««Կառափնարանը» գրելիս չէի մտածում Բուլգակովի մասին․․․»․ Չինգիզ Այթմատով

Ներկայացնում ենք Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում Ղրղզստանի դեսպան, ղրղըզ մեծ արձակագիր, «Եվ դարից երկար ձգվում է օրը», «Կառափնարա», «Սպիտակ շոգենավը» և այլ ստեղծագործությունների հեղինակ Չինգիզ Այթմատովի հարցազրույցը՝ «Մայրաքաղաքային երեկոյան թերթ»-ին։

  

Չինգի՛զ Տուրեկուլովիչ, եկեք սկսենք Ձեր գրական գործունեությանն առնչվող աղմուկ հանած մի նորությունից։ Ճի՞շտ է, որ Չինգիզ Խանի մասին պատմվածքը իրականում խորհրդային ​​իշխանություններից թաքցրած աղմկահարույց վեպի մի մասն է: 

Այո՛, ճիշտ է։ Ցավոք մենք ապրում էինք մի ժամանակաշրջանում, երբ միշտ չէինք կարող ասել այն, ինչ ուզում էինք։ Ինքնապահպանման բնազդն ինձ հուշեց, որ վեպն ամբողջությամբ չտպագրեմ: Հիմնական տեքստում կատարվել են որոշ խմբագրումներ, իսկ Չինգիզ խանի մասին հատվածը հանվել է:

 

Չե՞ք զղջում Ձեր ընտրության համար։

Առհասարակ, հակված չեմ ինչ-որ բանի համար զղջալու․ տարիքս չի ներում։

 

Այնուամենայնիվ, վեպը առավել քան ջերմ ընդունվեց ինչպես իշխանությունների, այնպես էլ քննադատների կողմից՝ դրան հաջորդած բոլոր մրցանակներով և վերատպություններով հանդերձ: Ուրեմն, խնդիրը խմբագրումների՞ մեջ էր:

Իհարկե, ուղղումները նշանակալի դեր խաղացին, բայց չէի ասի, թե կատեգորիկ։ Դիպաշարն ինքնին նույնն է մնում։ Բոլոր լրացուցիչ տեքստերը, չհաշված Չինգիզ խանի մասին հատվածը, ես կբնութագրեի որպես «փիլիսոփայական ազատ էտյուդներ»: Օրինակ, «Հանձնարարություն Աստծուն» խորագրով հատվածը փիլիսոփայական ուղղվածության ազատ տեքստ է։ Վախենամ՝ շատերին դուր չգա իմ աշխարհահայացքը։ Հատկապես՝ աստվածաբաններին։ Պատկերացնում եք՝ խորհրդային տարիներին դա կարող էր ցանկացած կերպ ավարտվել։

 

«Ամենամեծ արատը վախկոտությունն է»,- ասել է բուլգակովյան Յեշուան արվեստագետների մասին։ Այնուամենայնիվ, որքան հասկանում եմ, Ձեզ հաճույք է պատճառում «փիլիսոփայական ազատ էտյուդներ» գրելու փաստը։

Արի հարցին նայենք ուրիշ կողմից․ երբ արվեստագետը մենակ չէ և ունի մտերիմներ։ Նրա մեջ այլ բնազդներ են գերակշռում։ Դու կարող ես քեզ թույլ տալ մտածել միայն ինքդ քո մասին՝ դրանից բխող ամբողջ ազատությամբ, քանի որ դրսում մեկ ուրիշ հազարամյակ է, չնայած դա փաստ չէ: Ինձ շրջապատող սերնդի ճնշող մեծամասնությունը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Ամեն ինչ շատ պարզ էր, և այդ պարզությունն էր վախեցնում: Վախենում էի ոչ այդքան ինձ համար, որքան՝ ուրիշների։ Ի՞նչ կաներ ուրիշ մեկը իմ փոխարեն՝ մեծ հարց է:

 

Սպասո՞ւմ եք այնպիսի խոսակցությունների,  թե «Այթմատովն իր ժամանակ վախեցավ, բայց հիմա որոշում կայացրեց»: Գրական շրջանում նման հայտարարություններ շատ հաճախ են լինում:

Իրավացի ես․ հետխորհրդային բոլոր հանրապետությունների գրողների միություններում կան սովետական ​​մտածողություն ունեցող մարդիկ, և նման ասեկոսեներ, անշուշտ, կլինեն: Կփորձեմ անտեսել դրանք, ի վերջո, դա ամենախելամիտ ելքը կլինի։ Այդպես խոսողները պարզապես չեն ասում, թե ինչպես են պահել իրենց ժամանակին։ 

 

Ըստ Ձեզ՝ ո՞ր Այթմատովն է ավելի լավ գրում․ իր մայրենիո՞վ, թե՞ ռուսերենով գրողը։

Կարծում եմ՝ երկուսն էլ հավասար են: Պարզապես ռուսերենն ավելի շատ հնարավորություններ է տալիս, քանի որ այն ունի հիմք՝ հզոր գրական շերտերի տեսքով: Հետևաբար, իմ ստեղծագործությունների ղրղզերեն թարգմանությունները երբեմն ինչ-որ բան կորցնում են: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե դա խոսում է ղրղզերենում գրքերի թուլության մասին:

 

Բրոդսկին իր Նոբելյան բանախոսության մեջ գրել է․ «Բանաստեղծի (արվեստագետի) հայրենիքը նրա լեզուն է»: Ինչպես գիտեք՝ մայրենի լեզուն այն լեզուն է, որով մարդը մտածում է: Ո՞ր լեզվով եք մտածում:

Ըստ անհրաժեշտության՝ երկուսով էլ։ Ես մտածել եմ այդ մասին, բայց, անկեղծ ասած, ակնհայտ կապվածություն չեմ գտել այս կամ այն ​​լեզվի հետ:

 

Այսինքն՝ լեզուն Ձեզ համար ոչ այլ ինչ է, քան տեղեկատվություն փոխանցելու միջո՞ց:

Ինչպես մեզ հետ պատահող ցանկացած երևույթ։

 

Ի՞նչ է Աստված Ձեզ համար:

Աստված այն է, որին մարդիկ սովոր են դիմել ընդհանուր լեզու գտնելու որոնման մեջ: Ես հավատում եմ, որ ամբողջ կյանքն աստվածային է:

 

Ժամանակակից արվեստը և պոստմոդեռնիզմի փիլիսոփայությունը եկել են այն եզրահանգման, որ Աստված գոյություն չունի ուրիշ որևէ տեղ, բացի անձի ներսից։ Ժամանակակից ֆիզիկան ապացուցում է Աստծո արտաքին ներկայությունը տրամաբանական էներգիայի տեսքով։ Ո՞ւմ է հավատում գրող Այթմատովը։

Ինքն իրեն։ Եվ թերևս սա է միակ պատասխանը։ Յուրաքանչյուր ոք յուրովի է զգում Աստծուն, և դեռ չեմ պատրաստվում կիսվել, թե ինքս ինչպես եմ զգում։ Կսպասեմ գրքի տպագրմանը․ այնտեղ մանրամասն ներկայացված է։

 

Չինգի՛զ Տուրեկուլովիչ, «Կառափնարանը» կարդալուց հետո շատ ընթերցողներ ակամայից զուգահեռներ են անցկացնում Բուլգակովի մեծ վեպի հետ: Որքանո՞վ է դա տեղին:

Կարծում եմ՝ ոչ այդքան, քանի որ «Կառափնարանը» գրելիս չէի մտածում Բուլգակովի մասին։ Վեպ գրելու գործընթացն ինձ այնքան էր կլանել, որ նույնիսկ չէի մտածում, թե ինչ կասեն ընթերցողները: Եվ հետո, Քրիստոսի խաչելությունը հայտնի փաստ է, և յուրաքանչյուր գրող կարող է այն մեկնաբանել յուրովի: Անգամ Գյոթեն «Ֆաուստի» թեման վերցրեց բանահյուսությունից, փաստորեն, նույնիսկ Գյոթեի օրոք այս թեմայի վերաբերյալ կար ավելի քան երեք հարյուր մեկնաբանություն:

 

Այնուամենայնիվ, Գյոթեից առաջ այդպիսի հիմնարար աշխատանքներ չկային...

Դժվար թե Գյոթեն մտածեր այդ մասին: Արվեստագետը վեր է ճանաչումից և համբավից: Առաջին հերթին նա առաջնորդվում է ինքնադրսևորվելու ցանկությամբ: Չնայած, իհարկե, շատ ավելի լավ է, երբ արվեստագետը ճանաչում է ձեռք բերում:

 

Ճանաչումն ու համբավը չեն շրջանցել Ձեզ։ Ձեր ժամանակակիցներից ո՞ւմ կնշեք, որ այժմ անհարկի մոռացված են։

Իհարկե Ֆազիլ Իսկանդերին: Ինձ թվում է, որ մեր օրերում նա ​​չի կարդացվում այնքան ակտիվ, որքան նախկինում էր: Բայց ապարդյուն, նա իսկական դասական է: Նաև Օլժաս Սուլեյմանովը, կային վրացի լավ գրողներ։ Եթե վերցնենք համաշխարհային գրականությունը, ապա՝ Մարկես, Ջոյս, Պրուստ, շատ եմ սիրում Հեմինգուեյին։ Նրա «Ծերունին և ծովը» 20-րդ դարի լավագույն վեպերից եմ համարում։ Վերջերս Բոննում իմ «Չալիկ շուն, որ վազում ես ծովի եզրով» վիպակի հիման վրա օպերա բեմադրեցին և խնդրեցին վերնագիրը փոխել «Տղան և ծովը»։ Մեկնաբանեցին նրանով, որ այն ավելի հեշտ է թարգմանել, և միևնույն ժամանակ զուգահեռ անցկացրին Հեմինգուեյի վեպի վերնագրի հետ: Շատ հաճելի էր:

 

Ժամանակակից գրողներից ո՞ւմ եք հավանում։

Որևէ մեկին չէի առանձնացնի: Հզոր առաջխաղացումներ չկան: Բայց դա չի նշանակում, որ նրանք գոյություն չունեն: Պարզապես վերջին շրջանում ակտիվ ընթերցանության համար բավարար ժամանակ չի եղել: Օրինակ՝ այդպես էլ չեմ կարդացել հայտնի Պելևինին։ Իսկ եթե, ընդհանուր առմամբ, խոսենք ճաշակի մասին, ես այնուամենայնիվ դասական կանոններին եմ հավատարիմ ։ Ցանկացած դասական, ինչպես հայտնի է, նորամուծություն է, որ դիմակայել է ժամանակին: Եթե մերօրյա մոդայիկ գրողները ընտրվեն ընթերցողի կողմից, ուրեմն կմնան, եթե ոչ՝ ոչ։ Իմ կարծիքը քիչ նշանակություն ունի։ Թեպետ, կրկնում եմ, շատ չեմ կարդացել, չնայած փորձում եմ տեղյակ լինել ժամանակակից գրականության միտումներին: Ընթերցելու համար բավականաչափ ազատ ժամանակ չկա:

 

Իսկ ինչի՞ վրա եք ծախսում Ձեր ազատ ժամանակը:

Ժամանակը միայն բավականացնում է հեռուստատեսային ու թերթերի նորություններին։ Ամենավատն այն է, որ, ուր միացնում ես, ինչ-որ մեկին են սպանում ու պայթեցնում։ Ժամանակակից հասարակությունը շատ խոցելի է նույնիսկ հետինդուստրիալիզմի դարաշրջանում: Բոլորը խոսում են գլոբալիզացիայի մասին: Բայց նա էլ ունի երկու կողմ․ մի կողմում շփումն ու կուտակված փորձն է, մյուս կողմից էլ այն բերում է բռնությունների, սպանությունների ու պատերազմների։

 

Դե՛, Սոկրատեսը նույնպես վստահ էր, որ ամեն ինչ հիմնված է հակասությունների վրա: Տերությունները միշտ կգտնեն մեկին, ում դեմ կմիավորվեն:

Ես չէի խոսի նման բաների մասին: Պարզապես կնշեմ, որ տեխնոլոգիական առաջընթացը հսկայական ներուժ ունի: Ամերիկյան ռոբոտներն արդեն աշխատում են Մարսի վրա: Հետաքրքիր է, թե ինչի կհանգեցնի տիեզերքը ուսումնասիրելու նոր, նույնիսկ ավելի զվարճալի փորձը: Համացանցը նեղացրել է ժամանակի, տարածության և հեռավորության հասկացությունը: Եվ դա՝ ընդամենը մեկուկես տասնամյակում:

 

Արդյո՞ք այսօրվա երիտասարդությունն ընդունակ է այն ամենի, ինչ արեցին երիտասարդները, օրինակ, Արծաթե դարաշրջանում:

Առայժմ դժվար է հստակ պատասխան տալ։ Ժամանակակից արվեստը և մասնավորապես գրականությունը բուռն որոնումների մեջ են: Հավանաբար, ըստ ժանրի օրենքի, դա տեղի կունենա, բայց թե որտեղ և ում հետ՝ ոչ ոք չգիտի:

 

Ո՞ւմ կտայիք Նոբելյան մրցանակը, եթե դա կախված լիներ Ձեզանից:

Դիվանագիտորեն զերծ կմնամ պատասխանելուց (ծիծաղում է), հակառակ դեպքում ինչ-որ մեկը կվիրավորվի, եթե նրա անունը չտամ: Բայց կան արժանի գրողներ, և նրանց թիվը քիչ չէ: Հիշեք նաև, որ Նոբելյան մրցանակը գրեթե միշտ քաղաքական է:

 

Այնուամենայնիվ, մրցանակը շնորհվում է իրենց ժամանակի խորհրդանշական գործիչներին:

Այո՛, բայց դա արդեն այլ հարց է․ չխորանանք դրա մեջ:

 

Լա՛վ. Դուք ապրում եք Բելգիայում: Բրյուսելում էլ սովորում է Ձեր որդին․..

Այո՛, իմ որդին սովորում է Գեղարվեստի ակադեմիայում, նա նկարիչ է: Եվ ես երբեմն ապրում եմ Բելգիայում: Հաճախ ստիպված եմ շրջել աշխարհով մեկ՝ հասարակական բավական ակտիվ գործունեության պատճառով: Օրինակ, ես եկել եմ Մոսկվա՝ ծանոթանալու «Այթմատով» հիմնադրամի գործունեությանը, որը հիմնադրել է տեղի ղրղըզական համայնքը: Բացի այդ, Արմեն Ջիգարխանյանի թատրոնում տեղի ունեցավ «Չինգիզ խանի սպիտակ ամպը» պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան: Ներկայացումը բեմադրել է Մուրմանսկի դրամատիկական թատրոնը, որի համար մեծ շնորհակալություն նրանց:

 

Չե՞ք հոգնել այդպիսի քոչվոր կյանքից: Որքան գիտեմ, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ապրում եք հավերժ շարժման մեջ:

Ամենայն հավանականությամբ, երկու տարի հետո ես վերջապես կհաստատվեմ Ղրղըզստանում և կապրեմ ավելի չափավոր կյանքով: Երեխաներ, թոռներ, հարազատներ - ես ուզում եմ նրանց հետ լինել: Իհարկե, չեմ ցանկանում նստել, բայցև չեմ պատրաստվում ապրել նման ինտենսիվ ռեժիմով:

 

Ձեր հայրենի հողում հաստատվելուց հետո կգրե՞ք։

Իհարկե, կգրեմ․ գաղափարներ միշտ կան: Այլ բան է, որ այդ գաղափարները իրականություն դարձնելը պահանջում է մտավոր աշխատանք և աշխատանքային ժամեր: Գրականությունը ծանր աշխատանք է, և դա ոչ մի դեպքում փորձ չէ բարձրացնել սեփական կենսակերպը, և առավել ևս այն բողոք չէ: Հայտնի դառնալը հեշտ է, ամենադժվարը ժամանակի փորձությանը դիմանալն է:

 

Բայց դա նույնպես հետաքրքիր է, եթե, ենթադրում եմ, նպատակը դարերով մնալն է․․․

Ես չեմ խոսում դարերով մնալու նպատակի մասին: Ես խոսում եմ գրքերի առանձին կյանքի մասին, որոնք ապրելու են իրենց հեղինակներից հետո:

 

Պարադոքսի թատրոնի հիմնադիր Սամուել Բեքեթը մի առիթով ասել է․ «Իսկական արվեստագետը երբեք էլ չի գրում իր լավագույն աշխատանքը»: Համաձա՞յն եք նրա հետ:

Հարյուր տոկոսով. իրոք, գրավոր աշխատանքներից բացի, գրողը տասնյակ, հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր միկրո և նանո մասնիկներ կրող գեներատոր է: Յուրաքանչյուր գրող դատապարտված է ինչ-որ բան չավարտելու․․․

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Արեգ Բագրատյանի

  • Created on .
  • Hits: 1773

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: