ԱՆՇԱՐԺ ՁԱՅՆ

Ավելի լավ է ոչինչ չանել,
քան ձգտել, ինչ-որ բան լցնել:
Լաո Ցզի

    Աշխարհը երբեք նյութական չի եղել, առավել ևս չի եղել հոգևոր, հնարավոր է` այն չի էլ եղել:
    Այն տպավորություններն ու գաղափարները, որոնք ինձ ներշնչում են առարկաները՝ աթոռը, որի վրա նստած եմ, սեղանին դրված դեղի տուփը, տան կանաչ պատերը, գետնին ըկած գրիչը, ավելին են, քան շարժումը աններդաշնակության մեջ, ավելին են, քան լռությունը: Ես անընդհատ զգում եմ հրաբուխների ժայթքման ձայնը, զգում եմ մագմայի գույնը, որը ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և արտահոսում մակերևույթ՝ անապատանցելու խորը և արդարացված նպատակով: Ըստ Դեմոկրիտի` ձայնը օդի խտացման արդյունքն է. ես մի քանի օր կարիք ունեմ ապրելու օվկիանոսում, որովհետև խելագարությունից սկսում եմ ավելի շատ վախենալ, քան ատամնաբույժից, որն ինձ ավելի դաժան է թվում, քան աշխարհի բոլոր բռնակալները միասին վերցված:
    Դոստոևսկին գրում է. «Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են մարդիկ խելագարվում և հետո նորից առողջանում: Մանավանդ, եթե դա հանկարծակի է լինում»: Սկզբում կտրեցի երակներս, հետո անշարժացած նստեցի մահճակալի վրա, հետո պատուհանը բացելու ճիգ արեցի. արյան հոտն ու գույնը զզվելի էր թվում, ու վերջացավ գժվելու ցնորքը: Նույն պահին, հինգերորդ հարկում ապրող կինը թափ էր տալիս իր մեռած ամուսնու տաբատը, մինչև հիմա չի հավատում, որ մի քանի ամիս առաջ նրա թաղումն էր, ու այնուամենայնիվ ամեն կիրակի օր ծաղիկներ է տանում գերեզմանոց: Ես գիտեի, որ նա քնում է իր տղամարդու շորերի հետ, առավոտյան միասին նախաճաշում են, թերթ կարդում ու դուրս գալիս զբոսնելու, նրանք երջանիկ էին յուրովի:
    Իմ շուրջը իրերը գերադրական աստիճան են ստանում: Ես իրերին իրի աչքերով եմ նայում, ինչպես Թալեսն էր նայում բնությանը, դա խիստ քրոստոնեական սեր է, որի միջոցով միայն ես գիտեմ եգիպտական բուրգի իրական բարձրությունը, ինչպիսի գույն ունի երկինքը կեսգիշերից մեկ վայրկյան առաջ, կամ ինչպես է սերտաճում սերը այս հյուծվող քաղաքում: Ըստ Զենոնի՝ մարդիկ տիղմից են առաջացել: Մարդու տիղմից լինելը ամբողջապես արդարացնում է մահվան նկատմանբ արհամարհանքն ու հեգնանքը, որը ուներ դոն Կիխոտը, որն ունի հայրս ու որն ունեմ ես: Երկխոսությունը գնալով նվազում է. բառերն այնքան կիսատ են, այնքան հիվանդ, որ դրանք կեղտոտում են լռությունը, որ կա իմ ու աշխարհի արանքում: Սկզբում վախենում էի, որ այդ վակուումն ի սկզբանե նպատակ ունի ինձ մոտեցնել ինքնաճանաչողության հիմար բնազդին, հետո միևնույն դարձավ, որովհետև բեռնաթափում էի հիշողությունս՝ մարդկանց, դեմքեր, ծրագրեր, գարեջրի շիշ մահճակալի տակ պահվող, լուսանկարներ, սխալները, որոնք գործել եմ, պատուհանագոգին մեռնող ծաղիկ, Բորխեսը ճիշտ էր, երբ գրում էր՝ հիշողությունը նման է աղբանոցի: Երբեմն ինձ կատարելապես մաքուր եմ զգում, ինչպես կնոջ արագանդում նոր բեղմավորված երեխա, իմ մեղքերը մնացել են փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածների մեջ: Լինում է, որ մտածելու ցանկությունը հին ու վատ սովորության պես տարալուծվում է շուրջս, բայց ես ուժեղ եմ գտնվում՝ բաժակի մեջ ջուր եմ լցնում ու ժամերով նայում անշարժ ու համր այդ զանգվածին: Հետո բացում եմ Օշո Ռանջիշի «Դաո: Երեք հարստություն» գիրքը, որտեղ Օշոն խոսում է, մեր չլինելու մասին, մեր դատարկության մասին ներդաշնակ ու ոչ կայուն տարածության մեջ: Ես ինձ դատարկ սենյակ եմ զգում, որտեղ չկա ոչինչ բացի պատերից, այն կահավորված չէ ֆրանսիական նրբագեղ կահույքով, չկան նկարներ, որոնք կարտահայտեին այն կիրքն ու արբեցումը, որը տածում եմ նկարչության հանդեպ, սենյակներում գրադարաներ չկան, պատուհանագոգերը ազատված են ծաղիկներ գրկելու անհիմն հոգսից, պատերին փակցված չեն այն մահացածների նկարները, որոնց երկրպագում եմ, դռներն ու պատուհանները բաց են, միակ երաժշտությունը հուլիսյան քամին է: Հիմա ինձ դատարկ տարածություն եմ զգում, չնայած ոչ մի կերպ չեմ կարողանում հրաժարվել ժեստերից, որոնք փոխառել եմ մարդկանցից՝ սեփական էգոն արծաթե խորանարդի մեջ տեղավորելու համար: Ձեզ բոլորիդ է պատկանում ինձ լցնելու, ձևելու, կառուցելու ոչ այնքան կարևոր, բայց հետաքրքիր գործը:
    Հոգևորականն ասաց, որ չար աչքեր ունեմ, մի պահ ինձ թվաց, որ իմ մեջ երկնագույն դևեր են վխտում, որոնց հետ հանդիպում եմ ուժեղ նյարդային կծկումների ժամանակ կամ երբ նայում եմ՝ ինչպես են վաղ գարանանը ճայերը սարսռում, քարանում ու ծառից տերևի նման ներքև ընկնում: Եթե չսկսեր խոսել Քրիստոսի մասին, հնարավոր է, որ պատմեի նրան, որ հետաքրքրված եմ Բարաբբայի ճակատագրով՝ ինչպես շարունակեց ապրել հրեաների թագավորի փոխարեն, որտեղից այդքան կարողություն՝ դիմակայելու չարագործի հավիտենական պիտակին: Ապրել առանց մարմնի, առանց ձայնի, առանց պրոգրեսիվ շարունակության, հայտնվել գրքերի էջերի արանքում ու թույլ տալ, որ հորինեն քեզ՝ դիմագծերդ, սեռդ, սովորություններդ, արատներդ: Իմ ցնորքներում խելագարի պես քայլում է անապատում՝ միայնակ, սևացած աչքերով, կարմիր վերնաշապիկս հագին: Ծերանալուն զուգընթաց մազերը կանաչում են, երբեմն աղոթում է՝ վրա հասնող երկրաշարժին դիմանալու համար: Ու որքան անբիծ ու տանելի է իմ նվիրումը:
    Բաժակը, որով ամեն առավոտ սուրճ եմ խմում, որի վրա ԱՄՆ-ի դրոշն է նկարված, ընկավ սեղանի վրայից և հազարավոր կտորների բաժանվեց, հիմա նա անպետք է, անօգուտ ու այն գործառույթը, որի համար ի սկզբանե ստեղծվել էր, կարող է առանց ջանք թափելու չկատարել: Ես նախանձում եմ բաժակի ջարդված բեկորներին, նախանձում եմ մամոնտներին, որոնց մնացորդները չեն հայտնաբերվել, այն փարավոններին, որոնց մասին պատմիչները ոչինչ չգիտեն, քաղաքներին, որտեղ ոչ մի հնագետ ոտք չի դրել: Իմ սիրած մուլտֆիլմերում չար հերոսները քարանում են՝ անհաղորդ լինելով տառապանքին, որը լցվում է աչքերիդ մեջ, որոնց հետ դու ստիպված ես ապրել մի ամբողջ կյանք: Հասնել բացարձակ անշարժության, չերազել, չմտածել, ռացիոնալ ոչինչ, նստել փշատենու տակ ու սպասել մահվան:
  • Hits: 5099

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: