«Կենդանի շփմանը ոչինչ չի կարող փոխարինել». «Ծիրանի ծառ» փառատոնը միայն առցանց չի լինելու

Սեպտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային 6-րդ կինոփառատոնը:

Այն ոչ միայն տարբեր մարդկանց, ազգային ավանդույթները, ժողովրդական արվեստն ու արհեստները, համայնքների կյանքը պատկերող ֆիլմերի փառատոն է, այլև տարբեր երկրներում գործող  կինոգործիչների հանդիպման, ազատ մթնոլորտում զրույցելու, գաղափարներ քննարկելու և համագործակցային նախագծեր ձևավորելու հարթակ: 

Համավարակի  պատճառով կինոփառատոնի շրջանակում այս անգամ մեկտեղվել են բացօդյա կինոցուցադրություններն ու առցանց տիրույթը: Երեկոյան ժամը 19:30-ից Ուջանում տեղի են ունենում բացօդյա  կինոցուցադրություններ, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 20-ը:  Իսկ սեպտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 27-ը արվեստասերները հնարավորություն կունենան կինոփառատոնին հետևել արդեն օնլայն տիրույթում:

«Կենդանի շփմանը ոչինչ չի կարող փոխարինել, առավելևս մեր փառատոնի շրջանակում, երբ այդ շփմանը այսպես թե այնպես մասնակից էր դառնում ողջ Ուջան գյուղը։ Դրա համար որոշեցինք ոչ թե մեխանիկորեն փառատոնը տեղափոխել առցանց տիրույթ, այլ փառատոնի առցանց մասը երկարացնել մինչև դեկտեմբերի վերջ, մեր կայքում շաբաթական մի ֆիլմ ներկայացնել հանդիսատեսին ու յուրաքանչյուր ցուցադրություն ուղեկցել հեղինակների հետ հարցազրույցներով ու հանդիսատեսի, մասնակիցների հետ քննարկումներով։ Երեք ամիս առցանց հանդիպումներն, անշուշտ, կնպաստեն մասնագիտական երկխոսությանն ու Հայաստանում կինոմթնոլորտի խորացմանը՝ թեպետ մենք, ամենևին, չենք պատրաստվում հրաժարվել մեր նախկին տարիների ձևաչափից, երբ միջազգային և տեղացի մասնակիցներն ապրում էին գյուղացիների տներում ու շփվում իրար հետ հենց այդ բնական միջավայրում։
Ամեն դեպքում կարծում եմ՝ մեր ընտրած շաբաթական ցուցադրությունների առցանց ձևաչափը շատ հարմար կլինի հանդիսատեսի համար։ Բացի այդ սա լավ նախահիմք կծառայի մեր ծրագրած «Filmadaran.com» բազմաֆունկցիոնալ առցանց կինոհարթակի համար, որը հուսով եմ կկարողանանք մյուս տարի գործարկել»-մանրամասներ է պատմում «Ծիրանի ծառ» կինոփառատոնի համակարգող Արթուր Վարդիկյանը։

Կինոփառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Երևանում, հաջորդ տարում՝ նաև Ուջանում և Գյումրիում, որից հետո հաստատվել է Ուջանում: 

«Առաջին տարիներին մեր դեմքն ու փառատոնային ինքնությունն էինք փնտրում, այդ իսկ պատճառով ձևաչափը շատ հիմնարար փոփոխությունների էինք ենթարկում։ Փառատոնը կենդանի օրգանիզմ է ու չի կարող միշտ անփոփոխ մնալ, ամեն տարի էլ փորձում ենք թարմացնել գաղափարը։ Այս պահին Ուջանից տեղափոխվելու ծրագրեր չկան, բայց չեմ բացառում, որ ապագայում կարող է ընդլայնվելու հետաքրքիր ձևեր մտածենք»։

Զրուցակցիս խոսքով, փառատոնի սկզբնավորման 2 տարում  ընդգրկվում էին ազգագրական վավերագրական ֆիլմեր, ինչից հետո դրանց սահմաններն ընդլայնվեցին ու այն  դարձավ վավերագրական կինոյի փառատոն։ Ուստի լիամետրաժ ու կարճամետրաժ մրցութային ծրագրերում  այժմ ընդգրկվում են թե՛ ազգագրական, թե՛ մարդաբանական, թե՛ փորձարական, թե՛ անիմացիոն վավերագրական ֆիլմեր։

Այս տարի կինոփառատոնին ներկայացված ֆիլմերն ընդգրկում են՝ Հայաստանը, Իրանը, Էստոնիան, Ռուսաստանը, Կանադան, Բուլղարիան, Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան, Ավստրալիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Պորտուգալիան:

Փառատոնի շրջանակում նաև կինոդպրոց է  հիմնվել, որի շրջանակում 14-16-ամյա ուջանցի պատանիները  հնարավորություն են ստացել ստեղծելու իրենց սեփական կարճամետրաժ վավերագրակամ ֆիլմերը: «Որոշ ֆիլմեր արդեն մոնտաժվում են, և վստահ ենք, որ  սեպտեմբերի 20-ի երեկոյան կկարողանանք դրանցից առնվազն երկուսը ցուցադրել հանդիսատեսին։ Նախագիծը շարունակական է լինելու, և մենք տարվա ընթացքում ևս աշխատելու  ենք նրանց հետ»։

Փառատոնի հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի վերջին՝ կինոփառատոնի փակման արարողության ընթացքում:

Ֆիլմերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

 

Մարջան Չոբանյան

  • Hits: 2743

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: