Cultural.am-ը մեկնարկում է նոր նախագիծ

Cultural-ում սկսում ենք ներկայացնել պոստ-պոստմոդեռնի տարբեր տեսություններ և գրականություն։ Դեռևս 1990-ականներից պոստմոդեռնը աշխարհում սկսվում է հաղթահարվել, և ինչպես միշտ, այս անգամ նույնպես դա սկսվում է փիլիսոփայությունից և արվեստից։ Արվեստում նրա դրսևորումները երբեմն դժվար է տարբերակել պոստմոդեռնից, քանի որ այդ ստեղծագործությունները իրենց տեխնիկայով, գործիքակազմով, դեռ կապված են պոստմոդեռնին։ Սակայն ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս հստակ տարանջատում նրանց միջև։ Այս շարքը սկսելու նպատակն է հայ իրականություն բերել այդ նոր դիսկուրսները, որ կան աշխարհում այսօր։

Շարքը սկսում ենք ֆրանսիացի փիլիսոփա Ալեն Բադիուից՝ ընթերցողին ներկայացնելով նրա «Էթիկա» գրքից որոշ հատվածներ։ Հավանաբար պատահական չէ, որ պոստմոդեռնի հաղթահարումը սկսվում է հենց էթիկայից։ Պոստմոդեռնը քսաներորդ դարի երկրորդ կեսին առաջացավ որպես հակազդեցություն կապիտալիզմին, մոդեռնիզմին, նացիզմին և նրանց հետ կապված այլ -իզմերի (հումանիզմ, հիստորիցիզմ ևն)։ Նացիզմը, ինչպես և ստալինիզմը ճանաչվեցին որպես քաղաքականության մեջ մոդեռնիզմի իրագործված հրեշավոր նախագծեր։ Մոդեռնիզմի փիլիսոփայությունից ու արվեստից դուրս եկած ամենակարող Աստված-անհատը, որը արվեստում մեծ նվաճումներ արձանագրեց և արվեստի բոլոր ոլորտներում անթիվ գլուխգործոցներ թողեց, քաղաքականության մեջ չարիք դարձավ աշխարհի համար։ Չեզոքացնելու համար այդ չարիքը կամ ավելի շուտ՝ դրա հետևանքները և կանխելու համար նման «պրոյեկտի» կրկնության հնարավորությունը՝ հարկավոր էր վերանայել մոդեռնիզմը։ Պոստմոդեռնիզմը ջնջեց անհատին՝ նրան դարձնելով անկամ, առանց առանձնահատկությունների, մասնատված էակ, որ ընդամենը մաս է դիսկուրսի, որ ի վիճակի չէ անգամ սեփական միտքը ունենալու, այլ միայն և ընամենը կրկնություն է։ Ֆետիշացվեց բիոլոգիան, մարդը կրճատվեց բիոլոգիական էակի։

Հատվածում, որ ներկայացնում ենք Բադիուից, նա ընդվզում է հենց այդ երևույթի դեմ՝ պահանջելով վերադարձնել մարդուն Մարդ՝ լիարժեք Սուբյեկտ լինելու իրավունքը։ Նա հարց է բարձրացնում, որ մարդը առանց հոգևորի ընդամենը անասուն է։ Իսկ իրականում Մարդն իր մեջ ունի նաև անմահ մաս, որը պիտի փնտրի և գտնի, որպեսզի կարողանա վեր բարձրանալ կենդանուց։ Նա խոսում է Չարի և Բարու մասին և ցույց տալիս պոստմոդեռնի՝ Չարը հաղթահարելու պլանի ձախողվածությունը։ Պոստմոդեռնը պայքարելով Չարի դեմ միայն ստեղծում է Չարը։ Բադիուն առաջարկում է Չարի դեմ պայքարելու փոխարեն կենտրոնանալ Բարին ստեղծելու վրա։ Նա առաջարկում է մարդուն դիտել որպես եզակիություն, իսկ անմահ մասը գտնելու համար գնալ եզակի ճշմարտությունների բացահայտման ճանապարհով։

Հաջորդիվ կներկայացնենք պոստ-պոստմոդեռնիզմի երկու այլ տեսաբանների՝ սլավիստ Ռաուլ Էշելմանի պերֆորմատիզմի տեսությունը և գերմանացի փիլիսոփա Փեթեր Սլոթերդայկի տեսությունը։

 

Հասմիկ Խեչիկյան

  • Hits: 351

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: