Մարիա Պետրովիխ․ Բանաստեղծություններ

 

 

Պատերազմ, պատերազմ` քնած ենք, արթուն:
Պատերազմ, պատերազմ` տիվ ու իրիկուն:
Աչքդ չի փակվում, քունդ չի տանում,
Դեմքեր, անուններ իրար է խառնում:

Պատերազմ, պատերազմ` մտքիդ մեջ է միշտ:
Մռայլ ուղեկից ու չհատնող վիշտ:
Մարտից ու կռվից ինչքան հեռանում,
Ցավն է նորանում` վիշտը խորանում:

Այգ ու մայրամուտ` նույն դառնությունն է:
Պատերազմ, պատերազմ` ի~նչ դառը թույն ես:

Այգաբացի լույսը
Դրոշն է մեր, հույսն է,
Մեզ հետ է, իսկ դու խավարից էլ մութ ես,
Պատերազմ, անե~ծք, դաժան, անգութ ես:
Մեր եղբայրները ո՞ւր են, ամենո~ւր,
Շիրիմների մեջ անհայտ ու անլուր…
Կլուծենք ձեր վրեժը, ննջեցեք խաղաղ,
Բայց սուրբ արյունը գին չունի ավա~ղ…

Ամենուր դու ես - արևն ալ, վառ է:
Պատերազմ, պատերազմ` ինչ ծանր բառ ես…
Այս բառը կարծես չունի արյան բիծ,
Բայց ի~նչ արնագույն լույս է թափանցում
Մութ պատուհանից…

Արդ, քեզ է դիմում երկիրն իմ համայն.
-Դժվար է շնչելն այժմ անսահման,
Բայց կելնեմ ոտի, լսիր, պատերազմ,
Ու վերջ կտամ քեզ հավերժ-հավիտյան:

 

***
Ատելությունը կարծում էի կրակի հեղեղ է,
Չոր,շնչակտուր ու հևացող տոթ,
Կարծում էի իմ ձին այնքան խելահեղ է`
Կսուրա, կթռցնի ինձ ամպերի մոտ:
Բայց անապատ է` հեղձուձիչ ու տապ,
Քայլում, քայլում եմ անծայր հնոցում,
Ամենուր ավազ, դժվար է անչափ,
Անջուր, անքամի` քայլում, մտածում.
Միգուցե երկրորդ կամ երրորդ կյա՞նքն է
Փոխվել ընթացքում,
Միգուցե ե՞ս չեմ, գուցե ուրի՞շն է
արդեն քայլ անում,
Քայլում եմ անվերջ… Ու չեմ մահանում…

 

***
Անսանձ տագնապ է հոգուս թերթերին,
Աչքը ահ առած տեսիլ:
Զգո՜ւյշ, ձեռք չտաս ծարավ տետրերին,
Բայց շունչդ պահած լսիր.

Եվ ինչ-որ մեկի կամքով կգնաս
Աթոռից մինչ պատ կրկին,
Եվ ցավեցնելու աստիճան կզգաս
Լուսնաբիծը և ճողփյունն ալիքի,

Տողերիդ գցած ստվերներով հին
Լուռ կհիանաս այնժամ անկասկած,
Ոչ մարդ,շփոթմունք. այլ աստվածներին
Տապալում է, տես, մեկ ուրիշ աստված:

Բայց դե այդպիսի վեհության համար,
Եվ բախտի համար`ձուլվել մեղեդուն,
Դու կկորցնես հանգիստդ անդարձ,
Եվ կմոռանաս և սեր և երդում,-

Բառերն եմ կշռում ափիս մեջ հատ-հատ,
Տողերն են սահում աչքերիս առաջ…
Քո անցյալին ես տենչում հուսահատ,
Գուցե հայտնվեն, ետ գան թև առած,

Համր է լինելու քայլը նոր օրվա,-
Սրտիս համար խորթ, իսկ աչքիս` հանգած,
Գիշերն էլ կիջնի, չի հիշի, ավա՜ղ,
Թե ինչ է խոստացավ ինձ անցյալ անգամ:

 

Հատակն անտառի

Օ, թեփուկների դողդոջուն թավուտ,
Շրշյուն ու սոսափ միլիոնատերև,
Սրտիս մեջ զեփյուռ` նուրբ արծաթավուն,
Դեմքիս – տագնապած, անձայն ստվերներ:

Զգույշ քայլում եմ ջրի թևի տակ,
Հազիվ տատանվում ալիքով ցրտի,
Ափիս մեջ նստեց մի ջահել սոխակ,
Անտառն հմայվեց նուրբ երգով սրտի:

Եվ մարջան հագած սոճիներ շարքով,
Մութ ասեղնավոր ամպոտ վերից վար…
Բունն ո՞վ է պատել անփայլ կրակով,
Ճյուղերի վրա` ծակծկող խավար:

Կեչիների չոր կեղևով փակված,
Գիտեմ, միջուկն է թափանցիկ, փափուկ:
Առատ արցունքից ճյուղերն են ճկված
Տերևների պես դողդողջ, սրսփուն:

Ճերմակ բներին սպիներ` սև, թարմ …
Տարեգրությունն է անտառի ցավոտ:
Թե լոկ սկիզբն էլ հասցնես կարդալ,
Հոգիդ կազատվի քողից դարավոր:

Հանկարծ անձրևով փայլեց աննման
Անտառն, ստվերված երազներով խիտ …
Ո՜նց ենք կարոտում ու տենչում նրան
Ով մեր կողքին է ամենուր ու միշտ…

 

***
Հողմն է իմ հույսը, նա է սրտամոտ,
Ոչ գիշեր է այնտեղ, ոչ ցերեկ:
Իմ աշնանային քամիներ ծանոթ,
Ախր, գոնե դուք մի լքեք, կորեք:

Աչքիս մեջ փոշի լցրեք ու մոխիր,
Եվ չեմ կռահի, իմանա կրկին,
Որ նույնն է էլի, երբեք չի փոխվի,
Նույնն է փողոցը գետի եզերքին,

Որ նույն քաղաքն է` էլի հին ու դինջ,
Որ մեզ տեսել է միասին անվերջ…
Կանչիր ինձ գոնե երազում, անխիղճ,
Եվ թող հանդիպենք իմ հեգ սրտի մեջ:

 

 

***
Ապրիլ է, բայց ձյունն հոգի է հանում,
Ինչ ծանր է լքում ձմեռը հողին:
Տես, նորից քեֆ է ձմեռը անում,
Ձյունե ծոպեր են ծառերի ճյուղին:

Արևից ձյունն է պսպղում լուսե,
Եվ տողատվել է անտառը հստակ.
Ստվերներն ուղիղ սոճիների սեգ
Շարվել են կարգով ձյան վրա ճերմակ:

Եվ լռությունը էջերի գծված
Չի թողնում գրել, այնքան եմ հուզված,
Բայց համրությունից անքուն գիշերվաս
Բառ է սպասում տետրակը բացված:

Իսկ իրիկվա կողմ տեսա վերևից
Էջը գրոտված գիր ու բառերով,
Ծուռ-մուռ տառերով փշատերևի,
Չորուկ ճյուղերով, թուփ ու ծառերով,

Եվ շոգեքարշի ծխահոտով սարթ-
Մոտ կայարանից բերում էր քամին,
Իսկ ձեռագիրը` մեկ լուրջ, մեկ զվարթ,
Հեղինակն էր պարզ և օր ու ամիս:

Ձիրքը կերևա, եղիր ապահով,
Նախանձելի էր, այնքան վառվռուն,
Սխալ-մխալից չվախենալով
Գարունը տաղ էր ձյան վրա գրում:

 

 

Թարգմ․ Լևոն Մկրտչյանի

  • Hits: 2957

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: