Գերմանական ֆիլմերի հատուկ ցուցադրություն՝ «Ոսկե ծիրան»-ում

«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնն «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակում նոյեմբերի 9-26-ին կիրականացնի գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր: Այն նվիրված է Գերմանիայի վերամիավորման 30-ամյակին։

Փառատոնի իրականացման տարիներին համագործակցություն է եղել «Գյոթե ինստիտուտի» և Երևանի «Գյոթե կենտրոն»-ի հետ: Այս տարի այդ համագործակցության և հատուկ ծրագրի շրջանակներում կցուցադրվի 5 ֆիլմ։ Կինոցուցադրությունները տեղի կունենան «Կինոպարկ» և «Սինեմասթար» կինոթատրոններում։

Գերմանական ֆիլմերի ծրագիրը կբացվի գերմանացի ռեժիսոր Քրիստիան Փեցոլդի վերջին՝ «Ունդինե» ֆիլմի երևանյան պրեմիերայով։ Ֆիլմը 2020-ին ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։00-ին, «Կինոպարկ» կինոթատրոնում։ Որպես գերմանական ֆիլմերի ծրագրի մի մաս, կկազմակերպվի նաև Քրիստիան Պետցոլդի հետ առցանց զրույց, որը հասանելի կլինի փառատոնի կայքում և կհեռարձակվի սոցիալական հարթակներով:

Գերմանական ֆիլմերի ծրագրի շրջանակում կներկայացվեն նաև Ալլա Կովգանի «Քանինգհեմ» (որը յուրատեսակ 3D վավերագրություն է պարի ասպարեզում հայտնի Մերս Քանինգհեմի մասին), Բեռլինալեում 2020-ին «Լավագույն առաջին խաղարկային ֆիլմ» մրցանակի արժանացած Մելանի Վալդեի «Մերկ կենդանիներ» ֆիլմերը, Լուքաս Ռայթերի «Համբի» վավերագրական բնապահպանական կինոնկարը և սերբ-գերմանական համատեղ արտադրության Սրջան Գոլուբովիչի «Հայր» ֆիլմը։

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնը մեկնարկել է  նոյեբերի 1-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը: Փառատոնի շրջանակում իրականցվում են ոչ միայն կինոցուցադրություններ, այլև տարբեր նախագծեր՝ ուղղված «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին։ Մինչ այս պահը հավաքագրվել է 1 մլն 86 հազար դրամ՝ազդագրերի և տոմսերի վաճառքից:

 

Մարջան Չոբանյան

  • Hits: 1811

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: