Սպիտակ դաշնամուրին էի սիրահարված։ Եվ նա գիտեր դա։ Բացահայտեցի այն նույն տարօրինակ ունակությամբ, որով կանայք այնպիսի բաներ են պարզում, ինչպիսին դա է, կամ ինչպիսին համասեռամոլությունն է, որը տղամարդիկ եռանդագին թաքցնում են։ Հնարավոր է, որ մանուկ հասակում շատ բաների կարիք էի զգում, իսկ հարևան տանը, որտեղ ապրում էի, նույնիսկ մի կտոր փայտ չկար, որից հնարավոր կլիներ խաղալիք պատրաստել, և հենց այդ պատճառով էր, որ սովորություն ձեռք բերեցի կառչելու այն չնչին բաներից, որոնք այդ տարիներին պատահաբար ձեռքս էին ընկնում։
Մանուշակագույն բյուրեղապակյա արջուկին, որին մի անգամ մի մարդաշատ փողոցում էի գտել, և որը գլուխ չուներ, վերջին օրերին շատ հաճախ եմ հիշում։ Արջուկն իմ կյանքի մի մասն էր, և երբ հայրս տրորեց այն (հիանալի հիշում եմ այդ պահը, որովհետև մանուշակագույն արջուկի մասին մտածելիս մինչև հիմա ծանրություն եմ զգում կոկորդումս), ամեն անգամ սպասում էի, որ հարբած գար տուն, և երբ դա տեղի ունեցավ, իմ ողջ վրեժխնդրությամբ սանդուղքից հրեցի նրան։
Մարդիկ այնքան չեն տպավորում ինձ, որքան իրերը, և չնայած բազմիցս փորձել եմ որևէ կնոջ իսկապես սիրել, չի ստացվել։ Դրա փոխարեն առարկաներն են գրավում ինձ իրենց հավասար գծերով և ապահովության, հավատարմության այն զգացմամբ, որ ճառագում են։ Նորմալ տղամարդ եմ և հասկանում եմ, որ իրերին սիրահարվելու սովորությունս անառողջ է։ Ամեն կերպ փորձել եմ կառավարել ինձ։ Բայց առարկաներն ավելի ուժեղ են, քան մարդիկ, չեն անհետանում մարդկանց նման, և իրենց միասնականության մեջ մեզնից ուժեղ են։
Հրաշալի հիշում եմ՝ ինչպես սկսեցի սպիտակ դաշնամուր նվագել, և ինչպես էի ջանում չտեսնել այն, հեռու մնալ դրանից։ Բայց ամեն ինչ իմ դեմ էր։ Թվում էր, թե սպիտակ դաշնամուրը ամեն տեսակ միջոց էր փնտրում՝ ինձ գայթակղելու համար, ճիշտ այնպես, ինչպես թեթևաբարո կինը։ Միշտ ցանկացել եմ դաշնամուր ունենալ։ Այն պահից ի վեր, երբ սովորեցի նվագել։ Փորձերի երկար ժամերի ընթացքում, երբ մատներիս ծայրերը թմրում էին, և նույն երաժշտությունն այնքան էր կրկնվում, որ վերանում էր ականջներումս, դաշնամուրի հետ մենակ էինք մնում, ստեղները նրբորեն հրում էին հիվանդ մատներս՝ կարեկից լինելով դրանց տառապանքներին։ Այդ ժամանակից ի վեր ներսումս չափազանց մեծ սեր է ձևավորվել դաշնամուրների հանդեպ։ Այն աստիճան, որ մյուս առարկաները, որոնք առաջ գրավում էին ուշադրությունս, կամաց-կամաց դադարեցին ինձ վրա տպավորություն գործելուց, և միայն դաշնամուրներն էին լցնում կյանքս իրենց նրբին և մաքուր գծերով ու ստեղների անսահման քնքշությամբ։
Եռանդագին երազում էի դաշնամուր ունենալ, բայց միևնույն ժամանակ վախենում էի չափից ավելի սիրահարվելուց այն մեկին, որին կընտրեի, և այնքան ուժեղ դրան համակրելուց, մինչև կգար մի պահ, որ ինձ համար անհնար կլիներ մեկ ուրիշը նվագել։ Վախենում էի, որ իմ սերը միայն մեկ յուրահատուկ դաշնամուրի մեջ մարմնացում կգտներ։ Բազմիցս պատահել է, որ համերգի ժամանակ այնքան եմ սիրել այն դաշնամուրը, որը նվագում էի, որ ստիպված են եղել ուժով հեռացնել ինձ դրանից․ իջեցնում էին վարագույրը և գրեթե քարշ տալիս բեմի վրայից, մինչ հանդիսատեսը, որը ոչինչ չէր հասկանում և հաճույքով վայելում էր համերգը, որն արդեն երեք կամ չորս ժամ շարունակվում էր, բողոքում էր։ Համերգից առաջ երբեք չեմ նայում դաշնամուրը, նույնիսկ թատրոն չեմ գնում, և այդ պատճառով երբ բեմ եմ դուրս գալիս և կենտրոնում դրված տեսնում այն՝ իր՝ ագռավի պես օդ բարձրացված թևով, ուղիղ բարակ ոտքերով ու անծայրածիր ստեղնաշարով, չեմ կարողանում հաղթահարել դրան մոտենալու և մատներով շոյելու ահեղ ցանկությունը։ Դա այն էր, ինչի մասին մտածում էի հանդերձարանում հագնվելիս՝ հնարավորինս ձգձգելով հանդիպումը, հազար եղանակ էի երևակայում և իրագործում մտքումս, հենց այնպես էի պատկերացնում, ինչպես որ հետո կատարվում էր։
Նախկինում (մինչև հիմա էլ) պատահում էր այնպես, որ համերգներս ամիսներով նույն թատրոնում էին տեղի ունենում։ Դա լինում էր այն դեպքում, երբ ինչ-որ մտերմիկ դետալ էի բացահայտում տվյալ թատրոնի դաշնամուրի մեջ, և իմ ու դաշնամուրի միջև սեր էր ծնվում, որը գաղտնիքի փոխանակումից հետո է ծագում։ Բայց այդ ամենը կատարվում էր մինչև այն պահը, երբ նա բացահայտեց այն, ինչ ոչ ոք չէր բացահայտել, և այն, ինչն ինձ նման տաղանդ ունեցող արվեստագետներին են վերագրում, և կարգադրեց, որպեսզի մեկից ավելի համերգ չտայի նույն թատրոնում և նույն դաշնամուրով։ Այնուամենայնիվ, սպիտակ դաշնամուրի համար ծանոթացա նրա հետ։ Եթե այն չլիներ, չէի տեղափոխվի նրա տուն։ Չպետք է անեի դա։ Հիմա զղջում եմ։ Բայց սպիտակ դաշնամուրն այնպե՜ս էր հրապուրում ինձ։
Երբ առաջին անգամ այդ տուն մտա և անկյունում տեսա այն՝ լքված, ինչպես մեծ, սպիտակ և տխուր կենդանի, հասկացա, որ անմիջապես պետք է գնամ այդտեղից և այլևս չպետք է վերադառնամ այդ տուն․ դա այն դաշնամուրն էր, որին սպասում էի, որի պատճառով չէի ցանկանում ուրիշին տրվել, ամենասպասվածն ու ամենացանկալին բոլոր այն դաշնամուրներից, որոնք նվագում էի իմ համերգներին։ Բայց նա ինձ ստիպում էր գալ, ամեն օր հրավիրում էր ինձ ու ստիպում երկար ժամեր անցկացնել սպիտակ դաշնամուրի փոքրիկ սենյակում՝ ինքն՝ առջևումս, դաշնամուրը՝ մեջքիս հետևում։ Գիտեի՝ գալու էր մի օր, որ այլևս չէի կարողանալու դիմակայել այդ իրավիճակին, և կանխամտածված նպատակ դրեցի իմ առաջ՝ հնարավորինս շատ ուշադրություն դարձնել սպիտակ դաշնամուրին։ Անվերջ հրաժարվում էի դրան դիպչելուց։ Նախապատվությունս տալիս էի մեկ ուրիշին՝ հյուրասենյակի հին և տգեղ դաշնամուրին։ Երբ կարողանում էի փախչել ինձ շրջապատող մարդկանցից, որ խնջույքների ժամանակ, որոնք նա էր կազմակերպում ինձ համար, խնդրում էին ինձ նվագել, և երբ գոհացնում էի նրանց, սպիտակ դաշնամուրի փոքրիկ սենյակ էի սողոսկում ու մթության մեջ նայում դրան՝ մոխրասպիտակավուն ճերմակությանը, և ներողություն խնդրում ցանկություններս հյուրասենյակի անճոռնի դաշնամուրի հետ բավարարելու համար, մինչ այն կանգնած էր իր անկյունում՝ մաքուր, սպիտակ և լուռ։
Այժմ մտածում եմ՝ արդյոք այդ ամենը նա էր սառնասրտորեն պլանավորել։ Եթե նա չլիներ, ո՞վ պետք է ծեր խնամախոսուհու նման բոլոր մանրամասներով կազմակերպեր այդ ամենը, որպեսզի սիրահարվեի սպիտակ դաշնամուրին։ Իհա՛րկե, նա երբեք չի խնդրել ինձ նվագել այն, և տանը ավելի հաճելի սենյակ չկար քան այդ մեկը, որտեղ միշտ ընդունում էր ինձ։ Բացի այդ՝ երբեք ո՛չ հիշատակել է այն, ո՛չ պատմել դրա պատմությունը, ո՛չ էլ գովաբանել դրա փայտերի ճերմակությունը։ Երբեք չի խոսել սպիտակ դաշնամուրի մասին։ Հենց այդ լռությունն է, որ ստիպում է կարծել, թե այդ ամենը հաշվարկված ու կանխամտածված է եղել։
Այսպես եղավ․ այդ օրը սովորականի պես եկա, բայց նա դուրս էր եկել։ Երբ Էմման մենակ թողեց ինձ սենյակում, զարմացած նկատեցի, որ սպիտակ դաշնամուրը բացված է՝ առաջարկելով ինձ իր կուսական ստեղնաշարը, չկարողացա զսպել ինձ և նստեցի նվագելու։ Չգիտեմ՝ որքան ժամանակ անցավ։ Նա եկած պետք է լիներ, մինչ ես նվագում էի։ Բայց երբ Էմման եկավ ինձ տեղեկացնելու, որ տիկինը վերևում ինձ է սպասում, գիշերն արդեն սենյակ էր ներխուժել, և սպիտակ դաշնամուրն ուրվականի էր նմանվել իր անկյունում․ հնչում ու հնչում էր մատներիս վերջին ռեզոնանսների[1] ներքո։ Նա ոչ մի բառ չասաց։ Դաշնամուրը փակեցի փոքրիկ բանալիով, որը դրված էր աթոռին, և պահեցի այն։
Սպիտակ դաշնամուրի միակ սեփականատերն էի, կամ էլ նա էր իմ միակ սեփականատերը, չէի կարող ասել։ Նա հասկացավ, ստիպված էր հասկանալու, որովհետև երեք օր անց հետաձգեցի բոլոր համերգներս և տեղափոխվեցի նրա հետ ապրելու։ Հիմա եմ հասկանում, որ վաղուց էր հասկացել և ամեն ինչ պլանավորել այնպես, ինչպես տեղի ունեցավ։ Երբ սկսեց պնդել, որ կարճ շրջագայություններիս ժամանակ տանը թողնեմ այն, շատ անհանգստացա։ Վճռեցի չգնալ, որովհետև նախապես զգում էի նրա մտադրությունները։ Սկզբում վախի աղոտ զգացում ունեի, բայց տարբեր մանրամասնություններ համադրելով՝ հասկանում էի, թե ինչին էր ձգտում․ վախենում և միևնույն ժամանակ ատում էի նրան։
Սպիտակ դաշնամուրը նվագելու անսահման հաճույքից էի զրկում ինձ, որպեսզի չտեսներ ու չլսեր այն, որովհետև արդեն համոզված էի, որ այնքան ուժգին է ատում այն, որքան ես սիրում էի։ Չէի ուզում այն տանը թողնել։ Համերգը, որ պետք է տայի անցյալ երեկո, երկար շրջագայության սկիզբն էր դառնալու, և բժիշկը պնդում էր, որ շրջագայությունների վազվզոցը կվատթարացներ դրա վիճակը։ Գիտեի՝ ինչ էր լինելու, դրա համար այսօր վերադարձա։ Դրա համար չէի կարողանում անցյալ երեկո նվագել։
Այդ փոքրիկ սենյակը մութ և լուռ թունելի է նման։ Առանց սպիտակ դաշնամուրի և այն սև դատարկությամբ, որտեղ այնքան պակասում է այն, և նա՝ ջինջ աչքերով և այդպիսի մեծ փորով, որն առաջ չէի նկատում․ փոքրիկ սենյակը թունելի է նման։
[1] Անդրադարձման միջոցով հնչյունը ուժեղացնելու և ձգելու հատկություն։
Իսպաներենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Hits: 3871