Էսքիզներ դիմանկարի համար. Աբրահամ Ալիքեան

Էսքիզներ դիմանկարի համար

Աբրահամ Ալիքեան

Ցանկալի, բայց այդպես էլ չկայացած հանդիպումները երբեմն ավելի քան ափսոսանքով եմ հիշում․ մանավանդ որ ոչ իմ կամոք Աբրահամ Ալիքեանին/1928-2013/ այդպես էլ չհանդիպեցի, և ավաղ։ Քսան տարվա տարբերությամբ երկու անհաջող հեռախոսազանգ։ Առաջինը՝ Մոսկվայից․ ինքը դասավանդում էր Մ․Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, ես, Գրողների միության երաշխավորությամբ փորձում էի ընդունվել դպրոցը․ նոր էի ավարտել, Մոսկվա հասնելուն պես զանգահարեցի, ափսոսանք հայտնեց, որ վատառողջ է, չհանդիպեցինք։ Երկրորդ անգամ՝ 2000թ․ Բեյրութից զանգահարեցի, ինքը տարիներ առաջ Մոսկվայից տեղափոխվել էր Լիբանան, նորից անհաջողություն, դարձյալ վատառողջ էր, բայց ինձ հիծեց, բավականին տեղեկացված էր․ «Կը կարդամ հրատարակումներդ, քեզ մատաղ, խանդավառ եմ քեզմով, կը ոգևորես զիս, շատ ալ եռանդուն ես»։ Անկարող էի չհուզվել՝ Աբրահամ Ալիքեանի խոսքերից ու կարծես թե հաշտվեցի այն մտքի «հուշումին», որ իրեն այդպես էլ չպետք է հանդիպեմ, իսկ տարիներ անց լսեցի իրապես հարազատ մարդու, մտավորականի մահվան լուրը։

Ալեքսանդրեթում ծնված՝ հայրենադարձության առաջին քարավանների հետ Հայրենիք էր ներգաղթել շատերի պես այն հույսով, որ ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծված և ինքնադրսևորվելու հնարավորություն կա, բայց իրականում պայմանները ոչ այնքան խաբուսիկ էին, որքան աննպաստ, ավելին, արդեն իսկ համալսարանում ուսանելու տարիներին նրանք՝ նորագաղթ երիտասարդները անվտանգության մարմինների չափազանց աչառու հսկողության տակ էին՝ իբրև օտարերկրյա «դեսպանորդներ», խնդրահարույց էր «հավաքագրելու» գործընթացքը։ Եւ ճիշտ որ, ինչպես Ա․Ալիքեանն է գրում իր «Հեգ իրիկուն» /2008/ ժողովածուի նախաբանում․ «Հայրենադարձության առաջին երկու ուսումնական տարիներս, երբ գրեթէ ամէն յետմիջօրէին, միասին համալսարան բարձրանալու համար Պուշկինի այգիին մէջ, Օպերային դիմացը, կը սպասէի յետահային պետանվտանգութեան գործակալներու սադրանքներուն զոհ մտերիմիս բանաստեղծ Անդրանիկ Թերզեանին, որ հանրակառքով կու գար Նորքի Արեշէն․․․ հիմա ալ կարծես իմ վաղամեռիկ բարեկամիս սպասման մէջ եմ․․․» Ակնհայտ է, որ պետանվտանգության մարմինների հետ «չհամագործակցելու» համաձայնությունն էր պատճառը Անդրանիկ Թերզեանի մահվան՝ իրականում «դժբախտ պատահարի»՝ վրաերթի։ Նույն ճակատագրին արժանացավ նաև երիտասարդ գեղանկարիչ Պետրոս Կոնդուրաջեանը, որը անզգուշորեն «նետվել էր» Երևան հյուրանոցի իր սենյակի պատուհանից։ Այս ամենը վատ նախանծաններ են թվացել Աբրահամ Ալիքեանի համար և ներգաղթելու նրա փափագին հաջորդում է Հայրենիքից արտագաղթելու գրականության ինստիտուտում ուսանելու և ինստիտուտում դասավանդելու ոչ այնքան սիրահոժար փափթագը, և տասնամյակներ անընդմեջ ապրելով Մոսկվայում, հայաստանյան, հատկապես գրական միջավայրերում ոչ այնքան սիրալիր ընդունելության արժանացած բանաստեղծը, թարգմանիչը այնուամենայնիվ հրամապարում է բազմաթիվ ժողովածուներ, թարգմանական երկեր /արձակ, բանաստեղծություններ ֆրանսիական, անգլիական դասական և ժամանակակից գրողներից/ ի վերջո վերստին արտագաղթում է Լիբիան՝ դասավանդում տեղի կրթօջախներում, ապրելով մեկուսի իր վերջին տարիները։

Աբրահամ Ալիքեանի մասին հաճախ զրուցում էի լուսահոգի բարեկամիս Մանուէլ Քէօսեանի հետ, որ ինչպես ինքն էր ասում․ «Բարեպատեհութիւնն ունեցած եմ Աբրահամին հետ մտերիմ ըլլալու, տակաւին 1968-ին Բեյրութ հրատարակած եմ իր «Բարեհուսոյ հրուանդան» հատորը, նամակներ ալ փոխանակած ենք, ինք այն ատեն Մոսկվա կապրեր»։ Ակամա հիշում եմ Ջեմս Ջոյսի «Արվեստագետի դիմանկարը»

Արթուր Անդրանիկեան

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ

Հեզ իրիկուն

Մեղմութիւնն այս, հեշտանքի պէս համակող,

Քաղցրութիւնն, ուր ճաթըռտում են ճութ ու ճիռ,

Դո՛ւ քաղեցիր բիւր այգերից հողմակոծ,

Բիւր օրերի օշինդրից դո՛ւ քամեցիր։

Հանապազորդ հացիս վրայ լոյսն այս քո

Հացս երկնած հողիս հոգին չէ՞ միայն,

Որ երջանիկ էր, երբ նոյնիսկ մէ՛կ հասկով

Իր խաչբուռն էր հիւսում տօնին աւետման։

Իսկ քո կապոյտն այս պաստառոտ որմն ի վեր,

Ուր դալկաթերթ ծաղկանց հետ լուռ դէմքերի

Յառումներն են արդէն համա՜կ հրաւէր,

Ժպիտը չէ՞ այն գոհութեան գերագոյն,

Թէ արտօրէն ծովածփիկ ու բարի

Իրիկնացար արդարեւ, հե՜զ իրիկուն։

Թախանձանք թղթին

Քսան հի՛նգ տարի քո հայելու դէմ,
Օ՜, համբերութի՛ւն, քսան հի՛նգ տարի։
Հերիք չէ՞ քո մէջ իմ դէմքը դատեմ՝
Մէկ հմայքի դէմ գտնեմ բի՜ւր թերի։

Գեղեցի՛կ ես դու եւ շուշանափայլ.
Մեղք է քեզ եղծել քո գովքով անգամ։
Բայց տուր ջրերիդ զուլալուել, ծփալ
Մի քիչ էլ գոնէ, ճերմա՜կ բարեկամ։

Ես գիտե՛մ, շունչս, քեզ աղօտելով,
Քեզ չի դարձնում նախկինից անբիծ,
Սակայն ի՞նչ անել, ինչպէ՞ս, եթէ լոկ
Ձեռքերս քեզնով ուռչում են ծափից։

Ի՞նչ անել, եթէ այն օրից, երբ իմ
Աշակերտական տետրից սահելով,
Վիճակեցիր ինձ քո փայլով նրբին
Տեսնել իմ հեռուն, ինչպէս ձնհալով...

Դու գիտես, թէ ես ուզեցի միայն,
Որ շարունակի խարշափել վրադ
Ծառն այն, որի դու գոյութեան վկան,
Ծնունդն ես, յուշը եւ խոստումն առատ։

Ուզեցի, որ դու չլինես յօժար
Իմ սարքած ամէն տօն ու հանդէսի,
Որ գէթ մէ՛կ անգամ ժպտալու համար
Եօթանասուն եօ՛թն անգամ ատես ինձ։

Ուզեցի մերթ էլ, որ գթաս մի պահ,
Անես գիշերս ցերեկիս դրօշ,
Չէ՞ որ առանց քեզ ես՝ անշահ, անճահ
Կեանքս՝ անհեթեթ ու գինս՝ գրոշ։

Ուզեցի.՜... Սակայն ի՜նչ չքնաղ ես դու՝
Մեղք է քեզ եղծել քո գովքով անգամ.
Բայց տո՛ւր ջրերիդ զուլալուել, ա՜խ, տո՛ւր,
Մի քիչ էլ գոնէ, ճերմա՜կ բարեկամ...

Քայլերը 

Քայլերը քո՝ մանուկներն իմ լռության,

Սրբազնորեն, դանդաղորեն արթնացած՝

Իմ հսկումի դեպի մահիճն են անձայն

Առաջանում, մոտենում են երկյուղած:

Վճիտ էա՛կ, աստվածայի՜ն հովանի,

Ի՜նչ անուշ են քայլերը քո զսպված:

Իմ երազած ողջ բարիքներն հոլանի

Այս ոտքերով են ինձ գալիս, Տե՛ր Աստված:

Եթե դեպի ինձ երկարած շրթներով

Դու քնքշորեն պատրաստում ես առաջին

Համբույրի ճաշն ու աղանդերը գերող,

Որ հագեցնես իմ խոհերի բնակչին,

Մի՛ փութացրու երանությունն այդ հացի,

Օ՜, լինելու, չլինելու սուրբ պայմա՛ն,

Քանզի ես քեզ սպասելով ապրեցի,

Եվ իմ սիրտը քայլերիդ ձայնն էր միայն:

 

Սիլֆը 

Անծանոթ, անտես,

Կենդանի, մեռած,

Հովերի բերած

Բարակ բույրն եմ ես:

Անծանոթ, անտես

Դիպվա՞ծ, թե՞ հանճար.

Տքնումն ի կատար,

Հազի՜վ գտած մեզ:

Անհաս գաղափա՞ր:

Վեհ մտքի համար

Ի՜նչ խոստում պատրող:

Անծանոթ, անձև,

Զույգ շապկի միջև

Մերկ կրծքի մի դող:

Մտերիմ անտառ 

Մենք քեզ հետ հյուսեցինք ջինջ խոհեր

Կողք կողքի, քայլելով ընդերկար,

Մենք քեզ հետ բռնեցինք անբարբառ

Իրար ձեռք… ծաղկանց մեջ մթաստվեր:

Քայլեցինք ինչպես սերտ բարեկամ

Մարգերի այն կանաչ գիշերում,

Կիսելով սրտերի ցնորուն

Միրգն առկախ՝ հմայի՜չ լուսնկան:

Ու հետո մամուռի թավիշում

Մենք մեռանք, շա՛տ հեռվում, ուր լոկ կար

Մի անտառ մտերմիկ ու շրշուն:

Եվ անհուն լույսերի մեջ վերին

Հեծեցինք ու գտանք մենք իրար,

Օ՜, անգին ուղեկից իմ լռին:

Ծովափնյա գերեզմանոցը 

Մի՛ նկրտիր, քա՜ղցր հոգի, անմահ կյանքին,

Այլ գործնական միջոցներից օգտվիր:

Պինդար, Պյությաններ, Գ

Խաղաղ երթն այս, քայլող աղավնիներ վրան,

Սոճիների մեջ է դողում և շիրմատան:

Կեսօրն, արդար, այնտեղ արարում է հիմա

Ծո՛վը, ծո՛վն հրեղեն, որ սկսվում է հար:

Օ՜, հատուցում խոհի, դու՝ մի նայվածք երկար

Աստվածների խորունկ խաղաղության վրա:

Նրբին փայլակներով այդ ի՜նչ վճիտ հղացք

Կիզում է անթափանց փրփուրի բյուր շողակ,

Եվ ի՜նչ անդորր, կարծես, ծոցվորվում է օդում:

Երբ որ մի արև է, կախված, նայում վիհին՝

Հավերժական հույզի հորինումներ մեկին,

Ժամանակն է փայլում, Երազն է գիտության:

Գանձ աննվազ, պարզուկ տաճար աթենասյան,

Անդորրանքի զանգված ու բաց շտեմարան,

Ջուր բարձրահոն, Ա՛չք, որ թաքցնում ես անճիգ

Մի քողի տակ բոցե այնքան մրափ ու քուն,

Օ՜, լռությո՛ւն իմ խոր… Վեհ ապարանք հոգում,

Բայց բյուր կղմինդրով ոսկեղեն ծածկ, Երդի՛կ:

Ժամանակի տաճար, որ չափում է մի ճիչ,

Ես՝ նույնքան ջինջ, հառնում, ընտելանում եմ ինձ,

Պատված իմ ծովային նայվածքով միայն:

Եվ ինչպես սուրբ ընծաս աստվածների բագնին:

Բիլ բարձրության վրա պսպղյունը ջերմին

Հյուսում է գերագույն քամահրանքի ոստայն:

Ինչպես միրգն է հալվում, տրված իր հեշտանքին,

Եվ դարձնում վայելք գոյությունն իր նախկին

Մի բերանի մեջ, ուր իր ձևն է օրհասում,

Այդպես ես իմ գալիք ծուխն եմ ըմպում այստեղ,

Եվ երգում է երկինքն ափունքների հնչեղ

Վերափոխումն ամբողջ հոգու համար կիզուն:

Ջերմ երկի՛նք, ճիշտ երկի՜նք, տե՛ս փոխվում եմ համակ:

Այնքա՜ն հպարտանքից, այնքան տարօրինակ

Ծուլությունից հետո, թեպետ կամքով լեցուն,

Ես հանձնվում եմ այս տարածությանը մով:

Իմ ստվերն է անցնում մեռյալների կայքով

Եվ վարժեցնում է ինձ իր շարժմանը փխրուն:

Բացած հոգիս ջահին արևակայության՝

Եվ զորավիգ եմ քեզ, լի նետերով դաժան

Լույսի հրաշալի, չքնաղ արդարությո՜ւն:

Ես քեզ նախկին տեղդ եմ վերադարձնում, վճի՜տ՝

Նայի՛ր քեզ… Բայց լույսը վերադարձնելը միշտ

Ենթադրում է իրոք շուքի կեսը տրտում:

Օ՜, իմ մեջ, ինձ համար, միմիայն ինձ համար,

Մի սրտի մոտ, երգի ակունքում և պայծառ

Պատահարի ու խոր դատարկության միջև

Սպասում եմ ներքին իմ մեծության ձայնին՝

Դառն, հնչուն, մութ դույլ, որ միշտ գալիք ու սին

Խլությամբ է զնգում հոգու մեջ արդարև:

Գիտե՞ս դու, ծառերի սաղարթի կեղծ գերի՛դ,

Դու, ծո՛ց, որ լափում ես այս ցանկերը վտիտ,

Թե ի՛նչ մարմին է իմ փակ աչքերով լուսեղ

Քարշ տալիս ինձ դեպի մահն իր, և ի՛նչ ճակատ

Ձգում է այն դեպի այս հողը ոսկրապատ:

Մի կայծ մեռելների՛ս վերհիշում է այնտեղ:

Գոց, սրբազան, լեցուն մի կրակով աննյութ,

Լույսին ձոնված ջահոտ հողաշերտ ու սոճուտ,

Վայրն այս, կերտած ոսկով, քարով, մութ ծառերով,

Ուր դողում են այնքան մարմարիոններ անբիծ

Այնքա՜ն շուքի վրա,- վայրն այս գերում է ինձ՝

Շիրիմներիս վրա կա մտերիմ մի ծով:

Գա՛մփռ հոյատեսիլ, վանի՛ր կռապաշտին:

Երբ ժպիտով հովվի, երկար ու առանձին

Արածեցնում եմ ես հոտը, հոտն սպիտակ

Խաղաղ մեռելներիս՝ գառներ խորհրդավոր,

Արա՛, որ հեռանան սին հույսերը բոլոր,

Աղավնիներ խոհեմ ու քննասեր հրեշտակ:

Ծուլություն է այստեղ գալիքը բովանդակ:

Երաշտն է ճանկռոտում միջատն անմեղունակ:

Ողջն՝ հրկիզված, լուծված, օդի մեջ չգիտես,

Թե ի՛նչ խիստ իսկության ներկվել է գույնով…

Կյանքն անհուն է, քանզի մահերով է գինով,

Դառնությունն է անուշ, ոգին՝ հստակատես…

Ֆրանս․ թարգմանությունը՝ Աբրահամ Ալիքյան

  • Hits: 1050

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: