Վիկտոր Պելևին. Համար XII ցախատան կյանքն ու արկածները

Ի սկզբանե էր բանը, և նույնիսկ, հավանաբար, ոչ մեկը, բայց նա դրա մասին ոչինչ չգիտեր: Իր զրոյական կետում նա գտավ թարմ խեժով բուրող տախտակներ, որոնք դրված էին թաց խոտի մի կույտի մեջ և իրենց եզրերով կլանում էին արևը, մեխեր գտավ նրբատախտակյա արկղում, մուրճեր, սղոցներ և այդպես շարունակ: Այս ամենը պատկերացնելով՝ նա նկատեց, որ ավելի շուտ հորինում է պատկերը, քան տեսնում այն: Ինքնագիտակցման թույլ զգացումը ավելի ուշ հայտնվեց, երբ ներսում արդեն հեծանիվներ կային, իսկ ամբողջ աջ կողմը զբաղեցված էր եռահարկ դարակներով: Իրականում նա դեռևս Համար XII-ը չէր, այլ պարզապես տախտակների կույտի նոր համադասավորություն, բայց հենց այդ ժամանակները նրա վրա թողեցին ամենամաքուր և հիշարժան հետքը. շուրջը մի անբացատրելի աշխարհ էր փռված, իսկ ինքը այդ աշխարհի շուրջ իր շարժմամբ կարծես մի որոշ ժամանակով կանգ էր առել այստեղ՝ այս վայրում:

Տեղը, ճիշտ է, ամենալավերից չէր. հինգհարկանի շենքերի հետնաբակեր՝ բանջարանոցների և աղբանոցների հարևանությամբ, բայց արժե՞ր դրա համար նեղվել: Չէ՞ որ ամբողջ կյանքը այստեղ չէր անցկացնելու: Բայց որ այդ մասին մտածեր, ստիպված էր լինելու պատասխանել, որ հենց այստեղ էլ անցկացնելու է ողջ կյանքը, ինչպես դա, ընդհանուր առմամբ, բնորոշ է ցախատներին, սակայն կյանքի հմայքը առաջին հերթին հենց այդպիսի մտորումների բացակայության մեջ է. նա պարզապես իր համար կանգնած էր արևի տակ՝ վայելելով ճեղքերից սավառնող քամին, եթե այն անտառի կողմից էր փչում, կամ էլ թեթև դեպրեսիայի մեջ ընկնելով, եթե քամին աղբանոցի կողմից էր փչում. դեպրեսիան անցնում էր, հենց որ քամու ուղղությունը փոխվում էր՝ առանց որևէ հետք թողնելու նրա չձևավորված հոգու վրա:

Մի անգամ նրան մոտեցավ մինչև գոտկատեղը մերկ մի տղամարդ՝ սպորտային կարմիր տաբատով, ձեռքերում նա պահել էր վրձին և ներկերի մի մեծ թիթեղատուփ: Այդ տղամարդը, որին ցախատունն արդեն սկսել էր ճանաչել, մնացած բոլոր մարդկանցից տարբերվում էր նրանով, որ մուտք ուներ դեպի ներս՝ հեծանիվների և դարակների մոտ: Պատի մոտ կանգ առնելով՝ նա վրձինը թաթախեց թիթեղատուփի մեջ և տախտակների վրա վառ բոսորագույն գիծ քաշեց: Մեկ ժամ անց ողջ ցախատունը բոսորագույն դարձավ, ինչպես ծուխ, որն, ըստ որոշ աղբյուրների, ժամանակին քուլա-քուլա բարձրացել էր դեպի երկինք: Սա դարձավ իր հիշողության մեջ առաջին իրական նշաձողը. դրանից առաջ ամեն ինչի վրա այլաշխարհիկության և երջանկության քող էր փռված:

Գիշերը՝ ներկումից հետո, ստանալով սև հռոմեական թիվ-անուն (հարևան ցախատների վրա սովորական թվեր էին), նա չորանում էր՝ դեպի լուսին դարձնելով տոլով ծածկված տանիքը:

 «Որտե՞ղ եմ ես, - մտածում էր նա,- ո՞վ եմ ես»:

 Վերևում մութ երկինքն էր, հետո՝ ինքը, իսկ ներքևում դրված էին բոլորովին նոր հեծանիվները, որոնց վրա բակում գտնվող լամպի լույսն էր ընկնում ճեղքերից, և ղեկերի զանգերը աստղերից ավելի խորհրդավոր էին փայլում: Պատի վերևում կախված էր պլաստմասե օղակ, և Համար XII-ը մինչև իր ամենաբարակ տախտակները գիտակցում էր այն որպես աշխարհաստեղծման հավերժական առեղծվածի խորհրդանիշ` ներկայացված (դա այնքա՜ն հրաշալի էր) նաև իր հոգում: Աջ կողմի դարակներում լցված էին տարբեր տեսակի անհեթեթություններ՝ բազմազանություն և բացառիկություն հաղորդելով նրա ներաշխարհին: Պատից պատ ձգված թելի վրա չորանում էին սուսամբարն ու սամիթը՝ հիշեցնելով ինչ-որ մի այնպիսի բանի մասին, ինչը ցախատների հետ պարզապես չի լինում. այնուամենայնիվ, նրանք հենց հիշեցնում էին, և նրան երբեմն թվում էր, թե մի ժամանակ ինքը ցախատուն չի եղել, այլ ամառանոց կամ առնվազն` ավտոտնակ:

Նա շոշափեց իրեն և հասկացավ, որ այն, ինչը զգում էր, այսինքն՝ հենց ինքը, կազմված էր բազմաթիվ փոքրիկ անհատականություններից. տարածության հաղթահարման համար նախատեսված մեքենաների ոչ երկրային անհատականություններից, որոնցից ռեզինի և պողպատի հոտ էր գալիս, ինքն իր վրա փակված օղակի առեղծվածային ներհայեցումից,  հոգիների ծվվոցից` ցրված մեխերի, պտուտակների և նմանատիպ մանրուքների համար նախատեսված դարակներին, և ուրիշ բաներից: Այս գոյություններից յուրաքանչյուրում անսահման շատ երանգներ կային, բայց և այնպես, յուրաքանչյուրին համապատասխանում էր հենց իր համար կարևոր մի բան` ինչ-որ որոշիչ զգացմունք, և այդ բոլորը միաձուլվելով` կազմում էին նոր միասնություն՝ տարածության մեջ պարսպապատված թարմ ներկված տախտակներով, բայց և ոչ մի բանով չսահմանափակված. հենց դա էր ինքը՝ Համար XII-ը, իսկ նրա վերևում երկնքի, մառախուղի և ամպերի միջով անցնում էր ամբողջությամբ ողորկ լուսինը… Հենց այդ պահից էլ, իրապես, սկսվեց նրա կյանքը:

Շուտով Համար XII-ը հասկացավ, որ իրեն ամենաշատը դուր է գալիս այն զգացողությունը, որի աղբյուրը կամ հաղորդիչը հեծանիվներն էին: Երբեմն ամառային շոգ օրերին, երբ շուրջբոլորը հանդարտ էր, նա գաղտնի իրեն նույնացնում էր մե՛կ ծալովի «Կամայի» հետ, մե՛կ «Սպուտնիկի» և զգում էր լիակատար երջանկության երկու տարբեր տեսակներ:

Այդ վիճակում բոլորովին դժվար չէր հայտնվել իր իրական գտնվելու վայրից 50 կիլոմետր հեռավորության վրա և գլորվել, օրինակ, բետոնե ափերով ջրանցքի վերևով անցնող ամայի կամրջի վրայով կամ շոգ մայրուղու յասամանագույն ճամփեզրով, պտտվել թունելների մեջ` ձևավորված գրունտային նեղ ճանապարհների շուրջը աճած թփերից, որպեսզի այդպես քշելով դուրս գար անտառի միջով անտառ տանող ուրիշ ճանապարհ, իսկ հետո երևի հնարավոր կլիներ այդպես հորիզոնի նարնջագույն գծին հենված գնալ մինչև կյանքի վերջ, բայց դա չէր ուզում, քանի որ երջանկությունը հենց այդ հնարավորության մեջ էր: Հնարավոր կլիներ հայտնվել քաղաքում, ինչ-որ բակում, որտեղ ասֆալտի ճաքերից ինչ-որ երկար ցողուններ էին աճում, և այնտեղ անցկացնել ողջ երեկոն. մի խոսքով՝ հնարավոր կլիներ գրեթե ամեն ինչ:

Երբ նա ցանկանում էր մոտակայքում գտնվող առեղծվածային կողմնորոշմամբ ավտոտնակի հետ կիսվել իր որոշ ապրումներով, ի պատասխան լսում էր, որ իրականում ամենամեծ երջանկությունը միայն մեկն է, և այն կազմված է ավտոտնակի նախաձևերի սքանչելի միասնությունից. այստեղ ինչպե՞ս կարելի էր զրուցակցին պատմել երկու տարբեր տեսակի կատարյալ երջանկությունների մասին, որոնցից մեկը ծալովի էր, իսկ մյուսն ուներ արագության երեք ռեժիմ:

- Ի՞նչ է, ես նո՞ւյնպես պետք է փորձեմ ինձ ավտոտնակ զգալ, - հարցրեց նա մի անգամ:

- Ուրիշ ճանապարհ չկա,- պատասխանեց ավտոտնակը,- դա, իհարկե, դժվար թե մինչև վերջ հաջողվի քեզ մոտ, բայց դու ամեն դեպքում ավելի մեծ հնարավորություններ ունես, քան շան բները կամ ծխախոտի կրպակները:

- Իսկ եթե ինձ դուր է գալիս հեծանի՞վ զգալ, - արտահայտեց Համար XII-ն իր ներսում եղածը:

- Դե ինչ արած, զգա՛, արգելել չեմ կարող: Ստորադաս զգացմունքները ոմանց համար սահման են, և ոչինչ չես կարող անել դրա հետ, - ասաց ավտոտնակը:

- Իսկ էդ ի՞նչ է կավիճով գրված կողքիդ,- թեման փոխեց Համար XII-ը:

- Քո գործը չէ, այ նրբատախտակի կեղտ,- անսպասելի չարությամբ պատասխանեց ավտոտնակը:

 Համար XII-ը, հասկանալի է` այդ մասին խոսք բացեց վրդովմունքից ելնելով. ո՞ւմ համար վիրավորական չէ, երբ իր զգացմունքները ստորադաս են անվանում: Այդ դեպքից հետո ավտոտնակի հետ որևէ շփման մասին խոսք անգամ չէր կարող լինել, և Համար XII-ը ոչ էլ զղջում էր: Մի առավոտ ավտոտնակը քանդեցին, և Համար XII-ը մնաց միայնության մեջ:

Ճիշտ է, ձախ կողմից նրան մոտեցան երկու այլ ցախատներ, բայց նա փորձում էր նույնիսկ չմտածել նրանց մասին: Ոչ այն պատճառով, որ նրանք մի փոքր այլ կառուցվածք ունեին և ներկված էին խամրած անորոշ գույնով. դրա հետ դեռ հնարավոր էր հաշտվել: Խնդիրն ուրիշ էր. մոտակայքում՝ հինգհարկանի շենքի առաջին հարկում, որտեղ ապրում էին Համար XII-ի տերերը, կար բանջարեղենի մեծ խանութ, և այդ ցախատները նրա համար ծառայում էին որպես տնտեսական սենյակներ։ Նրանցում պահվում էին գազար, կարտոֆիլ, ճակնդեղ, վարունգ, բայց Համար 13-ի և Համար 14-ի հարցում համեմատաբար գլխավորը, իհարկե, կաղամբն էր՝ պահված երկու հսկայական տակառների մեջ` ծածկված պոլիէթիլենով: Համար XII-ը հաճախ էր տեսնում նրանց` պողպատե օղակներով ձգված խորջրյա մարմինները, որ կողքի վրա դուրս էին գլորվում դեպի բակ՝ շրջապատված հոգնատանջ աշխատողների շքախմբով: Այդ ժամանակ նա սկսում էր վախենալ, և նա հիշում էր հանգուցյալ ավտոտնակի արտահայտություններից մեկը, որին նա երբեմն կարոտում էր. «Կյանքում որոշ բաներից պետք է պարզապես հնարավորինս շուտ երես թեքել»,- հիշում էր և անմիջապես հետևում նրան: Հարևանների մութ և անհասկանալի կյանքը, նրանց փտած գոլորշիները և ձանձրալի կենսունակությունը սպառնում էին Համար XII-ին, քանի որ այդ ցածրիկ շինությունների գոյությունն ինքնին հերքում էր մնացած ամեն ինչ, և տակառների աղաջրի յուրաքանչյուր կաթիլ ցույց էր տալիս, որ Համար XII-ն այս տիեզերքում բոլորովին ավելորդ է, ամեն դեպքում, նա այդպես վերծանեց նրանցից տարածվող աշխարհընկալման ալիքները:

Բայց օրն ավարտվում էր, լույսը խամրում էր,  Համար XII-ը դառնում էր անապատային ճանապարհի երկայնքով սլացող հեծանիվ, և ցերեկվա սարսափների մասին հիշելը պարզապես ծիծաղելի էր:

Ամառվա կեսն էր, երբ զնգաց կողպեքը, հետ թեքվեց բռնակի փականը, և  Համար XII մտան երկու հոգի՝ տիրուհին և ինչ-որ կին: Նա այնքան էլ դուր չեկավ Համար XII-ին, քանի որ անհասկանալի կերպով իրեն հիշեցնում էր այն ամենը, ինչը տանել չէր կարողանում: Ոչ այն պատճառով, որ կնոջից կաղամբի հոտ էր գալիս, և այդ պատճառով էլ նման տպավորություն էր թողնում, ավելի շուտ՝ ընդհակառակը, կաղամբի հոտը տեղեկություններ էր պարունակում այդ կնոջ մասին, նա կարծես իր մեջ էր մարմնավորում թթվեցման գաղափարը և առարկայացնում այդ ճնշող կամքը, որին 13 և 14 համարները պարտական էին իրենց ներկայով:

Համար XII-ը մտորում էր, իսկ մարդիկ այդ ընթացքում ասում էին.

- Դե ինչ, դարակները հանե՛լ...  Լավ է, լավ…

-  Առաջին կարգի ցախատուն է - արձագանքեց տանտերը՝ հեծանիվները դուրս գլորելով,- ոչ կաթում է, ոչ էլ... Բա գույնն ի՜նչ լավն է։

Հեծանիվները գլորելով և հենելով պատին` նա սկսեց դարակներից անկանոն հավաքել այնտեղ ընկած ամեն ինչ: Այդ ժամանակ Համար XII-ն անհանգստացավ:

Իհարկե, նախկինում էլ էին հեծանիվները հաճախ անհետանում որոշ ժամանակով, և նա կարողանում էր առաջացող դատարկությունը փակել իր հիշողությամբ: Հետո, երբ հեծանիվները վերադարձնում էին իրենց տեղը, նա զարմանում էր իր ստեղծած պատկերների անկատարությունից՝ համեմատած հեծանիվների հեշտությամբ տարածություն արձակած իրական գեղեցկության հետ: Այսպիսով` անհետանալով` հեծանիվները միշտ վերադառնում էին, և այդ կարճ բաժանումները սեփական հոգում գլխավորապես վաղվա օրվա անկանխատեսելիության հմայք էին հաղորդում Համար XII-ի կյանքին, բայց այժմ ամեն ինչ այլ էր: Հեծանիվները ընդմիշտ էին տանում:

Նա դա հասկացավ այն ամբողջական ու աննրբանկատ ավերածությունից, որն իր մեջ ստեղծեց կարմիր տաբատավորը. Նման բան առաջին անգամ էր կատարվում: Սպիտակ խալաթով կինը վաղուց արդեն ինչ-որ տեղ էր գնացել, իսկ տերն ամեն ինչ փորփրում էր՝ գործիքները հավաքելով պայուսակի մեջ, պատերից պոկելով թիթեղատուփերը և սոսնձված հին տեսախցիկները: Հետո գրեթե դռան մոտ կանգնեց մի բեռնատար, և երկու հեծանիվները՝ հետևելով բերնեբերան լցված պայուսակներին, հնազանդորեն սուզվեցին նրա լայն բացված բրեզենտե հետնամասի մեջ:

Համար XII-ը դատարկ էր, իսկ դուռը` լայն բացված:

Չնայած այս ամեն ինչին` նա շարունակում էր մնալ ինքը: Նրա մեջ շարունակում էին ապրել այն ամենի հոգիները, որոնցից կյանքը զրկել էր իրեն. և թեև նրանք դարձել էին ստվերների նման, նախկինի պես բոլորը միաձուլվում էին, որ ձևավորեն իրեն՝ Համար XII-ին, միայն թե անհատականությունը պահպանելու համար պահանջվում էր ողջ կամքի ուժը, որ նա կարող էր հավաքել:

Առավոտյան նա իր մեջ փոփոխություն նկատեց. նրան այլևս չէր հետաքրքրում շրջապատող աշխարհը, իսկ այն ամենը, ինչը գրավել էր, գտնվում էր անցյալում՝ շրջանաձև պտույտ կատարելով հիշողության մեջ: Նա գիտեր, թե ինչպես դա բացատրել. հեռանալիս տերը մոռացել էր օղակը՝ թողնելով իր ներկայիս ցնորական հոգու միակ իրական մասնիկը, և այդ պատճառով Համար XII-ը հիմա իրեն խիստ նմանեցնում էր փակ շրջանի: Բայց ուժ չուներ ինչ-որ կերպ վերաբերմունք ցույց տալու դրան և մտածելու՝ արդյոք լա՞վ է դա: Արդյոք վա՞տ է: Ամեն ինչ ողողվել էր թախիծով և գունաթափվել: Այդպես անցավ մեկ ամիս:

Մի օր հայտնվեցին բանվորները, մտան անպաշտպան բաց թողնված դռնից և մի քանի րոպեում պոկեցին դարակները: Մինչ Համար XII-ը կհասցներ զգալ իր նոր վիճակը, սարսափի ալիքը պատեց նրան՝ ցույց տալով, ի դեպ, թե դեռ ինչքան կենսունակություն էր մնացել իր մեջ` անհրաժեշտ` վախ զգալու համար:

Բակով դեպի իրեն գլորեցին մի տակառ: Հենց դեպի իրեն: Նույնիսկ ամենախորը նոստալգիայի մեջ, երբ թվում էր, թե ավելի վատ բան չէր կարող լինել, նա չէր մտածել դեպքերի նման ընթացքի մասին:

Տակառը սարսափելի էր: Այն հսկայական էր և ուռուցիկ, այն շատ հին էր, իսկ ինչ-որ հրեշավոր բանով ներծծված նրա կողերը այնպիսի շառավղով էին գարշահոտություն արձակում, որ նույնիսկ կյանքի հակառակ կողմին սովոր անխոնջ աշխատողները նրան կողքի վրա գլորելիս շրջվում էին և հայհոյում: Այդ ամենի հետ Համար XII-ը բանվորների համար աննկատ մի բան էր տեսնում. տակառի մեջ սառչում էր ուշադրությունը, և նա մշուշոտ աչքերով էր ընկալում աշխարհը: Թե ինչպես նրան ներս գլորեցին և շրջեցին հատակին՝ դնելով ամենակենտրոնում, գիտակցությունը կորցրած Համար XII-ը չտեսավ:

Տառապանքը խեղում է: Անցավ երկու օր, և Համար XII-ի մոտ քիչ-քիչ սկսեցին վերականգնվել մտքերն ու զգացմունքները: Հիմա նա ուրիշ էր, և ուրիշ էր նրա մեջ ամեն ինչ: Նրա հոգու ամենակենտրոնում` այնտեղ, որտեղ մի ժամանակ հանգչում էին քամուց լվացված շրջանակները, այժմ թրթռում էր կենդանի մահը՝ թանձրանալով տակառի մեջ,  որը դանդաղորեն գոյանում էր և մտածում. այդ մտքերն այժմ նաև Համար XII-ի մտքերն էին: Նա զգում էր փտած աղաջրի խմորումը, և այդ նրա մեջ էին բարձրանում պղպջակները, որպեսզի պայթեին մակերևույթին՝ անցք ձևավորելով բորբոսի շերտի վրա, այդ նրա մեջ էին գազի ազդեցության տակ խառնվում ուռած դիակային վարունգները, և նրա մեջ էին ձգվում լորձով պատված տախտակները՝ ձգված ժանգոտ երկաթով: Այդ ամենը ինքն էր:

13 և 14 համարներն այլևս չէին վախեցնում նրան, ընդհակառակը, նրանց միջև արագորեն հաստատվեց կիսագիտակից ընկերակցություն: Բայց անցյալն ամբողջությամբ չէր անհետացել, այլ ուղղակի մի կողմ էր հրվել և ճնշվել: Ուստի  Համար XII-ի նոր կյանքը երկակի էր: Մի կողմից նա 13 և 14 համարների հետ հավասար հիմունքներով մասնակցում էր ամեն ինչին, իսկ մյուս կողմից՝ նրա մեջ ինչ-որ տեղ թաքնված էին զգացմունքներ, գիտակցումը այն սարսափելի անարդարության, որն իր հետ կատարվել էր: Բայց նրա նոր էության ծանրության կենտրոնը, անշուշտ, տակառն էր, որն անընդհատ կլթկլթոց և ճռթճռթոց էր արձակում՝ փոխարինելով անիվների երևակայական խշշոցին:

13 և 14 համարները նրան բացատրեցին, որ ողջ տեղի ունեցածը տարրական տարիքային բեկում է.

- Մուտքն իրական աշխարհ իր հոգսերով և տագնապներով միշտ էլ հղի է որոշ դժվարություններով,- ասաց Համար 13-ը,- բոլորովին նոր խնդիրներով են լցնում հոգին:

Եվ հուսադրող ավելացրեց.

- Ոչինչ, կհարմարվես: Սկզբից է միայն դժվար:

Տասնչորսերորդը ավելի շուտ փիլիսոփայական պահեստի ցախատուն էր(ոչ պահեստավորման առումով), հաճախ էր խոսում հոգևորի մասին և շուտով նոր ընկերոջը համոզեց, որ մեկ՝ գեղեցիկը ներդաշնակության մեջ է(«Սա մեկ», - ասաց նա), իսկ ներսում, սա օբյեկտիվ է, կան վարուգներ և կաղամբներ(«Սա երկուս»), և կյանքի գեղեցկությունը տակառի բովանդակության հետ ներդաշնակության հասնելու և դրան խանգարող ամեն ինչ վերացնելու մեջ է: Որպեսզի չթափվի, իր սեփական տակառի եզրի տակ դրված էր հին փիլիսոփայական բառարան, որից հաճախ էր մեջբերումներ անում, ի վերջո հենց այն օգնեց բացատրելու Համար XII-ին, թե ինչպես պետք է ապրել: Բայց միևնույն է, Համար 14-ը լիովին չէր վստահում նորեկին՝ զգալով նրա մեջ մի բան, որն ինքը՝ Համար XII-ը, այևս չէր նկատում իր մեջ:

Համար XII-ն աստիճանաբար, իսկապես որ, հարմարվեց: Երբեմն նա նույնիսկ յուրահատուկ ոգեշնչում էր զգում, նոր կամք՝ իր նոր կյանքի համար: Բայց, այնուամենայնիվ, նոր ընկերների հանդեպ անվստահությունն արդարացված էր. մի քանի անգամ Համար XII-ը ինչ-որ մոռացված բանի փայլ  էր որսացել` արագ, ինչպես կողպեքի ճեղքից անցնող շող, և այդ ժամանակ ընկել էր դեպի իրեն ուղղված արհամարհանքի մեջ. էլ չխոսենք մյուսների մասին, ում նա ուղղակի ատում էր այդ պահերին:

Այդ ամենը, իհարկե, ճնշվում էր վարունգներով լի տակառի անպարտ աշխարհազգացողությամբ, և շուտով Համար XII-ը սկսեց տարակուսել` ինչու է դա նրան այդքան գրավում: Աստիճանաբար նա ավելի պարզ էր դառնում և անցյալն ավելի ու ավելի քիչ էր անհանգստացնում, որովհետև գնալով դժվարանում էր հասնել հիշողության ակնթարթային առկայծումներին: Միաժամանակ տակառն ավելի ու ավելի հաճախ էր թվում կայունության և հանգստության երաշխիք, ինչպես բալաստը(ծանրաբեռ) նավի վրա, և երբեմն Համար XII-ը այդպես էլ պատկերացնում էր իրեն՝ ջերմանավի տեսքով՝ դեպի վաղն ընդառաջ լողացող:

Նա սկսեց զգալ իր տակառին բնորոշ ինքնատիպ բարություն, բայց միայն այն բանից հետո, երբ վերջապես իր ներսում  ինչ-որ բան բացահայտեց նրան: Վարունգներն այժմ երեխաների նման մի բան էին դարձել նրա համար:

13 և 14 համարները վատ ընկերներ չէին, և որ ամենակարևորն էր, նրանցում նա աջակցություն գտավ իր նորի համար: Պատահում էր, որ երեկոյան նրանք երեքով լուռ դասակարգում էին աշխարհի առարկաները՝ շուրջբոլորը լցնելով ընդհանուր հասկացողությամբ, և երբ հարևանությամբ վերջերս կառուցված ինչ-որ կրպակ դողում էր, նայելով նրան՝  նա մտածում էր. «Հիմարություն... Ոչինչ, կխենթանա` կհասկանա…»: Մի քանի նմանատիպ փոխակեպումներ նրա աչքի առաջ տեղի ունեցան, և դա ևս մեկ անգամ հաստատեց իր իրավացիությունը: Նա նաև ատելություն էր զգում, երբ աշխարհում հայտնվում էր ինչ-որ անպետք բան. փառք Աստծո` դա հազվադեպ էր լինում: Անցան օրեր և տարիներ, ու թվում էր՝ էլ ոչինչ չի փոխվի:

Ամառային մի երեկո, նայելով իր ներսը, Համար XII-ը հանդիպեց մի անհասկանալի առարկայի՝ սարդոստայնով պատված պլաստմասե օղակի: Սկզբում նա չկարողացավ գլխի ընկնել, թե ինչ է դա և ինչու, ու հանկարծ հիշեց. ի վերջո այնքա՜ն շատ բան էր կապված այդ առարկայի հետ: Տակառը նրա մեջ նիրհում էր, և նրա ինչ-որ մի ուրիշ մաս զգույշ դասավորում էր հիշողության թելերը, սակայն դրանք բոլորը վաղուց կտրված էին և ոչ մի տեղ չէին տանում: Բայց վերջիվերջո ինչ-որ բան եղե՞լ էր, չէ՞: Թե՞ չէր եղել: Կենտրոնացած փորձելով հասկանալ, թե այդ ինչ չի կարողանում հիշել` նա մի վայրկյան դադարեց զգալ տակառը և կարծես առանձնացավ նրանից:

Հենց այդ պահին բակ մտավ մի հեծանիվ, և հեծանվորդն առանց պատճառի երկու անգամ զնգացրեց ղեկի զանգը: Եվ դա հերիք էր. Համար XII-ը հանկարծ ամեն ինչ հիշեց:

                                                     

                                                      Հեծանիվ:

                                                      Մայրուղի:

                                                      Մայրամուտ:

                                                      Կամուրջ գետի վրայով:

Նա հիշեց, թե ով է ինքն իրականում, և վերջապես դարձավ ինքը՝ հենց ինքը: Տակառի հետ կապված ամեն ինչ պոկվեց, ինչպես չոր կեղև, նա զգաց աղաջրի նողկալի գարշահոտը և իր երեկվա ընկերներին՝ 13 և 14 համարներին, տեսավ այնպիսին, ինչպիսին կային: Բայց դրա մասին մտածելու ժամանակ չկար, պետք էր շտապել, որովհետև գիտեր, որ եթե չհասցնի անել այն, ինչ ծրագրել է, անիծված տակառը նորից կհնազանդեցնի նրան և իրենը կդարձնի:

Միևնույն ժամանակ տակառն արթնացավ, հասկացավ, և Համար XII-ը զգաց սառը թմրության ծանոթ ալիք. նախկինում մտածում էր, թե դա իր թմրությունն է: Արթնանալով` տակառը սկսեց գերեվարել նրան, և նա ոչնչով չէր կարող դրան պատասխանել՝ բացի մի բանից:

Տանիքի ելուստի տակով երկու էլեկտրալար էին անցնում: Մի ժամանակ նրանք տախտակի անցքով էին անցնում, բայց արդեն վաղուց դուրս էին եկել այնտեղից և այժմ մերկ պղինձով խրված էին ծառի մեջ՝ իրարից մեկ մատնաչափ հեռավորությամբ: Մինչ տակառը ուշքի էր գալիս ու պարզում, թե ինչն ինչոց է, նա արեց միակ հնարավոր բանը. ողջ ուժով սեղմեց այդ լարերը՝ օգտագործելով իր մեջ հուսահատությունից հայտնված ինչ-որ նոր հնարավորություն: Հաջորդ պահին վարունգի տակառից բխող մի անդիմադրելի ուժ տարավ նրան, և մի որոշ ժամանակ նա պարզապես դադարեց գոյություն ունենալ: Բայց գործն արված էր. լարերը, հայտնվելով օդում, դիպան միմյանց, և նրանց հանդիպման տեղում բռնկվեց մանուշակագույն-սպիտակ բոց: Մի վայրկյան անց ինչ-որ տեղ վառվեց խցանը, և լարերը հոսանքազրկվեցին, բայց չոր տախտակի վրայով արդեն բարձրանում էր ծխի նեղ ժապավենը, հետո հայտնվեց կրակը և իր ճանապարհին որևէ խոչընդոտի չհանդիպելով՝ սկսեց աճել և սողալ դեպի տանիք:

Համար XII-ը հարվածից հետո արթնանացավ և հասկացավ, որ տակառը որոշել է ոչնչացնել իրեն: Նա իր ամբողջ էությամբ սեղմվեց տանիքի տախտակները և զգաց, որ տակառը մենակ չէ. նրան օգնում էին 13 և 14 համարները, որոնք դրսից ճնշում էին գործադրում իր վրա:

«Ակնհայտ է,- տարօրինակ օտարվածությամբ մտածեց Համար XII-ը,- հիմա նրանց համար խելագարին սանձելու նման ինչ-որ բան է կատարվում, կամ միգուցե ճեղքած թշնամուն, որն այնքան հմտորեն յուրային էր ձևացել …»: Հնարավոր չէր միտքը ավարտին հասցնել, քանի որ տակառը, իր ողջ փտածությամբ փռվելով իր գոյության սահմանագծին, կրկնապատկեց ջանքերը: Նա դիմացավ, բայց հասկացավ, որ հաջորդ հարվածն իր համար վերջինն է լինելու և պատրաստվեց մահվան: Մինչդեռ ժամանակն անցնում էր, իսկ նոր հարվածը դեռ չկար: Այդ ժամանակ նա որոշ չափով ընդլայնեց իր սահմանները և զգաց երկու բան: Առաջինը տակառին պատկանող վախն էր, նույնքան սառը և դանդաղ, ինչպիսին նրա բոլոր դրսևորումներն էին: Երկրորդը կրակն էր, որ բռնկվում էր շուրջը և արդեն նետվում դեպի առաստաղի` Համար XII-ով ոգեշնչված հատվածները: Բոցավառվում էին պատերը, կրակոտ արցունքներով հեծկլտում էր տանիքի տոլը, իսկ ներքևում այրվում էին արևածաղկի ձեթի պլաստմասե շշերը: Դրանցից մի քանիսը պայթեցին, տակառի աղաջուրը եռաց, և նա, չնայած իր ողջ հզորությանը, սկսեց մահանալ: Համար XII-ը տարածվեց տանիքի բոլոր այն մասերի վրա, որոնք դեռ գոյություն ունեին և հիշողության մեջ արթնացրեց այն օրը, երբ իրեն ներկեցին, իսկ գլխավորը՝ այն գիշերը. նա ուզում էր մեռնել հենց այդ մտքերով: Կողքին արդեն վառվում էր Համար 13-ը, և դա վերջին բանն էր, որը նա նկատեց: Բայց մահը չէր գալիս, իսկ երբ բռնկվեց նրա վերջին տաշեղը, տեղի ունեցավ անսպասելին:

Տասնյոթերորդ բանջարանոցի տնտեսվարը՝ այն նույն կինը, զզվելի տրամադրությամբ տուն էր գնում: Երեկոյան՝ ժամը վեցի կողմերը, անսպասելիորեն այրվել էր պահեստը, որտեղ կարագ ու վարունգ կար: Կարագը թափվել էր, և կրակը տարածվել էր դեպի հարևան ցախատներ, մի խոսքով՝ այրվել էր այն ամենը, ինչ կարող էր այրվել: Տասներկուերորդ ցախատնից մնացել էին միայն բանալիները, իսկ տասներեքերորդից ու տասնչորսերորդից՝ մի քանի այրված տախտակներ:

Մինչ կազմում էին ակտերը և բացատրություն տալիս հրշեջներին, մութն ընկավ, և գնալը վախեցնող էր, քանի որ ճանապարհն ամայի էր, իսկ կողքի ծառերը կարծես շարված ավազակներ լինեին: Տնտեսվարը կանգ առավ և հետ նայեց՝ հո որևէ մեկը իրեն չի՞ հետևում: Կարծես թե դատարկ էր: Նա ևս մի քանի քայլ արեց և շուրջը զննեց. թվաց, թե հեռվում ինչ-որ բան էր առկայծում: Ամեն դեպքում քաշվեց ծառի հետևն ու սկսեց լարված զննել մթության մեջ` սպասելով մինչև իրավիճակը պարզվի:

Ճանապարհի ամենահեռավոր տեսանելի կետում հայտնվեց մի լուսավոր հետք:  «Մոտոցի՛կլ»,- մտածեց տնտեսվարը և ավելի ամուր սեղմվեց ծառին: Այնուամենայնիվ, շարժիչի աղմուկ չկար: Լուսավոր կետը մոտենում էր, և պարզ դարձավ, որ այն ոչ թե ճանապարհով է շարժվում, այլ թռչում է նրա վրայով: Եվս մեկ վայրկյան, և այդ կետը վերածվեց միանգամայն անիրական բանի. երեքից չորս մետր բարձրության վրա թռչող հեծանիվ՝ առանց հեծանվորդի: Տարօրինակ էր նրա կառուցվածքը.  այն մի տեսակ կոպիտ տեսք ուներ, կարծես տախտակներից պատրաստված լիներ, բայց ամենատարօրինակն այն էր, որ փայլում էր և առկայծում՝ փոխելով գույները, դառնալով մե՛րթ թափանցիկ, մե՛րթ բռնկվելով անտանելիության հասնող պայծառությամբ: Իրեն կորցրած՝ տնտեսվարը նետվեց ճանապարհի կենտրոն, և հեծանիվն ակնհայտորեն արձագանքեց նրա հայտնվելուն: Նա իջավ, դանդաղեցրեց արագությունը և մի քանի շրջապտույտ կատարեց շշմած կնոջ գլխավերևում, հետո վեր բարձրացավ, տեղում քարացավ և ինչպես հողմացույց` կտրուկ շրջվեց ճանապարհի վրայով: Մեկ կամ երկու վայրկյան այդպես կախվելով՝ նա վերջապես շարժվեց տեղից, անհավանական արագությամբ ընթացք հավաքեց և վերածվեց երկնքում շողացող կետի: Հետո անհետացավ:

Ուշքի գալով՝ տնտեսվարը նկատեց, որ նստած է ճանապարհի կենտրոնում: Նա վեր կացավ, թափ տվեց իրեն և բոլորովին մոռանալով… Ասենք, Աստված նրա հետ:

 

Ռուսերենից թարգմանեց Անահիտ Սարգսյանը

  • Hits: 12790

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: