«Մէկ կադր» կինոփառատոնն ամփոփվեց. Կազմակերպիչներն արդյունքից գոհ են

 

Սեպտեմբերի 4-11-ը տեղի ունեցավ «Մէկ կադր» միջազգային 18-րդ կինոփառատոնը, որն ամփոփվեց մրցանակաբաշխությամբ:

Փառատոնին ֆիլմերի մասնակցության համար ներկայացված 500-ից ավելի հայտերից, մրցութային անվանակարգերում ներգրավվել էր 82-ը: «Մէկ կադր, մէկ րոպե» անվանակարգում ընդգրկվել էր 37 ֆիլմ, «Կարճ ֆիլմեր»-ում՝ 31, իսկ «Կինո առանց սահմանի» անվանակարգում՝ 14:

 

«Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգ

«Լավագույն մէկ կադր, մէկ րոպե» - «Գնացք», Կոնրադու Արես /Արգենտինա

«Լավագույն հայկական մէկ կադր, մէկ րոպե»- «Մեղր-կյանքը» Ազատուհի Խաչատրյան/Հայաստան

Հատուկ հիշատակում

«Տորմենտանգո»- Ռոդրիգո Պարդո /Արգենտինա

«Արձագանք»- Զավեն Թորոսյան /Հայաստան

«Ամեն օր»- Սերգեյ Իլյուտին /Ռուսաստան

 

«Կարճ ֆիլմեր» անվանակարգ

«Լավագույն կարճ ֆիլմ»- «Դուստրը» Մառա Տամկովիչ /Բելառուս

«Լավագույն հայկական կարճ ֆիլմ»- «Սեպտեմբերի 19» Աստղիկ Ղազարյան /Հայաստան

Հատուկ հիշատակում

«Ձիավարները»- Աննա Գավլիտա /Լեհաստան

«Տունը շատ հեռու է»- Դիմիտար Կուտմանով /Բուլղարիա

«Աննա»-Նարեկ Շահվերդյան /Հայաստան

Մանրապճեղ»- Քվենտին Լեստիեն /Ֆրանսիա

 

«Կինո առանց սահմանի»

«Լավագույն կինո առանց սահմանի»-«Ժամանակի կորուստ»-Լեռ Ալբբան, Էբրահիմ Միրմալեկ/Իրան, Մարոկկո

«Լավագույն հայկական կինո առանց սահմանի» –«Ո՞վ է այս պապը» Հովհաննես Իշխանյան /Հայաստան

Հատուկ հիշատակում

«Հանգստյան օր»-Արիո Մոնտեվաղե /Իրան

 

Վավերագրող-ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի «Կաց անցորդ, կաց» ֆիլմը «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի կողմից արժանացավ նաև հակախտրականության հատուկ մրցանակի:

«Այս անգամ չստացվեց «Կինո առանց սահմանի» անվանակարգի ֆիլմերը դիտել, որ ընթացքում մոտավոր իմանայի, թե ինչ ակնկալիքներ կարող եմ ունենալ, բայց ամեն դեպքում սպասում կար, ինտուիտիվ զգում էի, որ հաղթելու հավանականություն մեծ է: Իսկ խտրականության կոալիցիայի մրցանակը լրիվ անակնկալ էր, չէի սպասում»-պատմում է նա:

Հովհաննես Իշխանյան

Ի դեպ,  «Ո՞վ է այս պապը» ֆիլմը ցուցադրվելու է նաև սեպտեմբերի 14-20-ը Ուջանում կայանալիք «Ծիրանի ծառ» բացօդյա փառատոնին:

«Մէկ կադր, մէկ րոպե» անվանակարգում լավագույն հայկական ֆիլմ ճանաչված «Մեղր-կյանքը» ֆիլմի հեղինակ Ազատուհին Խաչատրյանն առաջին անգամ է զբաղվում ֆիլմարտադրությամբ: Նախ մասնակցել է փառատոնի կազմակերպիչների կողմից անցկացվող «Կինոաշխատարան» նախագծին, որի շրջանակում ստեղծված ֆիլմը ներկայացվել է փառատոնին; Ասում է՝ չի ակնկալել, որ իր ստեղծած ֆիլմը հետաքրքրության կարժանանա, պարզապես ցանկացել է երեք տարի գլխում պտտվող գաղափարը ֆիլմի վերածել:

«Կյանքը մեղր է ու ծորում է մեղրի պես, երբեմն հենց ինքն իրենով՝ թափանցիկ՝ հազար տեսակ ծաղիկների եթերից ձուլված. ու հոսում ենք մենք մեղր-կյանքում երբեմն հենց էդ մաքրությամբ, երբեմն էլ ինչ-որ բաների հետ խառնված, երբեմն արագ, երբեմն դանդաղ, երբեմն ընդհատումներով... երբեմն կոկորդը վառող է մեղր-կյանքը, երբեմն էլ քաղցրացնող... վառող, թե քաղցրացնող, բայց ծորացող մեղր է կյանքը...»: Ֆիլմի հիմքում ընկած է մեղվապահ Գուրգեն պապի 93 և նրա կնոջ 90 տարվա մեղր-կյանքը, որը մինչ օրս շարունակում է համատեղ ծորալ:

Թեև փառատոնի այս տարվա օնլայն ձևաչափը որոշակիորեն ձևափոխել է դրա անցկացման կարգն ու մտավախություններ առաջացրել, բայց «Մէկ կադր» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն գոհ է արդյունքներից:

«Երկար տարիներ ինչ-որ մի հաստատված պատկերացման մեջ ենք իրականացրել փառատոնն ու հիմա բացարձակապես ուրիշ ձևաչափի գործիքներից էինք օգտվում: Օրինակ ինձ մոտ խուճապ էր:  Թվում էր՝ ոչ մի բան հանրության համար տեսանելի չէ, բայց երեկոյան, երբ անցա դետալների վրայով, որոնք ինձ համար հարցական էին, հասկացա որ՝ չէ, դրանք իմ պատկերացումներն էին: Մասնակիցների, ռեժիսորների հանդեպ պատասխանատվություն ունեինք և ամենակարևորն այն է, որ այդ ֆիլմերը  պատշաճ կերպով ցուցադրվեցին»:

Այս տարի փառատոնի շրջանակում արված նորարարություններից մեկը «Հայկական կինոպաստառների վերարտադրում» ցուցահանդես-վաճառքն էր, որն ընդգրկում է հայկական կինոյի ամբողջ պատմությունը և որի նպատակը հայկական կինոպաստառների մշակույթում ներդում անելն է: Համավարակով պայմանավորված փառատոնի այս բաղադրիչը ևս առցանց տիրույթում տեղի ունեցավ, բայց առաջիկայում կքննարկվի, թե ինչ տարբերակով այն կարող է շարունակվել:

Գագիկ Ղազարէն, ամփոփելով փառատոնն ու անդրադառնալով կինոարտադրության ոլորտում առկա խնդիրներին, նշում է, որ դրանք հիմնականում կապված են կինոարտադրական ստուդիաների ու պրոդյուսերական կենտրոնների զարգացվածության հետ: Ըստ նրա կարևոր է՝ ինչքանո՞վ են կինոարտադրողները ֆիլմերին հետևում, ինչքանո՞վ են դրանք հագեցած հավելյալ աշխատանքային թիմով, որոնք պիտի զբաղվեն ֆիլմերի տարածմամբ:

Ազատուհի Խաչատրյան 1

«Մինչև ֆիլմի նկարահանումն արդեն իսկ պիտի սկսվեն դրա տարածման, առաջխաղացմանն ուղղված աշխատանքները և դրանց հանրահռչկման համար ֆիլմերի պրոդյուսերներն ու ֆիլմարտադրողները պետք է  հավելյալ աշխատանք անեն: Կարծում եմ՝ պիտի լինեն պրոդյուսերական կենտրոններ, որոնք կանգնած կլինեն անգամ ուսանողական ֆիլմերի հետևում: Հնարավոր է լինի արտադրող մի պրոդյուսեր, բայց պրոդյուսերական թիմ պիտի աշխատի  ֆիլմի առաջխաղացման համար՝ հաշվի առնելով ֆիլմարտադրության բոլոր բաղադրիչները, քանի որ ֆիլմը  արտադրությամբ չի ավարտվում: Ֆիլմարտադրողները մինչև նկարահանման հրապարակ մտնելը, ի վերջո,  գիտեն ինչ արդյունքի պիտի հասնեն: Հետևաբար այդ ամբողջ դաշտը՝ ի՞նչ ճանապարհներ ու հարթակներ կան, որտե՞ղ կարող է այս կամ այն ֆիլմը ցուցադրվել՝ իրենք նախապես պիտի տեսնեն: Խոշոր հաշվով այդպես էլ լինում է մեծ կինոդաշտում, բայց Հայաստանում սա դեռևս չի ձևավորվել, այստեղ մենք անելիք ունենք»:

Հավանաբար այս գործոններով է պայմանավորված, որ  տեղացի մասնակիցները փառատոնին մեծամասամբ ներկայացնում են փոքր թիմով արված գործեր:

Ըստ նրա՝ պետության ու մասնավորապես Հայաստանի ազգային կինոկենտրոնի դիրքավորումն այնպիսին պիտի լինեն, որ այս պահից սկսած օգնեն ու օգտակար լինեն անկախ ֆիլմարտադրողների դաշտի ձևավորմանն ու ուժեղացմանը, որովհետև հետո նրանք են հայկական կինոն առաջ մղելու՝ ներկայացնելով դրանք կինոշուկայում և տարբեր կինոֆորումներում:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 2719

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: