկել ավտոմայրուղով՝ մեքենաների հոսքին ընդառաջ։ «Երբ խելագարությունը վրա է հասնում, - բացատրում էր նա, - ամենատարօրինակ անկարգությունների եմ ունակ։ Բայց նոպաների ընդմիջումների ժամանակ միանգամայն «նորմալ մարդ եմ»։

Ասաց, որ վերջապես համոզվել էր, որ խելագարությունը ամոթ բան չէ, այլ հիվանդություն, ինչպես մյուս բոլոր հիվանդությունները, և վերջ։

-Առողջանում եմ, - վստահորեն ասաց Էլիոթը։ - Նորից սկսել եմ Օուեն Գլենդովերի[7] գրքի վրա աշխատել։ Աշխատանքը լավ է ընթանում, քանի դեռ օկուլտիզմին առնչվող ոչնչի չեմ դիպել։ (Քրեյնը 19-րդ և 20-րդ դարերում Եվրոպայի օկուլտիստների գաղտնի և բացահայտ խմբավորումների երկհատորյա գիտական հետազոտության հեղինակն էր, որի վերնագիրն էր «Աշխարհների ներդաշնակություն»)։ - Էլիոթը ցածրացրեց ձայնը։ - Մեր մեջ ասած, Խա՛ն, պարանոիդ շիզոֆրենիայի դեմ մի հասարակ բուժման վրա եմ աշխատում նաև։ Երկրի լավագույն մասնագետների հետ նամակագրության մեջ եմ։ Չես կարող պատկերացնել, թե ինչքան տպավորված են։ Նրանք համաձայն են, որ բացարձակապես նոր բանի եմ բախվել, իսկ մնացածը ժամանակի հարց է։

Հանկարծ տխրեցի։

-Ի դեպ, մի այդ Լյուսիին տե՛ս, - շշնջաց նա։ - Անբարոյականի պես ստում է։ Գիտե՞ս, թաքուն լսում է ինձ։ Այդ նորագույն սարքերից են տվել նրան։ Սառնարանում խոսափողեր կան։ Լյուսին կարագի ամանի մեջ է պահում դրանք։

Էլիոթը Լյուսիի հետ ինձ ծանոթացրել էր 1971 թվականին Շառլոթ փողոցում գտնվող խորտկարանում, և չնայած որ տասը տարի չէի տեսել նրան, միանգամից ճանաչեցի և հիշեցի, թե ինչպես էինք համբուրվում Ջուհուի ծովափին, երբ ես տասնչորս տարեկան էի, իսկ նա՝ տասներկու, և վախեցա, որ դա կարող էր կրկնվել։ Օրիորդ Լյուսի Էվանսը՝ Բոմբեյի հայտնի ընկերություններից մեկի տնօրենի՝ տարիքից շուտ հասունացած շիկահեր դուստրը։ Նա ոչ մի բառ չասաց այն համբույրների մասին, և ես կարծեցի, թե հավանաբար մոռացել էր դրանք, և նույնպես լռեցի։ Բայց հետո հիշեց մեր՝ Ջուհուի ծովափին ուղտերով մրցարշավների և ծառերից քաղված կոկոսի թարմ կաթի մասին։ Չէր մոռացել։

Լյուսին փոքրիկ հածանավ ուներ՝ մի հնագույն նավ, որը ժամանակին ռազմածովային նավատորմում է ծառայել։ Նավի երկու ծայրերն էլ սուր էին, մեջտեղում հանպատրաստից սարքած խցիկ կար և Թորնիքրաֆթի՝ անհավանական հնության ձեռագործ շարժիչ, որը ոչ ոքի չէր ենթարկվում՝ բացի Լյուսիից։ Ժամանակին նավը նույնիսկ Դյունկերկում էր եղել։ Լյուսին այն «Բուգենվիլիա» անվանեց՝ ի պատիվ Բոմբեյում անցկացրած մանկության։

Մի քանի անգամ Լյուսիի և Էլիոթի հետ նավարկել եմ Բուգենվիլիայով՝ առաջին անգամ Մալայի հետ, իսկ հետո՝ առանց նրա։ Մալան՝ այն ժամանակ արդեն բժիշկ Մալան և տիկին Խանը, ոչ ավել, ոչ պակաս «Harrow Road» բժշկական կենտրոնի Մոնա Լիզան, սարսափեց այն բոհեմային գոյությունից, որը «քարշ էինք տալիս» նավի վրա առանց լոգարանի, կարիքները ջրի մեջ էինք հոգում, իսկ գիշերները միմյանց էինք գգվում՝ մկդակած քնապարկերի մեջ կոճկված, որպեսզի տաքանայինք։

-Ինձ համար հիգիենան և հարմարավետությունը առաջին տեղում են, - ասաց Մալան։ - Թող քնապարկերն իրենց տեղում մնան։ Իսկ ես իմ լոգասենյակի և ներքնակի հետ տանը կմնամ։

Մի անգամ Թրենթ և Մերսի ջրանցքով նավարկեցինք մինչև Միդլվիչ, այնտեղից դեպի արևմուտք՝ Նանթվիչ, հետո Շրոփշիր ջրանցքով դեպի հարավ, այնուհետև կրկին դեպի արևմուտք՝ Լանգոլեն։ Լյուսին՝ որպես նավապետ, շատ ցանկալի էր, երբ մեծ ֆիզիկական ուժ էր գործադրում և իշխողականություն ցուցաբերում նավի վրա, որն ինձ մոտ հետաքրքրություն էր առաջացնում։ Այդ ճանապարհորդության ընթացքում երկու գիշեր մենակ մնացինք Լյուսիի հետ, որովհետև Էլիոթը պետք է վերադառնար Քեմբրիջ՝ «ավստրիացի մի հարգարժան մարդու»՝ նացիստների և օկուլտիզմի թեմաներով դասախոսությունը լսելու։ Նրան հասցրինք Կրու քաղաքի կայարան, հետո ճաշեցինք մի հավակնոտ ռեստորանում, որտեղի ուտեստները գարշելի էին։ Լյուսին պնդեց, որ մի շիշ «վարդագույն» գինի պատվիրենք։ Մատուցողուհին քամահրանքով խոժոռվեց ու բարձրաձայն ասաց․ «Տիկի՛ն, «rouge» ֆրանսերեն նշանակում է կարմիր»։

Կարմիր էր այն, թե վարդագույն, չափից ավելի խմեցինք։ Ավելի ուշ Բուգենվիլիայի վրա քնապարկերը իրար կոճկեցինք և Ջուհուի ծովափ վերադարձանք։ Հանկարծ Լյուսին համբուրեց այտս և քթի տակ ասաց․ «Խենթություն, սեր․․․»։ Այնուհետև մյուս կողքի վրա պառկեց՝ մեջքով շուռ գալով հեռավոր անցյալին։ Ես մտածեցի Մալայի՝ իմ ոչ այնքան հեռավոր ներկայի մասին և մթության մեջ ամոթից կարմրեցի։

Հաջորդ օրը մեզանից ոչ ոք չխոսեց այն բանի մասին, ինչ համարյա տեղի էր ունեցել։ Բուգենվիլիան սխալ ժամանակին հասավ միակողմանի երթևեկությամբ թունել, բայց Լյուսին չէր ուզում երեք ժամ սպասել, մինչ անցնելու մեր հերթը կգար։ Հրամայեց թունելի ներսում գտնվող բուքսիրային ճանապարհով ջահը ձեռքիս գնալ իր առջևից, մինչ ինքը, հետևիցս սողալով, բերում էր նավը։ Գաղափար անգամ չունեի՝ ինչ էր անելու, եթե ինչ-որ մեկը դեպի մեզ գար, բայց սայթաքուն, կիսաքանդ բուքսիրային ուղիով ճանապարհորդությունս պահանջում էր, որպեսզի լարեի ողջ ուշադրությունս, և հետո, ես ընդամենը նավաստի էի։

Հաջողությունը ժպտաց մեզ, և մենք լույս աշխարհ դուրս եկանք։ Կրիկետի համար նախատեսված սպիտակ սվիտեր էի հագել, որը վառ կարմիր էր դարձել՝ չմաքրվող ցեխով կեղտոտվելով թունելի պատերից։ Ցեխն ամենուրեք էր՝ և՛ կոշիկներիս մեջ, և՛ մազերիս, և՛ դեմքիս։ Երբ սրբեցի քրտնած ճակատս, մի գունդ ցեխ լղոզվեց աչքիս։ Լյուսին հաղթականորեն բղավեց՝ մեր անօրինական հաջողությունից գոհ։

-Գրո՜ղը տանի, հազիվ քեզ հանցավոր սարքեցի, -  գոռաց նա (երիտասարդ ժամանակ Բոմբեյում հայտնի էի իմ օրինակելի պահվածքով)։ - Տեսնո՞ւմ ես։ Վերջիվերջո հանցանքը փոխհատուցվում է։

Խենթություն, սեր։ Կարմիր գինու և թունելի մասին հիշեցի, երբ իմացա Էլիոթի հապճեպ արարքի մասին։ Բուգենվիլիայի վրայի մեր գիշերային և ցերեկային արկածները ոչ պակաս վտանգավոր էին։ Արգելված գրկախառնություններ և սխալ ճանապարհորդություններ մթության մեջ։ Նավաբեկություն տեղի չունեցավ, ողջ մնացինք։ Ըստ իս՝ սովորական հաջողություն էր։

Ինչո՞ւ ենք գլուխներս կորցնում։

Սովորական բիոքիմիական անկայունություն․ այդպիսին էր Էլիոթի տեսակետը։ Հոբելյանական խարույկներից տուն վերադառնալիս պնդեց, որ ինքը վարի մեքենան, և երբ մութ ճամփաների անորոշ շրջադարձներին արագացնում էր ընթացքը, իմ երակներում նույնպես տարբեր բիոքիմիական նյութեր էին վխտում՝ ստիպելով կորցնել հավասարակշռությունս։ Հետո առանց զգուշացնելու արգելակեց ու կանգ առավ։ Պարզ, լուսնկա գիշեր էր։ Մեզանից աջ գտնվող բլրի լանջին ոչխարներ էին քնած, և ցանկապատված փոքր գերեզմանատուն կար։

-Ուզում եմ՝ ինձ այստեղ թաղեք, - հայտարարեց Էլիոթը։

-Չենք կարող, - ասացի ես հետևի նստատեղից։ - Հասկանո՞ւմ ես, դրա համար պետք է մեռած լինես։

-Վերջացրո՛ւ, - ասաց Լյուսին։ - Նոր գաղափարներ ես միայն տալիս նրան։

Ծաղրում էինք նրան, որպեսզի թաքցնեինք մեր ներսում եղած սարսուռը, բայց Էլիոթը գիտեր, որ գրանցեցինք նրա խոսքերը։ Բավարարված գլխով արեց և նորից արագացրեց ընթացքը։

-Եթե սպանես մեզ, - շնչակտուր ասացի ես,- ո՞վ է հիշելու քեզ, երբ մահանաս։

Երբ «Կրոուլիի վախճան» վերադարձանք, Էլիոթը միանգամից պառկեց քնելու՝ առանց որևէ բառ ասելու։ Որոշ ժամանակ անց Լյուսին գնաց նրա սենյակ ու տեսավ, որ ամբողջությամբ հագնված էր քնել և ժպտում էր։

-Արի՛ հարբենք, - ուրախ տոնով ասաց Լյուսին և նստեց գետնին՝ բուխարու առաջ։ - Երբեմն մտածում եմ, որ ամեն ինչ շատ ավելի հեշտ կլիներ, եթե այն օրը մեջքով շուռ չգայի։ Նկատի ունեմ նավի վրա։

Էլիոթն առաջին անգամ տեսավ այդ դևին, երբ ավարտին էր հասցնում «Աշխարհների ներդաշնակությունը»։ Վիճել էին Լյուսիի հետ, և վերջինս հեռացել էր Քեմբրիջի՝ տիկնիկի տան նման փոքր բնակարանից (Երբ վերադարձավ նրա մոտ, պարզվեց, որ իր բացակայության ընթացքում Էլիոթը կաթի ոչ մի շիշ չէր թափել։ Խոհանոցում շշերի մի ամբողջ կույտ էր դիզվել․ Լյուսիի և Էլիոթի առանձին անցկացրած յուրաքանչյուր օրվա համար մեկական շիշ, որոնք ասես յոթանասուն մեղադրանքներ լինեին)։ Էլիոթը վերցրեց իր բանակային շվեյցարական դանակը և բոլորովին մերկ (ինչպես որ հետագայում Լյուսին) իջավ ներքև՝ տեսնելու, թե ով կար այնտեղ։ Լույսն անջատել էին։ Խոհանոցին մոտենալիս սաստիկ ցուրտ և լարվածություն զգաց։ Հետո լույսերն ասես խենթացան, իրենք իրենց միանում և անջատվում էին։ Էլիոթը խաչակնքվեց և գոռաց․ «Չքվի՛ր, սատանա՛, հեռո՛ւ գնա ինձանից»։

-Դրանից հետո ամեն ինչ նորից  իր տեղն ընկավ, - ասաց նա։ - Գետնի տակից քայլեր լսվեցին, ասես կաղ մարդու քայլեր լինեին։

-Իրականում ոչինչ էլ չես տեսել, - ասացի ես՝ մի փոքր հիասթափված։ - Ո՛չ պոզեր, ո՛չ սմբակներ։

Էլիոթն ամենևին էլ գերռացիոնալիստ չէր, ինչպիսին որ թվում էր։ Սև մոգության մեջ նրա խորասուզումը ուղղակի գիտական հետաքրքրություն չէր։ Էլիոթի հանճարեղության պատճառով էր, որ ընդունում էի նրա ձևակերպումները։

-Ուղղակի լայնախոհ եմ, - ասում էր նա։ - Շատ բաներ կան երկնքում և երկրում, ընկե՛ր Հորացիո։ - Երբ նա էր ասում, լիովին ողջամիտ էր թվում այն, որ կարելի էր երկու անգամ ավելի արագ վաճառել ուրվականներով լի բնակարանը, նույնիսկ եթե գործարքի ժամանակ զգալի գումար էիր կորցնում։

Ամենաանհավանական ընկերներ էինք։ Ես շոգ եղանակ էի սիրում, իսկ նա՝ խոնավ և մռայլ։ Ես Սապատայի[8] բեղերի նման բեղեր և մինչև ուսեր հասնող մազեր ունեի, իսկ նա տվիդից[9] և վելվետից կարված կոստյումներ էր կրում։ Ինձ շրջիկ թատրոնները, միջռասայական հարաբերություններն ու հակապատերազմական բողոքներն էին հետաքրքրում, իսկ նա քաղաքամերձ ամառանոցում էր հանգստյան օրերն անցկացնում՝ թռչուններ և կենդանիներ որսալով։ «Ոչինչ այնքան չի բարձրացնում տղամարդկային ոգին, որքան որսը, - ասում էր նա՝ փորձելով ինձ նույնպես շահագրգռել։ - Կյանքից զրկում ես փետրավոր և փափկամազ ընկերներին ու այդպիսով քո ներդրումն ես ունենում սննդային շղթայում։ Հրաշալի է»։ Էդվարդ Հիթի[10]՝ 1970 թվականի ընտրություններին հաղթանակի հաջորդ օրը, երբ բոլոր թերթերը գրում էին, որ նպարավաճառը կառավարության ղեկավար էր դարձել, Էլիոթը նրա պատվին խնջույք կազմակերպեց․ միակ հյուրը, որ թթված դեմքով էր, ես էի։

Ո՞վ գիտի, թե ինչն է մարդկանց ստիպում ընկերներ դառնալ։ Ոմանք նույն շարժուձևն ունեն։ Մյուսները նույն կերպ են խեղաթյուրում երգերը։

Բայց իմ ու Էլիոթի դեպքում ես իրոք գիտեմ՝ ինչն էր։ Մեղավորը հին ու բարի սև մոգությունն էր։ Ո՛չ շոկոլադը, ո՛չ սերը, այլ հենց մութ արվեստը։ Եվ եթե այժմ չեմ կարողանում ազատվել Էլիոթի մասին հիշողություններից, հնարավոր է՝ պատճառն այն է, որ այն գայթակղիչ գաղտնիքը, որը խենթացրել էր Էլիոթ Քրեյնին, քիչ էր մնացել՝ ինձ էլ խենթացներ։

Պենտակլներ[11], իլյումինատներ[12], Մահարիշի, Գենդալֆ․ նեկրոմանտիան ժամանակի ոգու մի մասն էր, հակառակ մշակույթի գաղտնի լեզուն։ Էլիոթից իմացա Քեոփսի բուրգի և ոսկե հատման առեղծվածների ու պարույրի գլուխկոտրուկների մասին։ Պատմեց ինձ Մեսմերի[13] «կենդանական մագնետիզմի» տեսության (Երկնային, երկրային և շնչավոր մարմինները փոխազդում են։ Այդ փոխազդեցությունն իրականանում է նոսր մագնիսական հեղուկի միջոցով։ Այն ենթարկվում է մեխանիկայի կանոններին, որոնց դեռ ծանոթ չենք։) և ճապոնական սպիրիտուալիզմի չորս տրանսերի մասին՝ Մուչու, այսինքն՝ էքստազ և զմայլանք, Շիշի, Կոնսուջոտա կամ կոմա, Սաիմինջոտա՝ հիպնոսային վիճակ, և Մուգեն նո Կյո, որի ընթացքում հոգին կարող է լքել մարմինն ու թափառել առեղծվածների աշխարհում։ Էլիոթի շնորհիվ ծանոթացա մի շարք հանճարեղ մարդկանց հետ, կամ, ավելի ճիշտ, նրանց աշխատություններին․ Գեորգի Գյուրջիևին, որը «Բելզեբուբի հեքիաթների» հեղինակն էր և Օլդոս Հաքսլիի, Քեթրին Մենսֆիլդի, Ջ․ Բ․ Փրիսթլիի և շատ ուրիշների գուրուն, Ռաջա Ռամ Մոհան Ռոյի և նրա «Բրահմո Սամաջ» աշխատությանը, որում ռաջան փորձել էր միահյուսել անգլիական և հնդկական գաղափարները։

Ընկերոջս ոչ պաշտոնական խնամակալության ներքո նումերոլոգիա և խիրոմանտիա էի ուսումնասիրում և թռչելու համար նախատեսված հնդկերեն կախարդական խոսքեր էի անգիր անում։ Քառատողեր էի սովորում, որոնք սատանային կանչելու և այնպիսի պատկերներ նկարելու համար էին, որոնք կալանքի տակ էին դնում 666 համարի գիշատչին։

Տանը երբեք ժամանակ չէի ունենում «գուրու» բառը փնտրելու համար, որպեսզի իմանայի, թե որտեղից էր այն գալիս, բայց կարմրելով խոստովանում եմ, որ Էլիոթը գուրու էր՝ առեղծվածային ուսուցիչ (անգլերենից թարգմանաբար)։

Ընթերցո՛ղ, տապալեցի դասընթացս։ Այդպես էլ չյուրացրի Մուչուն (առավել ևս Մուգեն նո Կյոն), այդպես էլ դժոխքը կանչող նզովքներ արտաբերելու համարձակություն չունեցա և այդպես էլ չթռա ժայռից, որպեսզի թռչել սովորեմ։

Ողջ մնացի։

Ես և Էլիոթը միմյանց վրա էինք փորձարկում հիպնոսի տեխնիկան։ Մի անգամ Էլիոթը որոշեց ստուգել հիպնոսի տևականությունը և ներշնչեց ինձ՝ հենց որ արտասանի «բանաններ» բառը, միանգամից պետք է հանվեմ։ Հենց այդ երեկո Լյուսիի և Մալայի հետ գնացել էինք «Dingwall» ակումբ պարելու, երբ չարախնդորեն ականջիս շշնջաց այդ ստորությունը։ Մարմնովս մեկ ծանր ու քնաբեր ալիքներ անցան, և չնայած որ ամեն կերպ փորձում էի ընդդիմանալ, ձեռքերս սկսեցին հանվեցնել ինձ։ Երբ հասան ջինսե տաբատս արձակելուն, բոլորիս դուրս շպրտեցին ակումբից։

-Տղանե՛ր, - քննադատաբար ասաց Մալան, մինչ ջրանցքի կողքին կանգնած հագնվում էի՝ բարձր հայհոյելով և վրեժխնդիր լինելու դաժան սպառնալիքներ  տեղալով, - գուցե միասին անկողի՞ն մտնեք, իսկ մենք հանգստանանք ձեզանից։

Դա՞ էր Էլիոթի ուզածը։ Ո՛չ։ Հնարավոր է։ Ո՛չ։ Չգիտեմ։ Ո՛չ։

Ի՜նչ տեսարան կստացվեր․ ինքնահրապուրվածների երկակի պատկեր։ Օկուլտիստ Էլիոթը, որը գիտնական էր ձևանում, և ես՝ սովորական մարդս, որ կիսով չափ օկուլտական սիրուն էր տրվել։

Դա՞ էր նրա ուզածը։

Էլիոթի հետ ծանոթանալու տարում մի փոքր կորցրել էի ինձ, ներաշխարհիս աններդաշնակությունից էի տառապում։ Սկզբում Լաուրայի հետ միջադեպն էր, հետո մի շարք հարցեր՝ կապված տանս և ինքնությանս հետ, որոնց պատասխանները չունեի։ Այն, որ Էլիոթը բնազդաբար Մալային դեպի ինձ ուղղորդեց, միակ պատասխանն էր, որի համար երախտապարտ էի նրան։ Տունը այնտեղ ապրող մարդկանց շնորհիվ է տուն դառնում, ինչպես որ դժոխքը՝ դժոխք։ Իմ տունը Մալան դարձավ։

Ոչ թե Մարսի բնակչուհին, այլ Մավրիկիոսի։ Մալան վարձու աշխատողների իններորդ սերնդի երեխա էր, որի ընտանիքը գաղթել էր Հնդկաստանից սևերի մասսայական գաղթից հետո, որը հաջորդել էր ստրկատիրության ավարտին։ Հայրենիքում (հայրենիք ասվածը Պորտ Լուի քաղաքի հյուսիսում գտնվող մի փոքրիկ գյուղ էր) նա և իր ընտանիքը խոսում էին հնդկերենի բհոճպուրի բարբառով, որը տարիների ընթացքում այնքան էր կրեոլիզացվել[14], որ գրեթե անհասկանալի էր դարձել թե՛ հնդիկների համար, թե՛ մավրիկիոսցիների։ Մալան երբեք չէր եղել Հնդկաստանում, և այն, որ ես այնտեղ էի ծնվել, մանկությունս այնտեղ էր անցել, և շարունակում էի կապ պահպանել Հնդկաստանի հետ, բարձրացնում էին ինձ նրա աչքերում և մի փոքր հիմար հրապուրանք հաղորդում ինձ, ասես Քսանադուից[15] եկած հերոս լինեի։ «Որովհետև նա մեղրացողով և դրախտային կաթով էր սնվել»։

Մալան, որը, ինչպես ինքն էր պնդում, «գիտության մարդ էր», գրականություն սիրում էր և խրախուսում էր այն փաստը, որ փորձում էի ստեղծագործել։ Հպարտանում էր «Մավրիկիոսի Ռոմեոյով և Ջուլիետով», ինչպես ինքն էր կոչում Բեռնարդեն դը Սեն Պիեռի[16] Փոլին և Վիրժինիային, և պնդեց, որ կարդամ այն։ «Գուցե լավ անդրադառնա վրադ», - հույսով ասում էր նա։

Մալան, ինչպես բոլոր բժիշկները, անդրդվելի և գործնական էր։ Լայնածավալ գիտելիքներ ուներ մարդու ներքին էության մասին, որոնց համար, արվեստի բոլոր մարդկանց նման, բացահայտ նախանձում էի նրան։ Մարդկային էության մասին այն ամենը, ինչ ես պետք է երևակայեի, նա հստակ գիտեր։ Մալան շատախոս չէր, բայց իմ նեցուկն էր։ Գիշերները զգում էի Հնդկական օվկիանոսի՝ նրա մեջ գլուխ բարձրացնող մթին ալիքների ջերմությունը։

Միակ բանը, որ բարկացնում էր Մալային, Էլիոթն էր և իմ մտերմությունը նրա հետ։ Հենց որ կինս դարձավ, երբ մեղրամիսն էինք վայելում Վենետիկում, բարձրաձայնեց իր դժգոհության մասին, նույնիսկ մի ամբողջ ճառ ասաց։

-Խելագարություն և հիմարություն, - իռացիոնալության հանդեպ տածած իր ողջ քամահրանքով ասաց Մալան։ - Աստվա՛ծ իմ, ինչպիսի՜ խաբեբա։ Ի՞նչ է անընդհատ շուրջդ պտտվում։ Լսի՛ր, մի լավ բան ո՛չ տեսել ես, ո՛չ էլ կտեսնես նրանից։ Ընդհանրապես ո՞վ է այդ Էլիոթը։ Դատարկագլուխ անգլիացի է միայն։ Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ուզում ասել, գրո՛ղ սահիբ։ Իհա՛րկե, շնորհակալ ենք մեզ ծանոթացնելու համար և այլն, և այլն, բայց ժամանակն է եկել, որ հանգիստ թողնի մեզ։

-Ուելսցի է, - զարմացած ասացի ես։

-Կարևոր չէ, - կոպիտ պատասխանեց բժիշկ (տիկին) Խանը։ - Ախտորոշումն անփոփոխ է։

Սակայն այստեղն ու այնտեղը, երկու էություններս միմյանց կապելու և  անհավատությունիցս հրաժարվելու մեկ ուրիշ եղանակ էի գտել Էլիոթի՝ տարբեր տեսակի «արգելված գիտելիքների» ահռելի պաշարում, որին մեծահոգաբար հաղորդակից էր դարձնում ինձ։ Թվում էր՝ իշխանության և կախարդության այդ աշխարհում գոյություն ուներ աշխարհայացքների ինչ-որ միաձուլում՝ եվրոպական, հնդկական, արևելյան, լևանտական, որին հուսահատորեն ուզում էի հավատալ։

Էլիոթի օգնությամբ «արգելված եսս» գտնելու հույս ունեի։ Ցինիզմով ու նապալմով լի թվացյալ աշխարհը բարությունից և իմաստությունից զուրկ էր թվում։ Գաղտնի թագավորությունը, ուր սուֆիստները[17] քայլում էին՝ իրենց հետևորդների հետ ձեռք ձեռքի տված, ուր կարելի էր մեծագույն գաղտնիքներ բացահայտել, պետք է իմաստուն լինելու արվեստը սովորեցներ ինձ։ Ըստ Էլիոթի՝ այդ ամենը ներդաշնակություն պետք է ընծայեր ինձ։ Մալան իրավացի էր։ Էլիոթը ոչ մեկին էլ չկարողացավ օգնել․ խե՜ղճ մարդ, նույնիսկ ինքն իրեն չկարողացավ օգնել։ Վերջիվերջո՝ իր իսկ սատանաները եկան նրա հետևից՝ նրա Գյուրջիևը և Ուսպենսկին, նրա Կրոուլին և Բլավատսկայան, նրա սիրելի Դանսենին ու Լավքրաֆտը։ Նրանք մակաղեցին Ուելսի բլուրների ոչխարներին և մթագնեցրին Էլիոթի գիտակցությունը։

Ներդաշնակությո՞ւն։ Անհնար է պատկերացնել այն աղմուկը, որ տիրում էր Էլիոթի գլխում․ Շվեդբորգի հրեշտակների երգը, հիմներ, մանտրաներ, տիբեթյան կրոնական երգերի մեղեդիներ։ Ո՞ւմ բանականությունն ունակ կլիներ դիմադրելու այդ բաբելոնյան աղմուկին, որում թեոսոֆցիները[18] վիճում էի  կոնֆուցիականների[19] հետ, աստվածաբանները՝ ռոզենկրեյցերականների[20], որտեղ խանդավառ կոչեր էին հնչում Մաիտրեա[21] աստծո գալուստի վերաբերյալ, և որոտում էին արնախում կախարդների նզովքները։ Հետո երևան էին գալիս ճակատագրի մասին բղավող միլենարիստները[22], այնուհետև լսվում էր Հիտլերի ձայնը, որն իր դրոշի վրա հնագույն խորհրդանիշն էր վեր հանել, և չարությունից կամ անարգանքից դրդված՝ բարության խորհրդանիշն այդ սվաստիկա կոչել։ Նույնիսկ իմ սիրելի Ռամ Մոհան Ռոյի ձայնն ընդամենը այդ սատանայական ամբոխի ձայներից մեկն էր, որը հետապնդում էր «Կրոուլի վախճանի» այդ հիվանդ մարդուն։

Կրակոց։ Եվ վերջապես լռություն։ Requescat in расе[23]։

Երբ Ուելս հասա, Լյուսիի եղբայրը՝ Բիլ Էվանսը, արդեն ոստիկանություն և հուղարկավորության բյուրո էր զանգել ու ժամեր էր անցկացրել հյուրերի ննջասենյակում՝ հերոսաբար պատերից մաքրելով արյունը և ուղեղի մնացորդները։ Լյուսին՝ ամառային բարակ զգեստ հագած, նստել էր խոհանոցում, ջին էր խմում և ահավոր հանգիստ տեսք ուներ։

-Կարո՞ղ ես աչքի անցկացնել նրա գրքերն ու թղթերը, - հարցրեց Լյուսին՝ տարակա և քաղցր ձայնով։ - Ես չեմ կարող անել դա։ Գլենդովերի վրա շատ է աշխատել։ Ինչ-որ մեկին կարող է պետք գալ։

Գրեթե մեկ շաբաթ պահանջվեց հանգուցյալ ընկերոջս չհրատարակված ուղեղում կատարվող պեղումներն ավարտին հասցնելու համար։ Թվում էր, թե կյանքիս մի էջը փակվեց, և բացվեց նորը․ հենց որ սկսեցի գրել, Էլիոթը դադարեց գրող լինելուց։ Ճիշտն ասած, պարզեցի, որ դեռևս մահից մեկ տարի առաջ էր դադարել։ Գլենդովերի ձեռագրերը կամ որևէ այլ լուրջ գործ չգտա։ Միայն զառանցանքներ էին այնտեղ։

Բիլ Էվանսը Էլիոթի՝ ձեռագիր և տպագիր թղթերով լցված երեք տուփ բերեց և դրեց իմ առջև։ Թատերական, չհասցեագրված անպարկեշտություններով և հիմնականում տիեզերքի հանդեպ բողոքներով լի հարյուրավոր թղթեր գտա զառանցանքների այդ տուփերում։ Տասնյակ նոթատետրեր կային, որոնցում Էլիոթը սեփական ապագայի այլընտրանքային տարբերակներ էր հնարել, որտեղ նա արտասովոր ճանաչված և նշանավոր դեմք էր, և հակառակը՝ ինքն իրեն խղճացող անհայտ հանճար էր, որը տանջալից հիվանդությունների մեջ էր անցկացնում իր կյանքի վերջին տարիները, կամ նախանձ մրցակիցներն էին սպանում նրան․ դրանից հետո անխուսափելիորեն  գալիս էր այն մեծության ճանաչումը, որին նախկինում արհամարհում էին, և ամբողջ աշխարհը ապաշխարում էր։ Ընթերցանության տխուր նյութեր էին։

Է՛լ ավելի դժվար էր կարդալ նրա երևակայությունները մեր մասին՝ նրա ընկերների։ Դրանք երկու տեսակի էին՝ ատելությամբ լի և սեռական բնույթի։ Մի շարք խայթող կշտամբանքներ կային իմ հասցեին, և բազում էջեր կնոջս՝ Մալայի հետ ունեցած սեռական հարաբերությունների մասին, որոնք ժամանակագրված էին, անկասկած, դրանց էրոտիկ ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար, ընդ որում՝ այնպիսի ամսաթվեր էին, որոնք եղել էին մեր ամուսնությունից հետո։ Իհա՛րկե, ոչ մի անգամ։ Լյուսիի մասին էջերը և՛ տհաճությամբ էին գրված, և՛ ցանկասիրությամբ։ Իզուր էի սիրո գեթ մի տող փնտրում այդ տուփերում։ Դժվար էր հավատալ, որ այդքան խանդավառ ու ձգտող մարդը ոչ մի լավ բան չէր կարողացել գրել երկրային կյանքի մասին։ Այնուամենայնիվ, այդպես էր։

Ոչինչ ցույց չտվի Լյուսիին, բայց նա դեմքիցս ամեն ինչ հասկացավ։ «Այդ ամենն իրական Էլիոթը չի գրել, - մեխանիկորեն մխիթարում էր ինձ։ - Հիվանդ էր»։

«Գիտեմ՝ ինչն է նրան հիվանդ դարձրել»,-մտածեցի ես և լուռ երդվեցի ինքս ինձ առողջ մնալ։ Այդ օրվանից կապս ոգիների աշխարհի հետ ընդհատվեց։ Մեսմերի «մագնիսական հեղուկի» ազդեցությունը ընդմիշտ ցնդեց այն ժամանակ, երբ սուզվեցի ընկերոջս խենթ կեղտով լցված այդ փտած տուփերի մեջ։

Էլիոթին թաղեցին այնտեղ, որտեղ նա էր ցանկացել։ Նրա մահվան հանգամանքները որոշակի խնդիրներ առաջացրին օրհնված հողի օգտագործման հետ կապված։ Սակայն Լյուսիի ցասումը համոզեց տեղի հոգևորականությանը աչք փակել դրա վրա։

Հուղարկավորությանը մասնակցում էր նաև պառլամենտի պահպանողական կուսակցության անդամներից մեկը, որը ժամանակին նույն դասարանում էր սովորել հանգուցյալի հետ։

-Խե՜ղճ Էլի, - ասաց նա բարձր ձայնով։ - Դպրոցում հաճախ էինք ինքներս մեզ հարցնում, թե ով է լինելու Էլիոթ Քրեյնը, և ես միշտ ասում էի․ «Հանճար է դառնալու, եթե, իհա՛րկե, կես ճանապարհին ինքնասպան չլինի»։

Այժմ այդ ջենտլմենը Մինիստրների կաբինետի անդամ է, հետևաբար Հատուկ ստորաբաժանման պաշտպանության տակ է։ Կարծում եմ՝ նա չի էլ հասկանում, թե ինչքան ուներ այդ պաշտպանության կարիքը (ինձանից պաշտպանվելու համար) տարիներ առաջ այն արևոտ առավոտ Ուելսում։ Բայց նրա էպիտաֆիան[24] միակն էր, որ հիշում եմ։

Բաժանվելիս Լյուսին ձեռքսեղմման համար ձեռքը դեպի ինձ երկարեց։ Այլևս երբեք չհանդիպեցինք։ Իմացա, որ նորից արագ և հիմարավարի ամուսնացել է ու Ամերիկայի արևմուտք է մեկնել։

Տուն վերադառնալով՝ հասկացա, որ երկար խոսելու կարիք ունեմ։ Մալան նստեց ու կարեկցանքով լսեց ինձ։ Վերջիվերջո պատմեցի նաև տուփերի մասին։

-Միանգամից էիր հասկացել, թե ով է նա, հիշեցնելու հարկ չկա, - բացականչեցի ես։ - Հասկացել էիր նրա ներաշխարհը։ Կարո՞ղ ես պատկերացնել։ Այնքան հիվանդ ու ցնորված էր, որ քո ու նրա անկողնային խենթ հանդիպումների մասին էր երևակայում։ Օրինակ՝ մեր՝ Վենեցիայից վերադառնալուց անմիջապես հետո։ Կամ, օրինակ, այն երկու օրերին, երբ ես և Լյուսին Բուգենվիլիայի վրա մենակ էինք, իսկ նա ասել էր, որ պետք է Քեմբրիջ գնա՝ ինչ-որ դասախոսություն լսելու։

Մալան ոտքի կանգնեց և մեջքով դեպի ինձ շրջվեց, և մինչ նա կխոսեր, հասկացա՝ ինչ էր ասելու՝ զգալով, որ ուր որ է սիրտս աղմուկով կպայթի՝ ճաքող սառույցի կամ ընկնող ծառի աղմուկով։ Իհա՛րկե, Մալան զգուշացնում էր ինձ, Էլիոթ Քրեյնի մասին ունեցած համոզմունքների դառը կրքով զգուշացնում էր, իսկ ես, այդ համոզմունքներից զարմացած, չկարողացա ընկալել իրական նախազգուշացումը, չկարողացա հասկանալ, թե Մալայի ձայնում լսվող կրքի մեջ ինչ կար թաքնված։ «Դատարկագլուխ անգլիացի է։ Մի լավ բան ո՛չ տեսել ես, ո՛չ էլ կտեսնես նրանից»։

Ներդաշնակության վերջն էր, աշխարհների՝ ոչնչացումը։

-Դրանք երևակայություններ չէին, - ասաց Մալան։

 

 

[1] Գայ Ֆոքսի գիշեր (Guy Fawkes' Night), նաև հայտնի է որպես Խարույկների գիշեր (Bonfire Night) և Հրավառության գիշեր (Fireworks Night), ամենամյա ավանդական տոնակատարություն (ոչ պաշտոնական) Մեծ Բրիտանիայում։

[2] Թարմ ոստերից ու ծաղիկներից պատրաստված հյուսակ, որով զարդարում են պատշգամբը: 

[3] Ալիստեր Կրոուլին անգլիացի փիլիսոփա միստիկ է, թաքնագետ, մոգ, բանաստեղծ, նկարիչ, գրող և լեռնագնաց։ Նա ստեղծել է Թելեմա կրոն-փիլիսոփայությունը՝ իրեն վկայելով որպես մարգարե։ Նրա աշխատություններից և վեպերից առավել հայտնիներն են «Ստերի գիրքը», «Օրենքների գիրքը» և «Լուսնի երեխան»։

[4] Ֆրանսիացի կին գրող։

[5] Ֆրանսիացի գրող։

[6] Ֆրանսիացի գրող, կինոռեժիսոր և «Նոր վեպ» ուղղության հիմնադիրներից մեկը։

[7] Հյուսիսային Ուելսի իշխանների հնագույն տոհմի ժառանգորդ, 1400 թվականին անգլիացի նվաճողների դեմ մղվող ապստամբության առաջնորդ, որը 1404 թվականին ինքն իրեն հռչակել է Ուելսի թագավոր, 1405 թվականին Ուելսում  անկախ խորհրդարան է ստեղծել։

[8] 1910-1917 թվականների մեքսիկական հեղափոխության գործիչ։

[9] Փափուկ բրդյա գործվածք։

[10] Անգլիացի պետական գործիչ, դիվանագետ։

[11]Թալիսման է, որն օգտագործվում է կախարդությունների ժամանակ, սովորաբար պատրաստված է լինում մագաղաթից, թղթից, կտորից կամ մետաղից, իսկ վրան կախարդական նախշեր են նկարված լինում։

[12] Օկուլտային փիլիսոփայական ուղղվածություն։

[13] Ֆրանց Ֆրիդրիխ Անտոն՝ գերմանացի բժիշկ՝ հեղինակը մեսմերիզմ կոչվող թերապևտիկ համակարգի, որը մերօրյա հիպնոտիզմի նախատիպն էր։

[14] Որոշակի տարածքում երկու կամ ավելի լեզուների փոխներգործության արդյունքում  նոր լեզվի ձևավորում։

[15] Սամուել Քոլրիջի «Կուբլա Խան» պոեմից։

[16] Ֆրանսիացի վիպասան, գրող և բուսաբան, որը առավել հայտնի է իր 1788 թվականին գրված «Պոլ և Վիրժինիա» վեպով։

[17] Սուֆիզմ կամ թասավուֆ՝ կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք իսլամում։

[18] Թեոսոֆիա ՝ օկուլտական շարժում: Բառի լայն իմաստով՝ Միստիկական աստվածաճանաչողություն, որի լույսի ներքո բացվում է ամեն ինչի խորհրդավոր իմացությունը։

[19] Կոնֆուցիականությունը կամ Կոնֆուցիոսականությունը Կոնֆուցիուսի կողմից մշակված և նրա հետևորդների կողմից զարգացված բարոյա-փիլիսոփայական ուսմունք  է։ Այն աշխարհայացք է, հասարակական բարոյականություն, քաղաքագիտություն, գիտական ավանդույթ, ապրելակերպ, երբեմն դիտարկվում է որպես փիլիսոփայություն, երբեմն էլ իբրև կրոն։

[20] Աստվածաբանական և առեղծվածային գաղտնի հասարակություն, որն, ըստ լեգենդի, ստեղծվել է ուշ միջնադարում Գերմանիայում։ Հիմնական նպատակը քրիստոնեության կատարելացումն ու պետությունների կամ առանձին անհատների բարեկեցության ապահովումն է։

[21] Հոգևոր արարած, հնագույն իմաստության ուսուցիչ, գաղտնի հոգևոր հիերարխիայի անդամ թեոսոֆիայում։

[22] Միլենարիզմը կրոնական ուսմունք է, աշխարհայացք, հասարակական կամ սոցիալական որևէ խմբավորման շարժում, որը կապված է հասարակության մոտակա հիմնաքարային վերափոխման  հետ, որից հետո «ամեն բան փոխվելու է»։

[23] Լատ․՝ հանգչի՛ր խաղաղությամբ։

[24] Դամբանախոսություն, տապանագիր։

 

 

Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը

  • Hits: 140