Վենեցիա. հպանցիկ սևեռումներ
Նեղ անձնական մի գաղտնիք, որ կոչվում է Ծով: Գնացքը քայլում է ալիքներին, ինչպես հավերժը սուրող թափանցիկություն, պատուհանի պատնեշը հալչում է զմրուխտյա բիբի տամկությունից, ուր ծածանվում է անարյուն ջրալքերի վերջին նստավայր Ադրիատիկը: Մոտենում ենք Վենետիկին փրկչի ոտնաթաթերի փափկուն մեղմությամբ, հրաշագործ մեռելաքայլերով` տրվելով կապտականաչ կոհակների տատանումներին. կոհակներ ալեծփիկ հուզումներով, ջրալքերի երազները մատնող չարաճճի նյարդիկներ, երազներում թրթռուն ժպտափոսիկների պես, նրանք գիտեն անշշունջություն-գաղտնիքներ քաղաքը և լռակյաց հիշողություններ` նահանջաբեկյալների հառաչների, վեսգոթերի որոտների, ալիքների փրփուրները ճեղքող նավացռուկների, աղային ճահճուտներում առաջին ոտնահետքերի մեջ լցվող գորշ ջրերի պատմությունից: Դու չես կարող երևակայել ոչինչ, մինչև ջրի հոտը չընկղմի խմորե մարմինդ, ներծծելով բաղադրությունը, երանգավորելով ժամանակը, ազատագրելով ներկայությունը` քաշից, հասակից, ջրհուզմունքից, շոշափելիության աղետից: Ծովը, բարուրի մեջ փաթաթված, առաջին անգամ երկնքին նայող երեխայի բիբ է, թարթիչների ստվերները` դեպ ծովակի սուրբ կղզիները սավառնող թռչուններ, ասես անպատնեշ արգանդում ծնված վաղամեռիկ պեծերի պես հեռացող ակնթարթներ: Պատուհանի ապակուց արտացոլվող աչքի մեջ լողում է մի ջրիմուռ` թվում է թևերը լայն բացած մի աղջիկ է, որի անկենդան մարմինը նրբորեն լիզում են պաղ կալյակները, երևի պոկվել է Տորչելոյի ափերից ու անզոր դիմադրում է մակընթացությանը` անկշռությունը փարելով հարազատ ծովակի ջրերին: Ծովի հատակին մխրճված շեղաթեք գլուխներով ստվերագույն գերանացցերը` Վենետիկի քաջ դոժերի ուրվական-հենասյուները, աներեր սևեռումներով գնացքն ուղեկցում են Սանտա Լուչիա կայարան: 28 տարեկան քայլեր, երբ նույն տարիքում խարտյաշ մազերով մի տղա, որ հիմա երևակայում է մեռյալների կղզում, երազում էր լինել այստեղ ու, ատրճանակի փողը քունքին դնելով, վերջ տալ իր կյանքին` մահը նվիրելով Վենեցիայի աստվածների հավաքածուին, հիմա գնում են անկշիռ պայուսակներով, որոնց մեջ առևտուր անող հռչակավոր նախնյաց կերպասների, համեմունքների, վիշապագորգերի, նրբին ապարանջանների, շեհրիմանների փայլատ ադամանդների, «Մալվազիա» գրությամբ արկղերի մեջ շարված սպիտակ գինիների փոխարեն մի քանի ձեռք մաքուր սպիտակեղեն է, ոչ մի կերպ չհարմարվող Միլանում գրախանութից գնված` լավագույններով լի Մոնտալեի հաստափոր հատորը և մեռոն-գինու շիշը, որ գգվել է Անտաշի կարծր մեջքին:
Մտնել քաղաք. մտնել, որպես մթնշաղին տարրալուծված, ջրանցքներն ու կամուրջները շոյող անցավ փափկություն, որպես մեռնող քաղաքի մահը չընդհատող լռություն` անտեսելով զբոսաշրջիկների ոտնակոխ հոսքը, նրանց ծաման բերաններից մերթընդմերթ սպրդող զզվելի արձակն ու քրտնաթոր արմունկների հպանքները: Խելագարների հայացքներով վազել բաց կապույտ գույնով ողողված կամրջի թևին, կանգնել կենտրոնում, հենվել արմունկների վրա ու նայել պալացոների պատերը մերսող Գրանդ կանալեի երակին, որտեղ լողում են փրփուրներ ցայտող վապորետոները և ճոճվում` կոռնոս քթիկներով սևափայլ գոնդոլները` աշխարհի ամենաանհանգիստ դագաղները: Առաջանալով հայտնվել վանդակավոր մի հրապարակում և դատապարտված զոհերի պես շրջափակվել առյուծներով: Հետևից` ծոծրակդ ու մեջքդ պատառոտող, դիմացից` բերանդ ու կոկորդդ մխրճվող, շենքերի ճակտոններին կպած ու սյուներին թառած առյուծագլուխներ, որոնց ակնախոռոչների և բաց երախների մեջ ասես երկնքից ստվերների եռման շիթեր են թափել: Կկոցել աչքերն ու դուրս պրծնել` վստահելով անճանաչելի, բայց հարազատ սալարկին, ժպտալով, ժպտալով, հանկարծ թռչկոտելով, հետո ժպտալով, ժպտալով, հանկարծ թռչկոտելով, որ դու պարզապես մի զբոսաշրջիկ չես, որ չես եկել տեսնելու ու հեռանալու, եկել ես սահելու ու հրավառվելու, ինչպես ոտքերիդ տակ, սալարկին կպչած ձկան բանաստեղծելու պատրաստ արծաթափայլ այս թեփուկը: Ճայերը փակել են երկնքի տարածությունը և թռչում են այնքան մոտ, որ թվում է՝ ուր որ է կկտցեն անցորդների մազերը` շփոթելով նրանց հրեշտակների հետ: Կալլեներով անցնելիս ձեռնափդ շոյում է շենքերի աղյուսները, մատներիդ ծայրերը քսվում են մարմարների կոնքերին. մատներիդ բարձիկները զգում են ծեփից պոկված թաց ավազահատիկները.
Դու հալչում ես:
Ձեռքը հիշողության շոշափելիքն է: Ձեռքն է միակը, որին երևակայությունը հասանելի է. հրաշքը` իրակ: Քո հիշողությունն ամբողջական մտապահում չունի. նա կառչում է ամբողջականության մեջ շաղված այն հազարավոր թեփուկներից մեկին, որին շիզոիդ կպչունությամբ ընտրում է աչքը, և այդ սևեռումն ընձեռում է երևակայելու բացառիկ հնարավորություն: Այն, ինչ հիշում ես, չի դառնում ներկա, մինչև որ ձեռքը չի վերականգնում հազարավոր թեփուկներից մեկի պատմությունը: Ճակատդ հենել ես Մուրադ-Ռափայելյան վարժարանի հոսթելի սենյակի բաց պատուհանի ժանգապատ ճաղերին. ահա կտուրների կղմինդրե աղյուսները, տեղ-տեղ բորբոսի ցայտերով, մի քանիսը փշատի գույն ունեն` ծալքավոր մռութներով, գոգերին` պսակաձև սպիներ, ասես մանկական երկար ականջուկներով ձմեռային գլխարկիդ մակերեսին վառարանի տաք խողովակից դրոշմված այրվածքների հիշողություններ և մի քանի ծաղկաման կավե, փոսիկ-եռանկյունու մեջ, սպիտակ ծեփով պատված վառարանի ծխնելույզի հարևանությամբ, հեռու ջրի շփումից, արևի տաք շողերին մերկացող: Ելնում ես միջանցք, որովհետև երկփեղկ դռնակներով պատշգամբը, որ տեսել ես հպանցիկ, հանգիստ չի տալիս քեզ: Բացում ես դռնակները, կքվելով դուրս գալիս լուցկու տուփի չափ պատշգամբը: Միաձույլ գվվում է նավակների ու անցորդների հոսքը: Նայում ես: Շենքերի այտերի վարդագունատ փլփլվող ծեփերը դողդողում են ծառից պոկվող տերևների պես: Թվում է՝ ծեփերի հյուսվածքները դեռ պահպանում են վենետիկցիների թափված արյունները ու շառագունվում արևի փաղաքշանքներից: Փետրե շենքերը սոսափում են ինչպես հանգչող երազատեսիլքներ:
Խոտի պես ալիքվում է Վենետը:
Պատրաստվում ես քնելու, սավանով ծածկում ես մարմինդ, ավելի շուտ՝ մարմինդ ծածկվում է քաղցր, մի փոքր սրտխփոց առաջացնող, փտած ջրիմուռների ու ծովից սահող մառախուղի շերտով: Ասես ջրանցքի պատերից մեկի խոռոչներում թավ մամուռի մեջ պառկած ձկնիկ լինես: Իսկ քնել չի ստացվում: Սրում ես ականջներդ. գուցե Մուրադ-Ռափայելյանի դրախտե պարտեզում հենց հիմա շրջում են նրա հռչակավոր աշակերտ-բանաստեղծների հոգիներն ու շշուկով զրուցում սիրած աղջիկներին ռիալտոյից նրբին թևնոցներ նվիրելու մասին, որ նրանք զգան իրենց ահեղ սիրո և Վենեցիայի մեղմ ու խորը համբույր-դրոշմի հավետությունը: Ուզում ես ըմբռնել այն ծավի բառերի ծնունդը, համոզվելով, որ այստեղից ոչ ոք չի հեռանում, որ այստեղից հեռացողները հապճեպ մահանում են, որ վերադառնան: Թեկուզ քնի մեջ ընթացքը` հիշելու, դադար չունի: Վերադառնում ես անավարտ ձեր սահումներին:
Մթնում է խոնավ:
Գլխիկոր կանթեղ-լապտերիկներից օձուկ ջրանցքներին սփռված լույսի շառայլները գուժում են ահագնացող լռության սկիզբը: Ցուցափեղկերից ծվատող քթերով դիմակների սպառնալիքների ներքո անհետանում եք քաղաքի նրբանցքներում, խնամքով, մեկը մյուսի հետևից բարձրանալով ու իջնելով կամրջակները, գնում եք ջրանցքների եզրերով` փորձելով չանհանգստացնել քուն մտած հոգնաբեկ նավակներին: Հետուառաջ եք անում ջրի լպրծուն շերտի տակ հազիվ թափանցող մարմարյա աստիճաններին. կոշիկները թացվել են ուզում: Մտնում եք չգիտես ուր. մսեղ տերևներով ծառեր, շենքից շենք կապված լվացքի պարաններից կախ ճերմակ սավաններ, մոխրե, առանց բիբերի մի հրեշտակ: Ետ եք դառնում. կալլեներ, հռոմեական տոգաների կնճիռներով քրիստոսներ, աղավնու մի փետրիկ, կամրջի տակ` կոհակների կատարներին լողափուքսի պես ցատկոտող խնձոր, ստվերների ստվերներ, առյուծների պոկված գլուխներ` ցավից այլանդակված երախներով. կամրջակ. անշարժանում ես կամրջակի վրա, հայացքդ հոսում է ջրանցքի լուռ հետագծով. հեռվում` կռթնած ստվերի տակ, կանթեղ-լապտերիկի լույսի մեջ, հանկարծ հանդիպում ես քնքուշ դիմագծերով քեզ նայող ուրիշ կամրջակի:
Թմրել ես քնության մեջ:
Կալլեներից հառաչներ են լսվում: Մեղմ շրշում են լվացքի պարաններից կախված ճերմակ սավանները, ճողփյունում` ջրանցքներում կայանված գոնդոլների կամակոր քթիկները: Լույսով հրապուրված մոծակները զարնվում են կանթեղ-լապտերիկներին` զրնգում: Կղմինդրե աղյուսները կտկտում են չաղլիկ աղավնիների վետվետումներից: Լռությունը երևակայում է:
Կրկին ջրանցքի այն խնձորը. վերադառնում ես նրան. անհանգիստ ցատկոտում է ալիքների մեջ. կրծած բիբ. կարմրաթուշ կճեպով. ժպտում է. հենց կամրջի տակ: Խնձորը հայրիկը զգուշորեն հանել էր վառարանի փռից: Տաքությունից տռզել էր, կճեպը տեղ-տեղ պայթել, արանքներից դեղնասեղ պղպջակներ էին ցայտել: Խորոված խնձորը ընտիր համ ունի,- ասում էր նա,- հիմա կկիսվենք: Ուտում էինք հրաժեշտից առաջ: Կենացդ, մանչուկս, բարի ճանապարհ: Նուրբ շորերով կմտնես Վենետիկ: Միշտ լավ հագնվիր, նուրբ շորերը քեզ երևակայելու հնարավորություն կտան: Վենետիկի ազնվացեղ դոժերը գեղեցիկ էին հագնվում: Բաժակը վեր ցցելով ու խմելով՝ ասում էր հայրիկն ու կծում խնձորի շերտիկից: Իմ մեկնումի և իր առաջադրանքների ոգևորությունից ինքնամոռաց՝ նա շիկացած վառարանի մեջ անընդհատ փայտ էր ավելացնում` սալորի ծառից կտրտված չոր ճյուղեր և խաղողի մատեր: Լավ տաքացիր մինչ գնալդ: Հերթական շերտիկը դնելով ափսեիս մեջ, շարունակում էր հայրիկը: Կկանգնես Սան Մարկո հրապարակի մեջտեղում: Կայսր Բոնապարտը Սան Մարկո մտավ ձիով: Ցեխի ոչ մի կտոր չթռավ ձիու պայտերից: Ձին վարգում էր գետնից կտրված: Իսկ դու գիտե՞ս, որ Բայրոնը Սուրբ Ղազար կղզի շատ ժամանակ լողալով էր հասնում: Ինձ նման` Բայրոնը կենդանիներ էր սիրում: Սուրբ Ղազար կղզի լողալիս նրա ուսին նստում էր թութակը: Բայրոնը իր նոր բանաստեղծությունը լավ չէր հիշում, ու թութակը ճանապարհին մինչև Սուրբ Ղազար հասնելը նրա ականջին արտասանում էր` անընդհատ հիշեցնելով բանաստեղծությունը.
Լավ էլի Պա
Ծիծաղում էինք
Ծիծաղում
Ջրե քաղաքն իմ աչքերի միջով զրնգում է նրա շաղված խնձորակների երազներում: Լույսը բացվում է: Արևի տաք երակը թափանցել է պատուհանից ներս: Զգում ես երեսիդ խայտող կալյակների չարաճճի համբույրները: Քնաթաթախ գոնդոլները ճեմում են շրթունքներիդ ծալքերում, և հանկարծ եկեղեցիների զանգերն են Վենետիկի ղողանջում` լեզվակներից պոկված անտեսություն հոգիների պես. մարմնին ու գիտակցությանը տառապանքի չափ երջանկություն պարգևող թախիծներ. զարկեր` փափկավեհ հեռացումներով, որպես գեղեցկության հավիտենականությունը փաստող բյուրեղիկներ:
- Hits: 8397