Իլմար Տասկա. Դադարեցրե՛ք երաժշտությունը
Իլմար Տասկան էստոնացի կինոռեժիսոր և գրող է։ Հեղինակել է «Պոբեդա 1946» և «Պոբեդա 1946. մեքենա, որը կոչվում է հաղթանակ» գրքերը, ինչպես նաև «Վախի թևերը», «Հետ դեպի ԽՍՀՄ» և այլ ֆիլմերը։
Դադարեցրե՛ք երաժշտությունը
«Դադարեցրե՛ք այն,- ասաց ինքն իրեն,- դադարեցրե՛ք երաժշտությունը։ Այսօր ես կարող եմ վերահսկել այն։ Ուղղակի դադարում եմ տարուբերել մատներս դաշնամուրի ստեղների վրայով։ Կհաշվեմ մինչև երեքը, հետո կհեռացնեմ ձեռքերս։ Ահա թե որքան պարզ է, այդպես չէ՞»։
Բայց այդպես չէր։ Դադարեց շարժել մատները, ձեռքերը դրեց ծնկներին, սակայն երաժշտությունը շարունակվեց։ Նստեց դաշնամուրի աթոռին՝ մատը միլիմետր իսկ չշարժելով, անգամ չհամարձակվելով շնչել, բայց մեղեդին շարունակվեց։ Նման սարսափելի պահերին, երբ երաժշտությունն անգթորեն հարձակվում էր նրա վրա, միշտ հակադարձում էր։ Համենայն դեպս սկզբում։ Փորձեց անտեսել այն, իսկ երբ չստացվեց, փորձեց ընդհատել: Փորձեց բարձրաձայն խոսել, նույնիսկ բղավել, ծածկել գլուխը մոր գլխանոցով, ոտքերը խփել գետնին, մտածել մի սարսափելի բանի մասին, ինչպիսին «Պիկովայա Դամա»-ի պատմությունն էր, որը մայրը կարդացել էր նրա համար նախորդ գիշեր։ Բայց անգամ Պիկովայա Դաման սկսեց երգել ու կորցնել իր զորությունը։ Ջանաց հիշել զվարճալի մի դեպք, ինչպիսին էր առջևի մարգագետնի կաղնու ծառը հաճախ բարձրացող սկյուռը, սակայն վերջինս էլ սկսեց պար գալ երաժշտության մեղեդու տակ՝ վեր ու վար թռչկոտելով ընկույզ կոտրելով։ Դավաճա՛ն։
Նրանք բոլորը հետևեցին երաժշտությանն ու կորցրին իրենց ազատ կամքը։ Երաժշտությունը շատ խորամանկ էր։ Նրա ռիթմն ու մեղեդին հարմարեցված էին նրանց նախասիրությանը։ Ամբողջովին գայթակղեց նրանց։ Նրանց բոլորին՝ բացի Պյոտրից։ Նա լավ գիտեր։ Նա էլ, ինչպես հայրը, տանել չէր կարողանում այն։ Հայրը ցանկանում էր, որ Պյոտրը իրավաբանություն սովորի, և նրան մասնագիտացված դպրոց ընդունեց։ Երաժշտությունը լուրջ բան չէր։ Ջենթլմենի մասնագիտություն չէր։ Նա իրավացի էր։ Բայց այն պահին, երբ Պյոտրը մտածեց հոր մասին, երաժշտությունը հոր ձայնն առավ ու սկսեց երգել։ Իր խոր բարիտոնով ցասկոտ մի երգ էր երգում։ Հնչում էր հզոր ու վեհ, ինչպես ռուսական ցար։ Պյոտրը շունչը սարսափած պահեց։ Երաժշտությունն անգամ հոր վրա էր հարձակվել, և ով գիտե՝ էլ ում։ Պյոտրը ձեռքերը միացրեց իրար և աղոթելով օգնություն խնդրեց՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ «Աստվա՛ծ իմ, խնդրում եմ, դադարեցրու երաժշտությունը»,- ասաց արցունքն աչքերին։ Հանկարծ ճռռացող դուռը բացվեց, և մայրը հայտնվեց։ «Ինչո՞ւ դադարեցիր նվագել»,- միամիտ ժպիտով հարցրեց։ Պյոտրը պատասխանեց՝ գլուխը թաքցնելով մոր ծանր, դարսավոր փեշի մեջ։ «Օգնի՛ր ինձ, մայրի՛կ,- շշնջաց,- դադարեցրո՛ւ, խնդրում եմ»։ Հոգեպարար զգացողություն է թաքցնել գլուխն ու հենվել մոր տաք որովայնին։ «Շարունակիր նվագել, սիրելի՛ս։ Այնքան լավ էիր նվագում։ Նվագիր էլի, նվագիր ինձ համար»։ Մայրիկը լավն էր, սակայն երաժշտությունից ոչինչ չէր հասկանում։ Նա պատերազմի մեջ չէր դրա հետ։ Նա չէր հասկանում երաժշտության դավադրությունը։ Այն չէր ներխուժում նրա ականջները, ընդհատում լսողությունը, գիտակցությունը, շունչը։ Պյոտրին անհանգստացնում է, որ մայրիկը պաշտում է երաժշտությունը, բայց ներում է նրան, քանի որ նա աշխարհի ամենագեղեցիկ կինն է: Ինչ-որ տեղ լավ էր, որ մայրիկն այդքան միամիտ էր։ Նա չէր տառապում։ Երաժշտությունը շատ վաղուց էր հափշտակել նրան, և չէր էլ գիտակցում դա։ Չես կարող վախենալ մի բանից, որը չես էլ նկատում։ Այն չէր գրավել մոր ականջները, ինչպես Պիտերինը․ միայն գիտակցությունը։ Բայց մայրիկը լավ սիրտ ուներ, և Պյոտրը հուսով էր, որ երբեք էլ չի ներխուժի նրա սիրտ։ Սակայն սրտի խորքում նա գիտեր, որ դա միայն ժամանակի հարց է։ Ոչ ոք ավելի հզոր չէր, քան երաժշտությունը: Երբ երաժշտությունը գալիս է, ոչինչ անել չես կարող: Չկա լռություն, չկա ողորմություն, չկա խաղաղություն: Կյանքը, ինչպես գիտենք, կանգ է առնում:
Պյոտրն այսօր երջանիկ էր։ Նա հայտնվել էր իր մասնագիտացված դպրոցի աստիճաններին․ դպրոց, որի մասին երազել էր այսքան ամիս։ Նա տեսավ հպարտ ուսուցիչների, կոզակների, մեծահարուստ վաճառականների, ցարական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կանգնած էին իրենց անհանգիստ որդիների կողքին։ Ափսոսում էր, որ հայրը չէր կարողացել գալ։ Բայց մայրը կանգնած էր հետևում, և Պյոտրը նկատեց շատ ջենթլմենների թաքնված և ոչ այդքան գաղտու հայացքները՝ ուղղված մորը։ Նա դեռևս աշխարհի ամենագեղեցիկ կինն էր, նույնիսկ այստեղ՝ Սանկտ Պետերբուրգում՝ չնայած նրան, որ կորցրել էր երաժշտությունը: Բայց այսօր Պյոտրը չպետք է մտածի այդ մասին։ Այսօր բանականությունը հաղթել էր երաժշտական հիվանդության ստվերներին․ այն, ինչ բժիշկն անվանել էր աղմուկ ականջներում։ Այդքան էլ տարածված հիվանդություն չէր և խորապես վշտացրել էր Պյոտրին։ Այսօր ազատագրման օրն էր։ Իր մուտքը առողջ աշխարհ։ Մայրը պատրաստվում էր հեռանալ։ Ձիակառքը պատրաստվում էր նրան հետ տանել գավառական կալվածք՝ ցավալի անցյալ, որ չէր կրկնվելու Սանկտ Պետերբուրգում։ Պյոտրը հանկարծ խղճի խայթ զգաց նրա հանդեպ։ Խղճաց երաժշտական տագնապների գերին լինելու համար։ Եվ եթե նույնիսկ իր կյանքը փոխվելու էր, և պատրաստվում էր ոտք դնել այդքան սպասված տղամարդկային աշխարհ, Պյոտրին արտասովոր տխրություն պատեց։ Չգիտեր՝ ինչու։ Չկար տրամաբանական բացատրություն։ Բայց հանկարծ զգաց, որ անտանելի է բաժանվել մորից, կորցնել նրան։ «Կհանդիպենք ամռանը։ Լա՛վ եղիր»,- ասաց մայրը՝ համբուրելով ճակատը։ Նա ժպտում էր, բայց աջ աչքից մի արցունք ընկավ ու հպվեց Պյոտրի այտին։ Պյոտրը գիտեր, որ պետք է ուժեղ լիներ, և հույս ուներ, որ մայրը չի տեսնի, թե ինչ է անում։ Ձեռքն այնպես էր սեղմում, որ ցավի։ Այժմ կարող էր վնասել ձեռքը։ Այն այլևս հարկավոր չէր դաշնամուրի դասերի համար։ Այլևս ոչ մի անվերջ թվացող ժամ՝ երաժշտական սենյակում։ Պյոտրը զգաց, թե եղունգներն ինչպես են խորանում մարմնի մեջ։ Չգիտեր՝ ինչու էր այդպես անում։ Գուցե այն պատճառով, որ ուզում էր լաց լինել և սրտից դուրս հանել ցավը, ինչպես նախկինում՝ երաժշտությունը ականջներից։ Միշտ ապարդյուն։ Տեսավ՝ մայրն ինչպես ոտքը դրեց կառքը։ Կառապանն ազդանշան էր տալիս ձիերին։ Տեսավ՝ կառքն ինչպես սկսեց շարժվել։ Գիտեր, որ դա այն էր, ինչ ցանկացել էր, սակայն այժմ այնպես էր ցավում։ Մի պահ տեսավ, որ Պիկովայա Դաման նստել է կառքի տանիքին։ Իսկ հետո նա գնաց․․․ Զգաց, որ մարմինն առաջ է շարժվում։ Ոտքերը վազում են կառքի հետևից, ձեռքերը՝ բռնում կառքի հետնամասը։ Չէր կարող թողնել՝ մայրը հեռանա։ Վազեց կառքի հետևից՝ հետնամասից բռնած ու փոքրիկ երեխայի պես հեծկլտալով, ավելի ու ավելի արագ մտնելով ցեխերը, բայց ձեռքը բաց չթողնելով։ Նա չէր կարող բաժանվել երկրագնդի գեղեցկագույն կնոջից, եթե անգամ Աստված նրան փոխարինել էր դպրոցով։ Այդ պահին նա չէր գիտակցում, որ փոխանակումը որոշված էր։ Որ այլևս երբեք նրան կենդանի չէր տեսնելու։ Դեռ չէր գիտակցում, թե որքան էր սիրել նրան և ինչ էր կորցրել։ Պարզապես շարունակում էր բռնվել կառքից, ընկնել ճանապարհի փոսերի ցեխերը, մինչև կորցրեց գիտակցությունը, իսկ ձեռքը բաց թողեց բռնած երկաթը։ Կառքն ընթացավ և անհետացավ մութ անտառում, որտեղ նրան սպասում էր արքայազն Տիֆուսը[1]։
Մեկ ամիս անց ցուրտ ու մութ հանրակացարանում տղաները ծաղրում էին նրան, որ հեկեկում էր իր անկողնում։ Ուրեմն ինչ, նրանք էլ էին սիրում իրենց մայրերին և գիտեին, որ նրա մայրը մահացել է, շարունակում էին ծաղրել նրան՝ լացող տղային։ Պյոտրը հասկացավ, որ այլևս երբեք չի ուզում այդտեղ լինել։ Ոչ թե ատում էր օրենքը կամ գիտությունը, բայց, եթե չլիներ դպրոցը, կարող էր մնալ մոր հետ։ Կարող էր տեսնել նրա հոգին տալը, խոսել հետը, նրա համար դաշնամուր նվագել։ Հնարավորությունը հավերժ բաց էր թողել իր ձեռքից, և ոչինչ չէր կարող մխիթարել նրան։ Եվ երբ բոլոր տղաները քնել էին, իսկ ինքը լուռ նստած էր հաստ ներքնակին, հանկարծ նորից լսեց երաժշտությունը։ Շելկունչիկը պատուհանից ցատկեց ներս։ Մայրիկի կարապները լողալով դուրս եկան մահճակալի տակից։ Եվ Ռոմեոն ու Ջուլիետը, բաց անելով պահարանը, դուրս եկան նրան կարեկցելու։ Այդ պահին նա դեռ չգիտեր, որ այդ երաժշտական ընկերներն իրեն աշխարհահռչակ էին դարձնելու։ Նա դեռ չէր լսել Բոլշոյի, Քովենթ Գարդենի, Քարնեգի հոլի, Լա Սկալայի անվերջ ծափահարությունները։ Սակայն այդ պահին որոշեց չդադարեցնել արատավոր երաժշտությունը։ Ասես այն լցված էր վաղամեռիկ մոր միամիտ երջանկությամբ։ Որոշեց թույլ տալ՝ նվագի, հետ բերի այդ ամենը։
Այնքան դյուրաբեկ էր երջանկության ու դժբախտության միջնորմը։
Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի
[1] Դիցաբանության մեջ Տիֆուսը հայտնի է որպես քաոսի ամենասարսափելի տիրակալներից մեկը։
- Hits: 5008