Ուրուագիծ դիմանկարի համար. Փարիզի Նուպարեան Մատենադարան - 95
Դիմանկարային շրջագծից դույզն-ինչ անհրաժեշտ շեղում՝ վասն Հայ գրքի, գրականության, մշակույթի․ խորագիրը, որը նպատակամիտված է արևմտահայ եւ սփյուռքյան գրականության լուսաբանմանը-հանրահռչակմանը, թերևս նորովի,- հայտնի և անհայտ՝ հանիրավի մոռացված գրողների, բանաստեղծների, հրապարակագիրների, ազգային, հանրային երախտավորների, որոնք նաև գրական, պատմագիտական հակումներ են ունեցել,- մեզ «թույլ է տալիս» համահայկական առումով նշանակալից մի տարելիցի անդրադառնալ, թեկուզև այն նպատակային պատճառով, որ «հոբելյարը» Հայ գրքի ու գրատպության լիիրավ օրրան է․ կարելի է առանց երկմտելու, թերևս առաջին անգամ․․․ հռչակել․․․ համասփյուռքյան Մատենադարան, երկրորդը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից հետո, անշուշտ, չմոռանալով Վենետիկի, Վիեննայի, Երուսաղեմի Հայ եկեղեցվո մյուս նվիրապետական աթոռների գրապահոցները, ինչպէս նաև Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։
Իսկ ինչով և ինչ պատճառաբանությամբ ենք կարևորում Նուպարյան մատենադարանի գոյությունը՝ մանավանդ ուղղակի առնչությունը, ինչպես նշել ենք սույն խորագրի հետ՝ պատճառը շատ որոշակի է․․․ Նուպարյան մատենադարանը, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության գրադարանն է միևնույն ժամանակ,- հիմնադրվել է 1925թ․ Պողոս Նուպար Փաշայի կամեցողությամբ-օժանդակությամբ, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1929թ․ հունիսի 15-ին․ բացման հանդեսի իր ելույթում արևմտահայ գրող Տիգրան Կամսարականը նշել է․ հայ միտքը անդիմադրելի մղումով ձգտում է միշտ դեպի լույս, դեպի քաղաքակրթություն։ Ելույթ է ունեցել նաև Զապէլ Եսայեանը, որը հենց այդ օրերին մատենադարանի հիմնադիր տնօրեն Արամ Անտոնյանին գրած նամակում նշում է․ «Սիրելի՛ պարոն Անտոնյան, հայերեն շարք մը գիրքեր մեկ կողմ դրեր եմ Մատենադարանի համար, որոնց շարքին Վ․Տերյանի և Հովհ․ Թումանյանի երկերու ժողովածուն։ Արդյոք Ձեզ կը հետաքրքրե Կլեմանսոյի «Մտածողություն երեկոյան» երկհատոր երկը, որ բավական սուղ գիրք է եւ գնած եմ, բայց որ հաճույքով կը տրամադրեմ, եթե պետքի կուգա։ Գալով Լինչի «Արմենիա»ին, երկրորդ հատորը դեռ մոտս չէ և արդեն անիկա ուրիշ հանգամանքովը լավ է պահել հաստատության մը մեջ, քան թե իբրև ընթերցանության տալիք գիրք»։
Հայաստան մեկնելուց առաջ Զապել Եսայանը իր անձնական գրադարանի մեծ մասը նվիրում է Նուպարյան մատենադարանին, որտեղ պահպանվում են հայերեն, օտարալեզու հնատիպ ձեռագրեր, նոր ժամանակներում հրատարակված պարբերականներ, հանդեսներ՝ հայերեն եւ եվրոպական մի շարք լեզուներով։ Բազմահարուստ ֆոնդերում տասնամյակներ շարունակ պահպանվող հավաքածուները այսօր էլ համալրվում են հայաստանյան և սփյուռքյան, ինչպես նաև արտասահմանյան հրատարակություններով։
Երկրորդ աշխարհամարտ «տեսած» Մատենադարանը որոշակի կորուստներ անշուշտ կրել է, մանավանդ երբ Փարիզի գրավումից հետո, գրադարանային արժեքների մի պատկառելի մաս առգրավել-տեղափոխվել էր Գերմանիա։ 1947թ․ որոշ մասը,- իհարկե հայտնի չէ ինչ ծավալով,- վերադարձվել է․ ներկայումս այն գիտակրթական յուրօրինակ կենտրոն է, ոչ միայն Ֆրանսիայի Պոլ Վալերիի, Սորբոնի և մյուս համալսարաններում հայագիտություն ուսումնասիրող հայ և այլազգի ուսանողների, գիտնականների համար։
Ուշարժան է այն հանգամանքը, որ սփյուռքյան պայմաններում, երբ հայ գրականության և ընդհանրապես մշակույթի տարածումը խնդրո առարկա էր, հատկապես Սփյուռքի գրողների շրջանում՝ գրադարանային համալիրը հուսալի միջոց էր Սփյուռքի և հայաստանյան հրատարակություններին ծանոթանալու համար՝ գրքերի, օրաթերթերի, հանդեսների և արխիվային այլևայլ վավերագրերի, որոնցից մեծապես օգտվել են 30-70-ական թվականներին ապրած գրողները, պատմագետները․ այս մասին իրենց հրապարակումներում բազմիցս նշել են՝ արժևորելով Նուպարյան մատենադարանի կատարած դերը հայագիտությանն ի նպաստ։
Փարիզի Նուպարյան մատենադարանին, իբրև հայ գրքի և գրչության աշխարհահռչակ գիտական, մշակութային կենտրոնին անդրադառնալ և երախտիքով չհիշել երկարամյա տնօրեն, գրող, հրապարակագիր, պատմագետ Արամ Անտոնյանին /1879-1951, Փարիզ/ առնվազն աններելի է, այն պատճառով, որ նաև իր նախաձեռնությամբ է փրկվել և Մատենադարան վերադարձվել ֆաշիստական «գերեվարումից» բազմաթիվ արժեքներ, որը ժամանակին մեծապես նպաստել է Երևանի Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրքերի, ձեռագրերի /պատճենավորված/ ֆոնդերի հարստացմանը։ Ի վերջո նրա դերը իրապես անգնահատելի է Մեծ եղեռնի պատմության ուսումնասիրության առումով․ վկայությունը՝ «Մեծ ոճիրը» /1921/ վավերագրերի հավաքածուն է, նաև «Աքսորին ճամբուն վրա» /1920/ հուշագրությունը։ Նա մնացորդաց սերնդի այն հազվագյուտ երախտավորներից է, որ դեռևս 1920 թ․ տեղափոխվելով Փարիզ, ստանձնել է Հայոց ազգային պատվիրակության դիվանապետի պաշտոնը, իսկ արդեն 1923թ․ Լոզանի կոնֆերանսի ժամանակ կատարել Թուրքիայի նախկին Արտաքին գործերի նախարար /1913թ․/ Գաբրիել Նորատունկյանի անձնական քարտուղարի պարտականությունները։
Այսպես կարելի է շարունակել Արամ Անտոնյանի ազգային գործունեությանը՝ բազում փաստեր վկայաբերելով, բայց որ Նուպարյան մատենադարանի կայացման նրա նպաստաբերությունը անժխտելի է՝ տարակույս չի հարուցում։ Այս տարի լրանում է մեծանուն երախտավորի՝ Արամ Անտոնյանի ծննդյան 145-ամյակը, որին անշուշտ հետագային կանդրադառնանք։ Այս առթիվ «Լուսաբաց» հրատարակչությամբ տպագրվելու է Ա․Անտոնյանի «Մեծ ոճիրը» /արևելահայերենի վերածած/ վավերագրերի ժողովածուն։
Հ․Գ․
Առաջարկություն․
Եթե պատկան մարմինները նշելու լինեն համահայկական վիթխարի նշանակություն ունեցող Փարիզի Նուպարյան մատենադարանի ստեղծման 95-ամյակը, ցանկալի է, որ հրատարակվի տեղեկատու-պատկերագիրք, որպեսզի սերունդները տեղյակ լինեն Մատենադարանի ծավալած հայանպաստ գործունեության և գրապահոցների համալրմանը նպաստած նվիրատուների մասին։
Արթուր Անդրանիկեան
- Hits: 16857