Ամսի քսանմեկին, եթե այն կիրակի օր չէր ընկնում, թեյի ու ճաշի միջև ընկած ժամանակահատվածում, Աննա Մարկովնային այցելության էր գալիս իր զարմուհի Ասյա Շաֆրանը։ Եթե քսանմեկը կիրակի էր ընկնում, երբ ողջ ընտանիքը հավաքված էր, ապա Ասյան գալիս էր քսաներկուսին՝ երկուշաբթի, որովհետև ամաչում էր իր աղքատությունից ու խելացնորությունից։

Ժամը չորսին տալիս էր դռան զանգն ու որոշ ժամանակ անց բնակարանի խորքից լսում ծանր քայլեր ու անիմաստ «ո՞վ է»-ն, անիմաստ, որովհետև դռան հետևից լսվող հիմար քրքջոցից ու ամսաթվից Աննա Մարկովնան պիտի որ իմանար, որ Ասյան է եկել։

Համբուրելով Անեչկայի թմբլիկ այտն ու քրքիջը չընդհատելով՝ Ասյան ասում էր. «Ես եմ, Ա՛նեչկա, անցնում էի էս կողմերով, մտածեցի՝ մտնեմ, կարղ է՝ տանն ես»: Արհեստական ու պաթետիկ էր, որովհետև պարզից էլ պարզ էր, որ ինքն է եկել՝ Ասյան, աղքատ ազգականը՝ իր ամսական նպաստի հետևից։

Ժամանակին նրանք միևնույն գիմնազիայի նույն դասարանում էին սովորում, կրում էին Կալուգայի լավագույն դերձակի մոտ կարված համանման երկնամոխրագույն համազգեստներ, փարթամ կրծքներին՝ գիմնազիական համանման «ԿԵՊԽ» կրծքանշաններ, որոնք մի քանի տարով վազանցել էին համատարած հապավումների ժամանակը։ Այնուամենայնիվ, այս ժանյակագործ տառերը՝ «Կ» ու «Ե», «պետական խորհուրդ» չէին նշանակում,  որ այդ տարիների նորաձևության համաձայն կարող էին կաշեգործական կամ երկաթուղային լինել, այլ ընդամենը՝ «Սալովայի կալուգյան կանացի գիմնազիա», որը մասնավոր հիմնարկ լինելով, կարող էր կրթել հարուստ հրեա աղջիկներին այն քանակով, որքան որ տիեզերագնացության ապագա մայրաքաղաքի փողոցներով թափառող համառ ուլերով ու ոտքից գլուխ ռուսական, կիսագյուղական Կալուգայի նոսր հրեական բնակչությունը կարող էր իրեն թույլ տալ։

Անեչկան գերազանցիկ էր՝ հաստ ծամը ուսին գցած։ Տետրի վերջին էջը առաջինից չէր տարբերվում. նույնքան կոկիկ ու սիրուն էր։ Ասյան ուսման նկատմամբ այնպիսի սեր չուներ, ինչպես Անյան․ ֆրանսերենի բայերը, տարեթվերի անվերջանալի շարասյուներն ու պարապ-սարապ թեորեմները մտնում էին սպիտակավուն, անկանոն-գանգուր զսպանակաձև մազափնջով կիսածածկված ականջն, ու մինչ ինքը, բարակ սրած մատիտով նկարում էր պատմության ստոր ուսուցիչ Սեմյոն Աֆանասևիչի ծաղրանկարը, մյուսով դուրս էին գալիս։ Ասյան կենսախինդ, ուրախ, հիանալի օրիորդ էր, բայց բացի Աննա Մարկովնայից նրան ոչ ոք այդպիսին չէր հիշում․․․

Անհեթեթ ներկված Ասյան, գլուխը թեթեևակի ցնցելով, հանեց Աննա Մարկովնայի՝ սև մետաքսե ժապավեններով ասեղնագործ ծիրանագույն վերարկուն: Աննա Մարկովնան ողջ կյանք նրան էր տալիս իր հին իրերն ու վաղուց արդեն համակերպվել էր այն մտքի հետ, թե որքան ճարպկորեն էր Ասյան՝ երբեմն իր «շնորհալի» ձեռքերի ընդամենը մեկ շարժումով, այդ պատկառելի հագուստը վերածում խելագարի ցնցոտու։

Ասյայի կարած սև ժապավենները տեղ-տեղ անհավասար էին և հանգույցներ ու ժապավենակապեր էին ձևավորել, ու այդ ամենը նոտաների տետրի նմանվող սրամտորեն մտածված դիմակահանդեսային կոստյում էր հիշեցնում։

Կանաչ բերետի տակից ճակատին սև ծոպերիզ էր կախվում՝ խոպոպի ու քողի հիբրիդ, իսկ շուրթերին մշտապես սաղմնային ժպիտ էր քաշած, որը պատրաստ էր միևնույն պահին անհետանալ կամ վերածվել շողոքորթական քրքիջի։

- Ներս անցի՛ր, Ա՛սյա, - սիրալիր ու վեհաբար նրան հյուրասենյակ հրավիրեց Աննա Մարկովնան։ Գորգածածկ թախտին պառկած էր Գրիգորի Վենիամինովիչը՝ Աննա Մարկովնայի ամուսինը։ Լավ չէր զգում, համալսարանից շուտ էր եկել՝ հյուսվածաբանության փայլուն կուրսի երկու դասախոսական ժամն իր բավականին շնորհալի, բայց անփույթ ասիստենտին թողնելով։

Ասյային տեսնելով՝ քթի տակ դժգոհ ինչ-որ բան ասաց, հարցրեց՝ ոնց են գործերն ու, պատասխանի չսպասելո, գնաց հյուրասենյակին կից ննջարան՝ իր հետևից փակելով երկփեղկ ապակե դուռը։

- Գրիշան լավ չի զգում,- նրա ցերեկային ներկայությունն ու անհետանալը բացատրեց Աննա Մարկովնան։

-Մի րոպեով եմ մտել, Ա՛նեչկա։ Պետրովյան պասաժում չինական թերմոսներ կան։ Առել եմ մի քանի հատ,-խաբեց,-շատ սիրուն են՝ ծիտիկներով, քեզ համար չառնե՞մ։

- Չէ, շնորհակալ եմ։ Մի հատն ունեմ, փառք Աստծո ընդհանրապես պետք չէ։ Աննա Մարկովնայի գլխում թերմոսը կապվում էր հիվանդանոց այցելությունների, ոչ թե քաղաքից դուրս էքսկուրսիաների հետ։

- Իռոչկան ո՞նց է,- թոռնուհու մասին հարցրեց Ասյան։

Նա կարիք չուներ ամեն անգամ նոր հարցեր հորինել, հերթականությամբ հարցնում էր տան բոլոր անդամների մասին, և Աննա Մարկովնան սովորաբար կարճ էր պատասխանում՝ երբեմն խորանալով ու պատասխանների մեջ ներառելով մանրամասներ, որոնք նախատեսված էին ավելի նշանակալի զրուցակիցների համար։ Այս անգամ առաջին իսկ հարցը հաջող դուրս եկավ, որովհետև Իռոչկան նախորդ օրը հայտարարել էր, որ ամուսնանում է, և այդ լուրին անպատրաստ ողջ ընտանիքն անհանգիստ ու փոքր-ինչ վշտացած էր։ Եվ այդ պատճառով Աննա Մարկովնան սկսեց բավականին մանրակրկիտ պատմել այդ իրադարձության մասին՝ հստակ՝ երկու սյունակի մեջ դասավորելով եղելության առավելություններն ու թերությունները։ «Տղան լավն է, դեռ դպրոցից են ընկերություն անում, ինքն էլ է երկրորդ կուրս՝ ավիացիոնում, լավ է սովորում, արտաքինից՝ ոչինչ, բայց սարսափելի երկար ու նիհար է, խելքը թռցնելու չափ սիրահարված է Իռկային, զանգում է օրական հինգ անգամ, երաժշտասեր տղա է: Երաժշտական կրթություն չունի, բայց եկավ, նստեց դաշնամուրի դիմաց. լսողությամբ փայլուն նվագում է յուրաքանչյուր մեղեդի։ Ընտանիքը, դե հասկանում ես․․․,- Ասյան ըմբռնումով թափահարեց գլուխը, - շատ հասարակ է։ Հայրը տնային կառավարիչ է, հաշմանդամ։ Ասում են խմում է,- այս բառերի վրա Ասյան շատ տեղին քրքջաց, իսկ Աննա Մարկովնան շարունակեց,- բայց մայրը շատ պարկեշտ, արժանավոր կին է։ Չորս երեխա՝ երկու ավագ որդիներն ինստիտուտում են, կրտսերները հիասքանչ են, երկվորյակներ են՝ աղջիկ ու տղա»,- ըստ Աննա Մարկովնայի՝ բոլոր երեխաներն էին հիասքանչ՝ առանց բացառության,- տեսել եմ՝ մաքուր, կոկիկ, դաստիարակված։ Սերյոժկայի մորը վաղուց եմ ճանաչում, Իռոչկայի դպրոցում քարտուղար էր աշխատում։ Ոչ մի վատ բան, ամեն դեպքում, չեմ կարող ասել։ Ինքը, իհարկե, շատ երիտասարդ է, ոչ մի բանի տեր չէ, երկուսին միասին դեռ շատ երկար է պետք ապահովել, բայց խնդիրը դա չէ։ Գրիշան կարծում է, որ նրանք պիտի առանձին ապրեն։ Վարձով։ Պատկերացնու՞մ ես։ Իռկան դեռ պիտի սովորի, վազելու է մթերքի հետևից, եփի-թխի, լվացք անի, մեկ էլ տեսար ծննդաբերեց․․․ ինստիտուտը կթողնի։ Ես ինձ չեմ ների»։

Վերջապես Աննա Մարկովնան նկատեց, որ ամենևին պարտադիր չէ, որ Ասյան այդ ամենն իմանա։ Բայց Ասյան, ներկած այտը ձեռքին հենած, հաճույքով նստած էր սև կաղնե աթոռին ու երջանիկ ժպտում ու անհամբեր շարժում էր կոպերը՝ Աննա Մարկովնայի խոսքերի արանքում հարմար պահ բռնելով, որ ասի.

- Անե՛չկա, արի թող ինձ մոտ ապրեն։

- Ի՞նչ ես ասում Ասյա, -լրիվ լուրջ պատասխանեց Աննա Մարկովնան՝ պատկերացնելով Պյատնիցկայա փողոցի Ասյայի երկար սենյակը՝ արմունկավոր միջանցքի վերջում՝ խոհանոցի կողքին։ Հնավաճառի կրպակ է, ոչ թե բնակարան։ Պատերն՝ ամբողջությամբ տարբեր չափերի ու անկանոն խփած մեխերի մեջ, մեկի վրա՝ տղաամարդու բաճկոն, մյուսին՝ բլուզ, երրորդին՝ ինչ-որ բացիկ կամ խոտի փունջ։ Հոտը՝ անտանելի՝ իսկական խելագարի բնակավայր։ Ու ամեն տեղ թերթակույտեր, որոնց նկատմամբ Ասյան անբացատրելի մոլուցք ուներ․․․

Աննա Մարկովնան ծիծաղեց։ Ինչպես կարողացավ մի պահ անգամ լուրջ ընդունել։ Ասյան, ծիծաղին ի պատասխան, նույնպես հնազանդորեն ծիծաղեց, հետո հարցրեց.

-Իսկ ինչու՞ ոչ։ Ես նույնիսկ վարագույր ունեմ։ Նախաճաշ կպատրաստեի նրանց համար։ Թող գան, ապրեն։

Աննա Մարկովնան փոխեց թեման:

-Լավ, ինքնուրույն գլուխ կհանեն։ Իռոչկան, վերջիվերջո, ծնողներ ունի։ Թող մտածեն գոնե մի անգամ, թե չէ սովոր են, որ ամբողջ կյանք ամեն ինչ պատրաստ պիտի մատուցվի իրենց:

 «Ծնողներ»-ը մեկ էլ հանկարծ վերածվեց «փեսա»-ի, որին ընտանիքում առանձնապես չէին սիրում։

-Արի՛ թեյ խմենք, Ա՛սյա,- շարունակեց Աննա Մարկովնան ու գոռաց դեպի բաց դռան կողմը,- Նինա՛, թեյնիկը միացրե՛ք, խնդրում եմ,- հետո առանց հետաքրքրվածության ու բարեկրթորեն հարցրեց,- դու ի՞նչ նորություններ ունես, Ա՛սյա։

-Երեկ Բերտայի մոտ էի։ Ուզում է Մաթիասի համար բաճկոն գնել, չի համաձայնվում։ Ռայան է Լենինգրադից նրանց հյուր եկել։ Թոռնուհիների նկարներն էր ցույց տալիս։

- Քանի՞ տարեկան են,- հետաքրքրվեց Աննա Մարկովնան։

- Մեկը լրիվ մեծ է, հարսնացու է, մյուսը մի տասներկու տարեկան է։

- Ի՜նչ ես ասում, երբ հասցրին մեծանալ։

Ու հյուսում էին այս կենցաղային հիմարությունը՝ Աննա Մարկովնան՝ հանդուրժողաբար՝ կարծես կատարելով բարեկամական պարտքը, Ասյան՝ անկեղծորեն ու ջանասիրաբար։

Թեյնիկը ձեռքին՝ ներս մտավ ու տակդիրի վրա դրեց տան աշխատող գեղեցկուհի Նինան՝ արհեստական գանգրացրած ցախավել մազերը ուսերին, երկու մազակալ էլ՝ քունքամասերին։

Հետո տիկնանց զրույցը շարունկավեց ֆրանսերենով, ինչը միշտ Նինայի մոտ լուռ ցասում էր առաջացնում։ Նա վստահ էր, որ տանտիրուհին նրանից է դժգոհում՝ եբրայերեն։

- Մեր տան նոր աշխատողն է։ Շատ լավ աղջիկ է։ Դուսյայի ազգակցուհին է՝ նրա գյուղից։ Ամուսնությունից հետո մեզ նվեր է տվել,- ծիծաղեց Աննա Մարկովնան։

-Շատ սիրուն է,- Նինանյով զմայլվեց Ասյան։

- Հա,- հպարտությամբ պատասխանեց Աննա Մարկովնան,- իսկական ռուս գեղեցկուհի։

Աննա Մարկովնան իր թեթեև ձեռքով դասավորում էր գյուղացի աղջիկների՝ իր տան աշխատողների կյանքը։ Նրանք սովորում էին երեկոյան դպրոցում, ուր նրանց անպայմանորեն դասավորում էր Աննան Մարկովնան, ինչ-որ կուրսերի էին գնում, հետո ամուսնանում էին ու տոն օրերին հյուր գալիս իրենց երեխաների ու ամուսինների հետ։

Թեյը թանկարժեք կապույտ բաժակներով էին խմում։ Ջարդրդված տեսք ունեցող, տարօրինակ ապակուց պատրաստված վարդագույն պնակների մեջ Աննա Մարկովնան իր սեփականությունը համարող բացառիկ բաղադրատոմսով պատրաստած  հաղարջի կանաչ մուրաբա դրեց։

- Ի՜նչ սիրուն մուրաբա ես ստացել,- հիացավ Ասյան։

- Մեր տնայանագործության դասերը հիշու՞մ ես։

- Իհարկե, Լիդյա Գրիգորևնա Սալովան էր վարում։ Ինձ մոտ միշտ բոլորից վատ էր ստացվում, -պարադոքսալ հպարտությամբ շարունակեց Ասյան։

- Հիշում ես, որ անվանակոչության օրվա տորթը միշտ թխում էինք նրա համար հրեշտակի օրը․․․

- Այո, այո,- Աննան Մարկովնային վերջապես հասկացավ, որ այսքան ժամանակ է անիմաստ ծախսել,- այստեղ քեզ համար մի փոքրիկ բան կա։ Խնդրեմ՝ գիշերազգեստ, մի քիչ կկարես, տաք է, Գրիշայի՝ ուղտի մորթուց ձեռնոցները, դե ու մանր-մունր բաներ, -ասաց առանց նվաստացուցիչ մանրամասներին տրվելու, որովհետև աթոռի վրա դարսած էին կարկատած կանացի տրիկոներ։

Կրիայաձև մեծ շղթայով, նախապատմական ժամանակներից եկող պայուսակը կուլ տվեց այս ողջ մանուֆակտուրան՝ անձեռոցիկի մեջ փաթաթած չորս կտոր կարկանդակի ու ձկով ամանի հետ միասին։ Մեկ ժամ տևող հանդիպումը մոտենում էր իր կուլմինացիային ու հանգուցալուծմանը։ Աննա Մարկովնան միշտ վեր էր կենում, գնում ննջարան, զնգզնգացնում պահարանի բանալիներն ու մեկ րոպեից բերում նախօրոք պատրաստված մոխրագույն ծրարը՝ մեծ, խոստումնալից հարյուրռուբլիանոցով՝ ոչ այսօրվա հաշվարկներով, իհարկե։

- Սա քեզ, Ա՛սենկա,- հանդիսավորության երանգով փոխանցում էր ծրարը։ Ասյան, որ Աննա Մարկովնայից մի փոքր ավելի բարձրահասակ էր, երեխայի նման կարմրում ու կռանում էր, որ տեղի ունեցողին համաչափություն հաղորդի․ ինքը՝ փոքրիկ Ասենկան, նվեր է ընդունում իր ավագ քրոջից։ Երկու ձեռքով վերցնում էր ծրարը, պինդ լցրած պայուսակը կախում ծռված դաստակից, ու փորձում էր միաժամանակ իջեցնել այն ձեռքից, արձակել ու մեծ ծրարը խցկել լիքը լցրած պայուսակի մեջ։

Ժամադրությունն ավարտված էր։ Աննա Մարկովնան ճանապարհում էր հյուրին միջանցք, հանկարծահաս ջերմությամբ համբուրում ներկած այտն ու Ասյան՝ թեթևություն զգացումով, որը փոքր-ինչ նվաստացնում էր իր անկեղծ սերն ու անսահման պատկառանքը զարմուհու նկատմամբ, համարյա ցատկոտելով գլորվում է երկրորդ հարկից, թեթև նիհար ոտքերով թռվռալով անցնում է Դոլգոռուկովսկայայից մինչև Սադովոյե կոլցո ու ուղիղ քառասուն րոպեից հայտնվում է Կոստյանսկայա նրբանցքում՝ իր ընկերուհի Մարուսկա Ֆոմիչևայի մոտ։

Խոնավ պատին սեղմած օրորովող սեղանի վրա բեռնաթափեց թանկարժեք նվերները՝ մի րոպե տատանվելով ուղտի մորթուց ձեռնոցների շուրջ, իրար վրա  դարսեց ամենը ու կարկատած ներքնաշորի կույտի տակ խցկեց մեծ մոխրագույն ծրարը։

-Ախ, ախ Ասյա Սամոլնա, շատ ես ինձ երես տալիս,- քթի տակ մրմնջաց ճլորած կիսակաթվածահար պառավը։

Ու Ասյա Շաֆրանը՝ մեր խելապակաս ազգականը, շողշղում էր։

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Հովհաննիսյանի

  • Hits: 138