Ուրվագիծ դիմանկարի համար․ Ռոպեր Հատտեճյան (1926)
Երկու տարի հետո կլրանա արևմտահայ մամուլի անխոնջ սպասավոր, գրող, հրապարակագիր, Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանի 100-ամյակը։ Այս դիմանկարը մի նախափորձ է կերտելու աներեւակայելի եռանդի տեր մեծանուն մտավորականի լայնախոհ կերպարը։ Նրա բազմիմացության շնորհիվ ըմթերցողը հաղորդակցվել և նրա հետ անցել է ազգային, գրական, մշակութային, իմաստասիրական խորաշերտ ճանապարհ՝ ոչ միայն «Մարմարա» օրաթերթի տարեգրության բավիղներով, այլև իր իսկ ստեղծագործական բեղուն կածաններով։
Այս առումով Ռոպեր Հատտեճյանին անվարան կարելի է համարել հայ ամենաբեղմնավոր գրողը՝ ըստ վիճակագրական տվյալների ցարդ հրատարակվել է նրա հուշատետրերից ավելի քան հիսուն հատոր․ սա ոչ թարմացված տվյալ է՝ մերօրյա գրական-մշակութային կյանքում բացառիկ իրողություն։ Այս ամենը այսքան գրապատմական նշանակության և ճանաչողության առումով ոգևորելի չէր լինի, եթե Հատտեճյան գրողի մարդկանց և երեւյթներին ուղղված խորաթափանց հայացքի լայնախոհությունը չլիներ։ Եւ քանի որ խնդրո առարկայի քննությունը դիմանկարային հոդվածի սահմաններում է, ապա միայն նշենք որ Ռ․Հատտեճյանի «Հուշատետր» բազմահատորյակի «Պտույտ մը հայ գրականության քուլիսներուն մեջ» ենթաշարքի հատորները արդեն իսկ ընթերցողին ճանաչողաբար մերձեցնում են մեր գրականության համար չափազանց արժևոր այն գրողների կյանքի ու գրական գործունեության լուսաբանմանը, որոնք ներկայացրել է ավելի մտերմիկ հարաբերությանց մեջ՝ գրողական ուրույն դիտողականության, պատմական /շատ հազվադեպ շրջանառված/ փաստի հանդեպ հոգածու, աներկբայորեն ազնիվ վերաբերմունքով։ Իսկ ընդգրկման շրջանակները շատ լայն են։ Այնուհանդերձ նշենք, որ Ռ․Հատտեճյանը հոգեբանական նրբությունների բացահայտմամբ ոչ միայն հետաքրքրական դրվագներ է ընթերցողների ուշադրությանը արժանացնում՝ լուսաբանում ստեղծագործական բազում խնդիրներ՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պատմաքաղաքական որոշ իրողությունների լույսի ներքո տալիս է ժամանակաշրջանի ընդհանրապատկերը, և թե ինչպիսի իրավիճակնմեր,- ստեղծագործական, անձնական,- է ապրել այս կամ այն գրողը՝ նրանցից Եղիա Տեմիրճիպաշյանը, Հայկանուշ Մարքը, Լևոն Շանթը, Շահան Շահնուրը, Երվանդ Օտյանը, Միքայել Կյուրճյանը, Զապել Եսայանը, Վահան Թեքեյանը և այլք։ Ապշելի է գրողի հիշողությունների դաշտի շրջածիրը․ քանի որ ակնհայտ են նախապատրաստական աներևակայելի աշխատանքները՝ գրողը իր հերոսներին անդրադառնալուց առաջ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել է ոչ միայն նրանց ստեղծագործությունները, այլև կենսագրական-հուշագրական ողջ գրականությունը, բնականաբար օգտվելով նաև ժամանակի մամուլից։ Զորօրինակ ընթերցողին ինչպես կարելի չհետաքրքրել Մուշեղ Իշխանի հիշողությունները իր ուսուցչի՝ Լևոն Շանթին վերաբերող, հատկապես վերջինիս տոհմիկ կանոնիկության պարագան․ «Լևոն Շանթ ամեն օր նույն ժամին կընթրեր, նույն ժամերուն կաշխատեր, նույն ժամանակը կը հատկացներ իր գրական գործերուն և նույն ժամանակը՝ իր հանգիստին։ Այնքան անզիջող էր իր այս սկզբունքներուն մեջ, որ եթե աշխատանքի ժամուն բարեկամ մը այցելության գար իրեն, կմերժեր՝ կըսեր կներեք, աշխատանքի ժամս է․․․»։
Ռոպեր Հատտեճյանի «Պտույտ մը հայ գրականության քուլիսներուն մէջ» բազմահատորյակի ցարդ հրատարակված հատորներին անդրադառնալիս չենք կարող չնշել որ այնտեղ միայն արևմտահայ և սփյուռքյան շրջանի գրողները չեն ներկայացված։ Ռ․Հատտեճյանը «հյուրընկալել է նաև Ավ․ Իսահակյանին, Գուրգեն Մահարուն, Եղիշե Չարենցին, Լեոին, Վահան Տերյանին, Գրիգոր Արծրունուն, Րաֆֆուն, Ղազարոս Աղայանին, Լեռ Կամսարին, այսպիսով բնական ու հասկանալի է, որ գրողի մտահոգությունների «ծիրը» չափազանց ընդգրկուն ու համահայկական նշանակություն ունի այն առումով, որ իր նախադեպը բնավ չունեցող ընդգծյալ փորձ է, զուտ և միայն վերապահված Ռ․ Հատտեճյանին այսպիսի գրողական-հրապարակագրական առաքելություն։
Ընդհանուր առմամբ ո՞րն է բազմահատորյակի ստեղծման շարժառիթը։ Կարծում եմ հայ գրականության և ընդհանրապես մշակույթի նկատմամբ տածած խորագույն ճանաչողական սերը, որը անհավակնոտ պաշտամունքի է վերածվել։ «Օ, որքան հարուստ է հայ գրականությունը, այնքան լեցուն է այդ գրականության քուլիսը, այնքան կիսամութ կամ անտեսանելի գետինը՝ որուն բովանդակությունը կարծես խնամքով կպահվի մարդոց աչքերեն, որովհետև այդ գետինը լեցուն է տառապանքներով կամ չիրականացած երազներով․․․ Մեր գրականության ճաճանչագեղ գեղեցկությունը օրհնյալ է, կարժե որ երբեմն բանանք այդ գրականության ետև մնացած վարագույրը և տեսնենք, թե ինչեր կային հոն․․․»։
«Հոն հրդեհ կա ․․․ և մատյան»․․․
Ռոպեր Հատտեճյանի դիմանկարի «իրականացումը» իհարկե այս կերպ չի լիարժեքավորվում․ կա նաև վաստակյալ անհատի՝ իր անձի գոյությունը՝ այս պարագային ոգևորեսնող այն իրողությունը, որ ինքը մեր ժամանակակիցն է․․․
Արթուր Անդրանիկեան
- Hits: 18710