Էսքիզներ դիմանկարի համար. Կարապետ Հաննէսեան /1925-2019/

Սփյուռքյան իրականության մեջ սակավ են այն անհատները,  մանավանդ հետեղեռնյա սերունդին պատկանող, որոնք տակավին պատանի Աղետի հետևանքների անմիջական կրողներն էին, որոնք ոչ միայն «Աւուր հացի» վաստակի ճիրանների մեջ շլմորած զորում էին ինքնահաստատվել, նաև կարևորում էին տիրապետել որևէ մասնագիտության, ինչու չէ, նաև իրենց գոյակերպը՝ ինքնությունը գտնելու համար։ Իհարկե, այդ ճանապարհը անսայթաք ու դյուրին չէր, հրամայապահանջ էր մաքառելը՝ օտարության մեջ հատկապես․․․

Կարապետ Հաննէսեանը հիշյալ ճանապարհը անցած մտավորականներից էր, բառի բովանդակ իմաստով մտավորականի զգայնություններով օժտված հրատարակիչ, որը անցյալ դարի 40-ական թվականներից Բեյրութի «Տօնիկեան» և «Արարատ» օրաթերթի տպարաններում իբրև գրաշար թրծվելով՝ հմտանալով հետագայում հիմնեց իր սեփական «Շիրակ» հրատարակչատունը, որը այն հազվագյուտ տպարաններից էր, որ այսօր էլ շարունակում է գործել որդու՝ Վիգենի տնօրինությամբ։

2002թ․ Սփյուռքի մայրաքաղաք՝ Բեյրութ իմ առաջին այցելությունը ցայժմ էլ անմոռանալի է՝ հանդիպմամբ պարոն Կարապետի հետ։ Մինչ այդ ես ծանոթ էի նրա հրատարակչական գործունեությանը։ Նա առաջիններից, որ տակավին 1987 թ․ հրատարակեց Զապել Եսայանի «Ավերակներուն մեջ» եղեռնապատումը՝ 1908 թ․ Ադանայի կոտորածների վավերագրությունը, որը մինչ այդ Հայաստանում չէր հրատարակվել։ Միջանկյալ նշեմ, որ հայաստանյան հանրությունը առաջին անգամ ոճրագրքին ծանոթացավ իմ աշխատասիրությամբ /2010թ․,ոչ բնագրային/, այնուհետև բնագրային ուղղագրությամբ, /Էդիթ Պրինտ, 2020/։

Առաջին իսկ հանդիպման ժամանակ արդեն զգալի էր պարոն Հաննէսեանի աշխատունակությունը և մանավանդ նրա ընդգծված «մեթոդաբանությունը»։ Տասնյակ տարիների տքնանքը ի վերջո արդյունավորվել էր և արդեն 1972 թ «Շիրակ» հրատարակչատանը կից հիմնել էր «Շիրակ» գրատունը, որտեղ և բուրջ համուդյան արևելյան կոլորիտով հագեցած գրավաճառանոցում մենք հանդիպում էինք և երկար, հետաքրքրահարույց զրույցներ ունենում։

Գրչի բանիբուն նվիրյալ գործչի ավելի քան կեսդարյա մաքառումալից կյանքը նվիրաբերված էր ոչ միայն հրատարակչական աշխատանքին, այլ նաև ժամանակի սփյուռքյան իրադարձություններին, և ընդհանրապես, հայության ինքնությանը նվիրված նրա հրապարակագրական հոդվածներն էին ինձ համար զարմանալի․ այս ոլորտում էլ նա ազնվաբարո վարքագծի երդմնազանց կրողն էր․․․

Հիմա ակամա հիշում եմ նրա մի դիտողությունը, երբ կարդացել էր այդ օրերին «Զարթօնք» օրաթերթում ինձ հետ հարցազրույցը․ «Լրագրողի հարցին ի պատասխան կըսես թե լիբանանահայությունը պատվար մըն է հայության լինելության։ Կընդունիմ, բայց տեղ մը արդյոք չե՞ս սխալի․ արդեն իսկ կը զգացվի արտագաղթը, Հայաստանեն լուր ունի՞ն այդ մասին»։

Այս խոսքերը շարունակաբար ինձ «հալածել են», և պատահական չէ, որ մտապահել եմ գրեթե ճշգրտությամբ և միայն հիմա եմ մտածում, թե ինչու էր պարոն Կարապետը այդքան կարևորում «Շիրակ» երգարանների շարքի պարբերաբար վերահրատարակումը։ Վստահաբար, Հայ երգի, երգեցողության միջոցով էր նաև,- գուցե նախ և առաջ,- փափագում զորավիգ լինել հայության չսփյուռքացմանը․․․․․․ Իսկ որպես մարդկային յուրօրինակ առաքինությամբ օժտված լինելու հանգամանքով արդյոք չի՞ պայմանավորվում նրա նույնքան առաքինի մտավորականի տեսակը։

Գրականագետ Գրիգոր Շահինյանը ավելի ճշգրիտ է բնութագրել․ ՛Ես մոտ կես դարե ի վեր կը ճանչնամ Կարոն և կրնամ ըսել, որ ինձի ծանոթ ամենեն բարի մարդերեն մեկն էր։ Նյութապաշտ մեր դարուն մեջ քիչ կը գնահատվի հիմա բարությունը, որ հաճախ կը շփոթվի պանդուրության հետ։ Բարությունը կարտահայտվի Կարոյին խոսքերուն մեջ, արարքներուն, մարդոց հետ իր վերաբերումին, ան ամեն բարիք կը ցանկա ամենուն և կարելի կընե, որ ազնվությունը համատարած արտահայտություն գտնե իր շրջապատին մեջ։

 Իր տպարանն ու տունը բարության օջախներ են»։

Ավելի քան իննը տասնամյակ ապրած-մաքառած հայ մտավորականի շարունակվող կենսագրություն․․․ Հայ մամուլի պատմության լուսավոր էջերից շողարձակող․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 13045

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: