Մահբոդ Սերաջին իրանական սփյուռքի նշանավոր դեմքերից է։ Նրան մեծ հռչակ է բերել իր առաջին վեպը՝ «Թեհրանի տանիքները», որը թարգմանվել է շուրջ մեկ տասնյակ լեզուներով, իսկ շատ շուտով լույս կտեսնի նաև վեպի հայերեն թարգմանությունը «Դարակ» հրատարակչության կողմից։ Հեղինակն այժմ ապրում է Սան Ֆրանցիսկոյում և աշխատում իր երկրորդ վեպի վրա։

Ձեզ ենք ներկայացնում մեկ հատված նրա «Թեհրանի տանիքները» վեպի հայերեն թարգմանությունից։

 

1973 թ., ամառ
Թեհրան

 


Իմ ընկերները, ընտանիքն ու թաղամասը


Թեհրանում սովորություն է ամռանը քնել տանիքներին: Օրվա տապը զովանում է կեսգիշերն անց, և նրանք, ովքեր քնած են տանիքներին, արթնանում են՝ արևը դեմքներին, թարմ օդը՝ թոքերում: Մայրս կտրականապես դեմ է այդ ամենին և ամեն երեկո ինձ հիշեցնում է, թե «Տարեկան հարյուրավոր մարդիկ են ընկնում տանիքներից»: Լսելով մայրիկի նախազգուշացումները՝ ես ու իմ լավագույն ընկեր Ահմեդը ծիծաղում ենք քթներիս տակ, հետո աստիճաններով բարձրանում ենք վեր՝ գիշերելու աստղերի տակ, որոնք դիպչելու չափ մոտ են թվում: Ներքևում պողոտան վերածվում է փողոցային լույսերի, ստվերների ու հնչյունների մի խճանկարի: Ամայի փողոցով զգուշորեն մի մեքենա է ընթանում՝ փորձելով չարթնացնել որևէ մեկին, ինչպես թափառական շունը, որ ինքն իրեն հաչում է հեռվում:

 - Աչքիս մայրդ է ձայն տալիս,- մթության մեջ մռթմռթում է Ահմեդը: Ես ժպտում եմ՝ փորձելով նրան կսմթել, որից նա առանց որևէ ջանքի մի կողմ է շրջվում:

Մեր տունը շրջակայքում ամենաբարձրն է, ինչը մեր տանիքը դարձնում է հիանալի դիտակետ: Մեր ամենասիրելի զբաղմունքներից մեկը աստղերը մեր ընկերների ու սիրելիների անուններով անվանելն է:

- Բոլորն էլ ունե՞ն իրենց աստղը,- հարցնում է Ահմեդը:

- Միայն լավ մարդիկ:

- Եվ ինչքան դու լավն ես, աստղդ այդքան մե՞ծ է:         

- Մեծ ու պայծառ ,- ասում եմ ամեն անգամ, երբ նա տալիս է միևնույն հարցը:

- Եվ ա՞ստղդ է քեզ ուղղորդում, երբ փորձանքի մեջ ես:

- Քո ու քո սիրելիների աստղը:

Ահմեդը փակում է մի աչքը, բարձրացնում բութ մատը՝ փակելով պայծառ աստղերից մեկը և ասում.

- Հոգնեցի նայել քո մեծ, չաղ երեսին:

- Սսկվի՛ր ու քնի՛ր,- ասում եմ ես, ծիծաղում՝ թողնելով, որ հայացքս հանգստանա պայծառ լուսահատիկների թավշյա տարածության վրա: Աչքերս ճամփորդում են երկինքն ի վար, և տեսնում եմ Ալբորզ լեռնաշղթայի՝ ինձ ծանոթ ուրվագծերն ու լեռնագագաթները, որ անապատից ձգվում են մինչև կապտականաչ Կասպից ծովը: Մի պահ շեղվում եմ՝ փորձելով հասկանալ՝ մթությունը սև է, թե այնքան մուգ կապույտ, որ համեմատաբար թանաքագույն է թվում:

- Հետաքրքիր է՝ մարդիկ ինչու են անամոթաբար վախենում մթությունից,- մտմտում եմ ես, իսկ Ահմեդը քրքջում է: Անկասկած գիտեմ, որ նրան զվարճացնում է իմ յուրահատուկ բառապաշարը՝ վաղ տարիքից սկսած ընթերցանությանս պտուղը: Մի անգամ, երբ մեր բարեկամներն ու ընկերները հավաքվել էին, հայրս կանչեց ինձ ու Ահմեդին և ինձ հարցրեց, թե ինչ է կյանքը: Ես առանց վարանելու ասացի, որ կյանքը իրար հաջորդող գեղեցիկ պատահականությունների մի շղթա է, որոնք ոչ այդքան ամուր են կապված բնավորությունների ու ժամանակի թելով: Հորս ընկերները ծափահարեցին, որից ես շիկնեցի: Ահմեդը, դառնալով ինձ, շշնջաց, որ շուտով ինձ հանդիսավոր կերպով կճանաչեն աշխարհի ամենաիմաստուն տասնյոթամյա պատանին, հատկապես, եթե շարունակեմ ասել այնպիսի բառեր, ինչպիսիք են «անամոթաբար»-ը և «գեղեցիկ պատահականություններ»-ը:

Ես ու Ահմեդը նոր-նոր ենք ավարտել տասնմեկերորդ դասարանը և աշնանը կգնանք ավարտական դասարան: Ես սրտատրոփ սպասում եմ միջին դպրոցն ավարտելուն ու տասնյոթ ամյակիս, բայց իմ ցանկությունները բախվում են հորս նպատակներին. նա ուզում է ինձ ուղարկել Միացյալ Նահանգներ՝ քաղաքաշինություն սովորելու: Տարիներ առաջ հայրս անտառապահ է եղել՝ պահպանելով ազգային անտառները անտառահատներից, որոնք իրենց անձնական շահի համար ապօրինի ծառահատումներ էին իրականացնում: Այժմ նա աշխատում է մի ընկերությունում, ղեկավարում է մի ամբողջ շրջան՝ իրեն ենթակա անտառապահների բանակով:  

- Ինժեներներն Իրանին խիստ անհրաժեշտ են,- ամեն պատեհ առիթով հիշեցնում է ինձ հայրիկը,- մենք զարգացման շեմին ենք՝ ավանդական գյուղատնտեսական երկրից անցում կատարելով արդյունաբերականի: Ամերիկյան համալսարանում քաղաքաշինություն սովորած մարդը իրեն ու իր ընտանիքին կապահովի մեծ ապագայով` դրան գումարած նաև այն, որ կվայելի փառքը՝ ցմահ կոչվելու «պարոն ինժեներ»: Ես սիրում եմ հորս ու երբեք նրան չեմ հակառակվում, բայց և ատում եմ մաթեմատիկան, ատում եմ ինժեներ դառնալու գաղափարը և կատեմ նաև «պարոն ինժեներ» կոչվելը: Իմ երազներում ես մասնագիտանում եմ գրականության ոլորտում և ուսումնասիրում հին հունական փիլիսոփայություն, էվոլյուցիա, մարքսիզմ, հոգեվերլուծություն, էրֆան[1] ու բուդդիզմ: Կամ մասնագիտանում եմ ֆիլմերում և դառնում սցենարիստ կամ ռեժիսոր. մեկը, ով ունի իր ասելիքը:   
 Ես ապրում եմ ծնողներիս հետ միջին խավի մի թաղամասում: Ունենք իրանական սովորական տուն՝ համեստ պարտեզով, մեծ հյուրասենյակով և հոուզով՝ պարտեզի դիմացի փոքրիկ ջրավազանով: Մեր թաղամասում, ինչպես Թեհրանի ցանկացած վայրում, բարձր պատերն առանձնացնում են իրար կպած տները: Մեր տունը եռահարկ է, որից միայն երկուսն են ավարտուն տեսքով, իսկ իմ սենյակը զբաղեցնում է երրորդ հարկի մի փոքր հատված, որտեղ մեծ պատշգամբը պողպատե հսկայական աստիճաններով միացված է տանիքին: Մեր տունը թաղամասում ամենաբարձրն է և ունի հարավային դիրք:

- Եթե ինձ հենց էնպես էլ հյուսիսային դիրքով տուն տան, էնտեղ չեմ ապրի,- բազմիցս ասում է մայրս:

- Դրանք արև չեն առնում: Այդ պատճառով էլ մանրէները բազմանում են:

Մայրս այդպես էլ չի ավարտել ավագ դպրոցը, սակայն բժշկական խնդիրների մասին խոսում է այնպես, ինչպես Հարվարդի շրջանավարտը: Յուրաքանչյուր հիվանդության դեպքում նա ունի մի դեղամիջոց. բուսական թեյ՝ բուժելու ընկճախտը, ուղտափշի լուծույթ՝ փշրելու երիկամի քարերը, ծաղկափոշիներ՝ անցկացնելու հարբուխը, չոր տերևներ, որ վերացնում են պզուկները, և դեղահաբեր, որ ծառի չափ աճ են տալիս. մինչդեռ առանց կոշիկի մայրիկիս հասակը մեկ ու կես մետրի հազիվ է հասնում:

Ամառային յուրաքանչյուր գիշերվա անդորրը վերանում է առավոտյան աղմուկ-աղաղակով իրենց օրը սկսող ընտանիքների հետ, իսկ տարբեր տարիքի երեխաներ լցվում են մեր թաղ: Տղաները գոռում-գոչում են, հետևներից քարշ տալիս էժան, պլաստիկե գնդակներ, իսկ աղջիկները գնում են տնից տուն՝ զբաղվելով աղջկական գործերով: Կանայք խմբվում են թաղամասի տարբեր հատվածներում, որից էլ կարելի է կռահել՝ ով ում է սիրում: Ահմեդն այս հավաքատեղիները բաժանել է երեք խմբի՝ Արևելյան, Արևմտյան և Կենտրոնական բամբասբյուրոներ:

Ահմեդը բարձրահասակ, նիհար տղա է՝ թուխ մաշկը զարդարող փայլուն ժպիտով: Մորս՝ գիտակի կարծիքով՝ նրա ամրակազմ, վայելչագեղ մարմինը, ամուր ու լայն ծնոտը և պայծառ, խաժ աչքերը առողջ տեսք են հաղորդում նրան: Նա շատ սիրված է մեր թաղում, քանի որ բավական զվարճալի է: Նրան ասում եմ, որ իր աստվածատուր շնորհը լրջորեն օգտագործելու դեպքում  կարող է դառնալ մեծ կատակերգու:

- Հա՜, լուրջ,- պատասխանում է նա,- կարող եմ դառնալ երկրի ամենահայտնի ծաղրածուն: Ահմեդին տասներկու տարեկանից եմ ճանաչում՝ այն ժամանակից, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց այս թաղամաս: Առաջին անգամ հանդիպեցինք դպրոցում, երբ երեք կռվարարներ ծեծում էին ինձ: Բոլոր երեխաները մի կողմի վրա կանգնել ու թամաշա էին անում, բայց Ահմեդը հասավ ինձ օգնության: Տղաները բարձրահասակ էին, խոշորամարմին ու տգեղ, և չնայած մեր հերոսական ջանքերին՝ երկուսս էլ կարգին ծեծ կերանք:

- Ես Փաշան եմ,- կռվից հետո ներկայացա ես:

Ահմեդը ծիծաղեց, ձեռքը մեկնելով՝ ասաց,- ինչի՞ համար էր կռիվը:

- Չգիտե՞ս: Բա ինչո՞ւ ինձ օգնեցիր,- ծիծաղեցի ես:

- Երեքը մեկի դե՞մ: Ես դրան դեմ եմ: Բնականաբար, գիտեի, որ նրանք մեզ ծեծելու են, բայց դա այդքան էլ անարդար չէր, որքան երեքով թափվեն մեկի վրա:

Միանգամից հասկացա, որ Ահմեդն ընդմիշտ լինելու է իմ լավագույն ընկերը: Իր համարձակ ու բարի բնավորությամբ նա միանգամից գրավեց ինձ: Այդ արկածը մեզ կապեց իրար, միևնույն ժամանակ դրդեց հորս՝ բռնցքամարտի նախկին ծանրաքաշ չեմպիոնին, մեզ կռվել սովորեցնել՝ մեծապես շարժելով մորս զայրույթը:

- Դու նրանց բռնություն ես սովորեցնում,- անուղղելի հորս գանգատվում էր նա: Փորձելով ամեն ինչ իր տեղը գցել՝ ամեն երեկո՝ ճաշից հետո, ստիպելով տալիս էր մի բաժակ դեղնավուն  լուծույթ, որ բուրում էր ինչպես ձիու մեզը ամռան տապին, և համոզում էր ինձ,- սա հակադրության մեջ կդնի այն ամենը, ինչ հայրդ է անում քո խառնվածքի հետ,- ստիպելով խմել սրտխառնոց առաջացնող այդ հեղուկը:

Ես սիրում էի բռնցքամարտը, բայց մորս դեղամիջոցն աստիճանաբար ազդում էր այն դադարեցնել:

Պարապմունքներից մի քանի ամիս անց, երբ մեր հարվածները դարձան հատու՝ կարճ, արագ, բայց ծանր, ես սկսեցի երազել դպրոցի երեք կռվարարներից վրեժ լուծելու մասին: Հայրս, թաքուն լսելով վրեժի մեր պլանները, միջամտեց.

 - Պարո՛ն Փաշա, նստի՛ր տեղդ,- պարապմունքից հետո մի օր ասաց նա: Ապա դառնալով Ահմեդին՝ հարցրեց,- կմիանա՞ս մեզ:

- Իհարկե, պարո՛ն Շահեդ,- պատասխանեց Ահմեդը և նստելով իմ կողքին՝ շշնջաց,- աչքիս բաններս բուրդ է, պարո՛ն Փաշա:

- Երբ ինչ-որ մեկը բռնցաքամարտ է սովորում,- մտածկոտ սկսեց հայրիկը,- անդամակցում է բռնցքամարտի եղբայրությանը, որոնք երբեք ձեռք չեն բարձրացնում իրենցից թույլերի վրա:           
Մայրս դադարեցրեց իր անելիքը և եկավ, մռայլադեմ կանգնեց հորս կողքին:

- Բայց, պա՛պ, եթե մենք մեզնից թույլերին չծեծենք, բա էլ ո՞ւմ ծեծենք,- շփոթված հարցրի ես:

-  Իսկ հիմարություն չէ՞ դիտմամբ ընտրել  քեզնից ուժեղ հակառակորդ:       
Հայրս ամեն կերպ փորձում էր չնայել մորս, որ աչքերը պլշել էր նրա վրա, ինչպես ճակատագրական թռիչքից առաջ վագրը՝ եղջերվին:

-Ես ձեզ սովորեցրի՝ ինչպես հարվածել, ուրեմն արդեն ինքներդ ձեզ կարող եք պաշտպանել,- մռթմռթաց հայրս:

- Ես չեմ ուզում, որ դուք կռիվներ փնտրեք:

Ես ու Ահմեդը չէինք կարողանում հավատալ մեր լսածին:

- Ուզում եմ՝ ինձ խոսք տաք, որ մշտապես կհարգեք մեր եղբայրության օրենքները,- համառեց հայրս։

 Մենք երկմտեցինք:

- Ուզում եմ՝ խոսք տաք,- կրկնեց նա՝ բարձրացնելով ձայնը:

Այսպիսով, ես ու Ահմեդը դժկամորեն անդամակցեցինք բռնցքամարտի եղբայրությանը, որոնք երբեք ձեռք չեն բարձրացնում իրենցից թույլերին ծեծող կռվարարների վրա: Իհարկե, այդ ժամանակ գաղափար անգամ չունեինք, որ նման եղբայրություն գոյություն էլ չունի:

- Իրաջի բախտն ուղղակի բերեց, որ հայրդ մեզնից խոստում կորզեց,- ավելի ուշ ասաց Ահմեդը՝ առաջացնելով երկուսիս ծիծաղը:

Իրաջը փոքր-մոքր, փնթի տղա է՝ մեծ, ցցուն քթով, որի արևահարված կաշին նրան հնդիկի տեսք է տալիս: Նա խելացի է, դպրոցում ամենալավ գնահատականներ ստացողը, սիրում է ֆիզիկա ու մաթեմատիկա՝ իմ ամենաատելի երկու առարկաները:

Ես համոզված եմ, որ Իրաջը հավանում է Ահմեդի ավագ քրոջը, քանի որ աչքը չի կարողանում կտրել նրանից, երբ նա թաղամասում է լինում: Բոլորն էլ գիտեն՝ դու չես կարող սիրահարվել ընկերոջդ քրոջը, եթե անգամ այդ աղջիկը մեր հարևանությամբ չապրեր: Եթե Ահմեդի տեղը լինեի ու տեսնեի՝ Իրաջն աչք է դրել քրոջս վրա, մի լավ դաս կտայի նրան: Բայց ես Ահմեդը չեմ:

- Է՜յ, - բղավում է նա՝ ջանալով առանց ժպտալու սպառնալ Իրաջին,- վե՛րջ տուր հետևել նրան, թե չէ բռնցքամարտի եղբայրության համայնքին տված խոստումս կդրժեմ:

- Բռնցքամարտի եղբայրության համա՞յնք,- ժպիտով շշնջացի ես:

- Եղբայրությունն ու համայնքը նույն նշանակությունն ունեմ: Էդ երկու բառերը չպետք է օգտագործես մի նախադասության մեջ:

- Դե ձենդ, է՜,- ծիծաղում է Ահմեդը:

Իրաջը մեր թաղի շախմատի չեմպիոնն է: Նա այնքան լավ է խաղում, որ երբևէ ինչ-որ մեկը չի խիզախում խաղալ նրա դեմ: Երբ մենք փողոցում ֆուտբոլ ենք խաղում, նա ինքն իր հետ շախմատ է խաղում:

- Ո՞վ է հաղթում,- քմծիծաղով հարցնում է Ահմեդը: Իրաջն ուշադրություն չի դարձնում: Հեչ ինքդ քեզ ծեծած կա՞ս,- հարցնում է Ահմեդը:

- Բայց կկարողանայիր, գիտե՞ս, եթե էդքան քեզ կորցրած քրոջովս տարված չլինեիր:

- Ես տարված չեմ քրոջովդ,- ասում է Իրաջը՝ աչքերը ոլորելով:

- Պարզ է,- պատասխանում է Ահմեդը՝ ավելացնելով,- եթե քեզ ծեծելու կարիք զգաս, ինձ տեղյակ պահիր, ուրախությամբ օգտակար կլինեմ:

- Դու գիտես,- բարկացած ասում եմ,- ես կատաղում եմ, երբ տեսնում եմ՝ նա քրոջդ է հետևում, բայց էդքան էլ վատ գաղափար չէ ունենալ շախմատի չեմպիոն փեսա:

- Լեզուդ կծի՛ր,-փնթփնթում է Ահմեդը,- թե չէ կմտնեմ մորդ մառանն ու էնպիսի հեղուկ կսարքեմ, որից լեզվիդ վրա մազեր կաճեն:

Սպառնալիքն ունի իր ուժը՝ հաշվի առնելով, թե ինչպես մայրս, օգտագործելով իր յուրահատուկ հմտությունը և վստահելով իր յոթերորդ զգայարանին, ախտորոշել է ինձ որպես վառ արտահայտված ինտրովերտ։

- Գիտե՞ս՝ ինչ է պատահում այն մարդկանց հետ, որոնք ամեն ինչ պահում են իրենց մեջ,- հարցնում է մայրս՝ առանց սպասելու իմ պատասխանին:

- Նրանք հիվանդանում են:

Երբ ես առարկում եմ, որ ինտրովերտ չեմ, նա ինձ հիշեցնում է, որ չորս տարեկանում ընկել եմ աստիճաններից: Այդ օրը մեր տուն էին եկել իմ երկու հորաքույրները, երկու հորեղբայրներն ու տատիկ-պապիկս, և մայրս ենթադրեց, որ երկու աստիճան ընկնելս տեսնելուց մեր ազգականները պատճառել սրտի երկու կաթված, երեք ինֆարկտ ու մի շարք աննշան հիվանդություններ են ստացել:

- Երեք տեղից կոտրել ես սրունքդ,- կշտամբում է մայրս: - Բժիշկն ասաց՝ այդ կարգի կոտրվածքի դեպքում անգամ լացող տղամարդկանց է տեսել, բայց քեզ՝ ոչ: Գիտե՞ս՝ ինչ սթրեսի տակ ես դնում քո մարմինը:

- Չէ՛:

- Դա քաղցկեղ է առաջացնում: - Այնուհետև երեք անգամ թու-թու-թու արեց՝ կանխելու իր մտածածը:

Որպեսզի բուժի իմ ինտրովերսիան, պնդում է, որ սևորակ ինչ-որ հեղուկ խմեմ, որ բուրում է ինչպես շարժիչի օգտագործված յուղը և նույն տեսքն էլ ունի: Ես տրտնջում եմ, որ նրա դեղի համը գարշելի է, իսկ նա ասում, որ հանգստանամ ու դադարեմ նվնվալ:

- Կարծում եմ՝ էս դեղն ինձ իմ պատյանից դուրս կհանի:

- Լռի՛ր: Նվնվոցդ չի օգնի: Եթե ուզում ես կյանքում հաջողության հասնել, պետք է փորձես էքստրովերտ լինել: Ինտրովերտները վերածվում են միայն բանաստեղծների ու ցնցոտիավոր գրողների:

- Դու մի ասա,- մի օր մտմտում է Ահմեդը,- շարժիչի յուղը քեզ դարձնում է էքստրովերտ, իսկ ձիու մեզն օգնում է վերադառնալ քո պատյանին: Ինչ մայրդ քեզ վրա փորձարկումներ է անում, սկսել ես դառնալ կտցրած մեկը,- ձեռքերն օդում թափահարելով ասում է նա:

               

 

[1] Էրֆան – իսլամական միստիցիզմ։

  

 

Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի                                              
                 

  • Hits: 420

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: