Տոնը մոտենում է: Ճնճղուկների ծլվլոցի հետ պատի վրայով սահում, գալիս, նստում է մեր մռայլ սենյակի անկյունում:
Տոնի բույրը մենք` երեխաներս, ավելի շուտ զգացինք, քան մեծահասակները: Շրջապատն ավելի հրապուրիչ դարձավ: Մեր մերկ ոտքերն այլևս չէին սառչում ռետինե կոշիկների մեջ: Աշուրան նռան կեղև գտավ: Սառած գետինը հալվեց, ձյան տակից դուրս եկան աղբն ու կեղտը: Կատուներն սկսեցին իրենց անվերջանալի նվվոցը:
Դպրոցի վառարանն է՛լ չէր վառվում: Փողոցներում այլևս ձյուն չկար: Ցեխ էր ու տիղմ: Անձրև էր գալիս, թրջվում էինք, բայց չէինք մրսում: Տոնը եկավ, մեր տան խոնավ պատերից բարձրացող գոլորշու հետ միաձուլվելով` հիշեցրեց մեզ իր մասին: Սկզբում տոնի գալստյանը չէինք հավատում, բայց մի օր առավոտյան, երբ որոշեցինք բակի ջրավազանի սառցի վրայով սահել, հանկարծ սառույցը կոտրվեց, ու մենք մինչև գոտկատեղներս ընկանք ջրավազանի մեջ, և ջուր դարձած սառույցը մեզ հուշեց` գարունը եկել է:
Թրջված տուն մտանք ու վարագույրի հետևից աչք-ունքով կանչեցինք մայրիկին: Դողում էինք ցրտից ու վախից, աստված մի արասցե` հայրս իմանար: Մայրս, մի քանի անգամ ուժգին կսմթելով, փոխեց մեր տաբատները: Մատների տեղերը կապտեցին: Ցավում էր, լացը խեղդելով կոկորդներումս` լռում էինք: Մեր տեսքից մայրիկը խղճահարվեց: Բայց հայրս չպիտի իմանար տեղի ունեցածի մասին, եթե նույնիսկ վառվեինք, ընկնեինք, ջարդեինք ձեռ ու ոտ, կորցնեինք ինչ-որ բան, միևնույն է` պիտի աշխատեինք թաքցնել: Մեզ կարեկցողը մշտապես մայրիկն էր, ինչպես ինքն էր ասում, ամեն ինչ «կուլ էր տալիս»: Այդպիսին էր վիճակը, երբ տոնը եկավ:
Մայրիկն ամեն մեկիս համար մի-մի բուռ ցորեն ու ոսպ լցրեց պնակի մեջ, թրջեց, հետո տարածեց սկուտեղի վրա, թողեց, որ ծլի: Ուշադիր հետևում էինք ցորենի ու ոսպի աճին, ականջ դնում, թե ինչպես են շնչում ծիլերը. փըս-փըս… սըս… սըս…
Երեկոյան մայրիկը կարկատում էր մեր մաշված շորերը: Հայրիկին ասաց. «Հողի աշխատանքները պիտի սկսել, հա՞»: Հորս գլխին ասես սառը ջուր լցրին: Ծխամորճով քորեց ծնոտը, ասաց. «Հա, հա»: Էլ չշարունակեցին: Սուս էինք արել: Լսում էինք ծլած ոսպերի շնչառությունը. փըս-փըս… սըս… սըս…
Ամեն գիշեր ստուգում էինք մեր խնայատուփերի պարունակությունը` ականջի մոտ թափահարելով զրնգացնում էինք: Ուզում էինք թափանցել կավե պատերից ներս, տեսնել` ինչքան է մնացել լցվելուն: Դրամ էինք հավաքում առանձին-առանձին, բայց տարին մեկ անգամ գանձատուփերը բացելուց հետո, ընդհանուր գումարով հագուստ էինք գնում նրա համար, ում շորերն ավելի շատ էին կարկատված:
Երեկոյան, քուրսու մոտ հավաքված, վիճում էինք, թե ում համար են այս տարի հագուստ գնելու: Աքբարը փսփսալով ասում էր. «Ասղար, այս տարի իմ հերթն է»: Ասղարը թախանձանքով պատասխանում էր. «Մի՞թե չես հիշում, անցյալ տարի ենք քեզ համար հագուստ գնել: Ուզո՞ւմ ես` հաշվենք մեր շորերի կարկատանները»: Հաշվում էին, Ասղարինն ավելի շատ էր, բայց նորից շարունակում էին վիճել: Լսվում էր նրանց փսփսոցը` փըս… փըս… անցյալ տարի… կարկատան… Մեկ էլ քուրսին ցնցվեց, թնկթնկոց լսվեց: Մայրս գոռաց. «Դրանց տես, Աբաս, իրար են խեղդում»: Հայրս բռունցքով լռեցրեց նրանց:
Գանձատուփերը բացելու ժամանակը եկավ: Մայրիկս ուրագով ջարդեց մեր երեքի ու իր կավե գանձատուփերը: Մի քանի անգամ դրամը հաշվելուց հետո տարակուսանքով ինձ նայեց: Իմ հավաքած դրամն ամենաքիչն էր: Սովորել էի, թե ինչպես փակ տուփից մանրադրամ հանեմ: Ամեն դեպքում, մենք շատ ուրախ էինք: Մայրիկիս երեսից անհետացել էր թախիծը, որը մշտապես առկա էր նրա դեմքին: Ամբողջ դրամը նա չադրայի գրպանը լցրեց, ու մենք միասին շուկա գնացինք:
Ի՜նչ հաճելի էր փողոցում: Կարկանդակների կրպակներից անուշ բույր էր տարածվում: Շուրջներս լիքը գույնզգույն սառնաշաքարներ, կարկանդակ, մաստակ, թթու ու քաղցրեղեն կար: Մրմնջացի. «Երբ աշխատեմ, շատ-շատ կարագով կարկանդակներ եմ գնելու,- հետո հարցրի Աքբարին,- երբ մեծանաս, փողերդ ինչպե՞ս ես ծախսելու»: «Թթու կգնեմ ու անուշեղեն: Մեկ էլ ամեն երեկո կինոթատրոն կգնամ, ամեն երեկո, երդվում եմ»,- ասաց` կուլ տալով բերանում հավաքված ջուրը, հետո կծեց տանից իր հետ վերցրած հացի պատառը: «Ե՞րբ ենք մեծանալու»,- հարցրեց: «Շուտ մեծանալու համար պիտի շատ ուտել»: «Ուրեմն մենք երբեք չենք մեծանա»,- հուսահատված պատասխանեց Աքբարը:
Հասանք կոստյումների վաճառասրահին: Մայրիկը խոսում էր խանութպանի հետ ու Ասղարին էր մատնացույց անում: Խանութպանն այնպիսի հայացքով էր չափչփում Ասղարին, ասես սկյուռ էր տեսել: Հետո խանութի մի անկյունից երկար փայտե ձող վերցրեց, առաստաղին մոտ ամրացրած կախիչից մի տաբատ ու բաճկոն իջեցրեց: Ասղարը մայրիկի օգնությամբ հագավ նոր հագուստը` այդ ընթացքում մայրիկի կողմից երկու-երեք հարված ստանալով կողերին: Կոճակները կոճկելուց հետո փոքրիկն սկսեց խռխռացնել: Նման մի բաճկոն էլ Աքբարն ուներ: Մայրս ասաց վաճառողին. «Նեղ է, հիմա երեխան կխեղդվի: Մեկ ուրիշը տվեք»: Թեզանիքով քիթը մաքրելով` խանութպանը նույն տեղից նորն իջեցրեց: Կոստյումը Ասղարի սրտով չէր, քանի որ գույնը դուրեկան չէր: Նա կորացրել էր մեջքը, թևը բաճկոնի մեջ չէր մտնում: Մայրիկն ուժով իջեցնում էր նրա ցցված ուսը, այն նորից վեր էր բարձրանում: Մայրիկը մի քանի անգամ հարվածեց նրան, բայց ոչինչ չփոխվեց. ուսն առաջվա նման ցցված էր: Փորն էլ էր փքել: Երբ դժվարությամբ կոճկեցին վերջին կոճակը, նա սկսեց հևալ` իբր խեղդվում է: Մայրս խնդրեց, դա էլ փոխեցին: Ես ու Աքբարն ուսումնասիրում էինք խանութը, այնքան շատ տաբատ ու բաճկոն կար: Այնտեղ ուրիշ կանայք էլ կային` իրենց երեխաների հետ: Հանկարծ Աքբարի ճիչը լսվեց: Թվում էր` այրում են նրան, կամ կարիճն է խայթել: Իրար խառնվեցինք: Վաճառողի ձեռքը դողաց, առաստաղից մի բաճկոն ընկավ նրա գլխին: Պարզվեց` գնումների եկած երեխաներից մեկը կծել է Աքբարի ձեռքի հացը: Կարծեցինք` մատն էլ հետն է կծել, այդ պատճառով է այդպես գոռում: Բայց ոչ, միայն հացից էր թռցրել: Փոքրիկ տղան սփրթնել էր, դողում էր` դժվարությամբ ծամելով հացը: Նրա մայրը բարկացած վրա հասավ, կսմթոցով կարմրացրեց տղայի գունատ այտերը: Հետո երեխային գետնին գցեց, իջեցրեց շալվարը, ձեռքը մտցրեց վտիտ ազդերի արանքն ու սեղմեց: Մայրս հունից դուրս եկավ, գոռաց. «Ի՞նչ ես անում: Երեխա է, հո սրբապղծությու՞ն չի արել»: Հետո շրջվեց դեպի Աքբարը, որն այդ տեսարանից սարսափահար էր եղել, ասաց. «Թու, անամոթ: Ինչու էիր այդպես ճչում, մսի՞ցդ էր կծել»: Կինը շարունակում էր գոռալ երեխայի վրա. «Սոված մուրացկան: Հիմա փորդ կպատռեմ: Չե՞ս մտածում` երեկոյան հայրդ տուն է գալու, ասելու եմ` քեզ շամփուրով դաղի»: Կիսածամ հացի կտորն ընկավ փոքրիկի ոտքերի առաջ: Իրարանցումն ավարտվեց: Մայրիկի խնդրանքով նոր բաճկոն ու տաբատ բերեցին: Հավանեցինք: Գնեցինք, վերադարձանք տուն:
Կոստյումը կախեցինք սենյակի պատից: Ասղարը ժամը մեկ գնում, բարձրանում էր փոքր շարժական աստիճանների վրա, փորփրում բաճկոնի գրպանները: Նույնիսկ գիշերը հանգիստ չուներ: Նոր հագուստի գրպաններից մեկում մի թուղթ գտանք, վրան գրված էր` 36: Թղթի այդ պատառն Աքբարը գողացավ Ասղարից, որի համար էլ նրանք օրեր շարունակ կռվում էին: Ասղարը կարծում էր, որ այդ թուղթը պիտի մշտապես բաճկոնի գրպանում մնա: Մի կտոր թղթի վրա 32 գրեց, դրեց գրպանում, բայց շարունակում էր պահանջել նախկինը` իսկականը: Ի վերջո Աքբարից բռունցքի մի հարված ստացավ միայն:
Տոնական երեկոն խաշելու համար մաքրվող բրնձի բույրի ու աղջիկների մարմնի քրտնքի հոտին խառնված եկավ: Գիշերը ձայն լսեցինք` ահ: Գուցե հարևանի նոր բողբոջած տանձենին էր հառաչում, գուցե սարերը, որոնց վրայից հալվում էր ձյունը, կամ գուցե մայրիկը:
Պայթուցիկները, սուլոցները, վառվռուն լուսատուների ու վարդաջրի ցողամանների ձայները քաղաքն իրար էին խառնել: Ես շատ տխուր էի: Նստել էինք սենյակի անկյունում: Հայրիկն արագ-արագ ծխում էր, մայրիկն այս ու այն կողմ էր գնում` հոգնած տան ամենօրյա գործերից: Հայրս մեր կողմը չէր նայում: Գլխահակ էր: Վերարկուն ուսերին գցած` ծալապատիկ նստած էր: Մտքերի մեջ էր: Հրթիռի լույսն ուրվագծվեց երկնքի մթության մեջ: Հրավառություն էր: Լսվեցին երեխաների գոռում-գոչյունները: Ես, Աքբարն ու Ասղարը գողեգող մոտեցանք պատուհանին: Շունչներս պահած` զարմացած դուրս էինք նայում: Հորս ներկայության մասին մոռացանք մի պահ: Հայացքով հետևում էինք հրթիռին, նրա հետ ամպերի մեջ մխրճվում: Ասացի. «Այս հրթիռն իմն է»: Ասղարն ու Աքբարն էլ մեկական ընտրեցին: Ասղարինը չպայթեց ու այդպես էլ փայլփլուն աստղիկներով չլցրեց երկինքը: Նորերն ընտրեցինք, գրազ եկանք: Հայրս մեր ձայներից ուշքի եկավ, գոռգոռաց, ասաց, որ հեռանանք պատուհանի մոտից: Սուսուփուս քաշվեցինք պատի տակ, շարունակեցինք ուրախանալ հեռու-մոտիկ տներից, փողոցներից եկող պայթուցիկների ու հրավառության ձայներով:
Տոն էր: Այնքան ագահաբար կերանք անուշեղենը, որ կրծքներիս տակ ցավ զգացինք: Դրա համար պատժվեցինք: Նոր խնայատուփեր գնեցինք:
Ասղարի պարանոցը կարմրել էր: Բաճկոնի օձիքը շատ կոպիտ կտորից էր կարված: Արձակուրդը շատ շուտ ավարտվեց: Քչփորեցինք մեր գրպանները, տոնական կարկանդակներից մնացած փոշոտ, մազոտ փշուրները լցրինք բռներիս մեջ ու ագահաբար կերանք: Մայրիկն Ասղարի համար նոր օձիք կարեց: Վերջին օրերին, ամեն երեկո, տնային աշխատանքներն էինք կատարում ու արտասվում: Արտասվում էինք անցած տոնական օրերի ու քաղցրավենիքի վերջանալու, ավարտին մոտեցող արձակուրդի ու չկատարած տնային հանձնարարությունների համար:
Սկսեցինք դպրոց հաճախել: Անհետացավ մեր տան քուրսին: Կարծես ինչ-որ բան կորցրած լինեինք: Երեկոյան հայրիկը, մի անկյունում նստած, ծխում էր ու Բաբաթահեր Օրիանի բանաստեղծությունները կարդում:
Մի քանի օր էր` Ասղարը ոչ ոքի հետ չէր շփվում: Կաթվածահար եղածի նման, մի ուսը կախ, գրքերը դեմը բռնած` տուն էր մտնում: Տխուր էր ու սփրթնած: Բաճկոնն ինչ-որ տեղ էր թաքցնում: Երբ մայրիկն ասում էր` բեր, օձիքդ փոխեմ, Ասղարը պատճառաբանում էր, թե մաքուր է: Մի անգամ, դպրոցից տուն վերադառնալիս, Հուսեյնին` Ասղարի համադասարանցուն տեսա: Վազելով ինձ հասավ, հևալով ասաց. «Տեղյա՞կ ես` Ասղարն ինչ է արել»: «Ոչ, ի՞նչ է եղել»: Շուրջը նայեց, հետո փսփսալով ասաց. «Ասղարը մի մեծ սերկևիլ է գնել, դրել գրպանի մեջ: Այնքան մեծ է, որ խցկվել, մնացել է գրպանում: Գրատախտակին մոտենալուց էլ հետը տետր կամ գիրք է վերցնում, պահում բաճկոնի առաջ: Նստարանի ծայրին է նստում, որ կողքի ընկերոջը չխանգարի»: Ասես մի ծանր բանով գլխիս խփեցին: Վազելով տուն հասա ու ամեն ինչ պատմեցի մայրիկին: Մայրս մի պահ զարմացած ինձ նայեց, հետո արցունքոտ աչքերով ասաց. «Ախ, ախ: Ի՞նչ սերկևիլ: Տեսնո՞ւմ ես էդ լակոտին»:
Այդ ժամանակ Ասղարը տուն հասավ: Գունատ էր, գիրքը գրպանի մոտ պահած: Մտացրիվ ողջունեց մեզ: Մայրիկն ասաց. «Մոտեցիր, պիտի ստուգեմ գրպաններդ»: Ասղարը դողաց, հետո սկսեց արտասվել: Ձայներ լսելով` մեր կողքի սենյակի հարևանը, որ Հուսեյնի հայրն էր, հարցրեց կնոջը. «Էս ի՞նչ լաց ու կոծ է»: «Բա չե՞ս լսել` արդեն մեկ շաբաթ է` Ասղարը մի մեծ սերկևիլ է գնել, այնքան մեծ, որ խցկվել, մնացել է գրպանի մեջ»:
Երեկոյան հայրս վերադարձավ` սոված, ուժասպառ: Տան լռությունը երբեմն-երբեմն խախտում էին Աշուրայի նվվոցն ու բակի շների վնգստոցը: Երբ հայրս իմացավ կատարվածի մասին, մի քանի ծխախոտ ծխեց իրար հետևից, հետո մարդ ուղարկեց, մեծ հորեղբորս կանչեցին: Եկավ կնոջ` Բիբիի հետ, հարցրեց` ինչ է պատահել: Մայրս լացակումած պատմեց. «Մի շաբաթ առաջ Ասղարը մի մեծ սերկևիլ է գնել, դրել գրպանի մեջ: Այնքան մեծ է, որ դուրս չի գալիս գրպանից»: Հորեղբայրս տնտղեց բաճկոնը, հետո կոշտ ու կոպիտ ասաց. «Պիտի կոկորդիդ կանգներ էդ սերկևիլը, մենք էլ քեզանից ազատված կլինեինք»: Հետո շոշափեց մեծ ուռուցք հիշեցնող միրգը: Ես ու Ասքարը կուլ տվեցինք բերաններիս թուքը: Ասղարը, մի անկյունում կծկված, դողում էր: Հայրս ասաց. «Հո չի՞ կարող ամեն օր այս ուռուցքը կողքից կախած մարդամեջ դուրս գալ»: Մայրս զայրացած պատասխանեց. «Թող մինչև տարեվերջ էլ հենց այս բաճկոնով դպրոց գնա, որ խելքը գլուխը գա»: Բիբին Ասղարին նայելով ասաց. «Այս տարիքի երեխան ինչպե՞ս կարող էր նման հիմար բան անել: Ասա` սիրտդ ոտքե՞րդ էր ընկել»: Հորեղբայրս դանակ ուզեց: Բիբին` չբեր պառավը, միջամտեց. «Չարությունդ ներսդ պահիր, տղայի բաճկոնը չպատռես»: Հորեղբայրն առանց պատասխանելու մորս ձեռքից վերցրեց դանակը ու մտցրեց գրպանը: Սերկևիլը երևաց: Ձգվեցինք: Հորեղբայրն ասաց. «Մի կողմ քաշվեք, թողեք` լույս ընկնի»,- հետո դանակը խրեց մրգի մեջ` պատռելով բաճկոնը:
Ա…ա…ա…ախ…
Դա մեր բոլորի ճիչն էր: Սերկևիլը դուրս եկավ, բայց ի՞նչ օգուտ: Մենք հուսախաբված էինք: Մայրիկը խաշած կարտոֆիլն էր կեղևահանում: Հարևանուհին ծիկրակեց դռան արանքից. «Ասղարի բաճկոնն ի՞նչ եղավ»: Բայց մեր դեմքերը տեսնելուց հետո, առանց պատասխանի սպասելու, հեռացավ: Հետո լսվեց նրա ձայնը պատի այն կողմից. «Այ մարդ, մի վեր կաց, գնա, տես` ինչ է կատարվել»:
Ասղարն ու Աքբարը սենյակի անկյունում նստած փսփսում էին:
Փըս…փըս…սսսսս…
Աքբարն ասում էր. «Արի հերթով կծենք: Աստծու սիրուն, գոնե մեկ անգամ թող կծեմ»: Քիչ անց լսվեց Ասղարի ճիչը: Աքբարը կծել էր նրա մատը` սերկևիլի հետ միասին:
Հայրիկին պատրվակ էր պետք նրանց մի լավ քոթակելու համար:
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը
- Hits: 6810