Ռուզաննա Ոսկանյան

Ադամը որպես միայնության և անմեղության արքետիպ

      (Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը)
 ruzanna
   «Մարդը, որ կրում է իր մեջ դիակն իր» (Ավգուստինոս Ավրելիոս)[1], մարդը, որ քայլ առ քայլ կրճատում է իր գոյության ժամանակը, մշտապես միայնակ է և միայնակ է եղել բոլոր ժամանակներում: Մենակությունը հաղթահարելու ձգտումն աշխարհի տարբեր անկյուններում և դարաշրջաններում ապրող մարդկանց նույնացնում է, մոտեցնում երբեմն չգիտակցված արքետիպին՝ Ադամին: Մշտական այդ պայքարում ժամանակը՝ որպես շոշափելի անշոշափելի անէանում է, չկա երեկ կամ վաղը, կա միայն հավերժ ձգվողը՝ բացարձակը: «Ժամանակը ... կարող է հաղթահարել ինքն իրեն, դուրս գալ կոնկրետությունից և վերածվել «բացարձակ ժամանակի», որը միֆի մեջ հավասարվում է անշարժությանը»[2]: Միֆի բացարձակ, չտարալուծվող, չանհատականացված (առանձին անունների հոլովումը կամ պատմական իրադարձությունների անուղղակի մեջբերումը լոկ հնարք է՝ Լևոն Խեչոյանի կողմից կիրառված, ընդհանուրին մասնավորի պատրանք տալու համար) ժամանակը, Ադամի միայնության և անմեղության ըմբռնումը «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի բանալիներն են:
     Միայնությունը ժառանգաբար, հորից որդի, Ադամից Կայենին և Սեթին, Սեթից՝ Ենովսին, Ենովսից՝ Կայնանին ... , հանդապահության ժամանակ այրվող մասրենի տեսած «հեռուներից եկած ճերմակ սատանայից» Օնան Կարայանին փոխանցված «հիվանդություն» է: Մենակությունից ազատելու երկու եղանակ է Խեչոյանը հուշում՝ մոլեգին ձգտումը դեպի հողը և դեպի կինը: Նշեմ, որ չնայած վեպում հերոսների բազմանունությանը՝ նրանց երկու խմբի կարելի է բաժանել՝ տղամարդիկ և կանայք: Ընդ որում, Խեչոյանը (և ոչ միայն «Սև գիրք, ծանր բզեզ»-ում) կյանքը, կեցության գաղտնիքը զուգահեռում  է միայն ու միայն կնոջ հետ՝ «Արգանդի անտակ խավարը խորհրդավոր»[3]
         Ի սկզբանե հողից արարվածը («Եւ Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ» - Գիրք Ծննդոց, Գլ. Բ, 7) իր նախաձևին վերադառնալու, ինքն իրեն վերագտնելու, ինքն իրենով՝ հողով, մենակությունը հաղթահարելու ցանկությամբ է փարվում հողին. «Հողին էլ եմ կարոտում՝ անարգել, համարյա անարգել, ուզում եմ լինել հողի մեջ»: Հետաքրքիր է, որ աստվածաշնչյան մարդ-հող զուգահեռը բառերի իմաստային մակարդակում էլ է իրացվում. «Ադամ» եբրայերեն նշանակում է մարդ, իսկ այդ անվան իգական սեռը՝ հող:
      Խեչոյանի համար հողից և կնոջից սպասված փրկությունը ինչ-որ կետում նույնանում է. «Կարաբինը ձեռքիս պառկել եմ հողի վրա՝ փորիս տակ շնչում, ազդրերիս արանքը սեղմվում, խլրտում է հողը, պառկել եմ նրա վրա, ինչպես սեփական կնոջ վրա են պառկում՝ որդեսերման սերմով բեղմնավորելու համար» (էջ 37):
         Աստված, տեսնելով Ադամի մենությունը, նրա համար կին արարեց: Կինը Խեչոյանի արձակում նախ և առաջ ֆիզիկական ամբողջականության հասնելու ցանկության կրողն ու իրականացնողն է: Նա է, որ հերոսներին հնարավորություն է տալիս հաղթահարելու ֆիզիկական ու հոգեկան երկատումը, կրնկակոխ հետապնդող հավերժական թախիծը, իսկ «Մարդու հավերժական թախիծը անկատարությունից է, միայնակ լինելու անզորությունից» (էջ 182): Սեփական կողից ստեղծված կնոջը գտնելը հավասարազոր է ինքն իրեն վերագտնելուն: «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի հերոսներից և ոչ մեկին չենք կարող երջանիկ և բավարարված համարել (բառիս բոլոր իմաստներով): Նրանցից յուրաքանչյուրը շարունակական որոնումների մեջ է, ինքն իրեն է տեսնում դիմացինի հայացքում ու կրկին հիասթափվում, բայց շարունակում է փնտրել Կնոջը՝ իր մարմնի կիսատությունը լրացնելու հույսով: «Հպվել կնոջը՝ նրա տապը ձուլվում է մարմնիդ պաղին: Շոյում է, գուրգուրանքը թուլացնում է ցավը: Վերադարձդ է: Ձգվել փորին՝ միանգամից քույր, մայր, կին է: Այդքան մերձավոր՝ ձուլվել» (էջ 85): 
     Խեչոյանի տղամարդիկ երկու տեսակի կանանց են ճանաչում՝ Եվաների և Լիլիթների: Մի ավանդության համաձայն՝ Լիլիթը հանդես է գալիս տարբեր կերպարանքներով: Նա ամեն կերպ փորձում է դյութել տղամարդուն, տիրել նրան՝ նույնիսկ վերջինիս կամքին հակառակ՝ երեխա ունենալու հույսով[4]: «Հանկարծ Սրբուհին եկավ, հասավ ինձ մոտ: ... Արագ, առանց դադարի խոսում է. «Օնան, օրինակ ինչի՞ համար պիտի քեզնից երեխա չունենամ: Ինչքան էլ դու ուրիշ կնոջ հետ ես ամուսնացած, ընկերուհիներս ասում են՝ վերջիվերջո երեխան Օնանի նման մեծ մարդուց կլինի: ... Ասում են՝ կանացի խաղերով հիշեցրու Օնանի՝ ջահել ժամանակ քեզ սիրահարված լինելը...» (էջ 30): Եվան մեկն է, Լիլիթները՝ մի քանիսը, ու երբեմն դժվար է պարզել մեջդ արթնացած արյան խլրտոցը Եվայի՞ն է հիշել, թե՞ Լիլիթին. «Այդպիսի օծանելիք լինո՞ւմ է, որ աղջիկն օծվի ու նրանից հեռու ժամանակից վերադարձած, ծանոթ մարմնի հոտ գա, - ասաց, - հիմա էլ էդ բուրմունքը մեջս կանգնել, մնացել է, միանգամից ամեն տեղ է» (էջ 128): Կամակոր Լիլիթին իր կողքին պահելու անկարող Օնան-Ադամը օրըստօրե ավելի է օտարանում կնոջից. «Մեր միջև մութը չէր հաղթահարվում, վերմակը չէր հաղթահարվում, շնչառությունը չէր հաղթահարվում» (էջ 53):
    Միայնությունը՝ իրենց մեջ մշտարթուն Ադամին, հաղթել, շրջանցել փորձողները, այնուամենայնիվ, ինչ-որ անբացատրելի քմահաճույքով մենակության են ձգտում՝ տարիներով, դարերով վաստակած խաղաղությանը: Միայնությունն այլևս վեր է ածվում մյուսների համար ցանկալի խելահեղության. «…նրա մենակությունը խելահեղության պես մի բան էր դառնում» (էջ 198) և «...շատ հնարավոր է, որ նրա խելագարությունը ճշմարտությունից անդին է, ինչը մենք որոնում ենք...» (էջ 109): 
     Ադամը ոչ միայն օրերի միջով հետապնդող միայնության, այլև անմեղության արքետիպն է: Միակը, որ ծնվեց առանց մեղքի: Ճաշակելով չարի և բարու ծառից, առաջին բանը, որ զգաց, ամոթն էր: Լևոն Խեչոյանի վեպում պարբերաբար հանդիպող զգացողությունն է դա. «Ամոթ է: Ամաչում եմ, եթե ամոթ չլիներ...» (էջ 136): Կերպարները իրենց ժառանգած մեղսունակությամբ, մեղքի գիտակցմամբ ու դրանից ազատվելու ցանկությամբ մոտենում են առանց մեղքի արարված և մեղքի մեջ նետված մարդուն: Թե՛ մեղսագործելու, թե ՛ մեղքից ազատվելու փորձերը դեպի Ադամն են տանում: Մի տեսակ պտույտ է «ի շրջանս յուր», որ ավարտվում է նույն կետում: Նախասկիզբը գիտակցված ու չգիտակցված Ադամն է՝ անմեղության արքետիպը, առանց մեղքի ծնվածը, մեղքերի միջով անցածն ու, որ ամենից կարևորն է, անմեղ մնացածը. «Անցնել բոլոր մեղքերի միջով և անմեղ մնալ»:
     Ցանկացած գործած մեղք՝ մտովին թե իրականում, Խեչոյանի հերոսներին մոտեցնում է Ադամին: Յուրաքանչյուր մեղք ծանրացնում է նրանց է՛լ ավելի՝ դժվարացնելով գոյությունը Երկրի վրա. «Ես միանգամից դարձա ծանր: Ես ինձանով ծակում էի հողագունդը» (էջ 75), «Նրանով դառնալու էինք մեկընդմիշտ կապանքված՝ ծանր, մի գերծանր բան՝ հողագնդի վրա ընկած» (էջ 37): Խեչոյանական հերոսների «ծանրանալը» սովորաբար զուգահեռվում  է Փոքր Մհերի միֆի հետ: Այս կերպարի ներկայությունը, հաճախ ենթագիտակցական, իր երկերու Խեչոյանն էլ է խոստովանել, սակայն այս պարագայում Ադամին հղվելը այլ, նույնիսկ Փոքր Մհերի միֆին հակադիր պատճառներ ունի: Հետաստվածաշնչյան մեկնություններից մեկում Ադամն իբրև հսկա է հիշատակվում, որի մարմինը ձգվում էր երկրից մինչև երկինք, սակայն չարի ու բարու ծառից ճաշակելուց հետո հետո նա կարճահասակ է դառնում: Փոքր Մհերը, խռովելով ինքն իրենից ու աշխարհից, տեսնելով, որ Երկիրն այլևս ի զորու չէ տանել իր ծանրությունը, փակվում է Ագռավաքարում՝ սպասելով ավելի լավ ժամանակների: Իսկ ահա հսկա Ադամը փոքրանում է՝ Երկիր քշվելուց առաջ: Խեչոյանի հերոսները, այսպիսով, մեղքերից գերծանր դառնալով, վերագտնում են Ադամի անմեղությունը:

Օգտագործված գրականություն

1.      Աստուածաշունչ մատեան հին և նոր կտակարանների, եբրայական և հունական բնագիրներից թարգմանուած, 1990թ.:
2.      Էդոյան Հ., Շարժում դեպի հավասարակշռություն, Եր., 2009թ.: 
3.      Խեչոյան Լ., Սև գիրք, ծանր բզեզ, Եր., 1999թ.:
4.      Мифы народов мира, т. 2, М., 1992.
5.      Памятники средневековой литературы 4-9 веков. М., 1970.



[1] Памятники средневековой литературы 4-9 веков. М., 1970, стр. 52.
[2] Էդոյան Հ., Շարժում դեպի հավասարակշռություն, Եր., 2009թ., էջ 257:
[3] Խեչոյան Լ., Սև գիրք, ծանր բզեզ, Եր., 1999թ., էջ 102: Այսուհետ գրքից արվող բոլոր մեջբերումների էջերը կնշվեն մեջբերման կողքը:
[4] Տե′ս Мифы народов мира, т. 2, М., 1992, стр. 55:
1

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: