Թոմաս Հարդի․ Միջադեպ Ջորջ Քրուքհիլի կյանքից

 

 

- Մի օր, - շարունակեց գործավարը, - Ջորջը, իր խղճուկ ձին հեծած, դանդաղ դուրս էր գալիս Մելչեսթերից, որտեղ տոնավաճառը նոր էր ավարտվել, երբ տեսավ նույն ուղղությամբ վարգող գեղեցիկ արտաքինով մի երիտասարդ ֆերմերի: Նա նստած էր ուժեղ ու գեղեցիկ մի ձիու վրա, որ կարժենար հիսուն գվինեա: Բիսեթի բլուրը բարձրանալիս Ջորջը որոշեց հասնել երիտասարդ ֆերմերին։ Օրվա մնացյալ մասը նրանք միասին անցկացրին։ Ջորջը խոսեց ճանապարհների վիճակի մասին և վարգելով անծանոթ հեծյալի կողքին՝ ընկերական զրույցի բռնվեց: Սկզբում ֆերմերն այդքան էլ հակված չէր Ջորջին շատ բան պատմել, բայց աստիճանաբար նա էլ բավականին սիրալիր դարձավ։ Նա Քրուքհիլին ասաց, որ գործերով Մելչեսթերի տոնավաճառում էր, իսկ այժմ գնում է Շոթսֆորդ-Ֆորում, որպեսզի վաղը հասնի Քեսթրբրիջի շուկա։ Երբ նրանք հասան Վուդիաթս պանդոկ, կանգնեցին՝ իրենց ձիերին կերակրելու և մինչև ճամփա կընկնեին, որոշեցին մի-մի բաժակ խմել, որն էլ ավելի մտերմացրեց իրենց: Բայց Շոթսֆորդ չհասած՝ անձրևեց։ Այդ ժամանակ նրանք անցնում էին Տրանտրիջ գյուղի միջով։ Բավականին մութ էր․ Ջորջը համոզեց երիտասարդ ֆերմերին այդ գիշեր այլևս չշարունակել ճանապարհը, քանի որ անձրևի տակ հնարավոր էր մրսեին: Նա լսել էր, որ այստեղի փոքրիկ պանդոկը հարմարավետ է և ցանկանում էր գիշերել այդտեղ։ Վերջապես, երիտասարդ ֆերմերը նույնպես համաձայնեց մնալ այդտեղ։ Նրանք իջան ձիերից, մտան պանդոկ, միասին ընթրեցին ու զրուցեցին իրենց գործերի մասին, այնպես ասես երկար ժամանակ է ճանաչում են իրար ու վստահում։ Իսկ արդեն հանգստի ժամին բարձրացան վերև։ Ջորջ Քրուքհիլը տանտիրոջից ուզեց մի երկսենյականոց համար․ արդեն այդչափ ընկերացել էին:

Քնելուց առաջ սենյակից սենյակ զրուցում էին ամենատարբեր բաների մասին, և վերջապես զրույցը հասավ նրան, թե ինչպես է պատահում, որ մարդիկ, ինչ-ինչ նպատակներից ելնելով, ծպտվում են ուրիշի հագուստների տակ: Ֆերմերը Ջորջին ասաց, որ հաճախ է լսել պատմություններ այն մասին, երբ մարդիկ նման բաներ են անում, բայց Քրուքհիլը ձևացրեց, թե անտեղյակ է այդ հնարքներից։ Շուտով ֆերմերը քուն մտավ։

Վաղ առավոտյան, երբ դեռ բարձրահասակ երիտասարդ ֆերմերը քնած էր (ես պատմում եմ այնպես, ինչպես լսել եմ), «ազնիվ» Ջորջը գաղտագողի վեր կացավ անկողնուց և հագավ ֆերմերի հագուստը։ Դե իսկ հագուստի գրպաններում ֆերմերի փողերն էին։ Ջորջը միայն ուզում էր ֆերմերի գեղեցիկ շորերն ու ձին, քանի որ տոնավաճառում նա մի կասկածելի գործ էր բռնել և նախընտրում էր անճանաչելի մնալ։ Նրա ցանկություններն էլ սահմաններ ունեին․ նա իր երիտասարդ ընկերոջ փողերը չէր ուզում, ամեն դեպքում ոչ ավելին, քան անհրաժեշտ էր հաշիվը վճարելու համար: Նա վերցրեց անհրաժեշտ գումարն ու դրամապանակը թողնելով սեղանի վրա՝ իջավ ներքև: Պանդոկի աշխատողներն առանձնապես ուշադրություն չէին դարձրել իրենց հաճախորդների դեմքերին, իսկ այդ ժամին արթուն մեկ-երկուսը չէին էլ կասկածում, որ Ջորջը ֆերմերն էր: Եվ երբ նա, առատաձեռնորեն վճարելով հաշիվը, հայտնեց իր գնալու մասին, ոչ մի առարկություն չեղավ, որ նա թամբի ֆերմերի ձին ու գնա:

Մոտ մեկուկես ժամ անց երիտասարդ ֆերմերն արթնացավ և նայելով շուրջբոլորը՝ տեսավ, որ իր ընկեր Ջորջը հագել է իր հագուստն ու գնացել՝ իրեն թողնելով մաշված հագուստը: Բայց փոխանակ աղմուկ բարձրացնելու՝ նա նստեց ու մի պահ խորասուզվեց մտքերի մեջ․ «Փողերը, փողերը չկան,-մտածեց ինքն իրեն,- իսկ դա վատ է, ինչքան, որ վատն է այս հագուստը»։

Հետո նայեց սեղանի վրա ու տեսավ փողերը կամ, կարելի է ասել, դրանց մեծ մասը, որ դրված էր այդտեղ։

- Հա՜, հա՜, հա՜, - ծիծաղեց նա և սկսեց սենյակով մեկ պարել: - Հա՜, հա՜, հա՜, - նա կրկնեց ու սիրալիր ժպտաց սափրվելու համար նախատեսված հայելու, այնուհետև բրոնզե մոմակալի մեջ երևացող իր արտացոլանքին։ Հետո ձեռքերն այնպես թափահարեց, ասես սրով վարժանքներ աներ ու շրջան գծեր:

Հետո հագավ Ջորջի հագուստն ու իջավ ներքև՝ կարծես ընդհանրապես դեմ չլինելով, որ իրեն ուրիշի տեղը դնեն։ Նույնիսկ չբարձրաձայնեց, երբ տեսավ, որ իր լավ ձիու փոխարեն իրեն մնացել է այդ վատ ձին։ Սպասավորներն ասացին, որ իր ընկերը վճարել է գիշերակացի համար։ Ձևացրեց, թե շատ ուրախ է և չսպասելով նախաճաշին՝ նստեց Ջորջի ձին ու գնաց ոչ թե գլխավոր մայրուղիով, այլ մոտակա նեղ արահետով՝ առանց կռահելու, որ Ջորջը ևս ընտրել էր այդ արահետը:

Հազիվ երկու մղոն էր անցել Ջորջ Քրուքհիլի կերպարանքով, երբ հանկարծ, շրջվելով դեպի ծառուղի տանող ոլորանը, գյուղում հանդիպեց մի մարդու, որ պայքարում էր երկու ոստիկանի դեմ: Պարզվեց՝ դա իր ընկեր Ջորջն էր, որ վերցրել էր իր հագուստն ու ձին։ Բայց երիտասարդ ֆերմերը բացարձակ ցանկություն չուներ նետվել առաջ ու պահանջել իր ունեցվածքը։ Նա նույնիսկ այս խեղճ ձիով պատրաստ էր մտնել մոտակա անտառը, եթե նրան դեռ նկատած չլինեին:

- Օգնեցե՛ք, օգնեցե՛ք,-գոռում էին ոստիկանները,-թագավորի անունից պահանջում ենք օգնություն։

Երիտասարդ ֆերմերին այլ բան չէր մնում, քան առաջ գնալ։

- Ի՞նչ է պատահել,- հնարավորինս սառնասրտորեն հարցրեց նա։

- Սա դասալիք է,- ասացին նրանք,- նրան պետք է դատեն ու գնդակահարեն՝ առանց խղճահարության։ Նա մի քանի օր առաջ փախել է Չելթենհեմի դրագունյան գնդից, նրան հետևել են, բայց ոչ մի տեղ չեն կարողացել գտնել։ Մենք էլ ասացինք, որ եթե տեսնենք նրան, ապա անմիջապես կբռնենք ու կհանձնենք: Զորանոցը լքելու հաջորդ օրը այս սրիկան հանդիպել է մի հարգարժան ֆերմերի, հարբեցրել նրան ինչ-որ պանդոկում և ասել, թե լավ զինվոր դուրս կգար նրանից։ Հետո համոզել է փոխել հագուստը, որպեսզի տեսնի, թե ինչքան է սազում այդ ֆերմերին զինվորական համազգեստը: Պարզամիտ ֆերմերն էլ համաձայնել է ու փոխվել։ Այս դասալիքն էլ ասել է՝ իբր կատակի համար նա կգնա պանդոկի տիրոջ մոտ՝ տեսնելու արդյոք նա կճանաչի իրեն այդ հագուստով։ Գնացել ու այլևս չի վերադարձել, իսկ ֆերմեր Ջոլիսը մնացել է զինվորական հագուստով։ Սրիկան հետը տարել է նաև փողը: Եվ երբ ֆերմերը գնացել է ձիանոց, պարզվել է՝ ձին էլ չկա:

- Ինչպիսի՜ սրիկայություն,- ասաց Ջորջի հագուստով ֆերմերը,- և սա այդ խարդա՞խն է,- ավելացրեց նա՝ մատնանշելով Ջորջին։

- Ո՛չ, ո՛չ,- գոռաց Ջորջը, որ այնքան էր տեղյակ դասալիքի պատմությունից, որքան անմեղ նորածինը,- նա է այդ մարդը, նա է հագել ֆերմեր Ջոլիսի հագուստը և քնել է ինձ հետ նույն սենյակում։ Նա միտումնավոր խոսք գցեց հագուստները փոխելու մասին ու գլուխս մտցրեց այդ գաղափարը։ Ես հագա նրա հագուստը, մինչ նա քնած էր։ Նա հիմա իմ հագուստով է։

- Լսեցի՞ք այս սրիկային,- ձայնը բարձրացրացնելով՝ ասաց բարձրահասակ մարդը ոստիկաններին,- փորձում է առաջին պատահած անմեղ մարդու վրա բարդել իր մեղքը։ Ո՛չ, պարո՛ն զինվորական, դա ձեզ չի հաջողվի։

- Ո՛չ, ո՛չ, հանգի՛ստ եղեք,- միջամտեցին ոստիկանները,- անամոթություն է նման բան ասելը, երբ մենք համարյա գործի վրա բռնեցինք նրան: Փառք Աստծո, նույնիսկ ձեռնաշղթաներ ենք հագցրել:

- Դե, փառք Աստծո,- ասաց բարձրահասակ երիտասարդը,- լա՛վ, ես արդեն պետք է գնամ։ Հաջողություն ձեզ ձեր բանտարկյալի հետ։

Նա գնաց այնքան արագ, ինչքան արագ կարող էր վարգել իր խեղճ ձին։

Միևնույն ժամանակ ոստիկանները, երկու կողմից վերահսկելով շղթայված Ջորջին, նրա ձիու սանձը բռնելով, շարժվեցին հակառակ ուղղությամբ՝ դեպի այն գյուղը, որտեղ նրանց էր մոտեցել դասալիքի որոնման համար ուղարկված զինվորների ջոկատը։

- Ինձ կգնդակահարեն, կգնդակահարեն,- հառաչեց Ջորջը։

Դեռ մի մղոն էլ չէին անցել, երբ հանդիպեցին։

- Հե՜յ, բարև,- ասաց գլխավոր ոստիկանը։

- Բարև,- ասաց ջոկատը ղեկավարող կապրալը,-գտա՞ք։

- Ահա, այստեղ է,- ասաց ոստիկանը,- երևի համազգեստով չէ, չճանաչեցիք։
Կապրալը ուշադիր նայեց Ջորջին, հետո տարուբերեց գլուխն ու ասաց, որ դա դասալիքը չէ։

- Բայց դասալիքը փոխել էր իր հագուստը ֆերմեր Ջոլիսի հագուստի հետ և վերցրել էր նրա ձին, և ահա այս մարդն է այդ հագուստով։

- Սա մեր փնտրած մարդը չէ,- ասացին զինվորները,- մեր ուզածը զինվորական կեցվածքով, բարձրահասակ երիտասարդ է՝ աջ այտին խալ, ինչը բացահայտորեն չունի այս մարդը։

- Ես այս սպաներին ասացի, որ դա ես չեմ,- միջամտեց Ջորջը,- բայց նրանք չհավատացին ինձ։

Եվ այսպիսով՝ պարզ դարձավ, որ փախուստի դիմածը այն բարձրահասակ ֆերմերն էր, ոչ թե Ջորջ Քրուքհիլը։ Այդ փաստը հաստատեց նաև ֆերմեր Ջոլիսը, երբ ժամանեց դեպքի վայր։ Եվ քանի որ Ջորջը գողից էր գողացել, նրա պատիժը համեմատաբար թեթև եղավ։

Դրագունների դասալիքին այդպես էլ չգտան։ Հագուստի կրկնակի փոխելը նրան փախչելիս առավելություն է տվել: Չնայած մի քանի մղոն անցնելուց հետո նա Ջորջի ձին թողել էր ճանապարհին՝ այն համարելով ավելի շատ խոչընդոտ, քան օգնություն:

 

* * * * *
Արտերկրից ժամանած մարդուն կարծես թե շատ ավելի հետաքրքրում էին Լոնգփադլի սովորական բնակիչներն ու առօրյա իրադարձությունները, քան կասկածելի հերոսներն ու նրանց տարօրինակ արկածները, մինչդեռ նրա հետ ճանապարհորդողները նախընտրում էին վերջինը՝ որպես լայն քննարկման առարկա: Եվ միայն այժմ նա առաջին անգամ հարցրեց հակառակ սեռի երիտասարդների մասին, ավելի ճիշտ նրանց, ովքեր երիտասարդ էին, երբ նա լքեց իր հայրենի երկիրը: Իսկ տեղեկատուները, հավատարիմ մնալով իրենց սեփական կարծիքին, որ ուշագրավն ավելի արժանի է պատմելու, քան սովորականը, թույլ չեն տա նրան խոսել այն մարդկանց պարզ ժամանակագրությունների մասին, որոնք պարզապես եկել ու գնացել էին: Նրանք հարցրեցին նրան՝ արդյոք հիշում է Նեթի Սերջենթին։

-Նեթի Սերջե՞նթ։ Այո՛, իհարկե, հիշում եմ։ Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, նա երիտասարդ կին էր, որն ապրում էր իր քեռու հետ, երբ ես գնացի։

-Նա սպասուհի էր, և եթե կուզեք իմանաք, սը՛ր, շատ տարօրինակն էր։ Նրանից վնաս չկար, բայց անկանխատեսելի էր։ Դուք միայն պետք է լսեք այն պատմությունը, թե ինչպես է նա իր տան վարձակալության ժամկետը երկարացրել, չէ՞, պարո՛ն Դեյ։

-Իհա՛րկե, պետք է,- պատասխանեց աշխարհի կողմից անտեսված ծեր նկարիչը։

-Պատմե՛ք նրան, պարո՛ն Դեյ․ ոչ ոք ձեզանից լավ չի կարող, դուք իրավական մասը ավելի լավ գիտեք, քան մեզանից ոմանք:

-Թերևս,- արդարանալով ասաց Դեյն ու սկսեց․․․

 

 

 

Անգլերենից թարգմանեց Արմինե Մուրադյանը

  • Hits: 2852

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: