Պոստմոդեռնից հետո․ պերֆորմատիզմ

 

Cultural.am-ը շարունակում է ներկայացնել դաշտում առկա պոստ-պոստմոդեռնիստական տեսությունները։ Այս անգամ ներկայացնում ենք պերֆորմատիզմի տեսությունը, որն 2000-ականներին առաջ է քաշել և զարգացրել է ամերիկացի-գերմանացի սլավիստ Ռաուլ Էշելմանը։

Պերֆորմատիզմը ներկայանում է թե որպես գրականության/արվեստի տեսություն, թե որպես գրական/արվեստի մեթոդ։ Այն իր թեզերը ձևակերպելիս հիմնվում է 1990-ի վեր գրականության մեջ և արվեստում նկատվող նոր միտումների ուսումնասիրության վրա։ Հասկանալու համար այս տեսությունը նախևառաջ պիտի հասկանալ՝ ինչ հիմնական թեզեր է պաշտպանում պոստմոդեռնիզմը, քանի որ պերֆորմատիզմը գալիս է որպես պոստմոդեռնի հաղթահարում։

Պոստմոդեռնիզմը առաջացել է որպես ռեակցիա մոդեռնիզմին, և որքան ծայրահեղ էր մոդեռնիզմը իր անհատի, ստեղծագործողի ամենակարողության, բառի հանդեպ հավատի, բացարձակի ձգտման և աշխարհը փոխելու կամքի դրսևորման մեջ, այնքան ուժեղ էր պոստմոդեռնիզմի հակառեակցիան՝ ամեն ինչ ռելյատիվիզացնելու, կոնտեքստայնացնելու, տրիվիալացնելու, ֆրագմենտայնացնելու իր ձգտման մեջ։ Պոստմոդեռնիզմը ժխտեց անհատի հոգևոր սնուցման հիմնական աղբյուրը՝ մետաֆիզիկան՝ հետևողականորեն իր գրական պրակտիկայով առաջնորդելով նրան դեպի տրիվիալ կամ բնազդային իրականություն, իսկ իր պոստստրուկտուրալ տեսություններով մարդուն «ազատեց» մետաֆիզիկ պատրանքներից՝ առաջնորդելով դեպի ապահով կոգնիտիվ, գիտական մեկնաբանություններ։ Ժխտելով տրանցենդենտը՝ պոստմոդեռնիզմը անհնարին դարձրեց ներսի ու դրսի աշխարհների տարբերակումը․ կա միայն մեկ հարթություն՝ ֆիզիկական աշխարհ, որտեղ ամեն ինչ բաղկացած է նշաններից և որտեղ արդեն առաջնային, աութենտիկ իրականությունը վաղուց ու անդառնալիորեն կորսված է, ուստի անհնարին է աութենտիկ, անկեղծ որևէ ապրում։ Մետաֆիզիկայի մերժումով տեքստը զրկվեց խորքից․ պոստստրուկտուրալիստները պնդում են, որ բառերի ետևում չկա ոչ մի խորը իմաստ, կա միայն լեզու՝ նշանային համարակարգ, հաղորդակցման համար։ Ամեն ինչ ներքաշվեց դիսկուրսի մեջ․ չկա նոր, ինդիվիդուալ միտք, նոր խոսք, ամեն ինչ անվերջ կրկնություն է, և ամեն ինչ դիսկուրսի մաս է և հասկանալի է միայն դիսկուրսի մեջ։ Դիսկուրսի մաս է նաև մարդը՝ թե գրական հերոսը, թե արվեստագետը։ Եվ շատ պարզ տրամաբանությամբ, որ եթե հնարավոր չէ ստեղծել ոչ մի նոր և ինդիվիդուալ բան և ամեն ինչ ինտերտեքստ է, ապա ամեն ինչ կարելի է օգտագործել որպես սեփական միտք կամ գործիք, և պոստմոդեռնիզմը առանց զանազանելու օգտվեց մոդեռնիզմի և դասական գրականության տեքստերից, զանազան տեխնիկաներից՝ դրանով բարդացնելով իր իդենտիֆիկացիան և հաղթահարումը։ Նա հեշտորեն վերցնում և նենգափոխված օգտագործում է թե՛ մոդեռնիստական գաղափարները՝ դրանք միշտ կրճատելով ինչ-որ իրոնիկ կամ փսևդոկոնցեպտի, թե մոդեռնիստական տեխնիկաները, հնարքները՝ ապահովելով արդեն ճանաչելի «թարմություն» և միաժամանակ իրոնիզացնելով կամ խաղարկայնացնելով դրանք։

Քանի որ պոստմոդեռնիզմի հիմքերում ընկած է քաղաքական մոտիվացիան՝ մոդեռնիստական տոտալիտարիզմի դեմ պայքարը և դրա չեզոքացումը, պերֆորմատիզմը հաշվի է առնում այդ վտանգները և առաջարկում է պոստմոդեռնիզմից ապահով ելքի տարբերակ․ հերոսին վերադարձվում է ներքին աշխարհ ունենալու հնարավորությունը, տրանսցենդենտ ապրումը, բայց այդ աշխարհը խիստ եզակի է, չի ընդհանրացվում և չի կարող իր օրենքները պարտադրել շրջապատին։ Ավելին՝ հատուկ կառույցի՝ կրկնակի շրջանակման միջոցով, այն հեղինակային մանիպուլացիայի հնարավորություն է տալիս արվեստագետին և դրանով հեղինակային վերահսկողության տակ է պահում այդ տրանսցենդենտ աշխարհը, որին ընթերցողը առնչվում է արվեստի միջոցով և «չի կարողանում» այն պրոյեկտել իր առօրյա իրականության վրա։ Պերֆորմատիստական գործը հրաժարվում է իրոնիայից, հերոսին և վերջինիս միջոցով ընթերցողին է վերադարձնում հավատը՝ որպես էսթետիկ ապրում։

Առավել հանգամանալից գրական նոր տեսության մասին կարող եք ընթերցել Ռաուլ Էշելմանի «Պերֆորմատիզմը որպես պոստմոդեռնի հաղթահարում» հոդվածում, որը առաջին անգամ հրապարակվում է հենց cultural․am-ում և որի ռուսերեն բնագիրը առաջիկայում կտպագրվի/կհրապարակվի «Новое литературное обозрение» ամսագրում։

 

Հ․ Խ․

  • Hits: 346

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: