Խանում Ավանյան․ Բանաստեղծություններ

Հետհաշվարկ

Հինգ  օրից

որոշել եմ

ծածկեմ մարմինս ամպերով,

լուսնին բարևեմ մոտիկից,

փնտրեմ Աստծո ոտնահետքը․․․

Չորս  օրից՝ ետ վերադարձնեմ

Կարմիր օրերս նրան,

Կապույտով գրեմ,

նկարեմ խոտին, ծաղիկին։

Երրորդ օրը 

կկանգնեմ ինքս իմ դիմաց,

Կշոյեմ մարմինս մասնատված․․․

Երկրորդ օրը  գարունը կգա,

Կգրկեմ նրան ամու՜ր, շատ ամու՜ր,

Այդ վերջին օրը  գետնի խոնավություն եմ

զգում․

Գետնին եմ․․․

 

***

Ո՞վ գիտի՝  լույսը որտեղ է  ապրում,

Ո՞վ  է բարուրում նրան,

Ո՞վ է նրա մայրը․․․

Ճառագող մի ամպ,

Երկնային   մասնիկ ։

Գրկում է նա, ձեռքը դնում այտիդ,

Դեմքը՝ ուրվագիծ, շունչը՝  իրական,

Հոտը՝ իսկական, աչքերը՝ արևներ։

Հավատում եմ իրական ես,

Աստվածային,

Մայրամուտը  կողքիդ

անտես մի ուրվական․․․

Առավոտյան 

Փրփրում են մտքերս 

գավաթիս մեջ,

Լույսը մաղվում, հույս է դառնում։

Եվ այս ամենն ու՞ր է տանում 

Իմ դեղձահամ  օրերն անգին։

 

***

Սիրելի' Ժերալդին

ավազուտներում

թավալ էին տալիս

ծաղկած հիշողությունները `

անցած տարվա գարնանը

խնձորենի որդիս բողբոջում էր,

Դու խոսի՛ր, խոսի՛ր

իմ ներսի ծաղիկներից,

Պատմի’ր արմատներս խորն են ,

շատ խորը...

Ո՞վ է ասել.

աստղերը չեն ընկնում

օրերի գրպանից,

Ժերալդին, մի’ թող

ներսիդ ծովը կանաչի,

ծփվի՛ր պատերին...

  • Hits: 57146

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: