Զրոյի մասին (Ժանրի ծնունդը). Անդրեյ Բիտով

Զրոն (ոչինչը) հիպնոսացնում է իր ներամփոփությամբ։ Պարզապես ներփակված է ինքն իր մեջ։ Բայց շրջանաձև չէ։ Շրջան է, բայց հարթ։ Ոչ այնպիսին, իհարկե, ինչպիսին Երկիրն է, կամ ձուն։ «Զրոյից»-ը «Ab ovo» չէ, կյանքի հիմքը չէ։ Սակայն գուցե նրա սահմանն է։

«0՝ թի՞վ է, թե՞ տառ»,- մի անգամ ինձ այս հանելուկը հարցրեց մի պերսոնաժ։ Ոչ միայն հնարավոր չէ կռահել այն, այլ նաև բարձրաձայն ասելն անհնար է առանց «օ-քեյ» նշանի նման ձեռքի շարժում անելու։ Լատիներեն ելակետային զրոյում նույնիսկ երկու «Օ» կար, ինչը և ծնունդ է տվել մեր «Ու»-ին, որն ինչպես որ լսվում է, այնպես էլ գրվում է։

Թեև՝ մենությունը երեք «Օ»-ով է գրվում։

Զրոն մնացել է որպես թիվ, ոչինչը դարձել է հասկացություն։

Զարմանալի է, սակայն փաստ՝ 0-ն որպես թիվ հայտնաբերվել է մեկից հետո։ Դա գիտակցության համար շատ ավելի մեծ թռիչքային նվաճում էր, քան միայն մաթեմատիկականը։ Բաժանեք 0-ն ուղղահայաց գծիկով, ինչպես սուրճի հատիկը։ Աջ կեսում տեղադրեք + նշանը, ձախում՝ - նշանը։ Կստացվի ինչպես բարին ու չարը։ Զրոյից աջ կլինի +1-ը, ձախ՝ -1-ը եւ կսկսվի դրական կամ բացասական թվերի համրանքը ցանկացած ուղղությամբ դեպի անվերջություն, մինչև որ չձանձրացնի։ Ահա և ձեզ ընտրության ազատությունը՝ երկուսի մաթեմատիկական հավասարությունը։ Ահա և ձեզ ուղղության ընտրությունը՝ դեպի դճոխք կամ դեպի դրախտ՝ ինչ ուզում ես ընտրիր մանկական հաշվիչում։

Ոլորեք զրոն և կստանաք 8, որը ևս մի ներփակ թիվ է։ Բոլորը գիտեն, որ 666-ը գազանի թիվն է, սակայն բոլորը չգիտեն, որ 888-ը Հիսուսի թիվն է։

Ութը պառկեցրեք կողքի, և կստացվի անվերջություն։

Զրոն նույնիսկ սկիզբը չէ։ Սկիզբն ամեն դեպքում մեկն է։ Զինվորիկը ․․․ բաժանեք նրան զրոյի և կստացվի բանակ։

Բազմապատկեք որեւէ թիվ զրոյով և կստացվի զրո, բաժանեք և կստացվի անվերջություն։

«Մեկի վրա բաժանումը իրականությունն է»։

Սրանով իմ մաթեմատիկական գիտելիքները վերջանում են (ոչ մի խոսք «Մյոբիուսի ժապավենի մասին»)։

Անորոշություն։

Զրոն կարող է լինել առավել կամ պակաս՝ ահա թե բանն ինչ է։

Գծապատկերով զրոն ամենահաստլիկն է։ Նրանում ոչինչ չկա։

«Անորոշ է»,- ասաց հրետանավոր Լև Տոլստոյը՝ աչքի անցկացնելով ինչ-որ մեկի ձեռագիրը։

Զրոն նաեւ այլ, (երբեմն՝ նոր) մակարդակի նշումն է։ Բարձրագույն մակարդակը՝ ներկա ժամանակում իրականացման սահմանը։

Կատարածի առավելագույն և նվազագույն գնահատականների միջև հասնում ես զրոյի։

Դատողություններ անելով զրոյի մասին՝ չի կարելի չհասնել կետի։ Գիծ գծելիս սկսում ես կետից և ավարտում կետում։ Փակ կորի մեջ բոլոր կետերը միաձուլվում են, տարրալուծվում և անհետանում։

Կետը չափորոշիչ չունի, իսկ զրոն՝ գոյություն։

Կոպիտ ասած՝ զրոն միայն հաստլիկ կետ է, որում անցք է բացված։

Սակայն եթե անցք բացենք 1917 թվականին ձևավորված պատմական զրոյի մեջ, ապա երկրի արտաշնչումը 1956-ին այնպիսի սուլոցով է եղել, որը լսելի է մինչև հիմա։

Զրոն  եղավ հիանալի հաշվանքի ելակետ։ Դրանից հետո դու միավորն ես, կարելի է ասել, միակը, նույնիսկ՝ առաջինը։ Եվ ով կհամարձակվեր այլ կերպ սկսել սկիզբը։

Այն ամենը, ինչը որ եղել էր նախքան 1917 թվականը, պարզվեց, որ շահել է, իսկ այն, ինչը որ դրանից հետո եղավ, տուժեց՝ ներառյալ ողջ գրականությունն իր սոցռեալիզմով և ծախվածությամբ։ Դյուրին էր քայլ անել վախվորած հայրերի սերնդի վրայով, քանզի ամեն բան, որ արժանի էր նրանց, կործանվել էր։ Օրինակները չէին ճնշում, ոչ թե այն պատճառով, որ դրանք չկային, այլ, որ դրանց չէին տեսնում։ Դյուրին դարձավ հայտնագործելը՝ լիներ դա հեծանիվ, բարութ, թե ինտեգրալ հաշվանքի համակարգ՝ չիմանալով, որ այդ ամենն ընդամենը չանցածի վարժանքների ժողովածու է։

«Հաշվանքի նիկելապատ զրո»՝ քարտեզագրական այս եզրույթն ինձ ապշեցրեց 1956 թվականին։ Ես դեռ ոչինչ չէի գրել, երբ հայտնաբերեցի այդ նիկելապատ զրոն թեոդոլիտի շրջանաձև սանդղակում, սակայն արդեն ժպտացի՝ արտացոլվելով նրա մեջ։ Հետագայում ես իմ ողջ սերնդի ճակատագիրը տեսա այդ արտացոլանքի մեջ։ Փայլեցված զրո։ 

Քեզ ոչ Դոստոևսկի, ոչ Արծաթե դար, ոչ Եսենին, ոչ Ջեք Լոնդոն, ոչ Զոշչենկո, ոչ Պլատոնով և նույնիսկ՝ ոչ «Տասներկու աթոռներ» չկա, այսինքն՝ ոչ մի արժանապատիվ հետհեղափոխական գրականություն։ Բարեբախտաբար թույլատրված խորհրդային գրականություն սկզբունքորեն չեմ կարդացել։

Շնորհիվ նրա, որ Մայակովսկին հավանության էր արժանացել Առաջնորդի կողմից, մենք նրա ստեղծագործությունների առաջին հատորով պատկերացում կազմեցինք ֆուտուրիզմի մասին, շնորհիվ Ախմատովայի հալածանքների և Վերտինսկու վերադարձի էլ՝ ամեն ինչ Արծաթե դարի մասին։

Բոլորը միաժամանակ կարդում էին մեկ գիրք։ Բառի բուն իմաստով։

Սակայն դրա փոխարեն ես դասականներ կարդում էի մոլի կերպով՝ ոչ այնքան լսողությունս ու ճաշակս մարզելու համար, որքան դրանք ժամանակակից իմաստներով հագեցնելու։ Հակադրությունն ակնբախ էր։ Ռուս դասականներից ստեղծելով յուրատեսակ քաղբյուրո՝ իշխանություններն իրենք դաստիարակեցին հակասովետական սերունդ։

Բարեբախտաբար հորեղբայրս լավ գրադարան ուներ և թույլ էր տալիս ինձ օգտվել։ Ամենասիրելի գրողը դարձավ կիսաարգելված (ինչպես և Դոստոևսկին) Ջեք Լոնդոնը։ Ռոմանտիկան համընկավ սեռահասունացման հետ։

Ընթերցողն իմ մեջ սկսեց վերածնվել գրողի ըստ ամենայնի 1954 թվականին, երբ պատրաստվելով դպրոցական ավարտական քննություններին՝ ես այնպիսի ներշնչանքով կարդացի Դիքենսի առաջին վեպը՝ «Պիկվիքսյան ակումբը», ասես ես ինքս էի այն գրել։ Այդ տարի էլ հրատարակվեց «Աղքատ մարդիկը»։ Ասես Դոստոևսկին վերստին սկսել էր որպես երիտասարդ գրող իր առաջին վիպակից։ Լերմոնտովյան տարիքը լքեցի 1963 թվականին՝ «Գրվածքներ՝ գրված անկյունից»-ից հետո։

Զրոյից ես հասա մինչև կետի։

Հեղինակն իր հետևողական ընթերցողին վերապահում է իրավունք որոշել այս հատորի տեղը՝ կամ համաձայնել հեղինակի քմահաճության հետ և այդպիսով բաժանել «Կայսրությունը» ուշ շրջանի գործերից, կամ «Զրոյական հատորը» դնել «Կայսրությունից» առաջ, կամ ողջ ժողովածուից, որպեսզի չափի, թե ինչից սկսվեց ամեն բան։ Հեղինակը հնարավոր է համարում, որ ինչ-որ մեկին այս գիրքը կարող է նույնիսկ շատ ավելի դուր գալ, քան նրա մյուս գրքերը։ Ամեն դեպքում հեղինակն ավելի երիտասարդ է եղել, ավելի թարմ, ավելի լուսավոր, ավելի պարզ, մոտ զրոյին, այսինքն՝ ավելի սկսնակ։

Անդրեյ Բիտով

«Զրոյական հատոր» ժողովածու

«ԱՍՏ հրատարակչություն» ՍՊԸ

Թարգմանությունը՝ Արամ Յանինի

  • Hits: 40192

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: