Արթուր Անդրանիկեան. Մեր սա անհոգութեան օրերուն․․․

Անցյալ ժամանակներում ազգապահպանման խնդիրը մշտաբար եղել է թե արևմտահայ-սփյուռքյան և թե արևելահայ գրողների ուշադրության կենտրոնում և կենսական նշանակություն է ունեցել՝ ընդհուպ մինչև գաղափարաբանություն ձևավորելու աստիճան։
Մեր ժամանակներում այդ խնդրի արծարծումը կարծես թե մոռացվել կամ հետին պլան է մղվել․ Հայ, հայկականություն նշանակետային՝ լայն առումով գաղափարական ստեղծագործությունների պահանջը զգալի է։ Նկատի չունենք պատմական անցյալի հերոսական դրվագներին անդրադառնալը, որը հայ պատմավիպասանությունը ժամանակին ժառանգել է և այլն, այլ պարզապես ինքնագիտակից մի «հարթություն ստեղծելու անհրաժեշտություն․․․ սերունդները գրականության միջոցով են նախ և առաջ ազգային լինելության պատգամներ «ստանում», դրանով իսկ իրենց կենսակերպով ձևավորում այն հանգրվանները, որոնք նոր ժամանակների հրամայական պահանջներին «դիմադարձվում են»։
Սույն խոհագրությունը՝ մասնավորաբար գրել ենք արևմտահայերեն,- նկատի ենք ունեցել cultural.am-ի սփյուռքյան հետևորդների հետաքրքրությունը և փորձ է անցյալ ժամանակների և ներկա օրերի համեմատական խորապատկերի վրա որոշապես ներկայացնել ներկայիս մի տեսակ թմբիր ապրող, եթե ոչ նահանջի արձագանքներ արձանագրող որոշ իրողություններ կամ այլ խոսքով ցանկացել ենք ընդգծել ազգային հիմքի էականությունը․․․
Մեր սա անհոգութեան օրերուն․․․
Խոհագրութիւն
«Շատեր հարկադրուած են ի սպառ լռել եւ շեղիլ» գաղափարներէն զորս կը վերաբերի Հայուն ընդհանրապէս, աւելի լայն չափով ու ընդգծումով 21-րդ դարու Հայուն․․․
Ատենին,- 30-40-ական թուականներ, երբ խնդրոյ առարկայ էր հայրենասիրությունն ու հայրենադարձութիւնը, կար հոգեցունց, եթէ ոչ դարձակէտային տռամ մը, որքան ալ տարանջատ, բայց Հայաստան եւ ի Սփիւռս թեկուզեւ աննշմարելի՝ գաղափարական հակասութիւններու ընդմէջէն ոգեկանութեան նշմարներ արտացոլեցնող։ Ասիկա բնականաբար կու գայ անցեալը վերապրեցնելու ձգտումէն՝ միշտ հոգեկան Հայրենիք մը ունենալու տենչանքէն՝ առերեւոյթ անթեղուած թէ արեւմտահայերու, եւ թէ արեւելահայերու ինքնապահպան բնազդներու հոգեբանութեան ներշերտերու մէջ։
Վերոյիշեալ մտածումները ինձմէ անկախ կու գան, կը խառնուին եւ կ՛ալեկոծեն զիս յատկապէս մեր սա անհոգութեան օրերուն, երբ տարիներէ ի վեր կը փափագիմ,- թէ՞ կը փափագինք,- չմոռնալ «անջրպետ մը գրաւելու»՝ շղթայազերծուելու՝ մեր ինքնութիւնը մթագնող, սեւցնող կապանքներէն, զոր կը կոչուի ազգային անմիաբանութիւն, այլ խօսքով կը մոռնանք ազգահաւաքի կոչնակ հնչեցնել․․․ Այս առումով վիպապաշտական հայրենասիրութիւն շալկողներուն բան մը ունի՞նք սորվեցնելու, ի իմա՝ հայրենասիրութիւնը քաղաքակրթական գիտութիւն մըն է, զայն ազգային գիտակցութիւնէն կ՛արթննայ, վասնզի հակացուցուած է մեկուսացուած ապրիլ ու գիտակցիլ որ ազգային մեծ ընտանիքներու շքախումբին լիիրաւ անդամն ենք։
Մեր բազմադարեայ անցեալը մեզ բացճակատ այդ բարեպատեհ հնարաւորութիւնը կու տայ։ Մենք որքան ալ,- մանաւանդ վերջին տարիներուն,- խարխափումներ որդեգրած ենք՝ մեր իսկ տկար դիւանագիտութեան պատճառաւ, այնուամենայնիւ «սեւ ու ճերմակ»,, մեղաւորներ, անմեղներ փնտռելու ոչ իրաւունքն ունինք, ոչ ալ վերստին զոհաբերութիւններու ճամբայով քալելու «ուխտադրժութիւն»․ ասոնք ազգային խեղճութիւններ կը համարուին՝ ապազգային կեցուածք որոշադրող, զորս կը վնասեն, եթէ ոչ առաւելս փորձութեանց կ՛ենթարկեն ներկայիս տկար ազգային-քաղաքական «ողնայարի» ամրութիւնը։ Եւ նոր, սթափ համազգային շնչառութեան որդեգրումը բացառապէս անհատի – անհատներու մենաշնո՞րհը կը մնայ։
Մենք արդ բաժնուած ենք «ներսէն»։ Ցաքուցրիւ խլեակներ կը յիշեցնենք ինքզինքնիս՝ գիտակցաբար, թէ՞ անգիտակցաբար․․․ Միաբանութիւն «մսխող», դարանակալ մեր իսկ անխոհեմօրէն լարած դարաններու մէջ ելք ու հնարք փնտռող։
Թերեւս պատմական մեր առաքելութիւնը այդպէս ալ չգիտակցած, եթէ ոչ ի սպառ հրաժարած նախնեաց փառքերէն կամ անհաղորդ անոնց դարաւոր յորդորներէն եւ տակաւին չցամքած ազգային Վէրքը յարալեզներու բարեհոգութեանն ապաւինած․․․ Անգիտակցօրէն ապաւինած․․․
Արթուր Անդրանիկեան
+374 94 423159
- Hits: 2277