ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՉԱՐԻ ՄԱՍԻՆ

    Հեքիաթներ կարդացողները քչացել են: Անգամ երեխաները չեն հավատում կարդացածին, կամ որ ավելի սարսափելի է՝ հեղինակի դաժանության մասին են խոսում: Ուրեմն՝ երեխաներն էլ են նկատել, որ հեքիաթներում ամեն ինչ իրական է՝ և՛ մարդակեր գայլերը, և՛ ավազակները, և՛ բլթբլթացող կաթսաները: Ուրեմն երջանիկ ենք եղել մենք ավելի, որ կարդացել ենք հեքիաթը և հավատացել: Հավատացել, որ գիրքը կփակենք, ու սուր ժանիքները կանհետանան: Հավատացել, որ ինչ էլ լինի, ինչ գետերի ու ծովերի միջով էլ անցնի արքայազնը/թզուկը/կրտսեր եղբայրը/... երջանիկ է լինելու վերջում: Գոնե յոթ օր: Կամ մինչև կյանքի վերջ: Եվ երջանկության այդ հարատևությունն արտահայտվել է մեկ նախադասությամբ՝ «Ու երջանիկ եղան նրանք մինչև կյանքի վերջ», կամ նման մի բան: Այսօր երջանկության բանաձևն է ինձ հետաքրքրում, որ հեքիաթները խանդով թաքցրել են արդեն քանի հազար տարի: Երջանկությունը երևի մեկ նախադասությամբ արտահայտվածն է, և ինչքան կարճ՝ այնքան երջանիկ: Բայց քանի որ հեքիաթներում «մինչև կյանքի վերջ»-ը վարպետորեն փոխարինվում է 7 օրով կամ 40 ժամով, մի խոսքով՝ ավելի հստակ, շոշափելի, ավելի հավատալի  ժամանակահատվածով, ուրեմն թե՛ ես, թե՛ առավել ևս երեխաները, որ ինձնից ավելի թերահավատորեն են նայում ժամացույցին, երբ այն քնելու ժամն է ցույց տալիս, իրավունք ունեն պնդելու՝ չարը հաղթում է բարուն: Ի՞նչ իմանաս՝ ինչ կլինի այդ յոթ օրվանից հետո:
    Իրո՞ք չարը վերջիվերջո հաղթում է բարուն: Թե՞ ուղղակի չարին ավելի շատ ժամանակ է տրվում իր սխալը գիտակցելու և շտկելու, բարի դառնալու համար, ինչպես ինձ մի աղջիկ ասաց: Ես էլ եմ ուզում հավատալ, որ լույսը կհաղթի: Բայց կարո՞ղ է պատահել, որ լույս չկա ընդհանրապես: Չէ՞ որ այն պահին, երբ սպառվի չարի ժամանակը, և բարին հաղթի, այն նույնպես չար կդառնա, որովհետև բարու էությունը արարումն է, լույսը, կյանքը, ոչ թե սպառումը, ավիրումը, ինչն ինքնըստինքյան կլինի, եթե հաղթի չարին: Չարը, որ ոչնչացվել է, կդառնա բարի, քանի որ նրան ոչնչացնողը չար է եղել, իսկ չարը չէր կարող չարին ոչնչացնել: Իմաստ չունի խավարը խավարով ծածկել, խավարը լույսն է ծածկում: Չարի ու բարու գոյությունը հնարավոր է միաժամանակայնության մեջ՝ իբրև մեկը մյուսի հակակշիռ: Ուրեմն վերջիվերջո չարն է հաղթում, և այդ պատճառով են հեքիաթներն այդքան արագ ավարտվում նախկին բարու նպատակաուղղված հաղթանակից հետո. նախկին բարու համար հակակշիռ է պետք՝ նոր բարի: Նոր բարու հայտնվելու և նախկին չարի անհետացման միջև ընկած ժամանակահատվածն էլ երջանկությունն է: Երջանկությունը քո ապրածի հակակշռի բացակայությունն է՝ ի տարբերություն երբեմն անտանելի ներդաշնակության, որ իրար մերժող, հակասող կողմերի միաժամանակայնություն է ենթադրում: Երջանկությունն անսահմանորեն կարճ է տևում, որովհետև հնարավոր չէ՝ թռչունը մի թևով թռչի, ձյունը մի փաթիլով գա…
    Թերևս միայն հեքիաթներում…
  • Hits: 5856

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: