Աղասի Այվազյան

Armenian
  Հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանը ծնվել է Վրաստանի Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստական ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-48)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-73-ին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-81-ին` «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է «Եռանկյունի» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968-ի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը:
    Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում Աղասի Այվազյանն իր «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը։ Նրա ռեժիսորական հաջորդ աշխատանքն է եղել հայ նկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա ստեղծված սցենարով «Վառած լապտեր» կինոնկարը:
  • Hits: 36097

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: