Ռետրո ջազ

Հայատանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, մեկ տարվա դադարից հետո ներկայացավ համերգով։ Փետրվարի 19-ին Ճարտարապետների միության շենքի դահլիճը ջազ էր շնչում։ Վերջապես երկար սպասված կենդանի կապ հանդիսատեսի հետ համավարակով պայմանավորված երկար դադարից հետո։ Կարոտած Էին և՛ նվագախումբը, և՛ հանդիսատեսը՝ պատրաստ խանդավառությամբ ողջագուրվելու։

Համերգը կրում էր «Ռետրո ջազ» խորագիրը։ Ներկայացվեց 20-րդ դարի առաջին կեսի՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջանը (սվինգ)։ Ըստ Արմեն Հյուսնունցի՝ խորհրդանշական շրջան է ընտրվել. «Ինչու է հենց այսօր պետք այս ժանրի երաժշտությունը, որովհետև այն ևս ստեղծվել է շատ ծանր ժամանակաշրջանում՝ հույս ունենալով մի փոքր դրական լիցք փոխանցել ու տարածել։ Իհարկե, մեկ ելույթը բավական չէ, որպեսզի կարողնանաք անդրադառնալ բոլոր անվանի երաժիշտներին ու նրանց ստեղծագործություններին։ Արել ենք ծաղկաքաղ, որը, կարծում եմ, մարդկանց կտեղափոխի ջազի աշխարհ»։

Համերգի ընթացքում հնչեցին ջազի նշանալից անունների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Դյուկ Էլլինգտոնը, Գլեն Միլլերը, Թոմի Դորսը, Քաունթ Բեյսը և իհարկե Արտեմի Այվազյանը։ Հյուսնունցի խոսքով՝ իրեն հպարտություն է ներշնչում այն փաստը, որ կարող են ջազի հիմնադիրների, աշխարհահռչակ երաժիշտների կողքին դասել հայ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանին և նրա ստեղծագործությունները։

jaz 4

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ իրենց հաջողությունը հանդիսատեսի սերն է. «Սպառված են բոլոր տոմսերը, նաև հաջորդ համերգի տոմսերը, փետրվարի 20-ի համար ազատ տեղեր չկան, ինչը էլ ավելի մեծ պատասխանատվություն է մեզնից պահանջում։ Հուսով ենք, որ այս ոգևորությամբ էլ առաջ կշարժվենք։

Համերգին հնչեց նաև ջազի արքայի՝ Լուի Արմսթրոնգի ստեղծագործություններից։ Համերգը ամփոփվեց ամերիկացի ջազային կոմպոզիտոր և դաշնակահար Չիկ Կորեայի ստեղծագործությամբ։ «Ցավոք, օրերս կյանքից հեռացավ ջազի անվանի դեմք Չիկ Կորան, ում հետ մեզ բախտ է վիճակվել 2000 թվականին կիսել բեմը։ Այս համերգի ընթացքում չէինք կարող չանդրադառնալ նրան,- նշեց Արմեն Հյուսնունցը։

Այս համերգաշարի նպատակն է երաժշտության լեզվով հետադարձ հայացք ուղղել անցյալին։ Սա եզակի հնարավորություն է նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու՝ հնի վերագնահատման շնորհիվ։

 

 

Գայանե Պողոսյան

  • Hits: 1639

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: