Այգին դատարկ էր։ Երիտասարդ տղամարդը, անցնելով մանրաքարերով սալարկված, ընդարձակ ճանապարհով, հասավ շրջանաձև հրապարակ, որի կենտրոնում մեծ ու ծանծաղ ավազան էր։ Ավազանից փոքր-ինչ հեռու՝ հրապարակին կպած ու այն բոլորող տոսախների մոտ, մի քանի նստարան կար։ Նստեց նստարաններից մեկի վրա, խոր շունչ քաշեց՝ նայելով շուրջբոլորը։ Ավազանի կողքի նստարանները դատարկ էին։ Բոլորը՝ բացի մեկից՝ ճիշտ իր դիմաց՝ ավազանի մյուս կողմում։ Ավազանի կողքն աճած ուռենին փակում էր դիմացը՝ թույլ չտալով տեսնել հանդիպակաց նստարանին նստածին։       

Գլուխը բարձրացրեց՝ նայելով երկնքին։ Աշնան վերջն էր, եղանակը՝ սառն ու թխպոտ։ Ուր որ է անձրև կգար։ Նայեց ժամացույցին։ Ուղիղ մեկ ժամ ուներ։ Գրեթե ամեն օր ճաշին գալիս էր այդ այգի, որը մոտ էր գրասենյակին։ Ուտում էր մոր՝ առավոտյան պատրաստած սանդվիչը, մի քանի էջ գիրք կամ թերթ կարդում, եթե ժամանակ էր լինում, փոքր-ինչ քայլում էր, հետո՝ վերադառնում գրասենյակ։ Ձեռքը տարավ վերարկուի գրպանը՝ սանդվիչը հանելու։ Վերարկուի փեշը ծալվել էր, և ձեռքը չէր մտնում գրպանը։ Վեր կացավ, հանեց առավոտվա թերթն ու սանդվիչը և նորեն նստեց նստարանին։ Այդ պահին երևի մի փոքր քայլ ձախ կամ աջ էր արել, քանի որ ուռենին դիմացն այլևս չէր փակում։ Պոլիէթիլենային տոպրակից հանեց սանդվիչը՝ ջանալով չնայել դիմացի նստարանին։

      
Միշտ այդպես էր։ Ավտոբուսում, մսի կամ հացի հերթի մեջ, հիվանդանոցում կամ կինոթատրոնի հերթում մշտապես նայում էր դիմացի մարդկանց։ Ժամանակը սպանելու համար մի խաղ էր հնարել։ Նայում էր մարդկանց և արտաքինինց ու շարժուձևից փորձում էր կռահել նրանց բնավորությունը։ «Ջղային է»։ «Անլեզու վախկոտ է»։ «Ինքնագոհ է»։ «Նոր-նոր է  ձեռքը փող ընկել»։ Հետո մտքում պատկերացնում էր յուրաքանչյուրի առտնին կյանքը։ Ձուլվում էր նրանց խնդիրներին։ Երջանկանում էր նրանց ուրախություններով, տխրում նրանց դժբախտություններից ու ցավերից։ Այս զբաղմունքը, որ սկզբում ժամանց էր, աստիճանաբար դարձավ անհանգստացնող սովորություն։ Զգաց, որ մտացածին շփումները, մտացածին կյանքն ու ապրումները բացասաբար են ազդում իր իրական կյանքի ու գործողությունների վրա։ Ժամանակ առ ժամանակ բարկանում էր ու տխրում, առանց որևէ պատճառի հանդիմանում էր մորը։ Կողքինների խուսափողական հայացքներից էր միայն հասկանում, որ հիմարավուն ժպիտ կա դեմքին, և երբեմն այնքան էր տրվում նման ցնորքներին, որ ստիպված էր լինում հանդուրժել գործընկերների խայթոցներն ու ղեկավարի նախատինքները։ Ի վերջո, որոշեց վերջ դնել այդ խաղին։   

Ուզում էր ուտել։ Սանդվիչը մոտեցրեց դեմքին, բացեց բերանն ու մի մեծ պատառ կծեց։ Այդ պահին վերջին բանը, որի վրա հայացքը կանգ առավ, հանդիպակաց նստարանն էր։ Մի տղամարդ էր նստած։ Մեկ էլ բերանը բաց մնաց։ Մի քանի վայրկյան անգամ չթարթեց։ Հետո լեզվով շոշափեց ձախ սեղանատամը։ Այս անգամ էլ էր լավ պրծել։ Մայրը սովորություն ուներ կանաչիով ձվածեղի մեջ քարահատիկ թողնել։ Լեզվի ծայրով գտավ հատիկը, գլուխը մի փոքր կախեց ու թքեց։ Անմիջապես հայացք գցեց դիմացի նստարանին։ Հուսով էր՝ տղամարդը չէր նկատել իր թքելը։ Տղամարդը, նստարանին մեկնված, նայում էր երկնքին ու ծխում։ Միջին տարիքի մարդ էր՝ ո՛չ գեր, ո՛չ նիհար։ Շուռ տված օձիքով սվիտեր էր հագել, վրայից էլ՝ զինվորական կոստյում։ Երիտասարդ տղամարդը մի կտոր էլ կծեց՝ առավել զգուշությամբ սկսելով ծամել։       

Աշխատեց չնայել հանդիպակաց նստարանին, բայց կարծես աչքերը չենթարկվեին իրեն։ Հանդիպակաց նստարանի տղամարդը գետնին գցեց ծխախոտի մնացուկը, ոտքերը բացեց իրարից, փոքր-ինչ առաջ կռացավ, արմունկները դրեց ծնկներին՝ հայացքը հառելով ավազանին։ Երիտասարդ տղամարդն կերավ սանդվիչը, և ուշադրությամբ ծալելով պոլիէթիլենային տոպրակը՝ դրեց գրպանը։ Մայրը պոլիէթիլենային տոպրակների սիրահար էր։ Մի ծխախոտ վառեց, և հայացքը նորից ընկավ դիմացի նստարանին։ Ջանաց մեկ ուրիշ բանի մասին մտածել, սակայն գիտակցությունը պնդերեսություն էր անում։ «Խելքը գլխին մարդ է երևում։ Երևի ծառայող է։ Հաստատ ինձ նման ճաշի ժամերին է այգի գալիս։ Բայց երբեք էստեղ չեմ տեսել։ Ինչքա՜ն է ծխում։ Նոր-նոր էր առաջվանը հանգցրել։ Տխուր է երևում։ Երևի մի բան է պատահել։ Կնոջ հետ է կռվել։ Գրասենյակում է ինչ-որ մեկի հետ ընդհարվել։ Կամ էլ երևի հեռացրել են»։ Գրասենյակից հեռացման միտքը կառչեց գիտակցությանը։ Իրեն նրա փոխարեն պատկերացրեց։ Եթե աշխատանքից հեռացնեին, ի՞նչ կաներ։ Անգամ պատկերացնելն էր սարսափելի։ Սիրտը ճնշվեց այդ տղամարդուն կարեկցելու զգացումից։ Մտածեց․ «Հաստատ երեխա ունի։ Երկո՞ւսը։ Երե՞քը։ Դպրոց են գնում։ Գիրք ու տետի, շոր ու կոշիկի, ուտելիքի ծախս։ Խեղճ մարդն ի՞նչ պիտի անի»։ Հիշեց մորը։ Եթե իրեն հեռացնեին աշխատանքից, ծեր կինը վշտից կհիվանդանար։ Տան ծախսը որտեղի՞ց կհասցնեն։ Մի փոքր հետ գցած փող ուներ։ Չորս-հինգ ամսվա համար բավական էր, իսկ հետո՞։      

Հանդիպակաց նստարանի տղամարդը մեկ ուրիշ ծխախոտ վառեց։ «Հաստատ մտքին կա տան եղած-չեղածը ծախել։ Առաջին հերթին՝ վարկով վերցրած գորգը։ Կինը հաստատ լաց է եղել, խնդրել-աղաչել է, որ գորգը չծախեն։ Մարդիկ ի՞նչ կասեին։ Կինը գույնը գցած ու տխուր գնացել է ոսկերչական խանութ։ Կարոտով նայել է ցուցափեղկի վզօղակներին, ականջօղերին, շղթաներին՝ վաճառասեղանին դնելով իր մի քանի ապարանջանները, միակ մատանին»։ Կրկին հիշեց մորը, որ մեն-մի ոսկյա կախազարդ ուներ և հակինթե մի մատանի։ Ասում էր «հակինթե կախազարդս», սակայն կախազարդի քարերը հակինթե չէին։ Ասում էր՝ «հակինթե կախազարդս դրել եմ՝ հարսանիքին տամ հարսիս»։ Հակինթե մատանին մայրն էր Քերբալայից բերել, և իր համար շատ թանկ էր։  

Հանդիպակաց նստարանի տղամարդը հազաց։ «Հաստատ առավոտից գործ է ման եկել, հիմա էլ հոգնած եկել է այգի։ Երևի չի էլ ճաշել։ Երանի սանդվիչիցս հյուրասիրած լինեի»։ Եթե իրեն էլ աշխատանքից հեռացնեն, պիտի գործ ման գա։ Բայց ի՞նչ գործ՝ քաղաքի էդ ամբողջ անգործության հետ մեկտեղ։ Մայրը չպետք է հասկանա, որ անգործ է մնացել։ Պետք է ամեն օր ճիշտ ժամին դուրս տա տնից, աշխատանք որոնի և երեկոյան՝ ամեն օրվա ժամին, տուն դառնա։ Պետք է պատմություններ հորինի գրասնենյակից ու պատմի մորը, ինչպես հնում։ Բայց եթե փողոցում հարևանի կամ ծանոթի հանդիպի՞։   

Հանդիպակաց նստարանի տղամարդը գետնից մի քանի մանրախիճ վերցրեց։ «Ի՞նչ պատճառով են աշխատանքից ազատել։ Երևի թերացել է կամ ղեկավարի հետ է վիճել։ Կարող է անգամ կրճատման տակ է ընկել»։ Միտն եկավ, որ մի քանի օր առաջ նախարարությունից իրենց գլխավոր տնօրենին նամակ էին ուղարկել։ Ծրարի վրա գրված էր «Խիստ գաղտնի»։ Հաստատ մի քանի հոգու կրճատման հրամաններ է եղել։ Չլինի՞ իրեն էլ են կրճատման ենթարկել։ Բայց ինչո՞ւ իրեն։ Գրասենյակում որևէ մեկն իրենից պարտաճանաչ չէր։ Երբեք չի ուշացել ու բացակայել։ Անգամ ոչ մի դեպքում հիվանդության թերթիկ չի ներկայացրել։ Բայց ինչո՞ւ իրեն։ Մտածեց գործընկերների արձագանքի մասին։ Հաստատ կտխրեին։ Բայց նրանց տխրելն իր ցավերին ի՞նչ դարման էր։ Հիշեց, որ շաբաթներ առաջ վարկ վերցնելու հայտ էր ներկայացրել։ Այն ժամանակ վարկը մարելու հնարավորությունները շատ էին, բայց հիմա՜․․․ Պատկերացրեց ֆինանսների բաժնի պատասխանատուին, որ պատռում է իր դիմումը։ Այլևս չէր կարողանա ամսվա սկզբի ու աշխատավարձի հույսով պարտքով ապրանք վերցնել թաղի նպարավաճառից։ Երևան բերեց նպարավաճառին, որն իր սևացած ատամներով քահ-քահ ծիծաղում է։ Միտքն եկավ այն գեղեցիկ ու նազելի աղջիկը, որ ամիսներ առաջ էր աշխատանքի ընդունվել իրենց գրասենյակ։ Աղջիկը դուրը գալիս էր։ Որոշել էր խոսել հետը։ Եթե աղջիկը համաձայներ, այդժամ մորն էլ կասեր։ Մայրն ինչքա՜ն կուրախանար, բայց հիմա՜․․․ հիմա աղջիկն անգամ իր բարևին էլ չէր պատասխանի։ Ո՞ր մի աղջիկն է պատրաստ ամուսնանալ անգործ մարդու հետ։ Խեղճության, անպաշտպանության ու միայնության զգացումը պատեց նրան։ Քիչ էր մնում՝ լաց լիներ։   

Զգաց՝ քթի ծայրը թրջվել է։ Վեր թռավ։ Անձրևում էր։ Ուռենու ճյուղերը տարուբերվում էին, իսկ հանդիպակաց նստարանին մարդ չկար։

 

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Hits: 440

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: