Արա Սարգսյան՝ (1902, Ստամբուլ - 1969, Երևան) քանդակագործ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (1959): Ստեղծագործել է քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն: Առավել հայտնի են Օպերային հարակից «Հովհաննես Թումանյան», «Ալեքսանդր Սպենդիարյան» արձանները (1957), Գյումրու «Մայր Հայաստան»-ը (1975): Նախնական մասնագիտական կրությունը ստացել է Պոլսի գեղարվեստի վարժարանում (1919-1921), այնուհետև ուսումը շարունակել Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում (1921-1924): Ընդունելով խորհրդային քաղաքացիություն՝ 1925-ին ժամանել է Երևան՝ դնելով հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ 1932-ին նրա, Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի ջանքերով հիմնվում է Հայաստանի նկարիչների միությունը։ 1945 թվականին նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինստիտուտը։ 1973-ին Երևանում բացվել է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ տուն-թանգարանը:

Արա Սարգսյանի նախասիրություններից էր նաև բանաստեղծություններ գրելը, որոնք նա պահում էր օրագրերում։ Թոռան՝ Աննա Սարգսյանի թույլտվությամբ առաջին անգամ հրապարակում ենք դրանցից մի քանիսը, որ գուցե թերի վերծանված են ձեռագրերից, ինչի համար նախապես հայցում ենք ընթերցողի ներողամտությունը։

 

 

***
Ծաղիկների չքնաղ ձորում,
Հրաժեշտից մի պահ առաջ
Տարերքն ինձ հետ, ինչպես պոռթկում,
Հոգուս արցունք, անձրև տեղաց։

Անձրևի տակ արահետով
Բլուրն ինձ հետ, ինչպես պոռթկում,
Քնքշորեն, մեղմ հայացքով
Սերդ թողիր ու հեռացար․․․

Անձրևի հետ սիրտս մնաց
Մենակ, սգավոր, լացի ընկեր,
Սերս մեղմիկ արցունք դառած
Անձրևի հետ թափվեց, վշտաց․․․

1946, մայիս

 

***
Անսեր, անհույզ,
Մենակ, տխուր
Հին հուշերն են
Թևեր առնում,
Իսկ ապագան
Մնում է լուռ։

1946, մայիս

 

***
Անցյալ օրերուս սիրուց դեղնած տերևները
Կու թափվին հոգիես մեջ․․․
Հոգիես մեջ՝ աշուն ու տխուր․․․

Վիեննա, դեկտեմբեր, 1923

 

***
Ինչո՞ւ նորեն էկեր, խավարին մեջ հոգիս գտեր․
Երկու կապույտ ծովեր եմ տեսել փոթորկոտ,
Խենթ ծովերուն, ալիքներուն, անտուններին մեջ
Հոգիս է ընկղմվել, դեռ ինչեր է այդ ծովերեն մեջս մնացեր․
Փոթորկոտ պատկերը երեկվան վերջին մեռնող կանաչ գույներով,
Աչքերս երազի երկու սև խոռոչներուն․․․ սև
Գերեզմաննիրեն կարծես այդ ծովերու բացվիլը,
Կանգնած անվերջ հեռուն կը դիտեմ․․․ կը դիտեմ,
Մինչև վերջին ալիքը հեռանա․․․ ու կսպասիմ,
Որ հասնի անոնց փրփուրը աղի․․․

Ամեն մի համբույր անո՜ւշ, երկա՜ր հեքիաթ մը է
Իրմե պատմված․․․

Վիեննա, 1922

 

 

Պատրաստեց Արմեն Սարգսյանը

  • Hits: 151