Գրողը, գրականագետն ու դժբախտը

    (Տեսնել քեզնից այն կողմ: Մեր քաղաքացիների մասին. իրական պատմություններ)

    Ինձ երբեք ոչ ոք չի գրկել կամ մխիթարել, երբ լացել եմ, ինչքան էլ այդ պահին դա ավելորդ լիներ… Պատմում են, որ ժամանակ առ ժամանակ ես երկար լաց էի լինում ու հեկեկալս վերջացնելուց հետո դիմում  ընտանինքիս անդամներին` ինչու ոչ մեկդ չեք հարցնում` թե ինչի համար եմ լալիս: Սակայն Ես այսօր խաղաղ սրտով եմ մոտենում եսասիրությանն ու անտարբերությանը.  ժամանակի ընթացքում մարդը հոգնում է իր զգացածներից`դրանց հանդեպ դառնալով բութ, որից հետո միայն փողոցում հանդիպածներն են, որ քեզ նկատել են տալիս, որ դու տխուր ես կամ որ, օրինակ, լալիս ես… թեկուզ  հենց այնպես…

    - 2000-1000… Ինչ ուզում ես, տուր,- ամենատխուր ժպիտով ասաց:
   - 1500,- ժպտում եմ, վերցնում նկարը:

 

    Մ-ն մեկնում է Ռումինիա: Մ-ն լքում է հանրապետությունը: Մ-ն գնում է:
    - Հասկանում ես, քաղաքն այնքան փոքր է, նույն մարդիկ… էական չէ, թե որտեղ, միայն թե գնամ: Հա, գնում եմ:
   - Մենք, որ գալ իմացանք, գնալ էլ կկարողանանք… Ես էլ եմ գնալու, հա, հա, գնալու եմ: Հ-ն էլ է գնում: Գնում ենք… դու, ես, Հ-ն… Իսկ եթե բո՞մժ դառնամ: Եվ եթե նունիսկ դառնամ…
    - Ես չեմ թողնի,- ժպաց Հ-ն:
    - Վատ երազ եմ տեսել: Իմ բոլոր երազներն իրականանում են: Ինձ տանը չեն հավատում, ասում եմ`առնետ է, սատակացրեք, չեն հավատում…
    Հ-ն ու Մ-ն ծիծաղում են:
    - Դուք էլ չեք հավատում… Գիտեք, ես… ես բախտավոր աստղի տակ չեմ ծնվել… ամեն անգամ, երբ ինչ-որ կետ սկսում է մեծանալ, ամեն անգամ եզրագծին հասնելիս… չի հասնում:- Այստեղ ձայնս ներս քաշվեց: Մեր դիմաց ոչ մի անտառ էլ չկար, փողոց էր, երեխաներին ճոճանակներով օդ բարձրացնող փողոց: 
    Հ-ն նստարանի մյուս ծայրից մոտեցավ ինձ.
    - Էրեխես, ի՞նչ երազ ես տեսել, պատմիր…
    - Մի խաղա մազերի հետ,- ասաց Մ-ն,- նստիր:
   - Վերջ, վերջ,- բթամատերով սեղմվեցին մի քանի կաթիլ արցունքները,- ամեն ինչ կարգին է: Երազիս լույսը կար ու գնաց…
    Մարդը այգու մյուս եզրից եկավ, նստեց մեր դիմաց:
    - Դե, ինչ ասեմ,-շարունակեցի ես,- դեբիլ երեխա եմ: Ամբողջ ամառ ոտքս ոտքիս ծալած պառկել եմ: Չձանձրանալու համար վերցնում եմ հյութը ու լցնում տան վարագույրների վրա... մի ծիծաղեք, ես էլ դա եմ անում ազատ ժամանակ:
    Ճոճանակներով օդ բարձրացող երեխայի փոխարեն մեծ տղա էր պարաններով կապկպված: Օ՜, որքան ժամանակ էր անցել: 
    Կոշիկի թելը: Մ-ն օգնում էր ուղղել: 
   - Մի պոկիր պայուսակի վրայից,- նորից սաստեց Մ-ն:
   - Հ., ինչի չես խոսում, այսինքն` ուզում եմ հարցնել` ինչի ես լուռ, դե ուզում եմ ասել, որ մի տեսակ ես…
    - Մտածում եմ:
    - Ինչի՞ մասին:
    - Քո:
   - Այ, ինչ ծիծաղելի է…
    - Ներողություն, կարո՞ղ եմ տեսնել նկարը, դո՞ւք եք նկարել:
    Դիմացի նստարանի մարդն անսպասելիորեն հայտնվել էր մեր առաջ:
    - Չէ, ես չեմ նկարել:
    - Եթե դուք իմանաք, թե ում հետ եք խոսում… Ես քեզ շատ սիրեցի, դու, արա, լավն ես, բարի ես, բայց անկապ խոսում ես. չի կարելի, դու տուժում ես:
    Ես հանկարծակիի եկած հրճվեցի, կրկնել տվեցի նրա ասածը: Նա ճշմարիտ էր:
    - Տուր էս քո նկարը, տուր տանեմ, հետևը քեզ համար մի էնպիսի բան գրեմ որ…  հա՜, հա՜, հա՜…- մարդը վերադարձավ իր նստարանի մոտ, թղթապանակից հանեց գրիչը:

    - Նկարը բերի` գնանք,- ասացի ես:
    - Հա:
    - Հա:
    - Առ, էս էլ քո նկարը: Կարդա, է՛, աղջի, շատ լավն ես,- բռնեց ձեռքս,- քեզ շատ եմ սիրում: Ձեն հան, է՛, տես, է´, ի՞նչ ես էդպես նստել, մի բան ասա: Այ, օրինակ, պատկերացրու` ոսկե ձկնիկ ես բռնել, ա՛յ էն ջրերի միջից: Ասա` ինչ ուզում ես, ես կկատարեմ:- Նրա կոշիկները տարօրինակորեն ծռմռված էին, թվում էր`ոտքի թաթերը ետ էին ծալված ու դրա համար էլ ոտնաթաթերի առաջամասը ավելի բարձր էր: «Իսկ եթե նա հրեշտա՞կ է,- մտածեցի: Լրջորեն սկսեցի հավատալ:- Նա մոտեցավ մեր դիմացի նստարանին, երբ տեսավ, որ գլուխս կախել եմ ու ինձ սփոփում են… ես սկսեցի ամեն ինչ դասավորել նրա օգտին ու բավականին հստակ ասացի»:

    - Ես չսիրված երեխա եմ:
    - Նա նայեց Հ-ին, հետո Մ-ին:
    - Օգնենք էս էրեխուն,- հետո նորից նայեց ինձ,- ավելի խելոք բան ասա,- էդ դեպքում քո ընկերներին էլ հնարավորություն կտամ իրենց ցանկությունները հայտնել:
    Մ-ն ու Հ-ն նայում էին նրան: Նա ասում էր, որ մենք չգիտենք թե ով է, որ գիտի 10 կամ 12 հարցի պատասխան, որ աշխարհում ոչ ոք դեռ չի գտել, մեզ էլ դրդում էր, որ մի բան հարցնենք, ինչ ուզենք` կասի, ու թեև մենք չէինք հեռանում, բայց միաժամանկ լո՜ւռ-լուռ էինք: Երևի ուղղակի չգիտեինք` ինչ ասել, իրականում գուցե անլուրջ վերաբերմունք կար նրա հանդեպ: Նա երկար-բարակ բացատրում էր… մի տեսակ իրեն, մի տեսակ մեզ, ինչ-որ ճշմարտություններ էր սահմանում: Ասում էր` սիրում են մեկ անգամ, ոչ ամեն անգամ: Շուտ-շուտ բռնում էր ձեռքս, մատով ցնցում, ուզում էր, որ արձագանքեի, ասում էր, որ շատ է սիրում, լավն եմ…
    - Պատի տակ անտեր մնաս, աղջի, ժպտա, է, մի քիչ կայտառ… ձեն հան, է՜: Գիժ եմ ես, առաջին կարգի գիժ եմ, բա որ մնացած կարգի գժերին տենաս, հա, հա, հա,- հետո խիստ հրճված, որ ես սկսում էի ժպտալ, անմիջապես դիմում էր Մ-ին ու Հ-ին,- տեսեք, տեսեք` ոնց է ուրախանում, երբ ասում եմ`գիժ եմ:
    Ես հիշում եմ իմ հայացքը` շատ հեռու ինչ-որ անհեթեթ կետում սևեռված, ժամանակ առ ժամանակ ես հասկանում էի, որ իմ աջ ափը ինքը բացել էր իր ափի մեջ, ես զարմանում էի, որ թույլ եմ տվել:
    - Անունդ ի՞նչ է:
    - Մ.,- ասացի:
    - Գորիսի բարբառով դա անտառ է նշանակում: Մյուսը… Մյուսը չեմ ասի, շատ վատ բան է, չեմ ասի…
    - Քո անո՞ւնն ինչ է:
    - Մ.:
    - Արծաթե դուռ, Մ.:
   - Բա քո՞նը- հետո նա արագ ինձ դիմեց,- տես` ինչ աչքեր ունի, է՜: Աչքերը, աչքերը:
    - Հ.,- պատասխանեց:
    - Այ, տեսե՞լ ես քո ծաղիկը, երկու գույն ունի:
   - Գիտեք, Հ-ի ատամը ցավում է,- ասացի ես:
    - Հիմա կբուժեմ, լսիր,- ասաց նա,- ցուցամատդ գիտե՞ս որն է,- Հ.-ն պարզեց իր միջնամատը,- դե դա տար ու դիր ատամիդ վրա: Մ.,- ասաց,- ժամը քանի՞սն է :
    - 14 անց 6 րոպե:
   - 14 անց 12 քո ատամի ցավը կանցնի,- վստահ ավելացրեց նա:- Դե լավ, ես ձեզ 3 րոպե եմ տալիս, վերադառնամ, ու ձեզանից յուրաքանչյուրը թող ասի` ինքը ինչ է ցանկանում, ես կկատարեմ,- նա գնաց ու նստեց իր նստարանին:
    - Նման պահերին ինչ դժվար է մի բան ասելը,- ասաց Մ-ն:
    «Ուրեմն միայն ես չեմ նրան լուրջ վերաբերվում»,- մտածեցի ես:
    Ես հիշում եմ, որ քիչ անցած նա նորից մոտեցավ, հետո աչքերը խրեց աչքերիս մեջ.
    - Կուզենայիր, չէ՞, իմ պես ախպեր ունենալ- ժպտացի,- այ սենց աղջիկ կդառանյիր,- ու նա իր բթամատը պարզեց աչքերիս մոտ,- մահացած քրոջս անունից ունես, Մ.: Ես ամեն ինչ եմ, մի օր կգաս իմ մոտ, քեզ սիրուն կհագցնենք, կզարդարենք, սենց չէ, սենց տղայավարի է: Կգաս, մի հատ քո համար կնկարեմ, մի հատ իմ…- հետո նա նորից բռնեց ձեռքս, իսկ մյուսով իր գրպանը մտավ,- տե´ս, տե´ս` ինչ ունեմ,- հին կապոց հանեց: Սիրուն քար էր, ծովականաչ, վրան եթերային գուներ էին խաղում,- մի հատ էս տես,- այդ մեկը շոկոլադի հատիկ էր` քարացած: Քար էր, իսակական քար:
    - Բա՜, լավն են, չէ՞,- նորից դրանք դրեց գրպանը…
    Լռություն: Բայց հանուն ինչի՞: Մի՞թե երբևէ մեկ ուրիշը մոտեցել էր ինձ հենց այնպես, բռնել ձեռքս, երբ լացել էի, միթե առանց ճանաչելու այսքան մեծ սեր էր տվել ու ջանք չէր խնայել, որ գոնե իրեն նայեի: Հետո ինչ, որ հարբած էր, ու աչքերից ամեն մեկը մի կողմ էր նայում: Ես ատում էի այդ պահը ամբողջ հոգով հենց պահի մեջ, անցողիկ, բայց հավերժ: Երանի անհետ ջնջվեր այդ փողոցը: Հիմա ամեն օր ես է՛լ ավելի եմ խուսափում քաղաքից: Ու երանի նա երբեք հեռվից չնայի ինձ ու չհիշի…
    - Սոֆի Լորենը սիրուն կին է: Ես իր հետ ճաշել եմ: Մի չքնաղ գեղեցկությո՜ւն…
    Անպատասխան էինք թողնում նրա բոլոր արարքները: Նա մի վերջնական քայլ ձեռնարկեց. կողքիս իր համար տեղ բացեց ու տեղավորվեց (մինչ այդ նա ամբողջ ընթացքում իմ դիմաց կագնած էր):
    - Պիտի գնանք,- ես չէի ուզում նեղացնել նրան. ես անտանելի շոյված էի նրա աննորմալությունից իմ հանդեպ:
    - Էհ, դե մի լավ բան ասա, որ ուրախանամ:
    - Չգիտեմ ոչինչ… Երևի լավ կլինի… Աստծուն սիրում եմ: Ինձ հետ է…
    - Աստված ի՞նչ ասաց,- հանկարծակի հարցրեց նա:
    - Աստված ասաց`երանի տառապյալներին:
    - Ոչ, աստված ասաց`մի տվեք իմ անունն անտեղի:
    - Աստված ասաց`երանի տառապյալներին:
    - Աստված ասաց` անտեղի մի տվեք իմ անունը:
    - Ոչ,- բարկացա ես ու ոտքի կանգնեցի,- մենք հիմա փողոցում ենք ու…
    - Փողոցո՞ւմ,- զարմացավ նա:
    - Այո, փողոցում,- էլ ավելի սարսափած նրա զարմանքից` հաստատեցի ես, թեև արդեն ինքս էլ չգիտեի` ինչ եմ ասում:
    - Ուրեմն սա քեզ համար փողոց է, ահ,- հուսահատ հառաչեց նա,- եթե փողոց է, գնա, էլ չերևաս աչքիս, արա, ես էնպես կանեմ, որ էս քաղաքում էլ երբեք չհանդիպեք ինձ: Երբեք:
    - Բայց…
    - Ու եթե մի օր ինձ մոտ գան ու ձեզ համար դիմեն, ես կփակեմ դուռը, կասեմ, որ էդպիսի մարդկանց չեմ ճանաչում:
    Հ-ն բռնեց ձեռքս: Ես ինքս ինձ այնքան խոցելի թվացի, զգացի, որ կորցնում եմ ինքնատիրապետումս:
    Մ-ն լուռ էր:
    - Լավ մնացեք,- ասացի ես ու փորձեցի հեռանալ:
    - Էն գրածս ածելիով կքերես:
    «Մանկան ցավ է»,- մտածեցի:
   - Բայց ինչի՞, որովհետև վատն եմ, հա՞,- չգիտես ինչի որեշեցի ես:
   Նա չէր սպասում այս հարցին:
    - Լավ, պապայիդ կասես` շրջանակի մեջ դնի: Սիրուն նկար է… Աշխարհում ես երեք բան չեմ սիրում: Ցերեկը: Ծաղիկ պոկելն ու … ու, ու երրորդը չեմ ասի… 
                                                                                                                         Մերրի Մկրտչյան            
  • Created on .
  • Hits: 5781

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: