Նադեժդա Յակովլենա Մանդելշտամի վերջին նամակը ամուսնուն՝ Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամին
Օսյա, հարազատս, հեռավոր ընկեր իմ: Սիրելիս, բառեր չեմ գտնում այս նամակի համար, որը գուցե դու երբեք էլ չստանաս: Ես գրում եմ այն անհասցե: Միգուցե երբ վերադառնաս, էլ չգտնես ինձ: Այդ դեպքում սա վերջին հուշը կլինի:
Օսյուշա, մեր համատեղ մանկական կյանքը, ի՜նչ երջանկություն էր այն: Մեր կռիվները, մեր գզվռտոցները, մեր խաղերն ու մեր սերը: Հիմա ես երկնքին էլ չեմ նայում: Ո՞ւմ ցույց տամ, եթե հանկարծ ամպ նկատեմ:
Հիշո՞ւմ ես՝ ինչպես էինք մեր աղքատիկ վրան-տնակները քարշ տալիս մեր թշվառ խնջույքները: Հիշո՞ւմ ես՝ ինչ համեղ է հացը, եթե այն հրաշքով ես ձեռք բերել և այն ուտում եք երկուսով: Եվ վերջին գարունը Վորոնեժում: Մեր երջանիկ աղքատությունն ու բանաստեղծությունները: Հիշում եմ՝ վերադառնում էինք բաղնիքից՝ ոչ այն է ձու, ոչ այն է նրբերշիկ գնած: Հարդով բարձած սայլ անցավ: Դեռ ցուրտ էր, ու ես սրթսրթում էի իմ բարակ վերարկուով (ի՜նչ սառնամանիքներ են մեզ դեռ սպասվում. գիտեմ՝ ոնց ես հիմա սառչում): Ու ես մտապահեցի այդ օրը. ես ցավեցնելու աստիճան պարզորոշ հասկացա, որ այդ ձմեռը, այդ օրերը, այդ հոգսերը լավագույնն էին և վերջին երջանկությունը, որ բաժին էր ընկել մեզ:
Յուրաքանչյուր միտքս քո մասին է: Յուրաքանչյուր արցունքս ու ժպիտս՝ քեզ: Ես օրհնում եմ յուրաքանչյուր օրն ու յուրաքանչյուր ժամը մեր դառնահամ կյանքի, իմ ընկեր, իմ ուղեկից, իմ սիրելի կույր առաջնորդ…
Մենք կույր շնիկների պես շարունակ բախվում էինք իրար ու լավ էինք զգում դրանից: Եվ քո խեղճ, այրվող գլուխը և այն ամբողջ խենթությունը, որով այրում էինք մեր օրերը: Ի՜նչ երջանկություն էր դա, և ինչպե՜ս մենք միշտ գիտեինք, որ հենց դա է երջանկությունը:
Կյանքը երկար է: Ահավոր երկար ու դժվար է մեռնելը մենակ, մեն-մենակ: Մի՞թե սա է մեր՝ իրարից երբեք չբաժանվածների ճակատագիրը: Մենք՝ շնիկներս, փոքրերս, դու՝ հրեշտակդ, արժանի՞ էինք արդյոք դրան: Ես չգիտեմ ոչինչ: Բայց ես գիտեմ ամենը, ու ամեն օրը քո և ժամը, ինչպես զառանցանքում, ակնհայտ ու պարզորոշ են ինձ համար:
Դու ամեն գիշեր երազիս այցելում էիր ինձ, ու ես անընդհատ հարցնում էի՝ ինչ է պատահել, իսկ դու լռում էիր:
Վերջին երազս. կեղտոտ հյուրանոցի կեղտոտ խոհանոցից ինչ-որ ուտելիք եմ գնում: Ինձ հետ ինչ-որ բոլորովին օտար մարդիկ էին և գնածս վերցնելով՝ հասկացա, որ չգիտեմ՝ ուր տանեմ այդ ողջ բարիքը, որովհետև չգիտեմ՝ ուր ես դու:
Արթնանալով Շուրային ասացի՝ Օսյան էլ չկա: Չգիտեմ՝ կենդանի ես դու արդյոք, բայց այն օրվանից կորցրի հետքդ հավետ: Չգիտեմ՝ որտեղ ես: Կլսե՞ս ինձ արդյոք: Գիտե՞ս՝ ոնց եմ սիրում: Ես չհասցրի քեզ ասել, թե ոնց եմ քեզ սիրում: Ես հիմա էլ չեմ սովորել դա ասել: Միայն ասում եմ՝ քեզ, քեզ… Դու միշտ ինձ հետ ես, և ես՝ վայրիս ու չարս, որ երբեք չէր կարողանում ուղղակի արտասվել, լալիս եմ, լալիս եմ, լալիս եմ:
Այդ ես եմ՝ Նադյան: Որտե՞ղ ես: Մնաս բարով:
Նադյա
Ռուսերենից թարգմանեց Ռուզաննա Ոսկանյանը
- Hits: 7257