Զոյա Փիրզադ․ Ճանճը

 

 

Ուրբաթ է։ Ալիեն ճաշի համար ոսպով փլավ է եփել։ Հիմա խոհանոցում ափսեներն է լվանում ու մտմտում․ «Մոտ օրերս պիտի մի քանի նոր ափսե գնեմ»։

Ափսեների մի մասը ճաք են տվել, մի մասի պռունկներն էլ թռած են։ Տասնինը տարին է լրանում, ինչ գնել է դրանք։ Հարսանիքից մի քանի օր առաջ էր, որ մոր հետ գնացին շուկա։ Մայրն ասաց․ «Կապույտը լավ նշան է։ Առաջին երեխադ տղա կլինի»։

Ափսեները կապույտ էին՝ սպիտակ լայն եզրերով։

Ալիեի առաջին երեխան աղջիկ եղավ։ Անունն էլ Յասաման դրեցին։ Մայրը մի քանի տարի առաջ մահացավ․ ավտովթարից, այն ծովափնյա քաղաքում, ուր ապրում էր, և մի առավոտ գնում էր Ալիեին նամակ ուղարկելու․ այս ամենը պահակի կինը պատմեց Ալիեին այն օրը, երբ գնացել էր մոր իրերը հավաքելու։ Մոր վերջին նամակը երբեք չհասավ Ալիեին, բայց նա գիտեր՝ նամակում ինչ էր գրել։ Նամակի սևագրից կտորտանքներ գտավ մոր տան աղբարկղում․ այն օրը, երբ գնացել էր մոր իրերը հավաքելու։ Աղբի մեջ մի ձվի կճեպ ու թեյի մի քանի փշուրներ էլ կային։ Ալիեն նամակի կտորտանքները դրեց կողք կողքի։ «Կարոտել եմ Յասամանին․․․ էստեղ դեռ անձրևում է․․․ մագնոլիայի ծառը չի ծաղկել․․․ երեկ ծովի մոտ մի քար գտա՝ մարդու դիմագծերով․․․»։ Ալիեն նստեց մոր տան աստիճաններին, նայեց այգուն ու ծով տանող նեղ ճանապարհին։ Չէր անձրևում, իսկ մագնոլիայի ծառն էլ ծաղկել էր․ մեն-մի ծաղիկ։

Ափսեները լվալուց հետո խոհանոցն է ավլում։ Եփված մի քանի ոսպեր կպել են սալահատիկներին ու ավելով չեն անցնում։ Չեփված մի քանի ոսպ ավելով հեշտությամբ մաքրվում են։ Ալիեն եփված ոսպերը եղունգով քերում է սալահատակի վրայից։ Խոհանոցը մաքրվում է։ Մայրիկը իր եփած բոլոր ճաշերից ու ընթրիքներից հետո ափսեներն անմիջապես լվացած, խոհանոցը ավլած էր լինում և երկար շունչ էր քաշում։ Մայրիկն ասում էր․ «Չլվացված ափսեն գլխացավանք է»։

Ալիեն երկար շունչ է քաշում և գնում ճաշասենյակ։ Դեմքով դեպի բակը՝ նստում է պատուհանի դիմացի աթոռին։ Արմունկը՝ պատուհանագոգին, ձեռքը՝ դնչի տակ։ Յասամանն իր սենյակում երաժշտություն  է լսում։ Ալիեի ամուսինը, թերթը ծնկներին, ննջում է բազկաթոռին։ Ալիեն նայում է բակին։ Արքայանարնջի ծառին, քառակուսի ջրավազանին ու դրա կողքերը բոլորող խորդենիների ծաղկամաններին։ Ձեռքերն է տրորում։ Կոշտ են։ Մայրն ափսեները լվալուց հետո ամեն անգամ ձեռքերին վազելին էր քսում։

Ալիեի մայրն ասում էր․ «Մայրս ձեռքերին այծի ճարպ էր քսում»։ Յասամանը ծիծաղում էր․ «Այծի ճա՞րպ։ Ի՜նչ վատ հոտ կունենա»։ Ալիեի մայրը հոգոց էր հանում․ «Վատ հո՞տ։ Իմ մորի՞ց։ Երբե՛ք»։        
Յասամանը լրջանում էր․ «Տատի՛կ, պատմի՛ր մայրիկիցդ»։ Եվ Ալիեի մայրը պատմում էր իր մորից, որի անունը Ռազիե էր, և բոլորը Ռազիե Բանու էին ասում։

Մի ճանճ տզզալով գնում-գալիս է պատուհանի լայնքով մեկ՝ ամեն անգամ անցնելով ուղիղ Ալիեի քթի տակով։ Ալիեն ամեն անգամ ձեռքով քշում է ճանճին։ Թերթի խշխշոց է լսվում։         
Ալիեի ամուսինն ասում է․ «Խորդենիներն էս տարի լավ չաճեցին»։ Ալիեի հետևում կանգնած՝ նայում էր բակին։

Ալիեն ասում է․ «Հա՛, ի՞նչ անենք»։ Այն օրը, երբ տեղեկացրին, որ Ալիեի մայրը մահացել է, նա ամուսնուն ասաց․ «Հիմա ի՞նչ պիտի անեմ»։

Ամուսինն ասաց․ «Հագուստդ փոխիր»։

Ալիեն սև հագավ։

Հարսի շորը մայրը հագցրեց Ալիեին։ Ասաց․ «Բախտդ սպիտակ լինի»։

Յասամանն Ալիեի մորից հարցնում էր․ «Տա՛տ, քո հարսի շորն ի՞նչ գույնի էր»։

Ալիեի մայրը ծիծաղում էր․ «Հարսի շորը միշտ էլ սպիտակ է։ Իմ շորն էլ էր սպիտակ։ Մորդ շորն էլ էր սպիտակ։ Դու էլ, երբ հարս դառնաս, սպիտակ շոր կհագնես»։

Յասամանը հարցնում էր․ «Ռազիե Բանուի հարսի շորն ի՞նչ ձևի էր»։

Ալիեի մայրը պատասխանում էր․ «Շղարշով ու մարգարիտներով լի՝ կրծքին սրճագույն մի մեծ բիծ։ Երբ երեխա էինք, զգեստը հանում էինք սնդուկի միջից, հագնում ու խաղ անում»։

«Բի՞ծ»․- հարցնում էր Յասամանը։

Ալիեի մայրը ծիծաղում էր։ «Հարսանեկան գիշերը ֆեսենջանի[1] ափսեն շուռ էր տվել շորի վրա»։

«Ձե՞ռքն էր կպել ափսեին»։

«Չէ՛, դիտավորյալ»։

«Դիտավորյա՞լ»։

Ալիեի մայրը ծիծաղում էր։ «Ասում էին, թե չէր ուզում՝ հորս հետ ամուսնանար»։

Յասամանի աչքերը ոգևորությունից պեծկլտում էին։ «Պատմի՛ր, տա՛տ»։

Երաժշտության ձայնը կտրվում է։

Յասամանը գալիս է ճաշասենյակ, նստում հոր կողքը, ինչ-որ բան է ասում ու ծիծաղում։ Նրա ծիծաղը զրնգոց է հիշեցնում։

Ալիեի մայրը պատմում էր․ «Երբ հնչում էր ուղտերի զանգի ձայնը, հասկանում էինք, որ ապրանք են բերել։ Ընկույզ, չամիչ, բրինձ ու լոբի։ Ռազիե Բանուն, ձեռքերը կոնքերին, կանգնում էր պատշգամբում, նայում ու հրահանգներ էր տալիս։ Ձմռան համար նկուղներն էին լցնում»։

Յասամանն ասում է․ «Խոսք էիք տվել՝ նկուղը կարգի բերեք ինձ համար»։

Ալիեի ամուսինը ձեռքերը դնում է Ալիեի ուսերին։ «Քո սենյակի՞ն ինչ է եղել»։

Ալիեն, դեմքով բակին, մեջքն արած ամուսնուն, ասում է․ «Տասնյոթ տարեկան է․ իր ուզածն անելու իրավունք ունի      »։

Երբ մայրն ասել էր՝ ուզում եմ գնալ, ծովի մոտ ապրել, Ալիեն զարմացել էր։ Տարիներ էր, ինչ մայրն Ալիեի հարևանության բնակարանում էր ապրում։ Բնակարանը մաքուր էր ու կոկիկ՝ լի իր ձեռքի, գույնզգույն հելյունագործություններով։ Բնակարանում շարունակ փոխում էր հելյունագործությունների ու կահույքի տեղերը։ Հեռուստացույցը գնում էր Ռազիե Բանուի նախկին սնդուկի տեղը։ Հին սնդուկը՝ վրան հելյունագործությունները՝ բազկաթոռի դիմացը։ Վարագույրները դառնում էին ծածկոցներ, ժանեկազարդ հին սավանները կախվում էին պատուհաններից, և մայրիկը գործում էր ու գործում։ Եվ հետո միանգամից՝ «Ուզում եմ գնալ, ծովի մոտ ապրել»։ Հելյունագործություններն ու Ռազիե Բանուի հին սնդուկը տվեց Ալիեին ու գնաց ծովափնյա քաղաք։ Յասամանը Ռազիե Բանուի սնդուկն իր սենյակ տարավ։

Ալիեի ամուսինը Յասամանին ասում է․ «Նկուղը կարգի կբերենք քեզ համար»։

Յասամանը ծիծաղում է։ Հետո կռանում է, համբուրում Ալիեին։ «Մա՛մ, ոսպով փլավը շատ համով էր»։ Յասամանը Ալիեի մորից հարցնում էր․ «Ռազիե Բանուն ճաշ եփել գիտե՞ր»։

Ալիեի մայրն ասում էր․ «Ամեն ինչ էլ գիտեր, բայց միայն այն ժամանակ, երբ հավես ուներ։ Որ հավես չէր ունենում, մատը մատին էլ չէր տալիս»։

Յասամանը հարցնում էր․ «Նրա ամուսինը՝ հայրդ, խիստ չէ՞ր»։

«Շատ էր ուզում խիստ լինել։ Այդ ժամանակ խստությունը տղամարդկության նշան էր, բայց Ռազիե Բանուի վրա չէր կարողանում»։

Ալիեի մայրը պատմում էր․ «Մի օր հայրս սուփրայի գլխին պատճառ բռնեց, թե բրինձը լավ չի եփվել, ու բրնձի ափսեն պատուհանից դուրս շպրտեց։ Մենք երեխաներով բակում խաղում էինք։ Տեսանք բրնձի հատիկները, որ թռիչքով գալիս էին մեզ վրա, իսկ ափսեն կպավ ծառի բնին ու կոտրվեց։ Բերաններս բաց նայում էինք պատուհանին, երբ եկավ Ռազիե Բանուի պատասխանը։ Մի սպիտակ կապոց դուրս թռավ պատուհանից։ Ճաշի սուփրան էր։ Օդում բացվեց, և ափսեները, բաժակներն ու տարաները դուրս թափվեցին՝ տարածվելով գետնով մեկ։ Սենյակ վազեցինք։ Հայրս պապանձված նայում էր սուփրայի դատարկ տեղին։ Երբ հարցրինք՝ ինչ է պատահել, Ռազիե Բանուն ասաց՝ ոչ մի բան, ձեր պապը որոշել է՝ էսօրվա ճաշը այգում ուտի»։

Յասամանը ծափ էր տալիս ու քահ-քահ ծիծաղում։

Ալիեն ձեռքերը իրար էր քսում ու մտածում․ «Գնամ, ձեռքերիս կրեմ քսեմ»։

Ճանճը դեռ տզզալով գնում-գալիս է պատուհանի լայնքով մեկ։ Ալիեի ծիծաղը գալիս է․ «Ինչ էլ համառն է»։

Յասամանի ձեռքը ոլորված թերթով բարձրանում է՝ իջնելով պատուհանագոգին։ Ճանճի տզզոցը կտրվում է։

Ալիեն մտածում է․ «Առանց ճանճի տզզոցի սենյակն ինչ լուռ ու անձայն է»։

 

[1] Ֆեսենջան – մսով, նռով ու ընկույզով թանձրուկ։

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի       

 

  • Hits: 2405

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: